Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սպիտակի երկրաշարժը, Ջավախքը, Մարդը

Սպիտակի երկրաշարժը, Ջավախքը, Մարդը
20.07.2018 | 09:55

1988-ի Սպիտակի ողբերգական երկրաշարժը ալեկոծեց բոլորին, և աղետից տուժած մեր հայրենակիցներին ժամ առաջ օգնության հասնելու գաղափարը դարձավ համազգային գերխնդիր: Խորհրդային բանակից նոր զորացրված քսաներկուամյա ՍԱՄՎԵԼ ՍԵՐՈԲՅԱՆԸ և նրա երկվորյակ եղբայր ԱՐԱՐԱՏԸ ևս 1988 թ. դեկտեմբերյան մղձավանջային օրերին Ջավախքի ծայր հյուսիսում գտնվող իրենց հայրենի Ազավրեթ գյուղից շատերի նման մեկնեցին Գյումրի և որոշ ժամանակ անց շատերի նման ցնցված վերադարձան տուն: Ինչպես Սամվելն է վկայում, տուն վերադառնալիս անգամ հացի փող չեն ունեցել և ճանապարհին կերել են այդ ժամանակ Ախալքալաքում հայտնի «չփլաղ» (մերկ) իրիսը: Իրենց հետ Գյումրուց «ուտելու մի բան վերցնելու» մասին շատերի հարցին Սամվելը կեսկատակ-կեսլուրջ պատասխանել է, որ ինքը շուտով շատ ավելի մեծ բան կստանա աղետի գոտուց, բայց դա մարդիկ հետո կտեսնեն:


Երկրաշարժի դաժան օրերից անցել էր չորս տարի: Սամվելի «ստանալիքի» մասին շատերն էին մոռացել, երբ մի օր գյուղ մտավ անծանոթ մի «Երազ»: Հինգ-վեց հոգու հետ գյուղ էր ժամանել նաև գեղեցկադեմ մի կին: Ազավրեթցիների հիշողության մեջ մինչ օրս մնացել են անծանոթուհու նախշազարդ, ցանցավոր ձեռնոցները, ինչի մասին առանց հուզմունքի չեն կարողանում խոսել: Անծանոթ հյուրերը գյուղի աշակերտներից մեկին նկարագրում են երկվորյակ եղբայրներին, հարցնում նրանց տան տեղը և խնդրում կանչել նրանց: Մութ ու ցուրտ, խառնակ այդ օրերին մի քանի րոպեում գյուղով մեկ տարածվում է անծանոթ մեքենայի ու «ձեռնոցներով» կնոջ հայտնվելու լուրը և, մինչ Սամվելն իր մեքենայով կհասցներ մոտենալ նրանց, տեղացիներն արդեն շրջապատել էին հյուրերին: Տեսնելով մոտեցող Սամվելին` անծանոթ կինը բղավոցով մատնացույց արեց նրան` ահա՛ նա: Զարմացած համագյուղացիները չէին կարողանում հասկանալ, թե ինչ է տեղի ունենում իրենց աչքի առաջ:

Սամվելը ևս, իր հերթին ընդառաջ վազելով և գրկելով խորհրդավոր անծանոթուհուն, երկար ժամանակ չէր կարողանում զսպել հուզմունքը.
-Մեջքդ ո՞նց է, Ծովինա՛ր:
-Լավ…
-Ձե՞ռքդ:
-Ձեռքս էլ, ահա՛…
Ողջագուրվելուց և միմյանց մասին կարճ հարցուփորձից հետո, Սամվելը, ի վերջո, հետաքրքրասիրությունից վառվող համագյուղացիներին պատմում է այն ամենը, ինչը տեղի էր ունեցել շուրջ չորս տարի առաջ: Մինչ այդ անմիջապես գառ է մորթում և բոլորին հրավիրում խնջույքի:
-Ծովինա՛ր ջան, բայց ախր ձեռքդ բետոնի տակ էր մնացել, անգամ մի պահ որոշեցինք կտրել այն, ո՞նց բուժեցիք:
-Է՜, Սամվել ջան, ի՞նչ բուժել, պրոթեզ է դրված…
…Երկրաշարժի ծանր օրերին Սամվելը եղբոր հետ մեկնում է Գյումրի և ընկղմվում փլատակների մեջ իրականացվող որոնողափրկարարական աշխատանքների մեջ: Որքան ծանր ու սահմռկեցուցիչ էր այդ աշխատանքը, նույնքան էլ պարտավորեցնող. ամեն րոպեն թանկ էր, ամեն րոպեն` կյանք արժեցող, ամեն պահը` ճակատագրական, քանի որ փրկարարներն ամեն պահի նոր մարդկանց էին հայտնաբերում երկաթբետոնե սալերի տակից՝ կիսամեռ, կենդանության վերջին վայրկյաններին կյանք աղերսող:


Մոտենալով փլված շենքերից մեկին՝ Սամվելը լսում է օգնություն հայցող կնոջ, իսկ ավելի խորքից` տղամարդու ձայներ: Սկսվում է ծանր ու լարված աշխատանքը. Սամվելենց խմբի խնդիրն էր փլատակները փորելով ժամ առաջ հասնել կնոջ հետզհետե նվաղող ձայնին: Այնպես է ստացվում, որ աշխատանքների բերումով տեղաշարժված շուրջ վեց մետր երկարությամբ սալերը փակում են Սամվելի դուրս գալու ճանապարհը, այդուհանդերձ, պատվիրելով ընկերներին չդադարեցնել աշխատանքը դրսից և բացել արտաքին աշխարհ ելքի ճամփան, Սամվելը մուրճով և երկաթի սուր կտորով շարունակում է փորել և համառորեն առաջ շարժվել: Արդեն երեկո էր, երբ նա, մեկ շիշ ջուր ձեռքին, եղբոր հետ հասնում է կնոջ «մահվան խուցը» և տեսնում երկաթբետոնե սալերի ու դռան միջև կիսահորիզոնական դիրքով անշարժացած երիտասարդ կնոջ գլխի հատվածն ու սալի արանքում մնացած ձեռքը: Կնոջ մարմնի մյուս հատվածը մնացել էր սալերի մյուս կողմում և փրկարարների համար անտեսանելի, ինչն առավել դժվարացնում էր նրանց գործը, պահանջում ծայրահեղ զգուշություն: Կնոջ շուրթերը ջրով ցողելուց հետո (ջուր տալն այդ դեպքերում արգելվում է), Սամվելը եղբոր հետ սկսում է փրկարարական աշխատանքների երկրորդ, առավել պատասխանատու փուլը. հարկավոր էր մասնատել սալերը: Գործը և՛ դժվարին էր, և՛ ոսկերչական ճշգրտություն էր պահանջում. անգամ ամենաչնչին սխալը կարող էր ճակատագրական դառնալ կնոջ համար:


Երկար ու համառ աշխատանքից հետո Սամվելին և իր եղբորը, ի վերջո, երեկոյան կողմ հաջողվում է ազատել կնոջը սալերի ճնշող ծանրությունից, դնել նրան սավանի մեջ, զգուշորեն իջեցնել ներքև և հանձնել սպասող ավտոմեքենային:
Սամվելը հետագայում է միայն հասկացել, որ մի քանի ժամ տևած աշխատանքի ընթացքում կինն անընդհատ նայել է քրտինքի մեջ կորած իր դեմքին և մտապատկերում պահել այն: Իսկ ավտոմեքենայի մոտ Սամվելին է մոտեցել մի մարդ (հետագայում պարզվում է` նշյալ կնոջ հայրը), ում Սամվելն առանց անուն տալու միայն ասել է, որ իրենք Ախալքալաքի Ազավրեթ գյուղից են, զույգ եղբայրներ:


Կնոջը փրկելուց հետո, ցավոք, Սամվելն ու ընկերներն այդ օրն այլևս չեն կարողանում շարունակել աշխատանքները և մոտենալ Զարզանդ անունով տղամարդու ձայնի ուղղությամբ, որը փրկված կնոջ ամուսինն էր: Սամվել Սերոբյանը պատմում է, որ դեկտեմբերյան կարճ օրը վաղուց ավարտվել էր, իսկ գիշերվա սառնամանիքին ու մթին որոնողական աշխատանքները դարձել էի անհնարին, ավելին` խիստ վտանգավոր:
Կրակի շուրջը գիշերելով` առավոտյան վաղ աշխատանքները վերսկսելու համար գնացել են նույն ձայնի ուղղությամբ, որ նախորդ օրը լսվել էր շատ խորքից ու խիստ աղոտ: Սամվելի ենթադրությամբ` ամուսինը գտնվել է փլատակների առավել անանցանելի հատվածում: Ցավոք, Զարզանդի ձայնը գիշերվա ընթացքում լռել էր, և Սամվելենց փոքրիկ խումբն իր համեստ գործիքներով այդպես էլ չի գտնում նրա հետքը…


Ախալքալաք, Ազավրեթ, երկվորյակ եղբայրներ… Չորս տարի այս խոսքերը հանգիստ չեն տալիս երկրորդ կյանք ստացած Ծովինարին, և նա, ապաքինվելուց անմիջապես հետո, որոշում է ամեն գնով գտնել ու իր երախտիքի խոսքն ասել այն անծանոթ երիտասարդին, ով, վտանգելով իր ու եղբոր կյանքը, տևական ժամանակ պայքարեց իր կյանքի համար, ջրով ցողելով իր դեմքը` անընդհատ «հիշեցրեց» ապրելու մասին:
Եվ ահա մի օր երախտապարտ կինը հոր և հարազատների հետ դուրս է գալիս իր փրկարարի հետքերով և հարցուփորձ անելով հասնում հեռավոր Ազավրեթ: Ազավրեթցիների հիշողության մեջ դաջված նրա ցանցավոր ձեռնոցները ոչ թե տուրք էին նորաձևությանը, այլ պրոթեզավորված ձեռքը ծածկելու միջոց:


Ծովինարի և նրա հարազատների ժամանելուց հետո ազավրեթցիները նոր միայն հասկացան, որ երախտագիտության այս այցը հենց այն «շատ մեծ բանն» էր, որի մասին չորս տարի առաջ ակնարկել էր Սամվելը, որն այն դաժան օրերին «շատ ավելի ուրիշ բաներ» կարող էր ստանալ ավերված քաղաքից, կարող էր, բայց «Իմ ամենամեծ նվերը Ծովինարի այցն էր մեր գյուղ և նրան կենդանի տեսնելը: Գյումրեցիների այդ քայլը այն բանի ապացույցն էր, որ ես գնացել էի ոչ թե թալանի հետևից, այլ կյանքեր փրկելու: Ահա դա՛ է իմ ամենամեծ նվերը՝ պատիվս, անունս», ասում է Սամվելը:
Որոշ ժամանակ անց Սամվել Սերոբյանն այցելում է Ախուրյանի շրջանի Կամո գյուղ, ուր հոր հետ ապրում էր Ծովինարը: Երբ գյուղ մտնելով հարցնում է Ծովինարի (ամուսնական ազգանվամբ` Հարությունյան) տան տեղը` Կամոյի բնակիչները բարձրաձայնում են. «Ժողովու՛րդ, մեր հերո՛սն է եկել»:


Ցավոք, դրան հաջորդած դժվարին տարիներին Սամվելն այլևս չայցելեց նրանց, թեև շատ կուզենար կրկին վերականգնել ջերմ հարաբերություններն իր բարեկամների հետ, տեսնել Ծովինարին, նրա հորը, որը գուցե այլևս ողջ էլ չէ…


Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2171

Մեկնաբանություններ