Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վերհիշենք 30 տարի մեզ կառավարողների էությունը

Վերհիշենք 30 տարի մեզ  կառավարողների էությունը
24.07.2018 | 12:02

ՈՐՊԵՍ ՍԿԻԶԲ


Մինչ բուն ասելիքս փաստեմ` երբեք չեմ փորձել հետին թվով խելացի երևալ և դատողություններ անել, որովհետև միշտ համարել եմ, որ նման մարդիկ հանճարեղ ճիճուներ են, որոնք բռնակալների ժամանակ կորցնում են մարդկային ամեն արժանիք, սողու՜մ են, սողու՜մ, բայց հենց ժամանակի տերերն ընկնում են, սողունները դառնում են գերագույն «ազնիվ» էակներ, ճիպոտն առած սկսում են ճիպոտահարել արդեն «հողին հանձնված» նախկին տերերին: Անցած երեսուն տարիներին երբե՛ք չեմ լռել և երբեք չեմ ճիպոտահարել արդեն «մեռած բռնակալներին»: Ճիշտ է, շատ եմ տուժել, իրադրության փոխվելու դեպքում էլ երբեք չեմ օգտվել տվյալ հանգամանքից և միշտ հպարտորեն կրել եմ ինձ հասանելիք խաչը: Այդ խաչն ինձ համար հայրենիքն է, որը վեր է ամեն ինչից, անգամ սեփական երեխաներից:
Անկախության առաջին իսկ օրից ներքին մի ձայն ինձ հուշել է… այդ ձայնը պատմության իմացությունն է, այդ ձայնը գրագիտությունն է, որ բոլոր հեղափոխությունները վերջին հաշվով….


Նաև ասեմ` հեղափոխության հոյակապ գնահատականը տվել է Միքայել Նաբանդյանն իր «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատության մեջ: Իսկ դրանից առաջ` Նապոլեոնն իր «Ընթրիք Բոկերում» գրքում: Եզրակացությունը մեկն է՝ հեղափոխությունները վերացնում են ոչ թե թալանողներին, այլ ընդամենը... հներին փոխարինելու են գալիս նորերը: Քանի որ ապրիլյան հեղափոխությունը (կամ` հեղաշրջումը. ով ոնց կուզի) կատարվել է առանց արյան, մտածում եմ, որ նորօրյա Հայաստանի իշխանավորները իրենց հեղափոխությամբ «թափած» արյան գին չեն պահանջի, քանզի չկա թափված արյուն:

ՄԵԿՆ ԷԻ ԱՅՆ ՄԻԼԻՈՆԱՎՈՐՆԵՐԻՑ, ՈՐ ՈԳԵՎՈՐՎԱԾ ԷԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ


Հասուն մարդ էի, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը։ Որպես բանական մարդ, բնականաբար, չէի կարող հեռու մնալ այդ ազնիվ պայքարից։
Ես մեկն էի այն միլիոնավորներից, որ ոգևորված էին Ղարաբաղի հարցով, բայց հանուն ճշմարտության ասեմ, որ երբեք ձեռքս վեր չեմ տնկել և չեմ բացականչել` Լևո՜ն, Լևո՜ն, Լևո՜ն: Ինչու՞: Որովհետև բանական մարդը կարող է ոգևորվել, բայց երբեք չի կարող ընկնել էքստազի մեջ: Լևոնի նկատմամբ երբեք համակրանք չեմ տածել: Ինչո՞ւ: 1990 թվականի մայիսի 20-ի ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրություններում իմ մանդատը բացահայտ գողացան ՀՀՇ-ականները` հօգուտ մի մարդու, որը հինգ տարի զբաղեցրեց պատգամավորի մանդատը լոկ կոճակ սեղմելու համար:


Երբ ընտրությունների կեղծման մասին փորձեցի հայտնել դեռևս նորելուկ քաղաքական գործիչ Լևոնին (նա այդ ժամանակ նստում էր արդեն զավթված տեխնիկայի տանը), նա Խաչիկ Ստամբոլցյանի միջոցով հասկանալ տվեց, որ ժամանակ չունի ինձ ընդունելու: Հասկացա, որ իշխանության է տենչում մի մարդ, որն ընդհանուր ոչինչ չունի արդարության հետ:
Ստամբոլցյանին խնդրեցի նրան հաղորդել իմ զայրույթը: Տարիներ անց, երբ Ստամբոլցյանն արդեն «իզգոյ» էր դարձել Լևոնի կամքով, մի օր խոստովանեց. «Ի տարբերություն քեզ, մենք ուշ ճանաչեցինք նրա էությունը»։


Հանուն արդարության արձանագրեմ. 1990 թվականի մայիսի 20-ի ընտրություններում ՀՀՇ-ն չհավաքեց անհրաժեշտ քանակի ձայներ: Գերագույն խորհրդի նախագահի հարցը հօգուտ իրեն լուծելու համար ՀՀՇ-ն ակնկալում էր, որ հունիսի 20-ին ընտրությունների երկրորդ փուլում կստանա ավելի շատ մանդատներ:
Մայիսի 20-ի ընտրություններում Կիմ Բալայանը անցել էր: Մայիսի 21-ին Բալայանի հետ ընդմիջման գնացինք: Նա աշխատում էր Հայաստանի արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնում որպես բաժնի վարիչ: Բնականաբար խոսակցության թեման անցած օրվա ընտրություններն էին: Կիմին խնդրեցի բնութագրել Լևոնին (Կիմը նրանց հետ, որպես ղարաբաղցի, շատ էր շփվում): Նա թե` չէի ցանկանա, որ Լևոնն ընտրվի Գերագույն խորհրդի նախագահ:
-Ինչու՞,- հարցիս պատասխանեց` «Որովհետև կասկածում եմ նրա հայրենասիրության վրա։ Բացի այդ, շատ մեծամիտ է, իր ասածից բացի ոչ մեկի կարծիքը չի ուզում լսել»:

ԻՐՈՂՈՒԹՅԱՆԸ ՏԵՂՅԱԿ ԷԻՆ ՔԻՉ ԹՎՈՎ ՄԱՐԴԻԿ


Եղավ 1990 թվականի մայիսի 27-ը։ Կայարանամերձ հրապարակում իսկական «բոյնա» սարքվեց, և զոհ գնացին 6 երիտասարդ ՀՀՇ-ականներ: Նրանք Լենինյան շրջանի ՀՀՇ-ի միակ զինված ջոկատի տղաներն էին: Նույն օրը երեկոյան զինված բախում տեղի ունեցավ նաև Էրեբունի-Սովետաշեն խճուղում ՀՀՇ-ականների և խորհրդային բանակի զինվորների միջև, որի ընթացքում զոհվեց ևս 25 մարդ: Ժողովուրդը ցասումով և ատելությամբ էր լցված դեպի խորհրդային պետությունը, ռուս զինվորը, դեպի կոմունիստները:
Ես որ դատախազ էի, դեռևս տեղյակ չէի, թե բանն ինչն է և պակաս ատելությամբ չլցվեցի դեպի այն ամենը, ինչ խորհրդային էր: Միայն կարճ ժամանակ անց, երբ շարունակվում էր նախաքննությունը, պարզվեց, որ արյունոտ այդ նախճիրում մեղավոր էին ոչ թե կոմունիստները, ռուս զինվորը, այլ ՀՀՇ-ի առաջին սադրանքն էր, որն անցավ շատ անհաջող։ Իրողությանը տեղյակ էին քիչ թվով մարդիկ:


1990-ի մայիսի 26-ի երեկոյան, զինված ջոկատի տղաներին հրավիրում են Չարբախ` ինչ-որ տեղ, և մատաղի արարողություն են կազմակերպում: Տղաներին հավատացնում են, թե պայմանավորվածություն կա Կապան-Երևան գնացքն ուղեկցող խորհրդային բանակի զինվորական ղեկավարության հետ: Դուք մտնում եք ուղիղ ժամը իննին կայարանի սպասասրահ (գնացքը Երևան էր ժամանում ութն անց քառասունհինգ րոպեին), կրակում եք օդ և գոռում.
-Оружие!
Նրանք զենքերը վայր են դնում և փախչում: Դուք հանգիստ վերցնում եք զենքերը և հեռանում: Տղաները համոզված էին, որ հանուն ղարաբաղյան պայքարի հետագա հաջողության զենք է պետք:
Ի՜նչ իմանային, որ ոչ մի պայմանավորվածություն էլ չկար, որ իրենք զինվորների կրակոցներից պիտի գետնին փռվեին մատաղացու գառների պես: Տղաները գործում են ինչպես հրահանգված էր, բայց քանի որ չկար և ոչ մի պայմանավորվածություն, պրոֆեսիոնալ զինվորականները, որոնք արդեն հավաքել էին մարտական զենքերը և պատրաստվում էին դուրս գալու հրապարակ իրենց սպասող ավտոբուսը նստելու և նախաճաշի գնալու, վայրկյանների ընթացքում լիցքավորում են զենքերը և սպանում յոթ հարձակվողից վեցին:
Բոլորը զինված էին ատրճանակներով և նագաններով, միայն մեկը՝ Խաչիկ (Սաշիկ) Նազարեթյանն էր զինված AK-74 ավտոմատով: Տեսնելով գետնին ընկած իր արյունաշաղախ ընկերներին, Նազարեթյանն ավտոմատի անկանոն կրակահերթ է արձակում, որից վիրավորվում է շարքային ղազախ Տոխտանբաևը, իսկ հրամանատարը՝ կապիտանը, ծանր վիրավորվում է ողնաշարից և երկու տարի անց Մոսկվայի Բուրդենկոյի անվան ինստիտուտում մահանում ծանր վիրահատությունից:


Դեպքից անմիջապես հետո ՀՀՇ-ն հայտարարություն տարածեց, թե զինված խմբի տղաները գործել են ինքնագլուխ: Տեղին է հարցնել, եթե տղաները գնացել են զենքեր խլելու, ինչու՞ պիտի օդ կրակեին և գոռային.
-Оружие!
Միանգամից կսպանեին շատ զինվորականների և կխլեին զենքերը: Բայց նրանց այդպես չէր ցուցում տրվել: Նաև չգիտեին, որ զինվորականներից մեկի ավտոմատից արձակված պտտվող գնդակը կմտնի Խաչիկ Նազարեթյանի ձախ քթածակից և դուրս կգա աջ ակնախոռոչից: Չէին կարծում, որ ավանտյուրան կազմակերպածները, այդ թվում` ջոկատի հրամանատար Ֆեոդոր Հայկի Աբաջևը, անակնկալի կգան, երբ կտեսնեն սպասասրահի գետնանցումից դեպի հրապարակ շտապող, արյան մեջ շաղախված, ավտոմատն ուսին, Խաչիկ Նազարեթյանին:
Մինչ հարուցված քրեական գործի նախաքննությունը կշարունակվի, ուրբաթը շաբաթից շուտ եկավ, ՀՀՇ-ն 1990 թվականի օգոստոսին եկավ իշխանության: Հետագայում արդեն որպես իշխանություն դժվար չէր ազդել նախաքննության վրա: Դա արդեն կարևոր չէր: Կարևորն այն էր, որ ՀՀՇ-ի կուտը ժողովուրդը կերավ և հավատաց, որ ավանտյուրան կազմակերպել են Մոսկվայից Ղարաբաղյան շարժումը ճնշելու համար: Դա ՀՀՇ-ի միակ կազմակերպած ավանտյուրան չէր: Դրան հետևեցին Մասիս կայարանի, Շահումյանի մետաքսի կոմբինատի թունավորումները, որոնց պատճառով տասնյակ մարդիկ հաշմվեցին: Բնականաբար, հարուցված քրեական գործի դեպքերի մասին ժողովուրդը տեղյակ չէր: Անկեղծորեն ասած, եթե որևէ մեկը այդ ժամանակ ասեր, թե ՀՀՇ-ն կամ Լևոնն է այդ բոլորի կազմակերպիչը, պատկերացնում եմ` ինչ դատաստանի կենթարկեին «պրովոկատորին»: Այդ դեպքերը հետագայում ահաբեկման միջոց դարձան ՀՀ գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանի ձեռքին, երբ ՀՀՇ-ն փորձեց նրան հեռացնել գլխավոր դատախազի պաշտոնից: Հիշյալ պաշտոնյայի մասին կարտահայտվեմ համապատասխան տեղում, ավելի մանրամասն:


Քրեական գործով Խաչիկ Նազարեթյանին կալանավորեցին, երբ դեռևս ՀՀՇ-ն իշխանության չէր: Խաչիկի պատճառաբանությունները, թե ինքը աչքի վնասվածքը ստացել է այլ պարագայում (սուտը հորինել էր մի տհաս) համոզիչ չէր, որովհետև դատաբժշկական փորձաքննությունը տվել էր եզրակացություն. «Վնասվածքը հրազենային է»: Քրեական գործում կա մի հետաքրքիր երկտող, որը գրել էր Խաչիկի հայրը` Աշոտ Նազարեթյանը, Լևոն Տեր-Պետրոսյանին: «Լևո՛ն (այդ ժամանակ Տեր-Պետրոսյանն արդեն Գերագույն խորհրդի նախագահ էր), դու գիտես, թե ինչպես է տղաս վիրավորվել: Նրա առողջությունը վատ է, բուժման կարիք ունի: Ինձ կարող ես պատասխան ուղարկել Կարապետ Ռուբինյանի միջոցով»:


ԽՍՀՄ-ը դեռ կար, և Խաչիկին վերցնել ու հենց այնպես ազատել դեռևս հնարավոր չէր: Քննչական վարչության պետ Թեմուր Բրոյանը՝ ազգությամբ եզդի (հանուն ճշմարտության փաստեմ` այդ մարդն ավելի հայասեր էր, քան շատ բարձրաստիճան ՀՀՇ-ականներ), ինձ ասաց. «Երբ Արտավազդ Գևորգյանը փոխում էր Խաչիկ Նազարեթյանի խափանման միջոց կալանքը, հարցրի՝ ինչպե՞ս եք ազատում ծանր հանցագործություն կատարած մարդուն»։
Գևորգյանը պատասխանել էր. «Բրոյա՛ն, խնդրում եմ ինձ մի գժտացրու այդ շների (իմա` ՀՀՇ-ականների- Ս. Հ.) հետ»: Գործի քննությունն ընթանում էր գաղտնիության պայմաններում, նույնիսկ դատախազության շատ աշխատողներ չգիտեին ինչն ինչոց էր:
Այդ գաղտնիության մասին կարող եմ հաստատել` հիշելով հետագայում ՀՀ գլխավոր դատախազ, այն ժամանակ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հենրիկ Խաչատրյանին: Նրան հեռացրել էին տեղակալի պաշտոնից։ Պատահաբար հանդիպեցինք Աբովյան փողոցում: Խոսքի մեջ ասաց. «Քո բոլոր հոդվածները կարդում եմ: Դու ճիշտ ես: Երբ տեղակալ էի, առանց զգուշացնելու (օգնականն ասել էր, որ մոտը մարդ չկա), մտա ՀՀ գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանի աշխատասենյակ: Նրա մոտ գործ էր զեկուցում Հրաչիկ Բադալյանը: Փորձեցի դուրս գալ: Գևորգյանը թե` արի, Հենրիկ, Հրաչիկը կայարանի էն անիմաստ գործն է զեկուցում: Ես ոչինչ չասացի, որովհետև համոզվեցի, որ գործի քննությունը կատարվում է գաղտնի: Հրաչիկը գործը զեկուցում էր միայն Գևորգյանին, նույնիսկ քննչական մասի պետը՝ Սուրեն Գյոզալյանը, չէր մասնակցում քննարկմանը: Այդ օրվանից սկսած երբեք չեմ հետաքրքրվել հիշյալ գործով»:


Հանուն ճշմարտության ասեմ, որ Հենրիկ Խաչատրյանն այնքան էլ անկեղծ չէր, որովհետև տարիներ անց, երբ ինձ հաջողվեց գաղտնի ճանապարհով ձեռք բերել յոթ հատոր կազմող նշված քրեական գործի նյութերը, տեսա, որ քրեական գործի նախաքննության ժամկետը մի քանի անգամ երկարացնելու որոշումները հաստատել էր Հենրիկ Խաչատրյանը: Կուզենայի հիշատակել նաև, որ ոչ մի կերպ չեմ կարողացել ծանոթանալ այն քրեական գործին, որը հարուցվել էր Էրեբունի-Սովետաշեն ճանապարհին 1990 թվականի մայիսի 27-ի երեկոյան ԽՍՀՄ բանակի զինվորների հետ ՀՀՇ-ի ռազմական բախման առիթով։ Մտաբերենք` զոհվեց 25 մարդ: Փաստորեն այդ էպիզոդը առանձնացրին որպես առանձին գործ և տապալեցին: Գործը քննող ՀԿԳ քննիչ Հրաչիկ Բադալյանը, որն ատելով ատում էր շարժումը, երբ պարզում է, թե ով է կազմակերպել, դուրս է եկել միջանցք և ուրախությունից ակամա գոռացել, թե գործը բացեցի, ՀՀՇ-ն է այն կազմակերպել: Այդ ժամանակ դեռ ԽՍՀՄ-ը չէր տապալվել:


Կարևորագույն գործերով այդ քննիչը քննել է ընդամենը այս և մեկ էլ «նարնջի հյութի» հայտնի գործը, որով որպես մեղադրյալ պիտի անցներ հայտնի Ալբերտ Բաղդասարյանի աներորդին: Նա ասել էր, եթե Արմենը նստի, ուրեմն առաջին հերթին պիտի նստի Լևոն Տեր-Պետրոսյանը: Այդ երկու գործերի տապալումը Հրաչիկ Բադալյանի առջև բացեցին դատախազությունում աշխատելու առավելագույն պայմաններ: Սկզբում նշանակվեց Արտաշատի շրջանի դատախազ և հետո բարձրանալով հասավ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին: «Նա ճանաչեց իր դարը, իր դեպարտամենտը, և նա հարստացավ»: Պոլիդորիի այս խոսքերը ասված են իսկ և իսկ Բադալյան Հրաչիկի և դատախազության այլ «ասերի» համար, որոնք հարյուրավոր քրեական գործեր են տապալել և հարստացել: Նմանների պակաս չկա նաև 2008-ի մարտի մեկի դեպքով հարուցված քրեական գործով:
(շարունակելի)


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 11339

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ