USD484.29
EUR551.32
RUB7.35
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Noble Partner 2018-ը… Փանիկում

Noble Partner 2018-ը… Փանիկում
20.07.2018 | 11:20

Իրադարձությունները իրականում ժամանակի մեջ այլ դասավորություն ունեն, քան ներկայացվում են: Դեռ թավշե հեղափոխության օրերին Երևանի փողոցներում ռեպորտաժներ անող ռուսական լրատվամիջոցներն ու ռուսական հեռուստաեթերում ՈՒկրաինային փոխարինած Հայաստանը թոք շոուներում համեմատվում էր ՈՒկրաինայի հետ: Թեպետ համեմատության եզրեր չկային: Կա ռուսական կարծրատիպ` եթե հեղափոխություն է, ուրեմն Ռուսաստանի դեմ է: Մոսկվան փորձեց իրավիճակը իր օգտին շրջել Կարեն Կարապետյանով, չստացվեց: Մնում էր «համակերպվել» Նիկոլ Փաշինյանին, որ ամեն երկրորդ օրը հայտարարում էր` Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ չեն լինելու: Իշխանության գալուց հետո էլ` նույնը: Բայց դա Մոսկվային քիչ էր: Հայաստանում կառավարություն ձևավորվեց, որը Մոսկվայի հետ համաձայնեցված չէր` դա արդեն նոնսենս էր: Սոչի ու Մոսկվա Նիկոլ Փաշինյանի այցերը ևս չհանգստացրին Կրեմլին: Բրյուսել Նիկոլ Փաշինյանի այցի մասին հայտնի էր վաղուց և ոչ մի գաղտնիք այցի ու այցի ծրագրի` հանդիպումների մեջ չկար: Ավելին` դեռ Բրյուսելի օդակայանում Հայաստանի վարչապետը արեց հայտարարություններ, որ, մեղմ ասած, հարց էին առաջացնում` ու՞մ են ուղղված: Մոսկվան դա էլ բավարար չհամարեց: Ի դեպ` այնտեղ էր և ոչ պակաս հանդիպումներ էր ունենում ՆԱՏՕ-ում նաև Իլհամ Ալիևը, բայց Կրեմլում դա որևէ տագնապ չհարուցեց:

Բրյուսելից հետո, երբ արդեն ավարտվել էր Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ու Հելսինկիում Պուտինի դարակազմիկ հանդիպումը Թրամփի հետ, Կրեմլն արդեն ազատ էր իր գործողությունների մեջ: Եթե հիշում եք` Սոչիում օլիմպիական խաղերի ավարտից հետո միայն Պուտինը «հիշեց», որ ՈՒկրաինայում հեղափոխություն է: Հայաստանում էլ կային տագնապներ, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո Պուտինը կորոշի «զբաղվել» Հայաստանով: Բրյուսել ՀՀ վարչապետի աշխատանքային այցը չէր կարող աշխարհում ընկալելի պատճառ դառնալ: Պատրվակն ինքն իրեն գտնվեց` Հայաստանի մասնակցությունը Վրաստանում ՆԱՏՕ-ի Noble Partner 2018 զորավարժությանը, որից անցյալ տարի վերջին պահին հրաժարվել էր: Հանկարծ` պարզվեց, որ այդ զորավարժություններն «ակնհայտ հակառուսական զորավարժություններ են, որոնք ուղղված են ՆԱՏՕ-ի ամրապնդմանը»: Եվ դեռ մինչև Հայաստանում կհայտարարվեր Noble Partner 2018-ին մասնակցության մասին, Գյումրու ռազմաբազայի զինվորականներն անցկացրին իրենց «զորավարժությունը»` ներխուժելով Փանիկ ու կրակ բացելով: Դա նախազգուշական կրակոց էր` Բրյուսելից հետո ու Վրաստանից առաջ: Նիկոլ Փաշինյանը պիտի հասկանար, ու ինչպես անցյալ տարի` Հայաստանը վերջին պահին պիտի հրաժարվեր ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելուց: Նիկոլ Փաշինյանը «չհասկացավ», կամ` հասկացավ ու գնաց ռուսների համար անսպասելի ճանապարհով` հայտարարեց. «Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ դա անթույլատրելի միջադեպ է, և ես դա համարում եմ սադրանք ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և սադրանք ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության: Կարծում եմ՝ մեղավորները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն»:

Ամենասովորական ու նույնիսկ անատամ հայտարարություն մի երկրի վարչապետի համար, որտեղ օտարերկրյա ռազմաբազայի զինվորականները «զորավարժություններ» են անում` ինչպես իրենց տարածքում` ուր ուզում ներխուժում են, հետո պատճառաբանում են, որ վաղուց ծրագրված էր ու հայկական կողմն էլ` տեղեկացված: Նույնիսկ զարմանում են, որ վարչապետը նախապես իր հայտարարությունը չի համաձայնեցնում ռուսական կողմի հետ: Աբսուրդ է, չէ՞: Ինչպե՞ս կարելի է: ՀԱՊԿ անդամ երկրի վարչապետը սադրանքին ասում է սադրանք: Չի կոծկում, չի անտեսում, չի շրջանցում: Իհարկե, ուկրաինական սցենար է: Բայց չգիտես ինչու` Հանրապետության հրապարակում անվադողեր չեն վառում ու ԱՄՆ պետքարտուղարի ոչ մի տեղակալ չի գալիս քաղցրաբլիթ բաժանելու: Հակառակը` Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարում է, որ ամերիկյան նոր խոշոր ներդրումների մասին խոսելն առայժմ վաղ է: Ամերիկացի ներդրողները հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելով, սակայն ցանկանում են տեսնել, թե կառավարությունը հետևողական կլինի՞ կոռուպցիայի դեմ պայքարում: Իհարկե, լրացուցիչ նյարդայնացնող փաստ էլ կա` Տիգրան Ավինյանը` ԱՄՆ ու Կանադա, հիմա էլ Արարատ Միրզոյանը` ԱՄՆ է մեկնել` ներդրումների հետևից: Փոխվարչապետները` արևմտամետ են «գրված», վարչապետը` հայտարարվում է «դավաճան»: Իրականում դա մեծագույն հաճոյախոսությունն է, որ առայժմ իր փորձագետներով ու վարձավճարված լրատվամիջոցներով Կրեմլն անում է ՀՀ վարչապետին, որովհետև թարգմանաբար նշանակում է հենց այն «հայամետը», որ ի սկզբանե հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հետո՞: Հետո կա երկու ճանապարհ` գազն ու պատերազմը: Հակառակ, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, կգտնվեն տարբերակներ կամ գազը թանկացնելու կամ փակելու: Հակառակ, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Կրեմլը նորից պատերազմի քարտ բլանշ կտա Բաքվին: ՈՒ կսպասի, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան միջամտեն: Համենայն դեպս` հուլիսի 20-ին Ալիևը Փարիզում հանդիպելու է Մակրոնին: Հուլիսի վերջին Մոսկվա է մեկնելու Նիկոլ Փաշինյանը ու այս ամբողջ «հրավառությունը» կամ կավարտվի, կամ` կպարզվի, որ Հայաստանում ոչ թե թավշե, այլ` նարնջագույն հեղափոխություն էր: Բայց աշխարհում արդեն գունավոր հեղափոխություններ չեն լինում, լինում են… թյուրիմացություններ ռազմավարական դաշնակիցների միջև: Ինչպես Noble Partner-ը… Փանիկում: Եթե նույնիսկ հեղափոխությունը թավշե էր, արդյունքները պետք է պաշտպանել ավելի ամուր նյութով, քան թավիշն է:

Դիտվել է՝ 2539

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao