«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Հայրենասիրությունը բղավելը կամ հարբած ժամանակ կենացներ ասելը չէ»

«Հայրենասիրությունը բղավելը կամ  հարբած ժամանակ կենացներ ասելը չէ»
24.07.2018 | 01:37

«EaDaily»-ին տված հարցազրույցում Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Ադրբեջանին մի շարք իրողությունների առաջ է կանգնեցրել ու, ամենակարևորը, հայտարարել, թե Հայաստանը պատրաստ է լայնամասշտաբ պատերազմի: Նկատելով, որ տեխնիկական և ընթացակարգային որոշումների շնորհիվ բացառվել է հակառակորդի հետագա հարձակումների անսպասելիությունը, Տոնոյանը փաստել է, որ հայկական կողմն ապրիլյան քառօրյա պատերազմից շատ հետևություններ է արել: «2016 թ. ապրիլյան մարտերից հետո մենք առաջին հերթին ռազմական հետևություններ ենք արել: Ադրբեջանին թույլ չի տրվելու պահպանել իրավիճակի սրման տեղը, ժամանակը և մասշտաբը որոշելու մենաշնորհային իրավունքը: Հետևություններ են արվել նաև գործնական և մարտավարական մի շարք հարցերի շուրջ: Արդյունքում մենք իրականացրել ենք անհրաժեշտ փոփոխություններ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են զորքերի տեղակայումը, մարտական խնդիրների իրականացումն առաջնագծում և սպառազինությամբ ու զինտեխնիկայով ապահովումը»,- հայտարարել է պաշտպանության նախարարը, միաժամանակ հավելելով, որ մենք լայնորեն պատրաստվում ենք հավանական ռազմական գործողություններին՝ հաշվի առնելով ոչ միայն նախորդ դեպքերը:
Տոնոյանը նաև անհանգստություն է հայտնել Ադրբեջանին զինտեխնիկա մատակարարող Հայաստանի դաշնակից պետությունների առնչությամբ: «Հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, որոնք զբաղվում են Արցախյան խնդրի կարգավորմամբ, պետք է զերծ մնան Ադրբեջանին հարձակողական տարբեր տեսակի զինատեսակներ վաճառելուց: Ի վերջո, հարց է առաջանում` ինչի՞ համար է պետք սկզբում խախտել երկու երկրների միջև գոյություն ունեցող ռազմական հավասարակշռությունը, իսկ հետո արդեն փորձել այն վերականգնել»,- շեշտել է Դավիթ Տոնոյանը:


Հայաստանի պաշտպանության նախարարի հարցազրույցի այս հատվածն «Իրատեսը» խնդրեց մեկնաբանել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻՆ, և նա նշեց, որ Տոնոյանը նոր բան չի ասել, Հայաստանն ու Արցախը միշտ էլ պատրաստ են լայնամասշտաբ պատերազմի, այլ տարբերակ չի կարող լինել. «Եթե մենք պատրաստ չլինենք, պատկերացնու՞մ եք` ինչ հետևանքներ կլինեն: Խաղաղության ու կայունության պահպանման կարևոր գրավականներից մեկը միշտ պատերազմին պատրաստ լինելն է»։ Ինչ վերաբերում է Հայաստանի դաշնակից երկրների կողմից Ադրբեջանին զինտեխնիկայի մատակարարմանն առնչվող մտահոգությանը, ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը նշեց, որ իրենք բազմիցս են ասել` Ադրբեջանին անգամ «ռագատկա» չի կարելի վաճառել: Խոսելով հատկապես Ադրբեջանին Բելառուսի կողմից զենքի վաճառքի մասին, Բաբայանը հավաստիացրեց, որ ֆաշիզմից ամենաշատ տուժած Բելառուսն առավել քան պետք է շահագրգիռ լինի զենք չվաճառելու հարցում:


Հայաստանի իշխանությունների բավականին բաց տեքստով հայտարարություններն ինչպե՞ս են ընդունվում Արցախում, որոշակի շրջանակների հակառուսական տրամադրությունները հնարավո՞ր է սահմանային լարվածության առիթ դառնան։ Այս հարցին ի պատասխան մեր զրուցակիցը նկատեց, որ ընդհանրապես ճիշտ չէ և՛ հակառուսական, և՛ հակաամերիկյան տրամադրությունների առկայությունը: «Մենք պետք է ռեալ իրավիճակը պատկերացնենք:

Հայրենասիրությունը բղավելը կամ հարբած ժամանակ կենացներ ասելը չէ: Շատ մեծ պատասխանատվություն կա մեր երկրի և մեր ժողովրդի գոյության հարցում: Շատ հեշտ է կեղծ հայրենասիրական կարգախոսներով հանդես գալը, բայց իրականությունն ասելն է շատ դժվար: Մենք այն երկիրն ենք, որը պարտավոր է լավ հարաբերություններ ունենալ այն պետությունների հետ, որտեղ մեծ սփյուռք ունենք: Սա մեզ ստիպում է սուր անկյունները հեշտ շրջանցել, այսինքն՝ այն հակասությունները, որոնք գոյություն ունեն Արևմուտքի և Ռուսաստանի հետ հարաբերություններում: Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները չեն նշանակում, որ մենք դա ուղղում ենք ԱՄՆ-ի դեմ, և հակառակը: Նայենք քարտեզին` մենք շրջապատված ենք այնպիսի երկրներով, ինչպիսին է Թուրքիան՝ 85 մլն բնակչությամբ, 780 հազար քկմ տարածքով, 700 հազար զինուժով, էությամբ էլ ագրեսիվ ու ահաբեկչական: Ի՞նչ է, Հայաստանը Արցախի հետ կարո՞ղ է պահել մի այդպիսի սահման: Չպե՞տք է լինի Ռուսաստանի թեկուզև սիմվոլիկ ներկայությունն այստեղ, կամ ինչու՞ մենք պետք է հակառուսական լինենք: Ի՞նչ ենք ուզում կամ ու՞մ ենք ուզում ինչ-որ բան ապացուցել: Սա չի նշանակում, որ որևէ մեկի ճորտը պետք է լինել: Մյուս կողմից էլ, չպետք է այնպիսի կեցվածք ընդունենք, որը վնասում է մեզ, մեր պետության գոյությանը: Ընդհանրապես դեմ եմ, որ մենք վերածվենք պլացդարմի, մարտի գոտու: Եթե մտածում ենք մեր երկրի մասին, ինչու՞ պետք է վատ հարաբերություններ ունենանք Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի ու Իրանի հետ, եթե հնարավոր է բոլորի հետ էլ լավ լինել»,- արձանագրեց Դավիթ Բաբայանը, հավելելով, որ աշխարհաքաղաքական ցանկացած կտրուկ փոփոխություն անթույլատրելի է և կարող է ճակատագրական լինել հայոց պետականության համար:


Ղարաբաղյան հակամարտության հարցում նոր իշխանության որդեգրած քաղաքականության հանդեպ Արցախում վերապահումներ ունե՞ն։ ԼՂՀ նախագահի խոսնակը վստահեցրեց, որ վերապահումներ չկան, կարևորը բանակցությունների շարունակականության պահպանումն է: «Լավ է, որ անընդհատ շեշտվում է բանակցություններին Արցախի մասնակցության հարցը: Պետք է հասկանալ, որ սա երկարատև գործընթաց է, շատ շուտ չեն կարող լինել զարգացումներ: Պետք է համախմբված աշխատել՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4245

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ