USD482.44
EUR564.60
RUB7.28
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

Նոր կառավարիչներն իրենց հայտարարությունների ձեռքը կրակն են ընկել

Նոր կառավարիչներն իրենց  հայտարարությունների ձեռքը կրակն են ընկել
27.07.2018 | 01:01

Շարունակվում են «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի կողմից Հայաստանին տրամադրվելիք օժանդակության չեղարկման շուրջ քննարկումները: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ծրագիրն այս տարի մեր երկրին ֆինանսական օգնություն չի ցուցաբերի, քանի որ, Համաշխարհային բանկի տվյալներով, Հայաստանը «ցածր-միջին» եկամտով երկրից դարձել է «բարձր-միջին» եկամտով երկիր, իսկ այդ դասի երկրները ծրագրից օժանդակություն չեն ստանում:


Սակայն ներքաղաքական կուլիսներում քննարկվում է նաև այն հարցը, որ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի ԱՄՆ այցից հետո «Հազարամյակի մարտահրավերները» հրաժարվել է Հայաստանին ֆինանսավորում տրամադրելուց:


Առանձնապես տնտեսագիտական խոր գիտելիքներ հարկավոր չեն հասկանալու համար, թե ինչու է ծրագիրն այս տարի ու, ըստ երևույթին, առաջիկա մի քանի տարիներին որոշել դադարեցնել մեր երկրին տրամադրվելիք 140 միլիոն դոլարի օժանդակությունը: Իշխանափոխությունից հետո «նոր» Հայաստանի նոր կառավարիչներն իրենց արտասահմանյան այցերի ժամանակ խտացված գույներով ներկայացնում են «սիրո», «հանդուրժողականության» այն մթնոլորտը, որն «առկա է» մեր երկրում: Պաշտոնյաները եվրոպացիներին զարմացնելու, «ջիջիլ գցելու» ու իրենց վարկը բարձրացնելու համար պատմում են, որ մեզ մոտ մարդիկ երջանիկ ու անհոգ են ապրում, առավոտյան արթնանում են գոհունակ ժպիտով, երեկոյան պառկում քնելու՝ նույն երջանիկ ժպիտը դեմքներին: Թերևս, հենց սա հաշվի առնելով է, որ «Հազարամյակի մարտահրավերները» որոշել է դադարեցնել ֆինասավորումը. ի՞նչ իմաստ ունի օգնել մեկին, որը դրա կարիքը չունի: Իսկ թե ինչքան են մարդիկ իրապես երջանիկ Հայաստանում, պարզ կդառնա էյֆորիկ վիճակը թոթափելուց հետո:


Հասկանալի է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունը, դրսի ականջին հաճոյանալու համար, պետք է դիմեն նման մեթոդների, բայց վատ չէր լինի յոթ անգամ չափել, մեկ անգամ կտրել՝ անցանկալի փաստի առաջ չկանգնելու համար:
Բացի այդ՝ Փաշինյանն իր վերջին մամուլի ասուլիսում հայտարարեց, որ չեն պատրաստվում նոր վարկ վերցնելու, այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչպե՞ս է երկրի բյուջեն փող մտնելու, եթե ո՛չ վարկ կա, ո՛չ օգնություն:


Հասկանալի է, որ վարչապետն այս պահին ջանում է այնպես անել, որ հանրությունը դույզն-ինչ չկասկածի նոր կառավարիչների ազնիվ մղումների վրա: Մարդիկ, այո, սիրում են «տեսարաններ», սակայն, ինչպես մեր ռազմավարական դաշնակիցն է ասում, «до поры, до времени»: Տեսարաններով փոր չես կշտացնի, և հեռու չէ այն օրը, երբ մարդիկ նաև հաց կպահանջեն: Նոր կառավարիչները պատրաստ պետք է լինեն այդ օրվան:
Տա Աստված, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հաջողի, կարողանա գտնել այնպիսի լուծումներ, որ հանրությունը մի օր բացի աչքերն ու զգա՝ իրոք իրավիճակ է փոխվել: Հենց այդ ժամանակ էլ ազգովին գլուխ կգովենք եվրոպաներում ու ամերիկաներում, թե մեզ հասնել չի լինի, մերն ուրիշ է:
Իսկ առայժմ, քանի դեռ երկրում էական փոփոխություններ չեն եղել, կարիք չկա անհարկի հայտարարություններ անել ու կրակն ընկնել դրանց ձեռքը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 560

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ