USD482.27
EUR567.63
RUB7.31
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
 

«Շապիկի նկարազարդումը պետք է և՛ հուշի, թե ինչի մասին է գիրքը, և՛ ամբոջությամբ պարզ չլինի»

«Շապիկի նկարազարդումը պետք է և՛ հուշի, թե ինչի մասին է գիրքը, և՛ ամբոջությամբ պարզ չլինի»
20.07.2018 | 10:27

«Զանգակ» հրատարակչության լույս ընծայած «Հայ նկարազարդողների կատալոգը» (Illustrators.am 2018) ներառում է թե՛ երիտասարդ և թե՛ արդեն կայացած քառասունչորս հայ նկարազարդողների բազմաժանր ու տարբերվող ութսունյոթ նոր ու թարմ աշխատանքներ:
Գրքի ձևավորող ՄԱՐԻԱՄ ԿԱՆԱՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ սովորաբար գրքի միջազգային փառատոներին ամեն երկիր տարբեր ձևաչափերով ներկայացնում է իր նկարազարդողներին. «Այս կատալոգը նախատեսված էր գրքի միջազգային տոնավաճառներին և փառատոներին հայ նկարազարդողների աշխատանքները ներկայացնելու համար, օրինակ, այս տարվա գարնանը ներկայացվել էր Բոլոնիայի գրքի միջազգային փառատոնին: Այսինքն, ավելի շատ ուղղված է դրսի շուկային: Գրքի վերջում ներկայացված են նաև նկարազարդողների հասցեները, որպեսզի անհրաժեշտության դեպքում համագործակցության եզրեր ստեղծվեն: ՈՒնենք նաև ֆեյսբուքյան էջ»:


-Հայ նկարազարդողներին հարթակ տրամադրող այս նախաձեռնությունը ե՞րբ է կյանքի կոչվել, և ի՞նչ պարբերականությամբ է հրատարակվում կատալոգը:
-Առաջին երկու կատալոգները լույս են տեսել 2013-ին և 2014-ին, երրորդը՝ այս տարվա գարնանը, իսկ հետագայում, հավանաբար, 2 տարին մեկ լույս կտեսնի: Այս տարվա կատալոգում տեղ են գտել ոչ միայն գրքերի նկարազարդումներ, այլև պրոմո-կերպարներ, ինքնակպչուկներ, բացիկներ, ամսագրերի նկարազարդումներ, անիմացիաներ, գրքանիշեր, թվային պատմություններ: Նկարազարդողները Հայաստանից են և Սփյուռքից: Ոմանք մի քանի աշխատանքով են ներկայացված՝ կախված տրամադրած նյութից:
-Ձեր աշխատանքնե՞րն էլ են ներկայացված կատալոգում:
-Այո, Սոմերսեթ Մոեմի «Երփներանգ շղարշը» և Ֆլյոր Եգգի «Պատժի երանելի տարիները» գրքերի շապիկների նկարազարդումները: Հրատարակված գրքերի նկարազարդումները կատալոգում ընդգրկելու դեպքում նշում ենք, թե ում է պատկանում հրատարակելու իրավունքը, կան նկարազարդումներ, որ նախատեսված են գրական այս կամ այն ստեղծագործության համար, բայց դեռ չեն հրատարակվել, այդ մասին նույնպես նշվում է: Որոշ նկարազարդումներ գրքի էջերում են զետեղված: Որպես կանոն, ներկայացվում է կազմի նկարն առանց տեքստի, որ երևա հենց նկարազարդումը, ոչ թե ձևավորումը: Մի քանի բացառություններ են եղել, օրինակ, «Երևան» ամսագրի անունը շապիկի նկարազարդման մասն է, առանձնացնել հնարավոր չէր:
-Գրքի ձևավորումն ինչո՞վ է առանձնանում: Տեխնիկական հնարավորությունները դյուրացրե՞լ են աշխատանքը:
-Այո, տեխնիկան կարևոր է, բայց շատ ավելի կարևոր է, թե ինչն ես շեշտադրում, ո՞ր տեսարանն ես առանձնացնում, ի՞նչ տրամադրություն ես փոխանցում, էքսպրեսիա կա՞, թե՞ չկա: Օրինակ, Հռիփսիմե Հակոբյանի «Քաջ Նազարում» շեշտված է դիմագծերի արտահայտչականությունը:
-Լավ դիզայները կարո՞ղ է միաժամանակ լինել լավ նկարիչ կամ նկարազարդող:
-Դիզայները նկարիչ չէ, բայց պետք է ունենա նկարելու ձիրք: Նկարիչն ազատ է իր արվեստում, իսկ դիզայները պետք է հոգեբանություն իմանա, տեխնիկական հնարքների տիրապետի, մարքեթինգի մասին մտածի՝ գրախանութում այլ գրքերի կողքին ինչպե՞ս կերևա գիրքը: Ոմանք համատեղում են այս երկուսը:
-Կատալոգի շապկին Լիլիթ Ալթունյանի «Կապույտ աղվեսը» գրքի շապիկի նկարազարդումն է: Ինչո՞վ է դա պայմանավորված:
-Քանի որ նախաձեռնությունը «Զանգակինն» է, ամեն կատալոգի համար ընտրում ենք մեր հրատարակած գրքերի նկարազարդումներից որևէ մեկը: Լիլիթ Ալթունյանը «Կապույտ աղվեսը» գրքի և՛ հեղինակն է, և՛ նկարազարդողը. կատալոգը սկսվում է նրա աշխատանքներով:
-Մի ժամանակ ձևավորման առումով կարծես բաց կար մեր գրաշուկայում: Իբրև ոլորտի ներկայացուցիչ՝ ի՞նչ կասեք այս մասին:
-Վերջին տարիներին նկատվում է ավելի լուրջ վերաբերմունք գրքի ձևավորման, նկարազարդման աշխատանքներում: Հայ ձևավորողները հետևում են համաշխարհային միտումներին, հանդիպում են համարձակ, ինքնուրույն աշխատանքներ. տարբեր տեխնիկական հնարքներ են կիրառվում. օգտագործվում են ձեռքով արված նկարազարդումներ, լուսանկարներ: Նորություններ կարելի է տեսնել հատկապես «Երևան» ամսագրի էջերում, բայց դա ամսագիր է, գրքի պարագայում խնդիրն այլ է: Շապկի նկարազարդումը պետք է և՛ հուշի, թե ինչի մասին է գիրքը, և՛ ամբողջությամբ պարզ չլինի: Պետք է ծանոթ լինես գրքի բովանդակությանը, կերպարների բնավորությանը, որ իմանաս՝ ինչ պատկերել շապկին, նաև այնպես անես, որ վերնագիրն ուղղակիորեն չկրկնվի: Իբրև օրինակ, մեր «Աղավնիները թռչում են» գրքի շապկին պատկերված են թղթից պատրաստված աղավնիներ: Առաջին հայացքից կարող է թվալ, որ վերնագիրը կրկնվում է, բայց մի նրբություն կա. շապկին տանիք հիշեցնող ուրվագիծ կա, որտեղից աղավնիները դուրս են գալիս, այսինքն, հուշում է, թե որտեղից են թռչում աղավնիները: Գիրքը Սերբիայում ապրող քույրերի մասին է, որ արտագաղթել են Շվեյցարիա, բայց շարունակ հիշում են հայրենի գյուղաքաղաքը, որտեղ անցկացրել են մանկության, պատանեկության տարիները: Ձևավորման միջոցով ցուցադրվում են ներկայի ու անցյալի կապը, տան, տանիքի կտրված ուրվագիծը, որտեղից անվերադարձ թռչում են աղավնիները:
-Մարիամ, շա՞տ են տարբեր հին նկարազարդողների աշխատանքները, թե՞ որոշակի կապ կարելի է գտնել:
-Շատ բան փոխվել է, բայց, որպես երախտագիտություն անցյալի արվեստի (նրանց շնորհիվ ենք քայլ առ քայլ հասել այսօրվան), երբեմն գրքերը վերահրատարակվում են հին նկարազարդումներով՝ աննշան փոփոխությամբ: Արտասահմանում նույնպես ընդունված է այդ մոտեցումը:
-Արտասահմանյան գրականությունը ձևավորելիս հրատարակչությունն ազա՞տ է իր ընտրության մեջ:
-Թարգմանական գրականության շապիկների ձևավորումը, նկարազարդումը հաստատում են գործակալությունները, որոնցից գնել ենք հեղինակային իրավունքները, կամ հաստատում է հեղինակը իր գործակալի միջոցով: Օրինակ՝ Սալման Ռուշդիի «Կեսգիշերի զավակները» պետք է լույս տեսնի, կազմի նկարազարդումը համաձայնեցրել ենք հեղինակի հետ: Արթուր Միլլերի պիեսների ձևավորումը հաստատել է գործակալությունը: Խնդիրներ, որպես այդպիսին, չեն լինում ո՛չ հայ, ո՛չ օտարազգի հեղինակների դեպքում:
-Քանի՞ գիրք եք նկարազարդել ինքներդ և ո՞ր աշխատանքն եք առանձնացնում:
-Ավելի քան երկու տարի է, ինչ աշխատում եմ «Զանգակում»: Հիմնականում ձևավորել, նաև նկարազարդել եմ շապիկները: Ինձ համար, որպես նկարազարդման լավ արդյունք, առանձնանում են Սալման Ռուշդիի «Կեսգիշերի զավակները» շապկի նկարազարդում-ձևավորումը, Մելինդա Նաձ Աբոնի «Աղավնիները թռչում են» գրքի շապիկը (սա նկարազարդում համարելը ճիշտ չի լինի. ավելի մոտ է ֆոտոկոլաժի) և հատկապես՝ Ջոն Սթայնբեքի «Ցասման ողկույզները» շապիկի ձևավորումը:
-Ի՞նչ կասեք վերջում:
-Կուզեի, որ մեր նկարազարդողները հավասար մրցակցության մեջ լինեին դրսի մեծ շուկայի նկարազարդողների հետ: Մեր հրատարակչությունները, հայ նկարազարդողներից զատ, հաճախ դիմում են դրսի մասնագետներին: Ցանկալի կլիներ, որ հայ շնորհալի նկարազարդողներն էլ նման պահաջարկ ունենային ոչ միայն ներսի, այլև դրսի հրատարակիչների շրջանում: Մենք ունենք այդ ներուժը, պարզապես պետք է աշխատել, ճիշտ ներկայանալ, հնարավորություններն ընդլայնել: Հենց այս նպատակով է «Զանգակը» նախաձեռնել սույն կատալոգների հրատարակումը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3192

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ