Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՈՒժեղներն ավելի ուժեղանում են, թույլերն ավելի են թուլանում

ՈՒժեղներն ավելի ուժեղանում են, թույլերն ավելի են թուլանում
20.07.2018 | 10:30

Անվիճելի է, որ ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունը գերազանց ստացվեց: Նույնքան անվիճելի է, որ կազմակերպող կողմը՝ Ռուսաստանը, ամեն ինչ արեց այն կատարյալ տոնի վերածելու համար ու շահեց գլխավորում՝ էապես փոխեց իր մասին արտաքին աշխարհի ընկալումը: Ահա թե նաև ինչի համար էր բրիտանական կողմն իր ծպտյալ ու ոչ այնքան ծպտյալ դաշնակիցներով փորձում ամեն կերպ խոչընդոտել հենց այս երկրում առաջնության կազմակերպմանը ու տեսնելով, որ չի հաջողում, գնաց… վերջին քինախնդրությանը՝ ոչ մի կարգի մակարդակով ներկա չլինելով իր հավաքականի հանդիպումներին ու նման քայլով առաջին հերթին վնասելով իրեն: Սակայն եկեք բրիտանացիներին թողնենք հանգիստ, անցնենք մեր ավելի կարևոր գործին:

Այս առաջնությունն էլ համոզիչ վկայեց, որ ակումբային ֆուտբոլը Եվրոպայում գնալով ավելի ու ավելի է դառնում միջազգային հզոր կորպորացիաների ձեռքի խաղալիք: Եթե նախկինում լավագույն ֆուտբոլիստներին կարող էիր հանդիպել ավելի մեծ թվով ակումբային թիմերի կազմում, ինչը ֆուտբոլի մասին պատկերացումը դարձնում էր ավելի համընդգրկուն, ապա քառամյակի խոշորագույն ֆուտբոլային հանդիսություններին ազգային հավաքականները գալիս են ամբողջական ակումբներով, իսկ փլեյօֆյան դիմակայություններում գնալով ավելի ու ավելի շատ ենք տեսնում միջակումբային, քան հավաքականների դիմակայություններ:
Խնդիրը դիտարկելու համար եկեք վերցնենք ժամանակային լավ էլ փոքր հատված՝ վերջին քսան տարին: Ֆրանսիական մունդիալում (1998 թ.) տասից ավելի ֆուտբոլիստ գործուղել էր ընդամենը երկու թիմ, երկու ֆուտբոլային ակումբ: Չորս տարի անց այդ երկուսն արդեն դարձել էր երեք, իսկ ևս չորս տարի անց՝ յոթ: Ռուսաստանյան մունդիալում այդ ակումբներն արդեն ինն էին: Աշխարհի առաջնություն տասից ավելի ֆուտբոլիստ էր գործուղել «Մանչեստր Սիթին» (ամենաշատը՝ 16): Նրան հաջորդում էին Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնը», «Բավարիան», «Յուվենտուսը», «Պարի Սեն Ժերմենը», «Մանչեստր Յունայթեդը», «Չելսին», «Տոտենհեմը» (հետագայում չենք մանրամասնելու, բոլոր դեպքերում, նկատենք անգլիական ակումբների մեծ թվով ներկայությունը, ինչի համար այն համարվում է ամենադիտարժանն ու ամենադժվարինը):


Հետևելով արձանագրված դինամիկային՝ սկզբունքորեն չի կարելի անվրեպ չնկատել, որ կատարյան առաջնությանն առաջին անգամ ակումբները կանցնեն տասից ավելի ֆուտբոլիստ ներկայացրածների տասը թիվը: Դրան չափազանց մոտ է անգլիական «Լիվերպուլը», ու պիտի որ նրան ընկերակցի Մադրիդի «Աթլետիկոն»:
Սրանից զատ, կա ևս մեկ հետաքրքրական դիտարկում, որը չի կարելի աչքաթող անել: Մինչև 2010 թիվն ընդամենը երկու առաջնություն է եղել, որ 10+ ֆուտբոլիստ ներկայացրած ակումբը նույն թվով ֆուտբոլիստով ներկայացված չի եղել հաջորդ առաջնությունում, մինչդեռ Ռուսաստանում բրազիլականի միանգամից վեց թիմ հաստատեց իր մասնակցությունը:
Ի՞նչ է սա նշանակում:


Սա նշանակում է, որ ակումբների ներսում մահանում է մրցակցությունը, ու եթե առաջ կարող էիր տեսնել առաջատար ակումբից այս կամ այն ֆուտբոլիստի տեղափոխություն կարգով ավելի ցածր ակումբ, հիմա այդպիսիներն անգամ նվազագույն շանս չունեն նման երջանկության: Ստացվում է՝ ուժեղներն ավելի ուժեղանում են, թույլերն ավելի են թուլանում: Գիտակցված, թե ոչ՝ փաստացի ՈՒԵՖԱ-ն իր կրտսեր գործընկերոջ հետ հարուստներին դարձրեց (դարձնում է) ավելի հարուստ, աղքատներին՝ ավելի աղքատ, ու, փաստորեն, օրվա մեջ գնալով ավելի ու ավելի է հասունանում գերակումբների մրցաշար ունենալու խնդիրը: Համեմատության համար ասենք, որ նույնիսկ շարքային ֆուտբոլասերը խտրական է մոտենում Չեմպիոնների ու Եվրոպայի լիգայի խաղարկություններին՝ որպես անհամեմատ ուժեղ մրցաշար բնականաբար գերապատվությունը տալով առաջինին: Ավելին, եթե նկատել եք, աշխարհում գնալով ավելի ու ավելի մեծ հետաքրքրություն են ներկայացնում կոմերցիոն մրցաշարերը, որոնք ավելի լայն աշխարհագրական տարածք են սկսում գրավել:
Մի խնդրի մասին էլ, որն իրականում այնքան էլ ածանցյալ չէ, որքան իր ողջ ծավալայնության մեջ վերը շարադրվածի տրամաբանական շարունակություն:


Այսօր անգամ դժվար էլ է պատկերացնել, որ աշխարհի 1998 թ. առաջնությանը Ճապոնիայի ներքին առաջնությունն ունեցել է ավելի մեծ թվով պատվիրակներ, քան ֆրանսիականը: Այդ նույն 1998-ին անգլիական պրեմիեր լիգայի ու իտալական Ա սերիայի գործուղածների տարբերությունն ընդամենը չորսն էր, իսկ ահա ռուսականում դարձավ 66: Եթե անգամ պատկերացնենք, որ Ռուսաստանում Իտալիայի հավաքականը մասնակցեր ու ամբողջապես կազմված լիներ ներքին առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներից, միևնույն է, այդ տարբերությունն էական կլիներ: Նման թվերը վկայում են ֆուտբոլում խստագույն կենտրոնացման մասին ու այսօրինակ փաստերը շատ ու շատ են: Փաստորեն ֆուտբոլային 9-10 կորպորացիա իր բռան մեջ է հավաքել համաշխարհային ֆուտբոլն ու մնացածներին վերապահել գոյատևելու իրավունք:


Իհարկե, այս ֆոնի վրա խորվաթների արածն աշխարհի այս առաջնությունում կարելի է դիտարկել որպես փոքրիկ ապստամբության փորձ, սակայն խոշոր հաշվով դրանից բան դուրս չի գա: Այդ 1998-ին նրանք կարողացան բրոնզե մեդալներին տիրանալ՝ կազմում ունենալով ներքին առաջնությունում հանդես եկող տասը ֆուտբոլիստ: Ռուսաստանում նմաններն արդեն անհամեմատ քիչ էին՝ ուղիղ հինգ անգամ պակաս, ասել է թե` ներքին առաջնությունը ներկայացնող ընդամենը երկու ֆուտբոլիստ ունեին: ՈՒ այս նահանջն ընդամենը քսան տարում: Բնականաբար, խորվաթական աղքատ թիմերը կդառնան ավելի աղքատ, քանզի մարդկային ու փողային ռեսուրսների կուտակումն անխուսափելիորեն հանգեցնելու է դրան:
ՈՒ սա՝ ոչ միայն խորվաթական ֆուտբոլում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3587

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ