USD487.27
EUR549.69
RUB7.31
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

ՈՒ՞մ վրա կդրվի խաղադրույքը

ՈՒ՞մ վրա կդրվի խաղադրույքը
27.07.2018 | 00:10

Նոր իշխանությունների հողանցումը կարծածից շուտ եղավ։ Փաշինյանի խոստովանությունը՝ «վախ ունեմ, որ ժողովուրդը կհիասթափվի ինձնից», ենթագիտակցական խոր ցուցիչ է՝ փոփոխված նոր իրադրությունը հասկանալու համար։
Հարց. իրական մոդերացիան իրականացնողների, գունավոր հեղափոխությունը Վրաստանից, Մերձավոր Արևելքից Հայաստանի Հանրապետություն տրանզիտ անողների համար սա անսպասելի՞, թե՞ հաշվարկված սխեմա էր։


Պատասխան. և՛ այո, և՛ ոչ։ Մոդերատորները, որոնց պայմանականորեն անվանենք Հյուսիս և Արևմուտք, սեփական «տեսլականներն» ունեին. հեղափոխական փուլում Նիկոլ Փաշինյանի հարցում նրանք «համաձայնեցված» գործեցին՝ իրականացնելով պլան «ա»-ն՝ խաղից հեռացրին ՀՀԿ-ին և նրա լիդերին։
Ինչ է տեղի ունենում երկրորդ խաղակեսում. փորձենք հասկանալ։
Մի պահ էլ ոտքներս կախ գցենք «նա բիս» հեղափոխություն արած, կոռուպցիայի դեմ պայքարում բավականին լուրջ արդյունքներ գրանցած Փաշինյանի «իկոնայի» առջև, ասելու` հեղափոխությամբ և կոռուպցիայի դեմ պայքարով հանրապետության «փորատակն» ամբողջությամբ խառնշտորած այս «փազլից» առաջիկայում վեր կհառնեն երկրորդ էշելոնն ու նոր լիդերը։
Հարց՝ ո՞վ է նա։ Կարծես՝ մի քանիսը։ Լինենք անկեղծ՝ ՀՀԿ-ն, որն ունի լուրջ ռեսուրսներ ու պոտենցիալ, այս փուլում գրեթե շանսեր չունի, չբացառենք նաև՝ որոշակի «տյունինգից» հետո նա կկարողանա վերադառնալ խաղատախտակի առաջ։


Հաջորդ «պերսոնը», որը կարող է զբաղեցնել քիչ-քիչ դատարկվող «սուրբ տեղը», փորձագետները համարում են Ռոբերտ Քոչարյանին, եթե վերջինս կարողանա մաստեր-կլաս տալ ՀՔԾ-ում, այնտեղից մաքրված դուրս գալ ու գնալ ուղիղ «սովնարկոմ»՝ մեծ քաղաքականություն, քանզի, ըստ որոշ հաշվարկների, քաղաքական լուրջ հենարան ունի՝ ի դեմս ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ինչու ոչ ՀՀԿ-ի. ունի Ռուսաստանի աջակցությունը, ժամանակին վատ չի աշխատել Արևմուտքի հետ։ Իր դեպքում կա շատ մեծ «նո». Քոչարյանը հանրային ընկալման խնդիր ունի, և որքան էլ մեծ ռեսուրս դրվի հանրային «գիտակցության վրա», որքան էլ ինքը «մաքրվի» Մարտի 1-ի ու Հոկտեմբերի 27-ի գործերից (հասկանալի է, չէ՞, որ Նիկոլենք էլ քնած չեն), իր ռեաբիլիտացիան հեշտ չի ընթանա։ Եվ հետո՝ պատմության անիվը հետ չպտտելու, նույն ջրով երկու անգամ չանցնելու օրենքը ևս գործում է, եթե անգամ բերվում է Բեռլուսկոնիի կամ Լևոն Տեր-Պետրոսյանի «վերադարձների» օրինակը։


Կարծում ենք՝ հաջորդ, չերևացող խաղացողի՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի շանսերն այս խաղում ավելին են, չնայած ոչ բոլորն են տեսնում այդ մոդիֆիկացիաները` ի տարբերություն գործող իշխանությունների։ Դա է պատճառը, որ ամեն քայլափոխի փորձ է արվում վերջինիս ֆիասկո պարտադրել։ Մեր տեղեկություններով՝ ՀՀ նոր իշխանությունների ու ԱԳՆ-ի կողմից արվել է ամեն ինչ, որպեսզի Արմեն Սարգսյանի Եվրոպա-ԱՄՆ շրջագայությունը տապալվի, էլ չենք ասում, որ նորերը չերկնչեցին հաղորդագրություն տարածել, թե պետք է այդ այցերն իրենց հետ «համաձայնեցվեն»։ Համաձանեցվեցին, թե ոչ, Արմեն Սարգսյանին ԱՄՆ-ում ընդունեցին ամենաբարձր՝ պետքարտուղարի մակարդակով, ի տարբերություն ՀՀ փոխվարչապետների։
Համաձայնեցված էր, թե ոչ, Արմեն Սարգսյանի այցը Ռուսաստան՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության ֆինալին, տեսանք. նա, ի տարբերություն երրորդ շարքում նստած ՀՀ վարչապետի, Մեդվեդևի կողքին էր և ջերմիկ-մերմիկ զրուցում էր։


Ավելին, տեղյակ ենք, որ Ռուսաստանը ոչ այնքան Ռոբերտ Քոչարյանին, որքան Արմեն Սարգսյանին է տեսնում երկրորդ էշելոնի գլխին, որովհետև խանգարող հանգամանքները, որոնք առկա են Քոչարյանի դեպքում, այս դեպքում չկան, օգնող հանգամանքներ են շատ. Արմեն Սարգսյանը միջազգային խաղացող է, և Արևմուտք-Հյուսիս դիլեման այս դեպքում լուծվում է անչափ սահուն։
Բացի այդ, տեսակետ կա, որ Քոչարյանի ժամանակ սառեցված «Հազարամյակի մարտահրավերները» ամերիկյան կողմը ևս մեկ անգամ իրականում սառեցրեց, որպեսզի այն հետո «տաքացնի» Արմեն Սարգսյանի օրոք։

Ի դեպ, չմոռանանք ամենակարևորը` Արմեն Սարգսյանն անչափ հետաքրքիր, գրեթե «դիտարժան» կապեր-հարաբերություններ ունի Իլհամ Ալիևի հետ, և, մեր տեղեկություններով, միջազգային հանրությունն ավելի հակված կլինի բանակցային կողմ տեսնել Արմեն Սարգսյան-Ալիև դուետին, ինչի մասին Պեսկովն ակնարկել է։
ՈՒ եթե այս ամենին էլ գումարենք «հանգամանքը», որ Արմեն Սարգսյանն «այս օրերին» գտնվում է լուրջ բլոկադայի մեջ, և ԱԳՆ-ն, նոր իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի նա միայն «աստղերին» նայի, Հրանտ Մաթևոսյանի թանգարանը դարձնի փոքրիկ ածու՝ Ահնիձոր, ապա ամեն ինչ ընկնում է իր տեղը։
Չնայած, Ահնիձորից, աստղերից կարևոր ուրիշ էլ ի՞նչ կա էս աշխարհում, «անհասկանալի» է։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1585

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao