Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մի բոբիկացեք

Մի բոբիկացեք
23.07.2018 | 09:52

Մարդու միտքը ամենաճկուն ու ամենակարծրացած մարմինն է միաժամանակ: Այո, մարմինը, որ սնվում է տեղեկատվությամբ ու արտադրում է միտք: Հավելելով` իր տեսակետը: Բայց ինչպես ամեն մարմին` պիտի ունենա նաև զգացողություն, այսինքն` ոչ միայն ինտելեկտ, այլև` ինտուիցիա: Վերլուծաբանների դեպքում այդ մարմինը հաճախ աշխատում է միայն ինտելեկտի հաշվին+սեփական քաղաքական նախասիրությունները: Մինչդեռ ցանկացած վերլուծաբան որևէ տող գրելուց կամ որևէ բառ արտաբերելուց առաջ պիտի իր ներսում պատասխանի մեկ պարտադիր հարցի` իսկ արժի՞ ասել կամ գրել: Բացի ամեն ինչից` վերլուծաբանները ստեղծում են հասարակական կարծիք, ձևավորում ընկալում ու բացահայտում մտադրություններ: Նրանց կարդում են ոչ միայն Հայաստանում, նրանց բոլոր խոսքերն ու գրածները մանրադիտակով ուսումնասիրում են բարեկամ ու թշնամի երկրները` հասկանալու, թե ի՞նչ է կատարվում երկրում, որի էլիտար միտքը այս ու այն եզրակացությունն է անում:

Սա այբուբեն է, բայց մեր ժամանակներում ոչ ոք այբուբենին ուշադրություն չի դարձնում, բոլորը գերմասնագետներ են ամեն ինչի: Հերիք է` վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի բառ ասի, խմբովին սկսում են վերլուծել, բացատրել, մեկնաբանել, կանխատեսել, եզրակացնել: ՈՒ այդ մտավարժանքներից մնում է տտիպ տպավորություն: Ոմանք անվերապահ հիացմունքից խեղդվում են, ոմանք անվերապահ մերժումով խեղդում են: Դա հասկանալի է, դա նույնիսկ կարևոր չէ: Կարևորը` վարչապետի կամ պետական որևէ բարձրաստիճան պաշտոնյայի տեսակետները ներկայացնելիս ու քննարկելիս` սեփական եզրակացություններում հակառակորդին հաղթաթղթեր չտալն է: Մութ չէ, բոլորն ամեն ինչ տեսնում ու հասկանում են: Անիմաստ է ընդգծել, շեշտել ու մատնացույց անել վարչապետի արտաքին քաղաքական հայտարարությունների թույլ ու ուժեղ կողմերը: Դա կարող են անել քաղաքական գործիչները, թեպետ նրանք էլ արտաքին քաղաքականության հարցերում պարտավոր են առաջնորդվել ոչ թե կուսակցական, այլ` պետական շահով: ՈՒ՞մ եք, օրինակ, զարմացնում, ասելով, որ ԼՂ հակամարտության հարցում Մոսկվայի դերակատարության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը նպատակ ուներ կանխել Ադրբեջանի հնարավոր ռազմական գործողությունների վերսկումն ու թույլ չտալ տարածաշրջանի ապակայունացումը։

Վարչապետն ասուլիս է տալիս ու ասում է, որ Ռուսաստանի Դաշնությունը, որպես գերտերություն, հնարավորություն ունի թույլ չտալ պատերազմի վերսկսումը, որ Ռուսաստանը, իբրև Հայաստանի ռազմավարական գործընկեր ու բարեկամ երկիր, կօգտագործի պատերազմի վերսկսումը կանխելու իր լծակները, որ ինքը չի հավատում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհամարձակվի որևէ սադրանքի՝ առանց աշխարհաքաղաքական նպաստավոր պայմանների առկայության: Ասաց` ասաց: Ընդունեք ի գիտություն: Հիմա պարտադի՞ր է հայտարարել, որ դա կանխարգելիչ քայլ էր: Պարտադի՞ր է հայտարարել, որ Ադրբեջանն այն պետությունը չէ, որն ինքուրույն որոշի տարածաշրջանային անվտանգությունը կասկածի տակ դնելու և ռազմական գործողություններ սկսելու հարցը: Կամ` չափազանց կարևոր է Ռուսաստանի գործոնը ոչ միայն որպես Հայաստանի դաշնակից, այլև տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունն ապահովող:

Իսկ եթե դա այդպես չէ՞: 2016-ի քառօրյան ցույց տվեց, որ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունն ապահովողը Արցախի ու Հայաստանի ազգային բանակներն են:

Նախկինում, ներկայում, ապագայում: Այլ պետությունների շահերը համընկնում ու հակադրվում են, ըստ այդմ` ընդունվում են որոշումներ, իսկ բանակը մշտապես ունի իր գործը: Պե՞տք է մանրամասնել, որ Փաշինյանը Ռուսաստանին դնում է պատասխանատվության տակ, որ երկրորդ անգամ Բաքվին պատերազմի քարտ բլանշ չտա: Իսկ եթե այդ «մանրամասներից» հետո անիմա՞ստ է դառնում Փաշինյանի հայտարարությունը, եթե Մոսկվան կարող է հակառակ կուրսը վերցնել` ապացուցելու, որ 2016-ի հետ ինքը կապ չունե՞ր: Երբ հրապարակավ հայտարարվում է, որ Հայաստանի համար շատ կարևոր է հետագայում էլ Ռուսաստանին դնել պատասխանատվության տակ, խաղը կորցնում է իմաստը: Չէ, իհարկե, բազում մարդիկ կարդում ու հիանում են` ինչ խելոք են մեր վերլուծաբանները, ինչքան լավ են հասկանում իրավիճակը, ինչ խելացի ելքեր են առաջարկում, ու` ի՞նչ: Արժի՞ ի տրիտուր նրանց հիացմունքի` Հայաստանին զրկել արտաքին քաղաքական մանևրների հնարավորությունից: Այդ ուղղությամբ հիանալի աշխատում է Թուրքիան, հավելեք` Ադրբեջանը: Ինչու՞ ոչ նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակիցները, որ ավելի սերտ կապեր ու շահեր ունեն Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Արժի՞ կամա-ակամա նրանց միանալ` մտքի թռիչքները չզսպելու պատճառով: Խոսքը վերաբերում է ոչ թե մամուլի ազատությանը կամ այդ ազատությունը կաշկանդելուն, այլ` ներքին գրաքննիչ ունենալուն, որ պիտի պատասխանի հարցին` իսկ ինչպե՞ս այս ու այն միտքը կընկալվի Հայաստանից դուրս: Չի՞ ուղղվի Հայաստանի դեմ: Այդքանն ընդամենը: Բայց դա ամենադժվար ու բարդ հարցն է յուրաքանչյուր վերլուծաբանի համար, որ իրեն պարտավորված է համարում ցույց տալ այս ու այն քայլի դրական ու բացասական կողմերը: Ազնիվ ձգտում է: Մասնագիտական որակավորման նշան: Հանուն այդ որակավորման նոր բարձունքներ նվաճելու մի բոբիկացեք ու ցույց մի տվեք Հայաստանի խոցելի կողմերը: Ազգային անվտանգության պատասխանատուն միայն ՊՆ-ն ու բանակը, Անվտանգության խորհուրդը ու ԱԱԾ-ն չեն, բոլորս ենք: Սահմանամերձ հայրենիքում յուրաքանչյուրը զինվոր է պատերազմի, առավել ևս` խաղաղության ժամանակ:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Խոսքը վերաբերում է ոչ միայն ՀՀ-ՌԴ հարաբերություններին, այլև Հայաստանի ամբողջ արտաքին քաղաքականությանը, նաև` ներքին: Մի բոբիկացեք: Ջուրը աշխարհի ամենաանհաստատ նյութն է` ինչ ծավալ ու պատկեր տաք, այն էլ ընդունում է: Բայց մի բաժակ ջրով էլ կարող եք խեղդվել: ՈՒ` խեղդել:

Դիտվել է՝ 3825

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ