Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Շարունակելի

Շարունակելի
24.07.2018 | 01:23

Մի հարցրեք` ինչը: Ամեն ինչը: Անորոշությունների կծիկը, որում ապրում է Հայաստանը, շարունակվում է: Նվազագույնը` մինչև ԱԺ արտահերթ ընտրություններ, իրականում` ավելի երկար: Եվ շարունակելի են քաղաքական դաշտի վերավերավերադասավորումները` ռեբրենդինգի ու ռեինկառնացիայի միջոցով: Բոլորը վերափոխումների կարիք են զգում, եթե չեն զգում,` մեկ է` ասում են, որ փոփոխություններ են պետք: Նույնիսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հրապարակավ հայտարարում, որ չգիտի` ի՞նչ անել իր իմացածի հետ: «Երբ դու չգիտես ճշմարտությունը, դա այլ է, բայց երբ գիտես, քո առաջ հարց կա՝ ի՞նչ անել այդ ճշմարտության հետ: Եվ ես հիմա ի պաշտոնե գիտեմ ճշմարտություններ, որ վստահ չեմ՝ եթե հանրությունն այդ ճշմարտությունն իմանա, կասի՞՝ կառավարություն, ինչ լավ է, որ մեզ ճիշտն ասացիր, թե՞ կասի՝ այս ճշմարտությունը մեզ պետք չէր»` իր առաջին ասուլիսում ասել է նա: Կոռուպցիայի մասին: Հարցը հռետորական չէ և վկայում է, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործչից սկսում է պետական դառնալ: Ի վերջո` հասարակության համար գլխավորն իմանալը չէ, թե ով ինչ է արել, այլ վստահ լինելը, որ հետայսու ոչ ոք ոչինչ չի անի օրենքի դեմ:

Վարչապետի հարցը ոչ միայն հռետորական չէ, այլև սկզբունքային է` կոռուպցիոն բացահայտումները, բացի ամեն ինչից, բևեռացնում են հասարակությունը ու ստեղծում տպավորություն, որ ոչ թե համակարգային, այլ թիրախային պայքար է ոչ թե անօրինականության դեմ, այլ կոնկրետ մարդկանց: «Ֆունդամենտալ հարցը հետևյալն է՝ մենք ի վիճակի՞ ենք լինելու ճշմարտության վրա հիմնված հարաբերություններ հաստատել մեր երկրում»` ասուլիսում հարց է բարձրացրել Նիկոլ Փաշինյանը: Հարցի մեջ կասկած չկա: Կոռուպցիայի մասշտաբների առաջ զարմանք ու զզվանք կա: Արժեհամակարգ փոխելու համար կենսապայմաններ փոխել է պետք: ՈՒ` ժամանակ, որ մարդիկ համոզվեն հայտարարությունների ու իրավիճակի համարժեքության մեջ:


Նիկոլ Փաշինյանի կամա-ակամա սխալն է, որ խրվել-խճճվել է անցյալում, մինչդեռ օր առաջ պետք է առաջ նայել: Նրան թվում է, որ մինչև անցյալի մասին ամեն ինչ չիմանա ու չհայտնի, չի կարող որոշել` ինչ անել: Տրամաբանորեն գուցե: Իրականում ժամանակի կորուստ է. բոլորին չես պատժի` մարդ չի մնա: Եվ հետո` պետության ֆունկցիան ոչ միայն անօրինականությունը պատժելը, այլև կանխարգելելն է: Կոռուպցիայից բացի տասնյակ այլ խնդիրներ կան, որ լուծում են ուզում անհապաղ: Օրենսդրական ու գործնական: Օրինակ` կառավարությունով ու Ազգային ժողովով այս շոգին «Ընտրական օրենսգիրք» են քննարկում` բուռն ու կողմնակի բանավեճերով, որ բնութագրում են ոչ թե աշխատանքային, այլ քաղաքական մթնոլորտը: Երբեմն այնքան են տարվում քննարկումով, որ սկսում ես մտածել` Հայաստանի ճակատագիրը այդ օրենսգրքից է կախված, որ ընդունվեց` մի հարյուրամյակ չի փոխվելու: Մինչդեռ ընդամենը ընտրությունների կազմակերպման կանոններ է սահմանում, որտեղ յուրաքանչյուր կուսակցություն իր առաջարկներով բարձրացնում է իր ներկուսակցական խնդիրները: Գուցե ակամա, գուցե անխուսափելիորեն: Դատելով «Ընտրական օրենսգրքի» ոդիսականից երկու հարթության մեջ, Հայաստանը լողում է անորոշության սքանչելի ջրերում: Սքանչելի, որովհետև խոստումալից է ու հուսատու:
Իրականում Հայաստանին պետք են սահմանադրական փոփոխություններ:

Խորհրդարանական կառավարումը ժողովրդավարական այն կոստյումն էր, որ Սերժ Սարգսյանը ընդամենը մի շաբաթ հագավ, ավելին չձգեց: Իսկ պե՞տք է, որ երկիրը ձգի կառավարման մի մոդել, որին պատրաստ չէ: ՈՒ այնպես չէ, որ խորհրդարանական կառավարումը նախադրյալներ է ստեղծում քաղաքական կուսակցությունների կայացման համար: Եթե ուզում ենք համակարգային փոփոխություններ, նախ պետք է փոխել կառավարման համակարգը: Փոխարենը նորից անձնավորված քննարկումներ են ծփծփում` Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Արմեն Սարգսյանի: Ինքը` վարչապետն ասում է, որ Հայաստանում սուպերվարչապետության ինստիտուտը պետք է վերածվի վարչապետականի, բայց դա չի լինի շատ արագ, իսկ լիազորությունների վերաբաշխումն էլ պետք է լինի ոչ թե վարչապետի և նախագահի հարթությունում, այլ վարչապետի և խորհրդարանի: Լինելով սուպերվարչապետ` նա ուզում է լիազորությունները կիսել ոչ թե նախագահի, այլ ԱԺ-ի հետ:

Իսկ դա առավել ռիսկային է դարձնում կառավարման համակարգը, որովհետև Հայաստանում նորից չեն լինելու մրցակցային ընտրություններ: Ընդդիմության բացակայության պատճառով:
Մայրաքաղաքից մինչև խուլ գյուղեր իր կառույցները ստեղծած ՔՊ-ն հավակնում է ապագա ԱԺ-ում բացարձակ մեծամասնության, որը ստեղծելու է նույն պատկերը, ինչ ուներ ՀՀԿ-ն գործող խորհրդարանում մինչև 2018-ի ապրիլ: Պե՞տք է Հայաստանին նման խորհրդարան: ՈՒ` նման կառավարում: Սկզբունքային ու հայեցակարգային հարցեր քննարկելու փոխարեն հայ վերլուծական միտքն ընկնում է Նիկոլ Փաշինյանի ու Արմեն Սարգսյանի անձնական հարաբերությունների հետևից ու տառապում նրանց ճակատագրի համար: Մանկամտությու՞ն է, թե՞ տհասություն: Քաղաքական մշակույթ` ճիշտ ու ճիշտ քաղաքական կուսակցությունների որակին ու մակարդակին հարիր: ՈՒ՞մ, եթե ոչ քաղաքագետների ու քաղաքական վերլուծաբանների գործն է հեռանկար բացելն ու հնարավորությունները ցույց տալը` ընտրություն ստեղծելով: Քաղաքական գործիչները չեն անի, եթե անեն, անելու են իրենց կուսակցական շահից ելնելով, իսկ հասարակությունը այս կամ այն կուսակցության շահերի սպասարկուն չէ: Հակառակը` կուսակցությունները պիտի սպասարկեն հասարակության տարբեր շերտերի ու խմբերի շահերը: Հայաստանում մինչև ապրիլ հակառակն է եղել, պիտի շարունակվի՞: Մինչև ընտրություններ քաղաքական կյանքն ու հասարակության զարգացումը չեն կարող տեղապտույտի մեջ մնալ: Հակառակը` նոր գաղափարներ պիտի գեներացվեն ու նոր ելքեր բացվեն: Հիմա ցանկացած կուսակցություն իր ապագան կապում է հաշվարկի հետ` կհաղթահարի՞ անցողիկ շեմը միայնակ: Եթե ոչ, ու՞մ պոչին կպչի, որ քաղաքականության լեզվով կոչվում է նախընտրական դաշինք: Դա սեփական ուժերի թերագնահատում է ու հասարակության թերարժեքության սինդրոմ: Ինչու՞ է քաղաքական ուժերին թվում, որ 10000-անոցի ասեղից կտրված ընտրողը ի վիճակի չէ գնահատել ու ընտրել: Մարդիկ արագ են ընտելանում փոփոխություններին ու ակնկալում են ավելին: Միանշանակ է, որ ՔՊ-ն միայնակ չի կարող բավարարել ամբողջ հասարակության սպասելիքները: Այլընտրանք է պետք առաջարկել: Հայաստանի զարգացման ծրագիր: Քաղաքական փոփոխությունների հստակ մեխանիզմներով ամրագրված: Իսկ դա բավականին մեծ աշխատանք պահանջող, բայց և արդյունք տվող գործ է:


Հայաստանի հեռանկար է պետք, ոչ թե պայմանական ընտրություն լավ հայտնի, իրենց սպառած ու նոր հանդերձների մեջ տեղավորված` ռեբրենդինգի ու ռեինկառնացիայի միջով անցած քաղաքական ուժերի միջև: Սա` համենայն դեպս: Իսկ ընդհանրապես, եթե բոլոր այս հարցերը մնան տեսական հարթության մեջ և գործնական մարմնավորում չստանան, Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ին արագ սպառնում է ՀՀԿ-ացում` գաղափարական իմաստով: Իսկ դա շատ վատ է Հայաստանի համար: Առավելագույնը, որ այսօր ՔՊ-ն կարող է հասարակությանն առաջարկել, իր չկոռումպացվածությունն է ու փոփոխություններ անելու ցանկությունը: Իշխանության գալու համար հերիք էր: Կառավարելու համար քիչ է:


Մինչ փոխվարչապետները շրջում են օվկիանոսից այն կողմ ու ներդրողներ որոնում, Հայաստանում պետք է ստեղծված լիներ տնտեսագետների խումբ, որ ուսումնասիրեր ու զարգացման ծրագիր առաջարկեր` եթե ներդրումներ չեն լինում, եթե լինում են` երկու տարբերակներով: Տարոն Աճեմօղլուների հետևից ընկնելու փոխարեն: Կոռուպցիայի դեմ պայքարով բյուջե վերադարձվող փողերը տնտեսություն չեն զարգացնի, տնտեսական աճ ապահովելու համար տնտեսության կառուցվածք է պետք փոխել ու արտադրություն զարգացնել, աշխատատեղ ստեղծել: Հնարավորություններ կան` գաղափարների պակաս է ու նախաձեռնության ցաքուցրիվություն: Ամենահեշտ ճանապարհով գնալով ամենաուշն ես տեղ հասնում: Շատ հեշտ է սուպերվարչապետությունը ձևափոխել ու ստանալ նորմալ ֆունկցիաներով վարչապետ, փոխարենը խորհրդարանի դերը մեծացնելով: Շատ հեշտ է իբրև օրենք: Ինչպե՞ս կաշխատի կյանքում: Ինչքա՞ն կարելի է փորձեր դնել: Փոխենք` տեսնենք ինչ կստացվի, իսկ գուցե հասկանանք` ինչ կստացվի, հետո փոխենք: Կրկնում եմ` երկրորդ ՀՀԿ Հայաստանին պետք չէ: ՀՀԿ-ն շատ կարգին կուսակցություն էր, իշխանության մեջ անցկացրած տարիներն ու անսահմանափակ իշխանությունը կուսակցությունը վերածեցին գործիքի` իշխանությունը վերարտադրելու ու կեղծ ժողովրդավարություն ստեղծելու: Կան դասեր, որ պետք է սովորել` նախքան սեփական դասընթաց վարելը: Իսկ թե ի՞նչ կանեն անձամբ Նիկոլ Փաշինյանն ու անձամբ Արմեն Սարգսյանը, երկրորդական հարցեր են: Հայաստանը պետք է դուրս գա ինտրիգների դաշտից ու սովորի պետական կառավարման, որտեղ գործում են օրենքները:

Փաստացի` Հայաստանի խնդիրը ձևական ժողովրդավարությունից իրականին անցնելն է, և այդ ընթացքում գլխավորը բովանդակությունը սահմանելն ու ճանապարհը չկորցնելն է: Մարդկային գործոնը Հայաստանում գերագնահատված է, գաղափարների պակասն ու արժեզրկումը պատվանդան են բարձրացնում անձանց ու ֆետիշացնում: Դա թուլացնում է պետությունը: Այդքանը հասկանալու համար Սողոմոն Իմաստուն լինել պետք չէ: Հայաստանն աշխարհի մասն է, աշխարհի դրական ու բացասական փորձն օգտագործելը ընտրության հնարավորություն է տալիս` առանց սեփական պարտադիր սխալների վրա սովորելու պրակտիկայի: Եվ ուրեմն` ամեն ինչ մնում է… շարունակելի:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Կյանքը լիքն է անակնկալներով: Օրինակ` Փանիկի դեպքերը: Հերիք էր` ՀՀ վարչապետն իրերն անվաներ իրենց անունով, որ ռուսները ռազմագաղափարական զինանոցը բացեին` Հայաստանն անվանելով նոր ՈՒկրաինա: ՈՒկրաինայի պաշտոնական ընկալումը Մոսկվայի համար նույնանում է թշնամու հետ: Սա` քաղաքական մասով: Ռազմականով` 102-րդ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովը պնդում է, որ Փանիկում տեղի ունեցածն ընդամենը պլանային վարժանքներ էին` համաձայնեցված հայկական կողմի հետ: Այսինքն` վարչապետից նախարար բոլորը ստում են, ինքը ճիշտն է ասում: Բայց չի ասում` Փանիկը ռազմաբազայի տարա՞ծք է, ի՞նչ վարժանք բնակավայրում: Այսինքն` ռուսներն իսկապես սադրանքի են դիմել` ստուգելու Հայաստանի նոր իշխանության արձագանքը, ու ստանալով նախորդ իշխանություններից տարբերվող արձագանք՝ խոր զարմանքի մեջ են: Զարմանքի երկրորդ ալիքը` պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի բացառել ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի պայմանագրի վերանայումը: Հուլիսի 22-ին Փանիկում նա լրագրողներին ասել է. «Դրանք քարի վրա գրված փաստաթղթեր չեն, և ժամանակի ընթացքում առաջանում են բավականին խնդիրներ, որոնք պահանջում են պայմանագրային իրավական փոփոխություններ: Իհարկե դա արվելու է»: Պետության արժանապատվության խնդիր է, երբ «Զվարթնոց» օդակայանում Հայաստան ժամանողներին դիմավորում են ռուս սահմանապահները: Նրանք ենթարկվում են ՌԴ ԱԴԾ-ին, որի ներկայությունը Հայաստանում սահմանապահ զորքի տեսքով գործակալական ցանցի ստեղծման հնարավորություն է` համագործակցելով այլ երկրների հատուկ ծառայությունների հետ` ի վնաս Հայաստանի: Հարցը մշտապես բարձրացվել է, բայց մնացել անարձագանք:

Հայաստանը ի վիճակի է իր սահմանները պաշտպանել, դա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման սանդղավանդակի աստիճաններից է: Պետք չէ ընկճախտի մեջ ընկնել, որ հենց ռուսները սահմանից դուրս եկան, թուրքերը մտնելու են Հայաստան: Կամ էլ` եթե Ադրբեջանը որոշի Հայաստանի վրա հարձակվել, ռուսները սահմանը անառիկ են պահելու: 21-րդ դարը այն ժամանակն է, երբ դեյուրե գոյություն ունեցող վիճակները պետք է դեֆակտո ճանաչվեն: Ինքնիշխանության վերականգնման պարտադիր պայման է ազգային թերարժեքության սինդրոմից ու ձեռքը օտարին պարզած ապրելուց բուժվելը: Միևնույն է` տալիս են` երբ իրենց է պետք ու տանում են միշտ ավելին:

Դիտվել է՝ 3382

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ