USD482.27
EUR567.63
RUB7.31
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
 

Միայնակ Փաշինյանը

Միայնակ Փաշինյանը
24.07.2018 | 01:19

Անցնող ամեն օրն ապացուցում է՝ իշխանական բուրգի գագաթում հայտնված անձինք «մասնագիտացած» էին բացառապես փողոցային-միտինգային պայքարի մեջ, փոխակերպվել, կարծես, չի ստացվում, ինքնահիացքը փակուղի է տարել նրանց, և տպավորություն է, թե իշխանական բուրգը, դեռ չկազմավորված, քանդվում է։


Իշխանության մարտահրավերները հզոր են ոչ միայն ներքին, այլև, առաջին հերթին, արտքաղաքական հարթությունում։ Շշուկները, որ Ռուսաստանի համար նոր իշխանություններն անհասկանալի հիբրիդ են, և առաջիկայում Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կարող են ինչ-ինչ «անհասկացողության պատի» դեմ առնել, իրենց դրսևորումներն ունեցան Փանիկի, վարչապետի վերջին ասուլիսում հնչեցրած մտքերի համատեքստում։


Չմոռանանք՝ հարաբերություններն այն չեն նաև ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ, չհիշեցնենք Սվիտալսկի-Փաշինյան դիսկուրսը, «դիտենք» ՀՀ երկու փոխվարչապետների «տուռնեները»՝ Կանադա-ԱՄՆ, որոնք ավարտվեցին ոչ միայն խիստ ցածր մակարդակի հանդիպումներով, այլև ներդրումային «փաթեթների» չգոյությամբ։


Ասել է՝ Հայաստանը յուրօրինակ միջազգային աքցանի մեջ է հայտնվել։ Փաշինյանը մեկ-երկու օրից կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ վարչապետների նիստին, ինչը, ակնհայտորեն, նրա ստատուսի իջեցում է (նիստին «օրենքով» պետք է մասնակցեր Հայաստանի առաջին փոխվարչապետը)։ Եվ եթե հավատանք օդում կախված լուրերին, Ռուսաստանը Փաշինյանին «ասելիք» ունի, շատերը չեն բացառում «լավրովյան պլանի» «հոգեդարձի» հնարավորությունը։ ՈՒ թե հիշենք նաև, որ օգոստոսին էլ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է Հայաստան ժամանում, ու թե մի քիչ էլ ուշադիր ունկնդրենք ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի իսկապես սենսացիոն հայտարարությունը, որ սահմանապահ զորքերի մասին ՀՀ-ՌԴ պայմանագրի որոշ դրույթներ վերանայվելու են (ինչ վերանայումներ` չի ասվում), նկատենք, սակայն, որ «ասքը» տեղի է ունենում Փանիկի վերջին զարգացումներից վայրկյաններ անց, ու թե մի քիչ էլ հիշողություններս լարենք ու հիշենք, որ Մեղրու՝ դեպ Իրան սահմանագծին կանգնած են ռուսական սահմանապահները, իսկ ԱՄՆ-ը, ըստ նույն օդում կախված լուրերի, շահագրգիռ է դեպ Իրան գծում ռուսական զորքերի չգոյությամբ, ու թե սրան էլ հավելում ենք, որ ոստիկանության ներքին զորքերն արդեն սահմաններում են նաև հերթապահելու, ապա շատ հետաքրքիր դասավորություն է «առաջանում» հայոց խաղատախտակի վրա՝ սահմանների, Ղարաբաղի, Ռուսաստանի, նաև ԱՄՆ-ի, էլ չենք ասում՝ Իրանի առնչությամբ։ Չմոռանանք, որ հոկտեմբերին էլ Հայաստան է գալու ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի` Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։


Պատրա՞ստ է երկիրը, ինչպես երևում է, բավականին «հետաքրքիր» դասավորություններին։ Դժվար է ասել։ Բայց և նոր իշխանությունների, մասնավորապես Փաշինյանի ռիտորիկան, տարակույսներ է առաջացնում. ներքին-արտաքին խնդիրների այս ահավոր թնջուկի մեջ Փաշինյանը որոշել է խաղալ բացառապես միայնակ։
Ի պատասխան Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպելու ցանկությանը (Սերժ Սարգսյանն ինքն էր գնացել առաջին նախագահի առանձնատուն), Փաշինյանը նրան իր մոտ էր կանչել, ոչ միայն կանչել, այլև հարկ էր համարել ասուլիսում հայտարարել, որ առաջին նախագահն իրեն ոչ մի նոր բան չասաց, ու թե «թարգմանենք» սա, ապա կարելի է ուղղակի «հասկանալ»՝ էլ մեր տուն չգաս, ինձ քեզ հետ հետաքրքիր չէ։


Երկրորդ նախագահին էլ նա «կանչել» է հարցաքննության, ավելին, ցանկություն կա նրան, որպես մեղադրյալ, ներգրավելու Մարտի 1-ի գործում, ինչն ուղղակի անհնար է՝ վերջինիս անձեռնմխելի լինելու պատճառով։

Երրորդ նախագահի՝ Սերժ Սարգսյանի ընտանիքը գրեթե ամբողջությամբ «կանչված» է (ճիշտ է, դեռ «ընտրված» չէ՝ իրավաբանորեն), և որքան էլ նույն ասուլիսում հավաստիացում հնչի, թե վենդետա չկա, չի լինելու, այդպես չէ։ Եվ դա այն դեպքում, երբ կոռուպցիայի «գծով» պայքարի ընթացքում շատերի անունները, որ պետք է հնչեին, չգիտես ինչու, չեն հնչում (չէ, տողերիս հեղինակը չի ցանկանում «ստուկաչների» ի հայտ եկած բանակը համալրել, սակայն շատ հայտնի անունների կողքով այսօր իշխանությունները չեն էլ անցնում, ու տեսակետ կա, որ այդ հայտնի «անուններն» ահավոր շատ են օգնել միտինգների ժամանակ, դրա համար էլ «մոռացության» են մատնվել)։


Միայնակ խաղացող Փաշինյանը խնդիրներ ունի քաղաքական ուժերի, այդ թվում` համաձայնության կառավարության անդամների հետ։ Բազում խնդիրներ։
Միայնակ Փաշինյանը խնդիրներ ունի իր թիմի ներսում, այնտեղ արդեն սկսվել է մեծ գզվռտոցը։ Կենտրոնում Դանիել Իոաննիսյանն է, մնացածի «պայքարը» դեռ գորգի տակ է։
Միայնակ Փաշինյանը խնդիրներ ունի ԶԼՄ-ների հետ ու այդպես էլ չարձագանքեց ԶԼՄ-ների ղեկավարների հայտնի հայտարարությանը, այդպես էլ գեթ մեկ բառ, բացի «հակապետական» մոտեցումներից, ի պաշտպանություն ԶԼՄ-ների հնչեցրած մտահոգությունների, մեր նախկին լրագրող ընկերը չարտաբերեց։


Միայնակ Փաշինյանը խնդիրներ ունի Ֆեյսբուքի ու այնտեղ վխտացող ֆեյքերի հետ, սակայն՝ լոկ իր պրիզմայով։ Իսկ այն, որ քայլելու օրից առայսօր նրա համակիր ֆեյքերը հայհոյում են՝ առանց շունչ քաշելու, առանց աջ ու ձախ նայելու, դա նրան երբեք չի անհանգստացրել, գեթ մեկ միլիմետր չի մոտեցրել ցանելու-հնձելու իմաստնությանը։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2682

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ