Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ի վերջո որտե՞ղ է ձևավորվում երկրի արտաքին քաղաքականությունը

Ի վերջո որտե՞ղ է ձևավորվում երկրի արտաքին քաղաքականությունը
27.07.2018 | 02:20

Վերջին շաբաթների իրադարձությունները և դրանց շուրջ ծագած զարգացումները փորձագիտական շրջանակներին առիթ տվեցին ավելի ու ավելի շատ խոսել գործող իշխանությունների արտաքին քաղաքականության խոցելիության մասին։ Այդ խոսակցություններն է՛լ ավելի մեծ թափ ստացան վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցի առնվազն կասկածելի արդյունքներից և կառավարության ղեկավարի տված կոշտ գնահատականներից հետո։ Սրան ավելացավ նաև Փանիկի զորավարժության շուրջ ծագած հայ-ռուսական այսպես կոչված թյուրըմբռնումը և այլն։ Ընդ որում, խոսքը ոչ միայն վարչապետին է վերաբերում, այլև արտաքին քաղաքականության մշակման և իրականացման համար պատասխանատու կառույցների ու պաշտոնյաների գործունեության արդյունավետությանը:


Այս համատեքստում թերևս առաջնային պլան են գալիս ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ու արտաքին քաղաքական դաշտում նրա ծավալած գործունեությունը, ինչու ոչ, նաև՝ երկրի առաջին դեմքերի հետ նրա փոխհարաբերությունները։ Այս առումով ուշագրավ է, որ ՀՀ արտգործնախարարը ասոցացվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ՝ համարվելով նրա հովանավորյալը։ Դա նկատելը դժվար չէ. ուսումնասիրելով երկու գործիչների կենսագրությունները՝ կարելի է որոշակի ընդհանրություններ նկատել նրանց կարիերաներում, արտաքին քաղաքական կողմնորոշումներում։ Հատկապես հետաքրքրական է նրանց գործունեության բրիտանական համատեղ էտապը։


Ամեն դեպքում արձանագրենք, որ Զոհրաբ Մնացականյանը ՀՀ կառավարության այն եզակի նախարարներից է, որի նշանակումը տարակուսանք չառաջացրեց հանրության շրջանում, նա համարվում է գործող կառավարության եզակի պրոֆեսիոնալ կադրերից մեկը։ Այսուհանդերձ ՀՀ վարչապետին մոտ կանգնած աղբյուրները պնդում էին, որ նա Նիկոլ Փաշինյանի «երազած» թեկնածուն չէ: Այնուհանդերձ իրադարձությունները դասավորվեցին Զոհրաբ Մնացականյանի օգտին։ Գուցե նաև այն պատճառով, որ ինչպես օրերս հայտարարեց անձամբ վարչապետը, որոշ ռազմավարական ոլորտներում էքսպերիմենտները ռիսկային կարող էին լինել, և նախապատվությունը տրվեց կայունության պահպանմանը համակարգերում։ Բայց նշանակման առաջին իսկ օրից խոսվում էր, որ Փաշինյանը կփորձի հակակշիռ ձևավորել Արմեն Սարգսյանի առաջ մղած պաշտոնյային:
Հակակշիռը կարծես չուշացավ. վարչապետի արտաքին հարցերով խորհրդական նշանակվեց գոնե մինչ այդ արևմտամետի համբավ ունեցող Արսեն Խառատյանը (ինչը սակայն, ինչպես հիմա հայտնի է, կայուն կատեգորիա չէ), որն անմիջապես անցավ պրակտիկ գործողությունների։ Մասնավորապես, չնկատել չէր կարելի, որ մոսկովյան այցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններին, որին մասնակցում էր նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Նիկոլ Փաշինյանին ուղեկցում էր ոչ թե ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, որն անկասկած ի պաշտոնե պետք է լիներ այդ հանդիպմանը, այլ հենց Արսեն Խառատյանը:


Աչքից չի վրիպում նաև այն փաստը, որ նոր իշխանությունների արտաքին քաղաքականության այս կամ այն կարևորագույն հարցերի շուրջ առաջին պարզաբանումները տալիս է եթե ոչ անձամբ վարչապետը, ապա Արսեն Խառատյանը, իսկ արտգործնախարարության ներկայացուցիչները երկրորդելով զարգացնում են վերջինիս հնչեցրած թեզերը:


Միևնույն ժամանակ վերլուծաբաններից շատերը նշում են, որ արտգործնախարարն իր հերթին երկրի արտաքին քաղաքականության մասին իր հիմնական խորհրդակցություններն անցկացնում է ոչ թե վարչապետի, այլ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Միջգերատեսչական այս մրցակցությունը բնականաբար ունենում է իր հետևանքները, և արտաքին քաղաքական դաշտում արձանագրվող թերացումները կողմերը փորձում են բարդել միմյանց վրա։ Մասնավորապես, ԱԳՆ պաշտոնյաները Փաշինյանին և նրա թիմը համարում են դիլետանտներ, որոնք տապալում են, օրինակ, Եվրամիության հետ հարաբերությունները: Բնականաբար, վարչապետի թիմը հակառակ կարծիքի է: Եվ չի բացառվում, որ մոտ ժամանակներս լուրջ քննարկումներ լինեն՝ «մեղավորներին» ի հայտ բերելու նպատակով:
Այս համատեքստում գուցե խորհրդանշական էր Նիկոլ Փաշինյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի օրերս կայացած հանդիպումը, որի առանցքը ՀՀ արտաքին քաղաքականությունն էր։ Այս հանդիպումն ընկալվում է որպես յուրօրինակ ուղերձ նախագահ Արմեն Սարգսյանին ու նրա հովանավորյալ արտգործնախարարին։ Փաշինյանական այս ակնարկը կարծես թե ծանր է տարել ՀՀ նախագահը, ու պատահական չէ, որ Արմեն Սարգսյանի խոսքերում նկատվում են թիրախային որոշակի փոփոխություններ. իշխանության վերաբաշխման մասին իր պարբերական հայտարարությունները վերջինս սկսել է զուգորդել նաև տնտեսությունը զարգացնելու անհրաժեշտության մասին թեմաներով: Տնտեսական ասպեկտին անդրադարձը պատահական չէ, քանի որ տնտեսությունն ու այս ուղղությամբ ստեղծված անհասկանալի իրավիճակը դարձել են Նիկոլ Փաշինյանի կառավարության աքիլլեսյան գարշապարը։


Վերադառնալով դիվանագիտական կորպուսին՝ նշենք, որ ոչ բացահայտ, բայց այն մեղադրվում է վարչապետի այցը Եվրոպա պատշաճ մակարդակով չնախապատրաստելու մեջ։ Ի դեպ, սրան գումարվեց նաև ձախողումն ամերիկյան ուղղությամբ։ Այդ ձախողումն արտացոլվեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի վերջին հարցազրույցում, որն առանց դիվանագիտական նրբությունների բաց տեքստով նշեց, որ Հայաստանի համար դեռևս վաղ է ամերիկյան ներդրումներ ակնկալելը։ Դեսպանը հասկացրեց, որ իրենք ուշի ուշով հետևում են հայաստանյան գործընթացներին, հատկապես Ամուլսարի նախագծի շուրջ նոր իշխանությունների գործողություններին, փաստորեն նաև դրանով պայմանավորելով ԱՄՆ-ի հետագա ներդրումային քաղաքականությանը Հայաստանում։ Այս հարցազրույցում արտահայտած թեզերն ու հատկապես Ամուլսարը շահագործողներին առանձնակի վերաբերմունք ցուցաբերելը կարելի է դիտարկել ուղղակի ճնշում Նիկոլ Փաշինյանի վրա: Ընդ որում, հասկանալի է, որ Ամուլսարի շահագործման վերաբերյալ վարչապետի դրական դիրքորոշումը բավականին լուրջ իմիջային, գուցե նաև էլեկտորալ կորուստների կարող է հանգեցնել անգամ իր կողմնակիցների շրջանում: ՈՒշադրության է արժանի այն փաստը, որ ԱՄՆ պաշտոնյաներն այլևս չեն անդրադառնում ամերիկյան ներդրումներին։ Մինչդեռ ընդամենը մի քանի ամիս առաջ «Ռուսաստանի ներկայացուցիչ» համարվող Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք միայն էներգետիկայի ոլորտում խոսվում էր մինչև 8 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումային ծրագրերի մասին:


Ամեն դեպքում փաստ է, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն առավել քան զգուշավոր քաղաքականություն են վարում ՀՀ-ի նկատմամբ, և այդ զգուշավորությունն ու սպասողականությունը նախ և առաջ պայմանավորված են Նիկոլ Փաշինյանի իշխանության արտաքին քաղաքականությանը վերաբերող ոչ հուսադրող հեռանկարով: Չի բացառվում նաև, որ արևմտյան ուժային կենտրոնները, հիմնվելով մանրակրկիտ տեղեկությունների և վերլուծությունների վրա, կարծում են, որ Հայաստանի իշխանական, քաղաքական, տնտեսական և անվտանգության համակարգերը դեռևս հեռու են կայուն լինելու կարգավիճակից: Եվ այսօրվա իշխանական համակարգի թվացյալ ամրությունը դեռ պետք է ապացուցվի ընտրությունների արդյունքներով: Եվ գուցե ինչ-որ չափով արևմտյան աշխարհաքաղաքական կենտրոնների որոշակի կասկածները փարատելու կամ մեղմացնելու նպատակ էր հետապնդում Նիկոլ Փաշինյանի ավելի քան կոշտ հայտարարությունը` կապված ռուսաստանյան զորավարժությունների դրվագի հետ։ Այն ակնհայտորեն գերուռճացված գնահատական ստացավ, և չի բացառվում, որ ուղղված էր ոչ միայն, ինչպես նշեցինք, արտաքին որոշ հասցեատերերին, այլև ներքին լսարանի այն հատվածին, որոնք ակնհայտորեն սկսել են նյարդայնանալ վարչապետի սպասվածից ավելի «ռուսական շեղումով»։ Այս առումով հեղափոխական ընդհանուր թիմում կան ակնհայտորեն դժգոհողներ և նույնիսկ արդեն հուսախաբվածներ։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1381

Մեկնաբանություններ