USD488.68
EUR549.03
RUB7.21
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Փաշինյանի կառավարությու՞նն էլ է նույնն ուզում

Փաշինյանի կառավարությու՞նն էլ է նույնն ուզում
24.07.2018 | 11:32

Պարզվում է, նոր Հայաստանի իշխանավորներից ոմանք նույնպես, ինչպես և իրենց նախորդները, չեն հասկանում Հայաստանի և, ընդհանրապես, ողջ տարածաշրջանի համար Սևանա լճի մակարդակի նվազեցում թույլ չտալու կարևորությունն ու հրամայական անհրաժեշտությունը, լճի մակարդակի նվազեցման աղետալի հետևանքները, կամ էլ, հասկանալով հանդերձ, արհամարհում են լիճը որպես արժեք, ավելին` որպես ՀՀ բնակչության անվտանգության ու նույնիսկ գոյության գրավական:


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը կամ առնվազն ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության (նախարար` Արթուր Գրիգորյան) ջրային տնտեսության պետական կոմիտեն (կոմիտեի նախագահ` Ինեսա Գաբայան) մտադրություն ունի (համենայն դեպս, այս ամսի սկզբի դրությամբ ունեցել է այդ մտադրությունը) հասնել «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում լճից ջրի բացթողման սահմանված առավելագույն ծավալի (մինչև 170 մլն խորանարդ մետր) ավելացման 100 մլն խմ-ով` այն հասցնելով մինչև 270 մլն խորանարդ մետրի:


Թե վերը նշվածն ի՞նչ աղետալի հետևանքներ կունենա, եթե, ի վերջո, օրենքում կատարվի նշված փոփոխությունը, կներկայացնենք ստորև:
«Այս տարի նույնիսկ նախագիծ է ներկայացվել, որով իրենք ուզում են այդ օրենքը փոխել, որ այդ 170 միլիոնը դարձնեն 270, որին, բարեբախտաբար, մեր հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց,- տողերիս հեղինակի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, ակադեմիային կից Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովի անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը:
Վերջինիս տեղեկացմամբ` վերոնշյալ նախագիծն արժանացել է հանձնաժողովի բացասական եզրակացությանը, քանի որ օրենքով Սևանա լճից մինչև 270 մլն խմ ջրի բացթողում նախատեսելու կամ արտոնելու պատճառով մենք ունենալու ենք լճի մակարդակի իջեցման միտում, դա լինելու է Սևանի վախճանը:


«Եվ ես,- շարունակեց Բարդուխ Գաբրիելյանը,- բազմիցս նշել եմ, որ եթե մենք ունենանք իջեցում, ապա ոչ թե կվերադառնանք այն էկոլոգիական վիճակին, որը ունեինք մինչև լճի մակարդակի բարձրացումը, այլ ավելի վատ վիճակի, քանի որ, դե հասկանալի է, ափերը լվացվում են, օրգանական լրացուցիչ նյութը (գոմաղբ, պարարտանյութեր և այլն.- Ա. Հ.) ներմուծվում է ջրի մեջ, և եթե մենք ունենանք ջրի ծավալի փոքրացում, կունենանք այդ օրգանական նյութի և կենսածին տարրերի խտության ավելացում, ինչը կբերի ավելի վատ վիճակի: Եվ այսօրվա այս պատկերը (Մարտունու շրջանում կապտականաչ ջրիմուռների բուռն ու վտանգավոր ծաղկումը փաստող լուսանկարը` վերջերս հրապարակված աշխարհագրագետ, Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանի կողմից.- Ա. Հ.), որ մենք ունենք, ապացույց է, որ Սևանն այսօր շատ փխրուն էկոհամակարգ ունի, ոչ կայուն, և մի փոքր խախտումը կարող է բերել անդառնալի էկոլոգիական հետևանքների»:


«Մարտունու շրջանում Սևանի գրեթե ամբողջ ափը այս վիճակում է։ Էս ի՞նչ է, ո՞վ է տեղյակ…». իր ֆեյսբուքյան էջում Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանի վերջերս կատարած այս գրառումը տեղիք է տվել լուրջ անհանգստության նրանց շրջանում, ովքեր մտահոգված են Սևանա լճի ճակատագրով:
«Սևան» ազգային պարկի գլխավոր հատակագծի հեղինակ Գագիկ Սուխուդյանի տեղեկացմամբ` միայն Մարտունիում չէ, որ կապտականաչ ջրիմուռները ծաղկել են, Վարդենիսում էլ է այդպես, Ճամբարակի ափերն են այդպես, նաև` Գավառի (ի դեպ, կապտականաչ ջրիմուռների ծաղկում նկատվել է նաև Շորժայի կողմերում, ինչը հաստատեց նաև հիշյալ կենտրոնի տնօրենը): Ըստ Բարդուխ Գաբրիելյանի, իրենց կարծիքով, այժմ կապտականաչ ջրիմուռների ծաղկում է տեղի ունենում, որոնց որոշ մասը թունավոր է:
«Դրա համար պետք է կատարել ուսումնասիրություններ, որոնց արդյունքում պետք է նայենք, թե որ մասն են կազմում այդ թունավոր և ոչ թունավոր ջրիմուռները»,- ասաց հիշյալ կենտրոնի տնօրենը, որը տեղեկացրեց նաև, որ ուսումնասիրություններն արդեն կատարվում են, բարեբախտաբար, իրենց կոլեգաները Ռուսաստանից հուլիսի 17-ին ժամանել են, համապատասխան մասնագետները կան, նավն արդեն դուրս է եկել լիճ, այդ ուսումնասիրությունները կկատարվեն, կարձագանքվի, կորոշվի նաև, թե ինչն է պատճառը:
Դառը կամ նույնիսկ ահավոր փորձն արդեն կա, թե թունավոր կապտականաչ ջրիմուռները տարիներ առաջ Սևանա լճում ինչ իրավիճակի են հանգեցրել, դրանք լճի ջուրն առանձին հատվածներում փաստորեն բառիս բուն իմաստով թունավորել են, ընդ որում, նույնիսկ այն աստիճանի, որ այդ ջուրը խմած անասունները սատկել են: Դա եղել է 1978 թ., որից անմիջապես հետո կառավարությունը հատուկ այդ նպատակով հանձնաժողով է ստեղծել ու գործուղել այնտեղ:


«1978 թվականին, երբ «Սևան» ազգային պարկը ստեղծվեց, ես կառավարության հանձնաժողովի մեջ էի, մենք չորս հոգով օգոստոսին գնացինք Մեծ Սևան, այդ ջրիմուռները փաթաթվում էին նավի պտուտակին,- ասաց Գագիկ Սուխուդյանը:- Չորս գլուխ խոշոր եղջերավոր անասուն խմել էր ջուրը, և սպանդ էր եղել… Լճի ամբողջ` 245 կիլոմետր պարագծով մի տեղ չկար, որ մտնեիր լողանայիր օգոստոս ամսին կամ չզզվեիր այդ գարշելի հոտից»:
Վերջինիս բացատրության համաձայն, Մեծ Սևանում կապտականաչ ջրիմուռների բուռն ծաղկումը պայմանավորված է նաև նրանով, որ Մեծ Սևանի խորությունը փոքր է, ծանծաղուտների մակերեսը` մեծ, այնտեղ ջուրն ավելի շատ է տաքանում, ինչը նույնպես խթանում է կապտականաչ ջրիմուռների աճը:


Ըստ «Սևան» ազգային պարկի գլխավոր հատակագծի հեղինակի, «Սևան» ազգային պարկն իր իմաստը կորցրել է, լճի ափին կառուցվել են բազմաթիվ հյուրանոցներ, ռեստորաններ և այլն, որոնք եթե ջրի տակ մնան, որոշակի մարդիկ լուրջ վնասներ են կրելու:
«Սևանի ջուրը բարձրացնելը կարծես ինչ-որ մեկի սրտով չէ,- ասաց Գագիկ Սուխուդյանը:- Տեսեք` քանի տարի է, կանգնած էր «Արփա-Սևան» թունելով ջրի մատակարարումը, Որոտանով մի կաթիլ ջուր չի մտել Սևանա լիճ (խոսքը «Որոտան-Արփա-Սևան» թունելային ջրատար համակարգի սկզբնական հատվածի` Որոտան-Արփայի մասին է` կառուցված 2004 թ., որը սկիզբ է առնում Սպանդարյանի ջրամբարից և պետք է ապահովեր տարեկան 165 մլն խմ ջրի տեղափոխումը Կեչուտի ջրամբար, իսկ այնտեղից ջուրը պետք է գնար Սևանա լիճ՝ «Արփա-Սևան» թունելով.- Ա. Հ.)»:


Ոչ թե մեկի, բազմաթիվ անձանց սրտով չէ…
«Սևան» ազգային պարկի գլխավոր հատակագծի հեղինակի տեղեկացմամբ՝ «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում լճից ջրի բացթողման վերոնշյալ առավելագույն ծավալը` մինչև 170 միլիոն խորանարդ մետր, որոշվել է այն ժամանակ, երբ նախատեսված էր, որ Որոտանը պետք է բերի 165 մլն խորանարդ մետր, 250 միլիոն խորանարդ մետր էլ «Արփա-Սևան» թունելով է լցվելու Սևանա լիճ:
«Մենք Սևանի ճակատագրի հետ խաղ ենք անում, այն ախր մերը չէ, ոչ էլ իրենցն է (նկատի ունի իշխանություններին.- Ա. Հ.), այն պատմությանն է, սերունդներինը, եկել է և այդպես էլ պետք է գնա, մենք չենք կարող առանց Սևանի…»,- ասաց Գագիկ Սուխուդյանը:
Բարդուխ Գաբրիելյանը նույնպես հաստատեց, որ «Որոտան-Արփա» թունելային համակարգով մինչև այսօր ոչ մի կաթիլ ջուր չի տեղափոխվել, Արփա-Սևանով էլ տարի է եղել, որ ջուր բաց չի թողնվել Սևանա լիճ:


Սևանա լճի ներկայիս էկոլոգիական վիճակը պետք է գնահատել տագնապային: Ճիշտ է, նախկինում էլ, տարբեր տարիների ամռանը Սևանա լճում փոքր թե մեծ չափով կապտականաչ ջրիմուռների ծաղկում տեղի ունեցել է: Սակայն, 2018 թ. ամռանն իր այս կամ այն մասով թունավոր հիշյալ ջրիմուռների աճը տարբեր պատճառներով ավելի արագ ու բուռն է տեղի ունեցել և ունենում, այն ավելի ծավալուն, ընդգրկուն բնույթ ունի ու հավանաբար միտում ունի մոտենալու 1978 թ. վերոնշյալ նախադեպին: Մեծ Սևանում, որտեղ ջրի խորությունը փոքր է և ջուրն ավելի տաք, կապտականաչ ջրիմուռների ծաղկումը գրեթե համատարած է:


Սակայն, ի տարբերություն 1978 թ. իրավիճակի, լճի ներկայիս վիճակը թերևս ոչ միայն տագնապային, այլև արտառոց է այն առումով, որ մի քանի խիստ բացասական գործոններ համընկել են: Դրանք են նախորդած խիստ տաք ձմեռը, ապա ներկայիս խիստ շոգ ամառը (դեռ պետք է պարզել, թե ընդհանրապես եղե՞լ են ձմռան և ամռան առաջին կեսի միջին ջերմաստիճաններով իրար հաջորդած այդպիսի տարիներ, և եթե այո, ո՞ր թվականներին)։ 2017 թ. վերջի տվյալով Սևանա լճի մակարդակի անկումը թույլատրելիից և նախատեսվածից ավելի է, ինչն, իր հերթին, նույնպես պատճառ է լճի ջրի ջերմաստիճանի բարձրացման և կենսաքիմիական բացասական գործընթացների, համակարգային կոռուպցիայի ու բարձիթողի վիճակի պայմաններում կատարված (ի դեպ, «նոր Հայաստանում» էլ շարունակվող) զանգվածային ձկնագողության արդյունքում լճում ձկան և խեցգետնի պաշարների ահռելի կրճատումը, նշվածի պատճառով ձկան ու խեցգետնի կողմից չսպառված կերի` օրգանական նյութի հսկայական զանգվածի ավելցուկի առաջացումը, հատակում դրա քայքայման արդյունքում ֆոսֆորի, ազոտի, թերևս նաև այլ նյութերի ահռելի զանգվածի առաջացումը, որոնք խթանում են լճում էվտրոֆիայի գործընթացը և նպաստում նաև թունավոր կապտականաչ ջրիմուռների ծաղկմանն ու դրանց զանգվածի աճին:


Վերը նշվածին հավելենք նաև Սևանա լճի աղտոտումը մի շարք այլ պատճառներով` ժամանակին կոռուպցիայի, անտարբերության, ՀՀ բնապահպանության նախարարության և «Սևան» ազգային պարկի խայտառակ քաղաքականության պատճառով չմաքրված հսկայական կանաչ զանգվածի ու չքանդված շինությունների` ջրի տակ անցնելու, լճի հատակում եղած և ջրում առկա կեղտն իր մեջ հավաքող, կոնսերվացնող հիպոլինոմի շերտի նվազման կամ վերացման, լճի երկրորդ պաշտպանական շերտի` մակրոֆիտի զանգվածի մոտ 20 անգամ կրճատման (մակրոֆիտը ստորջրյա ծառերից կամ թփերից կազմված այն յուրօրինակ անտառն է, որն ափից, ասենք, 50 մետր հեռավորությամբ օղակել է լիճը նրա գրեթե ողջ պարագծով մեկ և հիմնականում իր վրա վերցնելով, թույլ չի տվել, որ ափից եկող կեղտը, աղտեղությունը թափանցի լճի խորքեր), Սևանա լճին մերձակա բնակավայրերում ապրող և ափին հանգստացող բնակչության թվաքանակի ու նրանց կենսագործունեության արդյունքում լիճ լցվող կոյուղաջրերի, կենցաղային թափոնների, ինչպես նաև անասնապահության և հողագործության արդյունքում լճում հայտնվող գոմաղբի և անձրևներով հողի լվացմամբ լիճ լցվող պարարտանյութերի զանգվածի աճի:


«Ասեմ, որ այս հարցը կարելի է, իհարկե, կապել նաև ջրի մակարդակի հետ, որը շատ ավելի կարևոր է,- ասաց Բարդուխ Գաբրիելյանը:- Այսինքն` եթե մենք ունենում ենք ջրի ծավալի մեծացում, համապատասխան այդ ջերմաստիճանը` միջին կամ նույնիսկ սեզոնային, ավելի ցածր է լինում, համապատասխանաբար այդ ծաղկումը կամ ծաղկման գործընթացն այսպես ավելի բուռն չի արտահայտվում… Ցավոք, մենք, ինչպես գիտենք, այս տարվա հունվարի 1-ով ունեցել ենք իջեցում, ինչի մասին մենք նախազգուշացրել ենք, որ այդ իջեցումը, եթե կրկնվի մի քանի տարի, մենք կունենանք ավելի վատ վիճակ, քան եղել է»:


ՀՀ գործող օրենսդրությունը թույլ է տալիս կառավարությանը շոգ, չորային կամ երաշտ տարիներին ելնելով մշակովի հողատարածքների ոռոգման անհրաժեշտությունից, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ ԱԺ-ում, որպեսզի խորհրդարանը հիշյալ օրենքում փոփոխություններ կատարելով, միայն տվյալ տարվա (ոռոգման սեզոնի) համար թույլատրի Սևանա լճից ջրի լրացուցիչ ու պահանջվող ծավալի բացթողում: Սակայն, «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունն այդ դեպքում պարտավոր է ներկայացնել համապատասխան հաշվարկներ, որոնցով կհիմնավորի, որ լճից ջրի լրացուցիչ ծավալի բացթողումը չի հանգեցնի լիճ մուտք գործած ու լճից դուրս եկած ջրի ծավալների բացասական հաշվեկշռի, այսինքն` ջրի լրացուցիչ ծավալի բացթողման պատճառով Սևանա լճի մակարդակը չի նվազի, լճի մակարդակի նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատ պակաս չի լինի:


ՀՀ կառավարությունը 2012 թվականից սկսած արդեն երեք անգամ սխալ հաշվարկներ է ներկայացրել ՀՀ ԳԱ ակադեմիային կից Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովին, ու վերջինս երեք անգամ էլ այդ սխալը չտեսնելով կամ չցանկանալով տեսնել, դրական եզրակացություն է տվել Սևանա լճից, բացի օրենքով նախատեսված մինչև 170 մլն խմ-ից, լրացուցիչ մինչև 100 մլն խմ ջուր բաց թողնելու կառավարության առաջարկին: 2012 թ., 2014 թ. և 2017 թվականներին ՀՀ կառավարությունը համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկավ, որպեսզի Սևանա լճից լրացուցիչ ջուր բաց թողնվի` պատճառաբանությամբ, որ տարին չորային է, ոռոգման խնդիրներ կան և այլն: Սակայն, լճից ջրի լրացուցիչ ծավալի բացթողման պատճառով խախտվել է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի վերոնշյալ դրույթը. 2012 և 2014 թվականներին հաջորդած տարիների (2013 և 2015 թթ.) հունվարի 1-ի դրությամբ լճի մակարդակը համապատասխանաբար 2012 և 2014 թվականների հունվարի 1-ի համեմատ 3-4 սանտիմետրով նվազել է:
Էլ ավելի խայտառակ պատկեր ու Սևանա լճի համար վտանգավոր իրավիճակ է գրանցվել «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ 2017 թվականին լրացուցիչ 100 մլն խմ ջուր բաց թողնելն արտոնող ԱԺ-ի լրացումից և լճից հավելյալ ջուր բաց թողնելուց հետո: Չնայած օրենքի 5-րդ հավելվածի 3-րդ գլխով նախատեսվել է, որ հավելյալ ջրառից հետո լճի մակարդակի եղած ու 18 սանտիմետրի հասնող բարձրացումից գոնե 10 սանտիմետրը պետք է պահպանվի, սակայն իրականում ոչ միայն այդ 10 սանտիմետրը չի պահպանվել, այլև 2018 թ. հունվարի 1-ին մակարդակի 4 սանտիմետր նվազում է արձանագրվել 2017 թ. հունվարի 1-ի նիշի համեմատ: Բնականաբար, հարց է առաջանում` ինչի՞ համար է Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովը` Սևանա լճի շահերը պաշտպանելու՞, թե՞ նրա դեմ գործելու և օրենքի պահանջի խախտման առջև կանաչ լույս վառելու: Ի վերջո, ո՞վ է պատասխան տալու Սևանա լճին և Հայաստանին, հայ ժողովրդին պատճառված հիշյալ մեծ վնասի համար:


«Գիտե՞ք ինչ, մեզ դիմում է ջրային տնտեսության պետական կոմիտեն` ասելով, որ չոր տարի է, ոռոգման համար ջրի պակաս կա և այլն, և պետք է այդքան, այդքան թույլատրել,- ասաց հիշյալ հանձնաժողովի անդամ Բարդուխ Գաբրիելյանը:- Այնտեղ հաշվարկներով է անցյալ տարվա: Ես որպես անդամ այդ հարցը բարձրացրի, որ եթե հաշվեկշիռը լինելու է բացասական, ես դեմ կլինեմ, բայց իրենք ապացուցեցին հաշվարկներով, որ պետք է բացասական չլինի: Ցավոք, եղավ»:


Իսկ ինչո՞ւ, հաշվարկնե՞րն էին սխալ…
«Չէ,- շարունակեց Բարդուխ Գաբրիելյանը,- որովհետև իրենք հաշվարկում են երևի, օրինակ, 10 տարվա կամ 20 տարվա միջիններով, բայց երևի հաշվի չառնվեց, որ գնալով այս կլիմայի փոփոխության պայմաններում մենք տարեցտարի կարող է ավելի չոր պայմաններ ունենանք, և, բացի դրանից, ձյունը չի մնում սարերում, այդ մակերևութային հոսքով դուրս է մղվում և չի ներծծվում հողի մեջ»:
Բայց չէ՞ որ եղած վիճակի վերաբերյալ այդ տվյալը ջրային տնտեսության պետական կոմիտեն, ՀՀ կառավարությունն արդեն ունեին, 2012 թ. ջրի լրացուցիչ բացթողումից և 2013 թ. հունվարի 1-ին լճի մակարդակի բացասական հաշվեկշռի արձանագրումից հետո նույն սխալն ինչպե՞ս կարող էին թույլ տալ նաև հետագայում, դա ինչպե՞ս և ինչո՞ւ են թույլ տվել նաև 2014 և 2017 թվականներին: Ի վերջո, չէ՞ որ ձեռքի տակ պետք է ունենային ու հաշվի առնեին նաև «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի («Հայպետհիդրոմետի») տվյալները: Ո՞վ կարող է պատասխանել այս հարցերին…
«Համենայն դեպս, ես եղել եմ դեմ»,- ասաց Բարդուխ Գաբրիելյանը:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1991

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao