USD485.72
EUR550.71
RUB7.35
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Ո՞վ է Իրանում պատրաստ ԱՄՆ-ի հետ երկխոսության

Ո՞վ է Իրանում պատրաստ ԱՄՆ-ի հետ երկխոսության
26.07.2018 | 13:47

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի Կանզաս Սիթիում (Միսուրիի նահանգ) ելույթ ունենալով արտասահմանում ԱՄՆ ռազմական գործողությունների վետերանների առաջ, հայտարարել է, որ պատրաստ է «Իրանի իշխանությունների հետ իսկական գործարք կնքել միջուկային ոլորտում, որ կտարբերվի նախկին ձախողվածից»: Թրամփի խոսքով` «Իրանն այլևս այն երկիրը չէ, որ եղել է»: Իրո՞ք:

Բառացիորեն օրերս Վաշինգտոնն ու Թեհրանը փոխանակեցին հերթական սուր հայտարարությունները միմյանց հասցեին: Նախագահ Հասան Ռոհանին Թրամփին նախազգուշացրեց, որ իր երկրի հետ զինված կոնֆլիկտ սկսելու դեպքում դա կլինի «բոլոր պատերազմների մայրը»: ԱՄՆ նախագահը պարտք չմնաց և Թեհրանին զգուշացրեց, որ նա չպետք է սպառնա ԱՄՆ-ին` «հակառակ դեպքում կհաջորդեն հետևանքներ, որոնք չի տեսել Իրանը իր ամբողջ պատմության ընթացքում»: ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Իրանի ղեկավարությունը համեմատեց մաֆիայի հետ: «Իրանը ղեկավարում է ոչ թե կառավարություն, այլ մաֆիայի նմանությունը,-ասաց նա` ելույթ ունենալով հուլիսի 22-ին Ռոնալդ Ռեյգանի հիմնադրամում Կալիֆոռնիայի Սիմի Վելի քաղաքում:- Նախագահ Հասան Ռոհանին ու ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը միայն փայլ են տվել երեսպաշտ այաթոլաների միջազգային զեղծարարության քողին, նրանց ավելի շատ հետաքրքրում է հարստությունը, քան կրոնը»: Փոմփեոն ասաց, որ ԱՄՆ վարչակազմը ջանքեր է գործադրում Իրանի վարչակարգը տապալելու համար, հեռուստաալիք ու ռադիոալիք է է գործելու, որ կարելի է ինտերնետով որսալ և կօգնի իրանցիներին շրջանցել ինտերնետ-գրաքննությունը: Եվ հանկարծ իրադարձության գնահատականներում այդպիսի շրջադարձ: Թրամփը պետք է լուրջ պատճառներ ունենա: Բայց ի՞նչ: Bloomberg-ի գնահատականով` ԱՄՆ նախագահի գործողությունները Թեհրանի նկատմամբ հիշեցնում են այն քայլերը, որ նա ձեռնարկեց Հյուսիսային Կորեայի նկատմամբ` ճնշել սրման սպառնալիքով այնքան, քանի դեռ ընդդիմախոսը չի նահանջի և չի հայտարարի, որ համաձայն է վերանայել միջուկային գործարքի պայմանները: Անհրաժեշտ է լիակատար կամ հարաբերական լիակատար համերաշխության հասնել ոչ միայն դաշնակիցների, այլև այլ երկրների հետ: Իրանի դեպքում խոսքը նոյեմբերի 4-ի մասին է, երբ Վաշինգտոնը ծրագրում է արգելք մտցնել իրանական նավթի արտահանման դեմ: ԱՄՆ ռազմավարների կարծիքով` այդ քայլը ավելի վաղ ընդունված պատժամիջոցների հետ պետք է հանգեցնի երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի կտրուկ սրմանը և ներքաղաքական իրավիճակի ապակայունացմանը: Բայց Իրանում քաոս սերմանելը մի հարց է, այլ հարց է հասկանալ, որ այդպիսով հարված տակ են դրվում այն ուժերը Թեհրանում (մասնավորապես` նախագահ Ռոհանին), որ մեծապես նպաստել են միջուկային համաձայնագրի նախապատրաստմանն ու ստորագրմանը: Այդ դեպքում, ինչպես ընդունում է ինքը Փոմփեոն, Իրանը «կորցնում է նորմալ երկիր դառնալու հեռանկարը», իհարկե, ամերիկյան ընկալումով ու պատկերացումով: Դա են մատնացույց անում Թրամփին նրա եվրոպացի գործընկերները, որ Սպիտակ տան գործողությունները Թեհրանի նկատմամբ համարում են հակաարդյունավետ և նույնիսկ ոչ նրա մերձավորարելյան քաղաքականության իրականացման տեսակետից: Նրանք չաջակցեցին ԱՄՆ-ի դուրս գալն Իրանի հետ միջուկային գործարքից:

«Մենք շեշտը դնում ենք բանակցությունների ու երկխոսության վրա և կոչ ենք անում բոլոր կողմերին, ներառյալ Իրանը, զսպվածության ու հռետորաբանության լիցքաթափման»` օրինակ հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարարությունը: Փաստացի` Թեհրանի կառավարության վրա Վաշինգտոնի նախաձեռնած ճնշման արշավը ձախողվել է` ԵՄ երկրները, Ռուսաստանն ու Չինաստանը հայտնվեցին մեկ ճամբարում: Երբ ԱՄՆ-ն սպառնաց պատժամիջոցներ սահմանել ցանկացած երկրի դեմ, որը կշարունակի Իրանից նավթ գնել, ի պատասխան ստացավ որոշակի պայմաններ կատարելու ու ֆինանսական կորուստները փոխհատուցելու պահանջ` պատժամիջոցներին միանալու դեպքում: ԱՄՆ-ի The National Interest-ն արձանագրում է, որ ի հեճուկս Թրամփի բոլոր մտադրությունների, որ միայն արտաքուստ են «գայթակղիչ» թվում, իր ստեղծած աշխարհաքաղաքական դասավորության մեջ նա տանուլ է տալիս, մինչդեռ Մոսկվան Մերձավոր Արևելքում «ալյանսներ ունի շիաների ու սուննիների հետ», իսկ Եվրոպայում «եվրոպացի գործընկերների ձեռքերը ոլորելու փորձերը` լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելով ընկերությունների դեմ, որ Իրանի հետ բիզնես են անում», ավելի մեծ խզման են հանգեցնում ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև և օբյեկտիվորեն նպաստում են Ռուսաստանի ու Իրանի շահերին: Այս առումով Սպիտակ տան հյուսիսկորեական մոդելը Իրանի դեմ չի աշխատում, թեպետ Թրամփը դեռ չի հրաժարվել վաղ թե ուշ Թեհրանի հետ ուղիղ երկխոսության դուրս գալու ծրագրից, քանի որ չի կարողացել չեզոքացնել իրանական ուղղությամբ եվրոպական դիվանագիտության ջանքերը: Բայց կոնկրետ ու՞մ հետ է ցանկանում Իրանում երկխոսել ԱՄՆ նախագահը: Բրիտանական The Daily Telegraph-ը կարծում է, որ նա պետքարտուղարության ու հետախուզության առաջ խնդիր է դրել որոշարկել Իրանում այն ուժերին, որ «տրամադրված են իր վարչակարգի հետ գործակցել»` միջուկային գործարքից դուրս գալու Թրամփի հայտարարությունից հետո: Այդպիսի ուժեր Իրանում կան` նրանք «հոգևոր առաջնորդ Ալի Համենեիի և ժողովրդավարական ընտրությամբ ընտրված նախագահ Ռոհանիի միջակայքում են», խաղը նրանց վրա է դրվելու: Պաշտոնապես պատժամիջոցները դեռ ուժի մեջ չեն մտել, իսկ արևմտյան շատ ընկերություններ Իրանից նախապես հեռանում են: Դա սրում է առանց այդ էլ բարդ իրավիճակը երկրի ներսում: Ապագա ինտրիգի էությունն է, որ որոշ իմաստով հանվի արտաքին սպառնալիքի գործոնը, որ միշտ համախմբել է իրանցիներին ընդհանուր սպառնալիքի դեմառդեմ, բարենորոգիչների թևին մղել ցավոտ վերափոխումների տնտեսության մեջ, բնապահպանության ու սոցիալական ոլորտում` պահպանողականների հետ բացահայտ դիմակայության դուրս գալով: Շատ փորձագետների կարծիքով` այդ գործընթացը հնարավոր էքզիստենցիալ ռիսկեր ունի Իրանի համար: Բայց Թեհրանը Թրամփի վարչակազմի հետ համագործակցելու մտադրություններ չի դրսևորում:

ԱՄՆ նախագահի հայտարարությունը, որ «Իրանը այլ երկիր է դարձել», կարող է, ինչպես կանխատեսում են արևմտյան լրատվամիջոցները, «խթանել համատեղ ուժերը համաձայնագիրը ստորագրած երկրների` Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի` համոզել Իրանին փոխելու միջուկային համաձայնագրի վերաբերյալ դիրքորոշումը»: Առայժմ միայն հստակ է, որ Վաշինգտոնը փորձում է հեռանալ Իրանի նկատմամբ կոշտ դիրքորոշումից, սկսում է մանևրել: Տեսնենք` ինչ կստացվի` Թրամփը խոսքային էկվիլիբրիստիկայի հակում ունի:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Իրանի նախագահ Հասան Ռոհանին հարկ չի համարում պատասխանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, իր ձևակերպմամբ՝ «դատարկ սպառնալիքներին»: IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռոհանին ընդգծել է. «Մենք պետք է պատասխանենք գործողությամբ»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1141

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao