Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իվանիշվիլի. Ճիշտ կլինի` «Վրացական երազանք»-ը պաշտպանի որևէ անկախ թեկնածուի

Իվանիշվիլի. Ճիշտ կլինի` «Վրացական երազանք»-ը պաշտպանի որևէ անկախ թեկնածուի
25.07.2018 | 22:43

«Վրացական երազանք» կուսակցությունը վերջին շաբաթներին նախագահության մի շարք թեկնածուների անուններ է քննարկել: Նրանց թվում են կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին, Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, նախկին օմբուդսմեն Սոզար Սուբարին, առողջապահության և արդարադատության նախարարները` Վրաստանի հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց ինքը` «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին, հատուկ ընդգծելով, որ նախագահական ընտրություններին մասնակցության ձևաչափի վերաբերյալ վերջնական որոշումը դեռ չի կայացվել:

«Զուրաբ Աբաշիձե, Սոզար Սուբարի, Սերգեենկո, Թեա Ծուլուկիանի՝ այս բոլոր անունները քննարկումների ընթացքում հնչել են: Հնչել է նաև իմ անունը: Ես, սակայն, կարծում եմ, որ ավելի ճիշտ կլինի, որ կուսակցությունը հոկտեմբերին կայանալիք ընտրություններում ընդհանրապես թեկնածու չառաջադրի: Սկզբնական շրջանում իմ այս տեսակետը որևէ մեկը չէր պաշտպանում, սակայն հետագայում իմ թիմակիցների մի մասը սկսեց հակվել այս մոտեցմանը: Իմ տեսակետը հետևյալն է` եթե առաջադրվի որևէ արժանի անկախ թեկնածու, մենք կարող ենք նրան պաշտպանել: Դա լավ կլինի Վրաստանի ժողովրդավարական զարգացման և երկրում ժողովրդավարական ինստիտուտների կայունության տեսանկյունից»,- նշում էր Իվանիշվիլին:


Վերջին օրերին վրացական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ անկախ թեկնածուն, որին կարող է պաշտպանել իշխող կուսակցությունը, Վրաստանի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին է: 2016-ի աշնանը կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում Զուրաբիշվիլին մեծամասնական ընտրակարգով առաջադրվեց որպես անկախ թեկնածու: Նրա ընտրությունը, սակայն, հնարավոր դարձավ «Վրացական երազանք»-ի ցուցաբերած աջակցության շնորհիվ: «Չի բացառվում, որ այս անգամ իշխող կուսակցությունը նույն սցենարը կիրառի արդեն համապետական մասշտաբով»,- ենթադրում են վրացական լրատվամիջոցները: Իվանիշվիլու երեկվա հարցազրույցը նրա առաջին շփումն էր լրատվամիջոցների հետ՝ քաղաքականություն վերադառնալու մասին գարնանը կայացված որոշումից հետո: Մեկուկես ժամ տևած հարցազրույցի ընթացքում Իվանիշվիլին անդրադարձավ վերջին շրջանի առանցքային իրադարձություններին` այդ թվում հունիսին կառավարության պաշտոնանկությանը: «Վրացական երազանք»-ի նախագահի խոսքով՝ Գիորգի Կվիրիկաշվիլու պաշտոնանկության գլխավոր պատճառներից մեկը մի շարք բանկերի համար ստեղծված արտոնյալ պայմաններն էին: «Վրաստանում գործող երկու բանկ` TBC-ն և «Սաքարթվելո»-ն, կարելի է ասել խժռել էին ողջ երկիրը: Այդ երկու բանկերը աշխարհում առաջին տեղն են զբաղեցնում եկամտաբերության մակարդակով: Եվ դա մի իրավիճակում, երբ Վրաստանի բնակչության զգալի մասը իր եկամուտների մեկ երրորդը վճարում է բանկերին` վերցրած վարկերի դիմաց գանձված տոկոսի տեսքով: Դա պարզապես խայտառակություն է»,- հայտարարում էր Իվանիշվիլին` ընդգծելով, որ Կվիրիկաշվիլին պաշտոնավարման ավարտին չէր կարողանում իր ձեռքում պահել կառավարման բոլոր լծակները:

«Իշխող թիմի մասնատման լուրջ վտանգ կար, այդ գործընթացն արդեն իսկ սկսվել էր»,- ասում էր «Վրացական երազանք»-ի ղեկավարը: «Իվանիշվիլին այսօր ոտքերը սրբեց Կվիրիկաշվիլու վրա: Երկրում կատարվող բոլոր վատ երևույթները վերագրվեցին Կվիրիկաշվիլուն և նրա կառավարությանը: Այնպես որ ես չեմ բացառում, որ մոտ ապագայում մենք աղմկալի քրեական գործերի մասին լսենք, որոնց թիրախում կլինեն Գիորգի Կվիրիկաշվիլին և նրա կառավարության անդամներից մի քանիսը»,- նշում էր ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժման» ղեկավարներից Զաալ ՈՒդումաշվիլին:


Իվանիշվիլու հայտարարություններին անդրադարձավ նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Նրա խոսքով՝ Իվանիշվիլին այսօր պայքարում է քաղաքական գոյատևման համար: «Իվանիշվիլին այսօր փորձում է փրկվել: Ինչպես մողեսը վտանգի դեպքում կտրում է իր պոչը, այնպես էլ Իվանիշվիլին ազատվում է կառավարությունից: Ես, սակայն, համոզված եմ, որ մեզ կհաջողվի աշնանը պարտության մատնել Իվանիշվիլուն»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Դիտվել է՝ 797

Մեկնաբանություններ