Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներն արդեն ջուր ծեծելու են նմանվում

Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներն արդեն ջուր ծեծելու են նմանվում
20.07.2018 | 02:37

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին հնարավորինս կատարյալ Ընտրական օրենսգրքով մասնակցելու համար արդեն տևական ժամանակ է, ինչ թե՛ խորհրդարանում, թե՛ կառավարությունում համապատասխան հանձնաժողովներ են ստեղծվել՝ գտնելու համար այն ոսկի միջինը, որը շահեկան կլինի քաղաքական բոլոր ուժերի համար:


Վարչապետին առընթեր հանձնաժողովը, որը գործում է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, շարունակում է հանդիպումներ ունենալ օրենսգրքով հետաքրքրված ամենատարբեր կառույցների հետ: Այլ է պատկերն օրենսդիր մարմնում. խորհրդարանական ուժերն արդեն ներկայացրել են իրենց պատկերացումները, բարեփոխումների փաթեթները, մնում է միայն դրանք ի մի բերել ու ներկայացնել կառավարության դատին:


Խորհրդարանում ԸՕ-ի բարեփոխման շուրջ կազմակերպված վերջին քննարկման ժամանակ պետք է դրվեր այն հարցը, թե ԱԺ չորս ուժերից որ մեկն ինչ տարբերակներ է առաջարկում այդքան չարչրկված ընտրակարգի համար: Բայց քննարկման ընթացքն ու ավարտը բոլորովին այլ բան հուշեցին: Պարզվեց՝ գործընկերներին սեփական առաջարկներով ներկայանալու մասին «մտահոգվել էր» միայն «Հանրապետականը»: Վերջինիս ներկայացուցիչ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ համալիր մի փաթեթ էր պատրաստել, թե ինչպես կարելի է գտնել համամասնական ընտրակարգի լավագույն մոդելը։
Ընտրական օրենսդրության բարեփոխումների մեխը դարձած վերոնշյալ խնդրի մասով Հարությունյանն ասաց, որ առաջարկվող այլընտրանքային տարբերակները նույնպես զերծ չեն թերություններիցից, օրինակ, փակ համամասնական ցուցակների դեպքում կուսակցության վերնախավն է որոշում թեկնածուների հերթականությունը, ոչ թե ժողովուրդը։
Անդրադառնալով դաշնակցության՝ բաց ցուցակներով համապետական ընտրակարգի անցնելու առաջարկին, նախկին պաշտոնյան ասաց, թե այս դեպքում էլ խնդիր է լինելու հաշվարկի հետ կապված, ու եթե, ասենք, գրանցված 100 թեկնածու լինի և 10 ուժ, ապա ընտրողը պետք է լրացնի 1000-բջջանի մի աղյուսակ, ինչն ինքնին բարդ է:


Խոսելով ՀՅԴ-ի «մարզային քվոտայի» առաջարկի մասին՝ վերջինս ընդգծեց, թե այստեղ էլ խնդիրն այն է, որ կրկին կուսակցությունը, ոչ թե ընտրողն է որոշելու՝ ով պետք է ներկայացնի մարզը: Բացի այդ, մարզում հաշվառված լինելը դեռ չի նշանակում, թե տվյալ թեկնածուն ներկայացնում է մարզը: Վտանգ կա նաև, որ ՀՀ խոշոր մարզերի ներկայացուցիչները կհայտնվեն խորհրդարանում, իսկ փոքրերն այդ հնարավորությունը չեն ունենա:
Հենց այս ամենը հաշվի առնելով՝ ՀՀԿ-ն ընտրությունների նախաշեմին առաջարկում է ընտրակարգի 4 տարբեր լուծումներ: «Առաջինը՝ խոշորացնել ընտրատարածքները և նվազեցնել տեղական ազդեցությունները՝ Հայաստանը պայմանականորեն բաժանելով երեք մասի. Հյուսիս, Հարավ և Երևան։


Երկրորդ՝ զրկել ընտրողներին թեկնածուների նկատմամբ իրենց վերաբերմունքը ցույց տալու հնարավորությունից, միաժամանակ՝ ունենալ նաև տարածքային ցուցակներ։ Այսինքն՝ ամրագրել, որ ընտրողը ձայնը տալիս է տարածքային ցուցակին, սակայն թեկնածուների հերթականությունը որոշում է կուսակցությունը՝ ելնելով տարածքային ցուցակներով քվեարկության արդյունքներից։
Երրորդ՝ ունենալ 101 ընտրատարածք, որոնցից յուրաքանչյուրում կուսակցություններն ի սկզբանե նշանակում են մեկական թեկնածուի, սակայն ժողովուրդը քվեարկում է ոչ թե թեկնածուի, այլ կուսակցության օգտին:


Չորրորդ՝ ունենալ երկու քվեաթերթիկ, որոնցից մեկում նշված կլինեն բոլոր 10 կուսակցությունները, իսկ երկրորդը շատ նման կլինի նախորդ ընտրությունների ժամանակ օգտագործված թերթիկին. մարդիկ ձայն են տալիս այս կամ այն կուսակցությանը, և մանդատները բաշխվում են՝ ըստ կուսակցության ստացած ձայների՝ կախված նրանից, թե կուսակցությունն այս կամ այն տարածքում քանի ձայն է ստացել: Սա կոմբինացված մոդել է, որ թույլ է տալիս խուսափել գործող մոդելի թերություններից՝ անձին տրված ձայնը ավտոմատ չի նշանակում, թե այդ ձայնը գնաց կուսակցությանը. մարդը կարող է իքս կուսակցությունը ներկայացնող այս կամ այն անձին տալ իր ձայնը, բայց կուսակցական քվեաթերթիկից ընտրել իգրեկ կուսակցությունը։ Այս փուլում առաջարկում ենք քննարկման առարկա դարձնել հենց այս մոդելը»,- հանգամանալից ներկայացրեց Հարությունյանն ու նկատեց, որ թե՛ անձամբ իր, թե՛ «Հանրապետականի» համար վերջին մոդելն է ամենաընդունելին։


ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆՆ էլ ասաց, որ պատրաստ է քննարկելու ցանկացած ողջամիտ լուծում, բայց շարունակում է մնալ այն համոզման, որ ամենալավը իրենց առաջարկած տարբերակն է. անցկացնել բաց համամասնական ցուցակով ընտրություններ՝ հանրապետությունը դիտարկելով որպես մեկ ամբողջական ընտրատարածք: ՀՅԴ խմբակցության ղեկավարի համոզմամբ՝ իրենց առաջարկած մոդելը կնպաստի նաև կուսակցությունների ներքին ժողովրդավարության զարգացմանն ու կուսակցական համակարգի կայացմանը:


Իսկ ահա կանանց և մարզերի ներկայացուցիչների համար քվոտաներ սահմանելու հարցը, ըստ նրա, արհեստական է, հակասում է ժողովրդավարության սկզբունքներին։
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆՆ ու «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ հստակեցրին՝ իրենց տեսակետը համահունչ է կառավարական հանձնաժողովի դիրքորոշմանը, այն է՝ ընտրությունների նկատմամբ վստահությունը բարձրացնելու լավագույն ձևը դրանք հնարավորինս քաղաքականացնելն է՝ «ռեյտինգային» բաղադրիչից ազատվելով և փակ համամասնական ընտրակարգին անցնելով:


Կառավարական հանձնաժողովի կարծիքն այս անգամ ևս ներկայացնում էր սովորության համաձայն քննարկմանն ուշացումով ներկայացող ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆԸ։ Վերջինս մեկ անգամ ևս սկսեց պատմել ու բացատրել, թե կառավարությունն ինչ տարբերակներ է առաջարկում ԸՕ-ի բարեփոխման համար: Սկսեց օրենսգրքի շուրջ աշխատելու ակունքներից, հասավ մինչև դրա շուրջ աշխատանքային խմբի ձևավորումն ու մանրամասն ներկայացրեց, թե ինչ առաջարկներ են արել իրենք: Նրա երկարաշունչ ելույթը հունից հանեց պատգամավորներին, որոնք վերջինիս հորդորեցին միտքը լակոնիկ ձևակերպել, նիստը վարող Նաիրա Զոհրաբյանն էլ անընդհատ խնդրում էր արդեն քննարկված դրույթները ևս մեկ անգամ չկրկնել: Տեղի տվեցին նաև ՀՀԿ-ն ներկայացնող ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ նյարդերը. «Ի վերջո, կառավարությունը պատրա՞ստ է ականջալուր լինել մեր առաջարկներին, թե՞ մենք այստեղ անօգուտ աշխատանք ենք անում»:


«Ես միգուցե նախկին, միգուցե չհաջողված գիտնական եմ…»,- փորձում էր շարունակել Իոաննիսյանը, երբ նրան ընդհատեց Արմեն Ռուստամյանը՝ կրկին հնչեցնելով նույն հարցը՝ կառավարությունն ընդհանրապես քննարկու՞մ է որևէ տարբերակ, բացի պարզ համամասնականից, թե՞ պատրաստ է կոմպրոմիսի միջանկյալ որևէ մոդելի շուրջ, որի վրա կանգ կառնեն խորհրդարանական ուժերը: Հարցը, սակայն, անպատասխան մնաց։
Ի վերջո, երկար և անպտուղ բանավեճից հետո որոշվեց, որ խորհրդարանական հանձնաժողովը կշարունակի քննարկումները, կփորձի գտնել բոլորի համար ընդունելի ոսկի միջինն ու այն ներկայացնել կառավարական հանձնաժողովի դատին՝ կոնսենսուսային լուծում գտնելու ակնկալիքով։


Թե ինչ լուծման կհանգեն հայաստանյան քաղաքական ուժերը, բարդ է ասել: Հասկանալի է մեկ բան՝ օրենսգրքի շուրջ քննարկումներն արդեն ջուրծեծոցի են դառնում: Ինչու՞, դա էլ հստակ չէ. կա՛մ քաղաքական կամքն է բացակայում, կա՛մ էլ ներկա իշխանությունները բավարար հետազոտական ու վերլուծական ռեսուրսներ չունեն օրենսդրական նախագիծը հնարավորինս սեղմ ժամկետներում ի մի բերելու համար:
Վերջիններս, ըստ երևույթին, ցանկանում էին միանգամից երկու ԸՕ նախագիծ ներկայացնել Ազգային ժողովի ու Վենետիկի հանձնաժողովի դատին, բայց մի խելացի, թերևս, նրանց ականջին ասել է՝ խայտառակ կլինեք, հատկապես Եվրոպայի աչքում, մարդիկ կհասկանան, որ քաղաքական դաշտում կոնսենսուս չկա:


Հասկանալի չէ նոր կառավարիչների դիրքորոշումը նաև ընտրակարգի հարցում. նախ ասում են՝ բոլորս դեմ ենք ռեյտինգայինին, հետո սկսում են քննարկել դրա կիրառման այլ մոդելներ, այժմ էլ, գուցե հասկանալով, որ դեմ են գնում նախապես արած իրենց հայտարարություններին, կրկին բարձրաձայնում են՝ ոչ մի ռեյտինգային: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կասեր՝ անհասկանալի է, թե որտեղից է գալիս Ընտրական օրենսգրքի քաղաքական պատվերը:


Թե ինչքան ժամանակ կպահանջվի մեր իշխանավորներից ըստ հավուր պատշաճի օրենսգիրք գրելու ու հաստատելու համար, դեռևս հստակ չէ, բայց պարզից էլ պարզ է, որ այդ նույն իշխանություններին օդ ու ջրի պես անհրաժեշտ է օր առաջ արտահերթ ընտրությունների գնալը, այլապես հասարակությունը ոչ միայն ԸՕ-ի, այլև շատ հարցերում է հիասթափություն ապրելու:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 5344

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ