Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայաստան, որ որոնում է իր անունը

Հայաստան, որ որոնում է իր անունը
20.07.2018 | 02:25

Կարող էր լինել ցուցափեղկային, որտեղ գլամուրն աչք է շոյում: Կարող էր լինել խորքային, որ պահում է ողնաշարը: Կարող էր լինել զուգահեռների, որտեղ իրադարձությունները համընթաց են ու իրար հետ կապ ունեն, թե չունեն, մեկ է: Միով բանիվ` Հայաստանն այսօր անուն չունի և որոնում է իր բնորոշումը:

Նույնիսկ մայրաքաղաքը քաղաքապետ չունի: Եվս մեկ արտահերթ ընտրություն է սպասում մեզ: Ավելի շուտ, քան խորհրդարանինը: Ոմանք ասում են` ավագանու ընտրությունները Երևանում խորհրդարանական ընտրությունների գլխավոր փորձն են: Անգամ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն են հիշել, որ Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է: ԲՀԿ-ն քաղաքապետի երկու թեկնածու ունի, ՀՅԴ-ն` կին թեկնածու: ԵԾ-ն` մշտական թեկնածու: Չսպասեք, որ Զարուհի Փոստանջյանը կաբրիոլետով պտտվի Հանրապետության հրապարակում: Հիմա ոտքով են քայլում` ժամանակները փոխվել են: Ոմանք ասում են` արտահերթ ընտրությունների փաստը հաստատում է, որ քաղաքապետի լիազորությունները պետք է կրճատվեն: Ինչու՞ ոչ: Գուցե քաղաքապետի պաշտոնը վերացվի, թող վարչապետը միաժամանակ և մայրաքաղաքի քաղաքապետը լինի` ինչքան միջոցներ կխնայվեն: Խորհրդականների ու օգնականների բանակից էլ մեկին հրամանատար նշանակի, ու` առաջ դեպի զարգացում: Բայց այդ «բանակում» ամեն ինչ չէ, որ ստացվում է: Զորակոչը հապճեպ էր, զինակոչիկները մարտի են մտել առանց պատրաստության: Մինչդեռ պետական աշխատանքը պահանջում ու պարտադրում է գործի իմացություն ու փորձ: Հայրենասիրությունը քիչ է: Անգամ հեղափոխությունը հաշիվ չէ: Պետության հետ փորձեր չես դնի: Անպատիժ: Բայց դրվում են: Փաստացի: Համենայն դեպս` Հայաստանում կատարվում են իրադարձություններ, որ երբեք չեն եղել: Մի շտապեք + դնել:


Հայաստանի որևէ, որքան էլ անփորձ (թեպետ անփորձն այդ պաշտոնում նոնսենս է) Անվտանգության խորհրդի քարտուղարի մտքով չի անցել հայտարարել` այն էլ ռուսական լրատվամիջոցի, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի առաքելություններին մասնակցում է, որովհետև մասնակցում է նաև Ադրբեջանը, ու Հայաստանն ուզում է իմանալ` ի՞նչ է ՆԱՏՕ-ն սովորեցնում ադրբեջանցիներին: Նախ արտասահմանյան որևէ թերթի հարցազրույց տալուց առաջ այդ մակարդակի պետական պաշտոնյան պարտավոր է պարզել` ու՞մ թերթն է, ու՞մ շահերն է պաշտպանում, մեղմ ասած, ինքն այդ թերթի ինչի՞ն է պետք: ՈՒզբեկ միլիարդատեր Ալիշեր ՈՒսմանովի «Կոմերսանտը» ռուսական մեդիադաշտի «ադրբեջանական» թևին է պատկանում ու այդ թերթին նման հայտարարությունը ոչ թե սրամտություն կամ ինքնատիպություն է, այլ անմտություն: Ինչու՞ է այդքան «անկեղծացել» Արմեն Գրիգորյանը, ինքը գիտի, պատասխանը Հայաստանն է տալու, դա անմիտ հարված է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին: Իսկ Հայաստանը, ու դա ԱԱԽ քարտուղարը հիանալի պիտի իմանա, անվտանգության ապահովման դիվերսիֆիկացման խնդիր ունի: Ինչպե՞ս է նոր Հայաստանը ներկայանում աշխարհին նման հայտարարություններով` անկապ, անհեթեթ, անփորձ, չորրորդական է, իսկ հետևանքները առաջնային նշանակություն ունեն: Դա Արմեն Գրիգորյանի անվան հետ կապված միակ սկանդալը չէ: Մինչև ինչքա՞ն: Ի վերջո, եթե «Կոմերսանտը» փորձել է «փչացնել» ՀՀ ԱԱԽ քարտուղարին ու աղավաղել է նրա խոսքերը, ինչու՞ չկա հերքումի պահանջ:


Ինչո՞վ բացատրել, որ երբ վարչապետը Ստեփանակերտի բանակցային սեղան վերադարձի խնդիր է դնում, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում հանդիպում է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին և ոչ հանդիպման տեղեկատվության մեջ, ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում ոչ մի խոսք այդ հարցի մասին չկա, ավելին` ադրբեջանական լրատվամիջոցները նորից թափ են հաղորդում իրենց սուբստանտիվին, հայկական կողմը ամոթխած հայտարարում է, որ հանդիպումը… միմյանց ծանոթանալու նպատակ ուներ: Այն էլ` Զոհրաբ Մնացականյանը: Հարց` կա՞ արտաքին քաղաքականության որոշակի ուղղություն: Պետական կառույցները տեղյա՞կ են այդ ուղղությանը, թե ամեն մեկն իր նախասիրություններին է հետևում, երբ Հայաստանի անունից հանդիպումներ է ունենում ու հարցազրույցներ է տալիս:

Ներքին քաղաքականության մեջ ավելի խառն է վիճակը: Հրաժարական է տվել առաջին փոխվարչապետի մամուլի քարտուղար Կարպիս Փաշոյանը` ապրիլյան պատերազմին վերաբերող սկանդալային հարցազրույցից հետո: Պատմաբանը չի հասկացել նոր աշխատանքի բնույթը: Հրաժարական է տվել վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը: Կարճ ժամանակում նա, որ աղանդավոր է ու հպարտանում է, որ «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ է, հասցրել է հայտնի դառնալ ոչ միայն պաշտոնական դիրքի չարաշահմամբ, այլև քաղաքական ոչ կոռեկտ հայտարարություններով. ըստ նրա՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «քոռ է ոչ միայն ֆիզիկապես, այլև քաղաքական հեռատեսությամբ»: Հարց` ո՞վ է ու իրենից ի՞նչ է ներկայացնում ոմն Գևորգ Աճեմյան, որ հայտնվի նման պաշտոնում ու իրեն նման հայտարարություններ թույլ տա: Հայաստանի նոր իշխանության պաշտոնական «աշխատատեղ» Facebook-ում հայտարարի. «Այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացրել վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից։ ՈՒրախ եմ, որ լավ թիմում եմ աշխատել։ Չեմ կարծում, թե կրոնական հայացքներս, առաջին նախագահի հասցեին արած արտահայտությունս, «Աշտարակ կաթի» և թերթեր չգնելու պատմությունները, որոնք հասարակական հնչեղություն ստացան, իրենց պատշաճ բացատրությունները չեն ստացել իմ կողմից։ Բայց և այնպես, բոլորս պետք է հաշվի նստենք որոշակի իրողությունների հետ և իրականությանը ճակատ առ ճակատ հանդիպենք։ Իմ աջակցությունն եմ հայտնում ներկայիս գործադիր իշխանությանը։ ՈՒժերիս ներածի չափով օգնական եմ լինելու նրան։ Լավ մնացեք... Հ. Գ. Խղճիս և Աստծո առաջ ուղիղ եմ»: Պե՞տք է «ներկայիս գործադիր իշխանությանը» նմանների աջակցությունը, թե՞ ուժերը ներածի չափով պետք է նմաններին հեռու պահել իշխանությունից: Խնդիրը աղանդավորության, միասեռականության, այլևայլ դաշտերում չէ: Աշխարհում հազարավոր աղանդավորներ ու միասեռականներ պաշտոնավարում են և աշխատանքը անձնական նախասիրությունների հետ չեն խառնում: Խոսքը կրոնական կամ սեռական խտրականությանը չի վերաբերում, վերաբերում է մասնագիտական որակներին, որոնք փոխարինվում են անհասկանալի է, թե ինչով:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Միքայել Արզումանյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, իսկ նշանակվել էր հունիսի 27-ին: Վարչապետի որոշմամբ: Պատճառը հայտնի է` քաղաքականությանը խառնվելը: Այն էլ` Արցախում: Ի՞նչ է կատարվում: Կադրերի սո՞վ է, թե՞ մարդիկ կորցրել են իրականության զգացումը:
Իրականության զգացումի կորուստը Հայաստանում ամենաբնորոշ վիճակն է: Օրինակ` ինչու՞ է Գյումրու ռուսական բազայի զինվորական շարասյունը ներխուժել Փանիկ գյուղ, փողոցներում կրակել, պայթեցրել պայթուցիկներ: Իսկ եթե զոհեր լինեի՞ն: Գյուղի բնակիչները շրջափակել են շարասյունը, բայց հրամանատարը բացատրություն չի տվել: Ասել է` վարժանք է, ի՞նչ վարժանք Փանիկում: Ինչու՞: «Վարժա՞նք» է, թե՞ սադրանք: Որերո՞րդը: Հայաստանի նոր իշխանությունները չե՞ն ուզում պարզել Ավետիսյանների ընտանիքի սպանդի իրական պատճառը: Պերմյակովին տարան ու «մարսեցի՞ն», նոր դեպքեր ու դեմքե՞ր են պետք:
Չէ, իհարկե, հետո նրանք ներողություն են խնդրել` ասել են` անփութություն էր: Բայց ի՞նչ գին ունի ներողությունը, եթե Գյումրին, Երևանն էլ հետը (ռուսական ռազմաբազայի մի հատվածը Երևանում է), մշտապես ենթակա են քրեական գործերի ու… քանդուքարափի` ճանապարհների, ֆերմերային տնտեսությունների, որոնց տարածքով անցնում են ռուսական ռազմաբազայի տանկերը, զրահապատ մեքենաները: ՈՒ ձրի: Ռուսական ռազմաբազան աշխարհի միակ ռազմաբազան է, որ օտար երկրում է ու ոչ մի կոպեկ չի վճարում: Մխիթարական պահ էլ կա` «Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած դեպքի հանգամանքները և դրա ուսումնասիրության արդյունքները զեկուցվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին,- ասել է նրա մամուլի քարտուղար Արման Եղոյանը։- Հարցը Փաշինյանի ուշադրության կենտրոնում է։ Դեպքի ուսումնասիրությամբ զբաղվում է ՊՆ-ն»: Փաշինյանը ռազմաբազային հրահանգելու է «անփույթ» չլինե՞լ Հայաստանի տարածքում: ՊՆ-ն էլ պարզելու է` քանի՞ փամփուշտ են կրակել:


Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հուլիսի 17-ին խոսել է հայկական ֆուտբոլում զարգացումների, ֆուտբոլում իր ճակատագրի վերաբերյալ: Ասել է` եթե ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը առաջադրվի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու, ինքը չի առաջադրվի ու իրեն ձայն տալ պատրաստվողներին կասի, որ քվեարկեն Վանեցյանի օգտին: Փաստորեն` ԱԱԾ-ն շատ «շնորհքով» մտնում է… ֆուտբոլ: Գոլը Նիկոլ Փաշինյանն էր խփել, ասում էր` հայկական ֆուտբոլում փոփոխություններն անխուսափելի են:
«Facebookստանում» վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատել է ոստիկանության գործողությունները։ Առիթը՝ Վայոց ձորում Վեհափառի հետ միջադեպն էր: Նիկոլ Փաշինյանը դիտելով Վայոց ձորի կադրերը, գոհ չի մնացել ոստիկանության գործողություններից, հանձնարարել է ուշադիր գնահատել, եթե բողոքների գործողությունները գծեր են անցել, պետք է հստակ արձագանք ստանան: Նիկոլ Փաշինյանին ո՞վ պիտի ասի, որ Վալերի Օսիպյանի համար ամբողջ կյանքում գծերը ուրիշներն են գծել, ինքը գիծ տարբերող չէ:
Ասում եք` ի՞նչ է կատարվում Հայաստանում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Վարչապետի խոսնակ Արման Եղոյանն ասել է, որ Հայաստանի կառավարությունն առաջիկայում Եվրամիությանը հստակ առաջարկներ կներկայացնի «սոլիդ օժանդակության» համար: Դա արձագանք էր Բրյուսելյան թեմայի, որ անսպասելի զարգացում ստացավ Բրյուսելի օդակայանում, հետո Երևանում, երբ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ասուլիս տվեց ու հարց դրեց` եթե Հայաստանի կառավարությունն ուզում է փոփոխություն, թող ներկայացնի կոնկրետ գաղափարներ: Ասենք` ներկայացրեց, ԵՄ-ն գիտի` ի՞նչ է ուզում Հայաստանից: Դեսպանը կարծում է, որ ԵՄ-ՀՀ հարաբերությունների իրավական ու քաղաքական հենքը համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է, և «Գործընկերության առաջնահերթություններ» փաստաթուղթը, որոնք բանակցվել են մինչև ապրիլյան իրադարձությունները: «Հայկական կողմից մենք լսում ենք, որ Եվրամիության ուղղությամբ Հայաստանի քաղաքականության մեջ փոփոխություն չկա: Դուք հիմա ասում եք, որ Եվրամիության վերաբերյալ Հայաստանի քաղաքականության անփոփոխ մնալը պետք է հանգեցնի Հայաստանի վերաբերյալ Եվրամիության քաղաքականության փոփոխության: Կարո՞ղ եք ինձ բացատրել՝ ինչպես է հնարավոր համատեղել այս երկուսը»` հարցրել է Սվիտալսկին: Իրականում ամեն ինչ այդքան պարզ չէ` Բրյուսելին ժամանակ է պետք` հասկանալու ինչ անել նոր Հայաստանի հետ, որ դեռ ինքն էլ չգիտի` ինչ երկիր է ու ինչ երկիր է ուզում դառնալ: ԵՄ-ն ժամանակ ունի, ընթացակարգեր ունի, բյուջե, որ 7 տարին մեկ է սահմանվում ու մինչև 2020-ը ամեն ինչ որոշված է: ՈՒզում ես` հեղափոխություն արա, ուզում ես` մի արա: «ԵՄ-ն ՀՀ-ի ամենամեծ դրամատունն է, և մենք տրամադրում ենք ողջ արտաքին աջակցության 50 տոկոսը: Ես կարծում եմ՝ սա այն է, ինչը հայերը գնահատում են: Այն դեպքերում, երբ մյուս գործընկերները նվազեցնում են զարգացմանն ուղղված հատկացումները, ԵՄ-ն մեծացնում է»,- ասել է Պյոտր Սվիտալսկին:

Լավ է արել: Գին ու արժեք տարբերել է պետք: Հեղափոխության արժեքներից ո՞վ էր խոսում: Հայաստանի հպարտ քաղաքացիների, որ հետայսու մի թեստ ունեն` նայել Արամ Մանուկյանի արձանի աչքերին: Իրականում մենք մեկ խնդիր ունենք` Հայաստանը տարանջատել Facebookստանից ու վերադառնալ իրականություն, որտեղ հպարտ հայերը շարունակում են իրար սպանել ու կամուրջներից ցած նետվել: Չգիտես ինչու:

Դիտվել է՝ 3458

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ