Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Խոսրով Հարությունյանն առաջարկում է ներկայացնել ստվերային կառավարության կազմը

Խոսրով Հարությունյանն առաջարկում է ներկայացնել ստվերային կառավարության կազմը
27.07.2018 | 00:50

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ ստեղծված խորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստին ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ առաջարկեց ամրագրել հետևյալը. խորհրդարանական ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցությունները, բացի իրենց նախընտրական ծրագրից, պետք է հրապարակեն նաև ապագա կառավարության կազմն ու ծրագիրը։ Նա նշեց, որ իրենց քվեն այս կամ այն կուսակցությանը տված ընտրողին պետք է որ հուզի, թե ով է իրականացնելու հանրության առջև կուսակցության ստանձնած պարտավորությունները:


«Ընտրողը պետք է վստահ լինի, որ իր նախընտրած կուսակցությունն ունի խոստումներն իրականություն դարձնելու կարողություն՝ կադրային համապատասխան ներուժ և անհատներ, որոնք կարող են իրականացնել նախապես ներկայացրած ծրագիրը»,- ասաց նա։
Այս դրույթից չի հետևում, թե որևէ կուսակցություն, շրջանցելով վերոհիշյալ նորմը, ինքնաբերաբար դուրս է մնում ընտրապայքարից. դա չպետք է դիտվի որպես ընտրություններին մասնակցելու պարտադիր պայման, բայց տրամաբանությունը հուշում է, որ հանրային կյանքում ազդեցիկ դերակատարման հավակնող քաղաքական ուժերն իրենք պետք է շահագրգռված լինեն բարձրաձայնելու, թե ում են տեսնում առանցքային պաշտոններում:
«Ով է լինելու իրենց վարչապետը, ովքեր են զբաղեցնելու փոխվարչապետների, պաշտպանության նախարարի, արտգործնախարարի աթոռները։ Ապագա կառավարության կազմը չներկայացնելով՝ կուսակցությունը փաստում է, որ պատրաստ չէ ստանձնելու երկրի կառավարման պատասխանատվությունը և ընտրություններին մասնակցում է զուտ մասնակցելու, լավագույն դեպքում՝ խորհրդարան մտնելու համար։ Եվ ուրեմն՝ ընտրողը պետք է յոթ անգամ չափի, հետո կտրի՝ այդ կուսակցությանը ձայն տալուց առաջ»,- մանրամասնեց ՀՀ երբեմնի վարչապետը։


Բացի այդ՝ Խոսրով Հարությունյանի դիտարկմամբ առաջարկված տարբերակը լավ հնարավորություն է որակապես նոր մակարդակի բարձրացնելու բանավեճի մշակույթը։ Այս դրույթն ամրագրելու դեպքում մրցակից քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ի դեմս ոլորտների ապագա պատասխանատուների, կարող են բանավիճել ոչ թե ամեն ինչի ու ոչնչի մասին, այլ կոնկրետ ոլորտներում կուտակված խնդիրների շուրջ և ներկայացնել այդ խնդիրների լուծման իրենց տեսլականն ու լուծումները։
Առաջարկությունը, սակայն, կասկածելի թվաց իշխող կոալիցիայի ներկայացուցիչներին: Նրանք հարց բարձրացրին՝ ինչու՞ է քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահը հենց հիմա փորձում առաջ տանել այդ մոտեցումը, եթե այն միշտ եղել է իրենց օրակարգում: Ի՞նչ իմաստ ունի օրենսդրորեն ամրագրել այդ դրույթը, եթե այն պարտադիր ուժ չի ունենալու ու թողնվելու է քաղաքական ուժերի հայեցողությանը: Առավել ևս, երբ այսօր էլ օրենքը չի արգելում, որ կուսակցությունը կամ դաշինքը, նախընտրական ծրագրին զուգահեռ, ներկայացնի այն մարդկանց ցուցակը, որոնք իշխանության գալու դեպքում, պետք է իրականացնեն այդ ծրագիրը։


«Կան իրավունքի կոշտ նորմեր և, այսպես ասած, փափուկ նորմեր։ Խոսրով Հարությունյանի առաջարկը խթանում է քաղաքական նոր մշակույթի ներդրումը, ու դա, անշուշտ, չի կարող լինել պարտադրանք: Ավելին, անգամ նախընտրական ծրագիր ներկայացնելը պարտադիր չէ ընտրություններին մասնակցելու արտոնագիր ստանալու համար: Մենք Ընտրական օրենսգրքում մեղմ մոտեցում ենք ամրագրել. գրել ենք, որ ԿԸՀ-ն պարտավոր է իր պաշտոնական կայքում տեղադրել կուսակցության ծրագիրը, եթե այն ներկայացվել է։ Նույնը այս դեպքում կարելի է անել՝ ամրագրել, որ ԿԸՀ-ն պարտավոր է կուսակցության պատկերացրած կառավարության կազմը և ապագա կառավարության անդամների վերաբերյալ տվյալները տեղադրել իր կայքում։ Սա կլինի ոչ թե պարտադիր, այլ խթանիչ նորմ»,- մեկնաբանեց ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը։
Վերջինիս փաստարկները, կարծես, համոզեցին քննարկման մասնակիցներին, ու որոշվեց այս առաջարկը ներառել խորհրդարանական 4 ուժերի համար եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե ընդհանուր գծերով ընդունելի առաջարկությունների ցանկում։


Ի մի բերելով բոլոր ուժերի ներկայացրած առաջարկները՝ պարզվեց, որ ՀՀԿ-ի բոլոր 6 առաջարկներն այս կամ այն չափով ընդունելի են իշխանական եռյակի համար։ Դրանք հիմնականում տեխնիկական բնույթի հարցեր էին՝ կրկնաքվեարկություններ, քվեարկության ավարտից հետո ընտրողների գրանցումն իրականացնող տեխնիկական սարքում առկա տվյալների համադրում, քվեարկության ընթացքի և արդյունքների ամփոփման ընթացքի տեսանկարահանում և այլն:


Ամփոփելով՝ հանձնաժողովը որոշեց հաջորդ նիստում տեսակավորել արտախորհրդարանական ուժերի և ՀԿ-ների առաջարկություններն ու ամբողջացնելով պատրաստել կառավարական համապատասխան հանձնաժողովի սեղանին դրվելիք բարեփոխումների փաթեթը։


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2242

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ