USD482.44
EUR564.60
RUB7.28
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

«Աստված ուզեց, որ մեզ վրա էլ արև առնի»

«Աստված ուզեց, որ մեզ վրա էլ արև առնի»
20.07.2018 | 04:08

Տաթև համայնքը Հայաստանի հնագույն բնակավայրերից է: Պատմական աղբյուրների վկայությամբ, այն գոյություն է ունեցել դեռևս մ.թ.ա. 2-րդ դարում: Թեև Տաթևն ունի հարուստ մշակույթ, գիր և գրականություն, այնուամենայնիվ գյուղի անցյալի մասին պատմական տեղեկությունները քիչ են: Տաթևը հանրահայտ է դարձել, երբ 9-րդ դարում կառուցվել է Տաթևի վանական համալիրը:

ԼԵԳԵՆԴ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Տաթևի վանական համալիրը եղել է դպրության առաջնակարգ կենտրոն։ 895 թ. վանքը դարձել է համահայկական մշակութային կենտրոն, որտեղ Հովհան Որոտնեցու և նրա աշակերտ Գրիգոր Տաթևացու ջանքերով գործել է համալսարանը: Վանքին կից մատենադարանը գոյատևել է մինչև 1911-1912 թթ., իսկ փրկված 140 ձեռագիր մատյանները տեղափոխվել են Էջմիածին, ապա՝ Մատենադարան: Համալսարանին կից գործել է նաև Տաթևի հայտնի մանրանկարչության դպրոցը: Հիմնական կառույցներից զատ, բակի կենտրոնում կառուցվել է ճոճվող հուշասյունը՝ Գավազանը, միակ կառույցը, որը բազմաթիվ երկրաշարժերից մնացել է անխաթար, որպես հայ ճարտարապետների հանճարեղ մտքի վկայություն:


Վանքի անվան ծագման մասին մեզ է հասել գեղեցիկ մի լեգենդ: Երբ վանքը կառուցող վարպետը ավարտում է աշխատանքը, նա խնդրում է Աստծուն իրեն թևեր տալ, որպեսզի երկնքից տեսնի վանքի ողջ գեղեցկությունը: Աստված լսում է նրա խնդրանքը և կատարում այն: Վարպետը թռչում, գնում է անհայտ ուղղությամբ։ Բանվորներն առանց վարպետի չեն կարողանում հանել վանքի փայտյա տախտակամածները։ Ժամանակ անց, լսելով, որ նա Պոլսում է գտնվում, վանքի շրջակայքի բնակիչները մարդ են ուղարկում վարպետի մոտ և խնդրում, որ նա գա ու հանի վանքի տախտակամածները։ Սակայն վարպետը չի վերադառնում։ Միայն հայտնում է հանելու եղանակն ու ասում. «Հոգին սուրբ տա թև», և վանքն այդպես էլ կոչվում է Տաթև։ «Տաթև» նշանակում է «տուր թևեր»: Չորս կողմից անդունդներով շրջապատված վանքը դիտողին հիրավի թվում է հսկա թևերով ճախրող թռչուն:


Դեռևս 2013-ից մեկնարկած «Տաթևի վերածնունդ» ծրագրով ¥տնօրեն՝ Արեն Ափիկյան¤ նախատեսվում էր մինչ 2017 թվականը վանքի խորհրդանշական՝ 1111-ամյակի կապակցությամբ ավարտին հասցնել վանական համալիրի Սուրբ Պողոս-Պետրոս, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների, սյուն-գավազանի, զանգակատան, համալիրի տնտեսական և օժանդակ կառույցների ամրակայումը: Անգամ հայտարարվել էր, որ վանքն ու նրա հարակից տարածքները վերանորոգումից հետո հարմարեցված կլինեն հատուկ կարիքներ ունեցող անձանց համար: Ի դեպ, ծրագիրն ուներ 18 երկրներից 140 անհատ նվիրատուներ:
Այս օրերին վանական համալիրի աջակողմյան շինությունների շուրջը «փայտյա տախտակամածների» առկայությունը վկայում է, որ վերանորոգումը դեռ երկար է ձգվելու: Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը «Իրատեսի» հետ զրույցում ասաց, որ վերանորոգման աշխատանքների համար նախատեսված քարը հանվում ու կտրվում է Սիսիանի քարհանքից. «Որպեսզի Արցախի Գանձասար վանքի սխալը չկրկնվի, էն, որ պարիսպները տրավերտին քարով էին երեսպատում: Վերանորոգման աշխատանքները ֆինանսական խնդիրների պատճառով դանդաղում են, բայց գործն առաջ գնում է: Որոշ շինություններ լուրջ վնասված են, փլուզման ենթակա են, ու քանի որ զբոսաշրջիկների հոսքն անպակաս է, ուստի այդ հատվածները շրջափակել են թիթեղապատնեշով»:

«ՄԵՆՔ ԷԼ ՄԱՐԴԱՄԵՋ ԵԼԱՆՔ, ՄԱՐԴՈՒ ԵՐԵՍ ՏԵՍԱՆՔ»


Սյունյաց աշխարհի Տաթև համայնքը, անշուշտ, կշարունակեր ապրել աշխարհից կտրված, իր զուսպ ու համեստ կյանքով, եթե ՀՀ կառավարության 26.06.2009 թվականի «Տաթև» զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին» N 848-Ն որոշմամբ «Տաթև» վանական համալիրը և հարակից՝ ՀՀ Սյունիքի մարզի Խոտի, Շինուհայրի, Հալիձորի, Տաթևի, Սվարանցի, Տանձատափի, Աղվանիի և Բարձրավանի գյուղական համայնքները չհամարվեին զբոսաշրջային կենտրոն։ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը 2010 թվականին նախատեսեց վերականգնել Տաթևի վանական համալիրը, Մեծ Անապատը, համալիրի դպրատունը, իսկ Տաթև զբոսաշրջային կենտրոնում հիմնել գիտակրթական համալիր։ Իսկ 2010-ին շահագործման հանձնված աշխարհի ամենաերկար՝ «Տաթևեր» ճոպանուղին (5,5 կմ) աշխուժացրեց Տաթև համայնքի կյանքը:


Վանական համալիրի մուտքը սկսվում է Սյունիքի առատ բերք ու բարիքով ծանրաբեռնված սեղանների շարքով, որոնց կողքով անհնար է անտարբեր անցնել: Այցելուն անպայման համտեսում է բուրավետ գաթան, անարատ մածունը, պանիրը, չրեղենը, մեղրը:
«Մեր գյուղում ամենատարածված ու հարգի արհեստը դարբնությունն ա եղել: Մեր սարերի մեղրն ուրիշ ա, հենց վանքում էլ մեղուներ էին պահում, դե, բանջարի մասին էլ խոսք չկա: Բա մեր խաշիլն ու սպա՞սը, ավելուկն ու դեղաբույսերը, հորած պանիրն ու գինի՞ն»,- հպարտությամբ թվարկում է տաթևցի Շողիկը, թեև օրը կեսօր է դարձել, բայց իրենից դեռ ոչինչ չեն գնել:


«Օրհնվի էս ճոպանուղու ստեղծողը, Աստված ուզեց, որ մեզ վրա էլ արև առնի, մենք էլ մարդամեջ ելանք, մարդու երես տեսանք,- խոսակցությանը միացավ Ջեմման:- Առավոտից իրիկուն էստեղ կանգնած ենք, օր ա լինում, լավ առևտուր ա լինում, դա մեզ ոգևորում ա: Մեր ուզածն էլ էն ա, որ մեր ստեղծած բարիքը վաճառվի, աշխարհից կտրված ենք, ճամփեքը դժվար, շուկա չկա, էս տուրիստներն էլ որ չլինեին, մեր կյանքը կյանք չէր լինի: Ճոպանուղում գյուղից մի քանի հոգի են աշխատում, մյուս գյուղերից էլ կան: Չէ, լավ ա, ճոպանուղին մեզ փրկել ա: Բայց գյուղի վիճակը էն չի: Տարեցները գնում են, ծնունդ համարյա չկա, գյուղամիջյան ճանապարհները շատ վատն են, անձրևների ժամանակ ռեզինե սապոգներ ենք հագնում, որ կարողանանք քայլել»:


Ջորեպան Մուրադը, ինչպես իրեն անվանեց հաջորդ զրուցակիցս, համայնքի կյանքից և՛ գոհ էր, և՛ դժգոհ: «Կյանքը շատ լավ ա, վատ չի, բայց խնդիրներից աչք չենք բացում: Սարերից խմելու ջուր քաշեցին գյուղ, համա խմելու բան չի: Հիմա կզարմանաք՝ սարերի ջուրը ո՞նց կարա անհամ լինի. կարա, քաշողից ա, ճիշտ չեն սարքել: Ոռոգման ջուր չունենք, խմելու ջրով ենք ջրում, էն էլ հաշվիչը դրել, խեղդում են բնակչին, ոչ էն ա դրանով հողամասդ ջրես, ոչ էն ա չջրես: Ամեն ինչ կա, բայց կոռումպացված ա, եղած աշխատատեղերում մենակ իրենց բարեկամներն են աշխատում: Հողերը սեփականաշնորհել են, տվել են ժողովրդին, բայց էլի մեջ-մեջ են արել, շատերը թողել գնացել են, հողերը մնացել են անտեր: Ես էլ ինձ համար բիզնես եմ բացել, էշ եմ բերել, ու ցանկացողները նստում են, գին չկա, 500-1000 դրամ են տալիս, մարդ կա 5000 դրամ, համա ոմանք չեն ուզում որ ես էստեղ աշխատեմ, խանգարում են բիզնեսիս»,- պատմում էր Մուրադը, ու ես այդպես էլ չհասկացա, թե նրա պատմածում դրականը ո՞րն էր:

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՑ Ի՞ՆՉ Է ՇԱՀԵԼ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԸ


Համայնքների խոշորացման ժամանակ ամենամեծ փոփոխությունները եղել են Սյունիքի մարզում, որն իր տարածքով (4506 քկմ) երկրորդ խոշորագույնն է Գեղարքունիքից հետո: Սյունիքում խոշորացումն արդեն ավարտվել է. ամբողջ մարզում նախկին 109-ից մնացել է ընդամենը 8 համայնք՝ Գորայք (միավորում է նախկին 4 համայնք), Սիսիան (30), Տաթև (8), Գորիս (10), Տեղ (7), Կապան (32), Քաջարան (5), Մեղրի (13):
2016 թ. Սյունիքի ամենամեծ գյուղը՝ Շինուհայրը, դարձավ խոշորացվող յոթ համայնքների՝ Տաթևի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Տանձատափի, Քաշունիի համայնքների կենտրոնը՝ Տաթևի համայնք անվամբ:


2008-2016 թթ. Տաթև համայնքի, իսկ 2016 թ. փետրվարի 23-ից խոշորացված համայնքի ղեկավար ՄՈՒՐԱԴ ՍԻՄՈՆՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում պատմեց Տաթևի խնդիրների, արված ու չարված գործերի մասին:
«Գիտեմ, որ մինչև ինձ հանդիպելը հաստատ խոսել եք բնակիչների հետ, եթե ասեք՝ չէ, չեմ հավատա, ու հաստատ դժգոհած կլինեն, չէ՞: Արդեն ոչ թե մեկ, այլ ութ գյուղի համար եմ պատասխանատու, գիտակցում եմ, ծանր բեռ է, բայց քանի որ քաջատեղյակ եմ գյուղերի խնդիրներին, կարծում եմ, համատեղ ուժերով ու պետության աջակցությամբ մինչև այսօր չարված գործերը կիրականացնենք»:


Համայնքապետը նշեց, որ խնդիրներից առաջնայինը խմելու և ոռոգման ջուրն է: Խմելու ջրի արտաքին ցանցի սպասարկումն իրականացնում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն, իսկ ներքին ցանցը համայնքապետարանների վերահսկողության տակ էր: Որոշ համայնքներում տեղադրված են հաշվիչներ, գյուղացին վճարում է կատարում «Հայջրմուղկոյուղուն», որը, սակայն, չի պարտավորվում խմելու ջրի ներքին ցանցում աշխատանքներ կատարել, պատճառաբանելով, թե հանձնում-ընդունում տեղի չի ունեցել: Այսինքն, ներքին ցանցը համայնքապետարանների բալանսում է: Նախկին համայնքի ղեկավարները բազմիցս դիմել են ընկերությանը՝ ներքին ցանցը վերանորոգելու հարցով, սակայն նրանք հրաժարվել են, թե՝ դուք վերանորոգեք, հետո «Հայջրմուղկոյուղին» կընդունի այն: Հարց է ծագում՝ եթե համայնքները նորոգելու հնարավորություն ունենային, ինչու՞ պիտի դիմեին «Հայջրմուղկոյուղուն»:
Տաթև համայնքի աշխարհագրական դիրքը նպաստավոր չէ նաև կոյուղագծի ընդհանուր ցանցի շահագործման համար: Թեև երեք տարի առաջ մեծ դժվարությամբ հնարավոր եղավ կառուցել կոյուղագիծը, սակայն տներ կան, որոնք իրենց դիրքի պատճառով չեն կարող միանալ կոյուղագծին:


Գյուղի աղբահանությունը պատշաճ մակարդակով կազմակերպված չէ, ինչի համար զբոսաշրջիկներն անվերջ դժգոհում են: Համայնքապետի փոխանցմամբ՝ Շինուհայրի աղբավայրի վիճակն ավելի վատթար է, ամիսներով աղբը չի տեղափոխվում, դաշտով մեկ սփռված է, և այդ ամենը՝ զբոսաշրջիկների աչքի առջև: Ի դեպ, Մուրադ Սիմոնյանը հաճախ էր ընդգծում զբոսաշրջիկների գործոնը, կարծես մարզի գլխավոր նպատակը ոչ այնքան բնակիչների առտնին պայմանների բարելավումն է, որքան զբոսաշրջիկների աչքին բարեկիրթ երևալը: Տաթևում պակաս մտահոգիչ չէ նաև թեք ու անբարեկարգ փողոցների վիճակը, որոնք ամեն գարնան խճապատվում են, իսկ մինչ աշուն դարձյալ հայտնվում նույն քարուքանդ վիճակում:


Տաթևում պաշտոնապես գրանցված 1000 բնակչից իրականում գյուղում մնացել են 800-ը, փակ դռներ շատ կան, շատերը հեռացել են անվերադարձ: Պատճառը ոչ այնքան աշխատատեղերի բացակայությունն է, որքան գյուղական կյանքի պայմաններին չհամակերպվելը: Համայնքապետի փոխանցմամբ՝ աշխատատեղեր կան՝ գյուղապետարանը, դպրոցն ու բուժկետը, բացի այդ, վանական համալիրի վերանորոգման, մասնավոր տնամերձերում շինարարական աշխատանքների համար աշխատուժի կարիք կա:

«ՈՐ ԱՍԵՄ, ԹԵ ՃՈՊԱՆՈՒՂՈՒՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵՐ ՕԳՈՒՏԸ ՈՐՔԱՆ Է, ԿԾԻԾԱՂԵՔ»


«Շատերի կարծիքով՝ ճոպանուղու շնորհիվ Տաթև համայնքը պետք է որ խնդիրներ չունենա, որ լավ էլ հարուստ գյուղ է, սակայն իրականում այդպես չէ: Որ ասեմ, թե ճոպանուղուց տարեկան մեր օգուտը որքան է, կծիծաղեք, ընդամենը 40 հազար դրամ, նվազագույն աշխատավարձից էլ քիչ, հողի հարկ ու գույքահարկ են տալիս, դա է ամբողջը: Մինչդեռ, ըստ պայմանավորվածության, ճոպանուղու կազմակերպությունը պարտավորվել էր բարեկարգել փողոցները, նորոգել տների տանիքները: Ոչինչ էլ չարվեց: Շատերը կարծում են, թե Տաթևը յուղ ու մեղրի մեջ ա ապրում, քանի որ ճոպանուղին կա, բայց դա էդպես չի: Իզուր չեն ասում՝ դրսից ուրիշի աչքն ենք համում, ներսից՝ մեր,- ասում է Մուրադ Սիմոնյանն ու հավելում.- խոշորացված համայնքի 8 գյուղերի համար հատկացվել է 130 միլիոն դրամ, սեփական միջոցները կազմում են 30-40 միլիոն, ո՞ր մի հարցը լուծենք: ՈՒնենք-չունենք, մի Տաթևի վանք ու հրաշք ճոպանուղի ունենք, պետությունը պիտի օգնի, որ համայնքը ծաղկի, որ գյուղամեջ մտնող զբոսաշրջիկից չամաչենք»:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1637

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ