USD488.57
EUR549.84
RUB7.22
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Յո՞ երթանք, Նիկոլ

Յո՞ երթանք, Նիկոլ
27.07.2018 | 03:32

ՆԱԽԵՐԳ


Արագածը ձյունազուրկ է։ Արարատ լեռան գագաթի ձյունը նոսրացել է, մի՞թե լեռը ծերացել է։ Ամենևին։ Զի նա մեր պատմության վեհարանն է, նաև, ինչ խոսք, հայոց ազգի հանդիմանանքը։
Արևածագին ազգովին պետք է արթնանանք, Արարատի առաջ արձանանանք (ուղիղ 7 րոպե), հետո պետք է ծնկի գանք (ճիշտ 14 րոպե) և երևելիներին ականջ դնենք։ Առաջարկում եմ վերընթերցել հետևյալ այրաց գործերը` Խորենացի, Նարեկացի, Աբովյան, Րաֆֆի, Չարենց, Սարոյան և Կոստան Զարյան։


Օրեր առաջ վարչապետը այցելեց նորաբաց «Զանգակ» գրատուն, որը փառահեղ հանգրվանել է Ստանիսլավսկու թատրոնի 1-ին հարկում, Ազնավուրի հրապարակին ի տես։ Հասկանալի է, որ վարչապետական այցը հայկական լրատվադաշտի սևեռուն ուշադրության կենտրոնում էր։ Ազնավուրի հրապարակում վաղուց է հանգրվանել Հայաստանի նկարիչների միությունը, վաղու՜ց, արդեն 85 տարի։ Միության ցուցահանդեսային համալիրում օրեր առաջ բացվեց «Գրաֆիկա և քանդակ» հանրապետական շքեղ ցուցահանդեսը։ Իննսուն արդի շնորհաշատ հեղինակ ներկայացրել էին 118 գրաֆիկական և 40 քանդակագործական աշխատանք։ Ցուցահանդեսը բացվեց և, ավանդույթի համաձայն, անտարբերության մատնվեց նախ ՀՀ պետական և քաղաքական վերնախավի, այնուհետև ԶԼՄ-ների կողմից։ Այնինչ նորակերտ գրատնից մինչև ավանդաշատ Նկարչի տուն շուրջ 70 քայլ է, ոչ ավելի։ Ինչու՞ «Սիրո և համերաշխության» քայլարշավորդ-վարչապետը չհաղթահարեց այս 70 քայլը։ Այ հենց սա է դարի հարցը։

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՓԱՅՏԻԿԻ ՆԵՆԳԱԴՈՒԼԸ


«Կախարդական փայտիկի հետ ամեն ինչ կարգին է, և կախարդական փայտիկն իր գործն անում է ու կանի։ Սրանում կարող եք չկասկածել»։ Օրերս այսպես խոսեց վարչապետ Փաշինյանը։ Նա խոսեց, ժողովրդի մի մասը խիստ հուզվեց, մյուսները թերահավատորեն թոթվեցին ուսերը։ Եվ ահա ես` ծառան ձեր հեզ, նախարձակուրդյան մեր այս հանդիպման ժամանակ գաղտնիք եմ պահում, չեմ խոստովանում, թե ժողովրդի որ խմբում եմ այսօր գտնվում, հուզախռովների՞, թե՞ ուսերը թոթվողների։ Ինքներդ գուշակեք։ Բայց, կներեք, արժանավոր քաղաքացի և տաղանդավոր նկարիչ Կարեն Սմբատյանն է հեռու հեռվից մեզ հյուր եկել և մի հուշ է դրվագում իր «Պատառիկներ օրագրից» հուշագրքից. «Ահա Բալթիկ ծովը, նույն անտառները, ինչ Լատվիայում կամ Էստոնիայում և այլն։ Լիտվացի երիտասարդներից մեկի բաճկոնի շղթայից կախված տեսա Տիգրան Մեծի հուշանվեր դրամը։ Իմ հարցին` սա ի՞նչ է, այդ թիկնեղ, բարձրահասակ երիտասարդը հպարտորեն պատասխանեց. «Սա Հայաստանն է»։


Սա էլ Հայաստանն է, աշխարհն իր անարյուն հեղաշրջմամբ հիացրած հանրապետությունը։ Հիացանք, լիացանք ու փորձում ենք կռահել` դեպի ու՞ր ենք ընթանում, դեպի ազգային պետականության ստեղծում, թե՞ դեպի մոլախոտածածկ մի գաղութ։ Առայժմ անհայտ է մեր ընթացքը։ Հակապետական, ապազգային (մի երկու արատ էլ թող ավելացնեն պատվարժան ընթերցողներս) համակարգը ձևակերտվել և կատարելության է հասել 27 տարի շարունակ։ Հյութեղ և կանաչաշող մոլախոտը նախորդ համակարգի խորհրդանշանն էր, նրա օրհներգն էր և դրոշը նրա։ Այսօր, ինչ խոսք, բարոյախրատական ճառաբանությամբ և դիմահարդարային միջամտությամբ անհնար է փրկել երկիրը։ Մոլախոտ բույսն իր առաքելությունն ունի հողագնդում, մոլախոտային կառավարման համակարգը` առավել ևս։ Վարչապետի կախարդական փայտիկը կարծես թե քիչ տկար է և տառապում է ջրծաղիկով։ Ինչու՞, հարցնում եք զայրացկոտ, ահա թե ինչու, պատասխանում եմ զվարթախինդ. սույն փայտիկը թրատում է մոլախոտը շատ շատերի հիացական ծափերի տակ։ Տե՜ր իմ Երկնավոր, մի՞թե անհայտ է, որ մոլախոտը ոչնչացվում է միայն ԱՐՄԱՏԱԽԻԼ ԱՆԵԼՈՎ։ Տիար Նիկոլ, սա անհա՞յտ է քեզ։ Եվ չլքելով կառուցողական ընդդիմադրիս սահմանային դիրքը, իրազեկեմ ծափահարողների հարգարժան աշխարհազորին մոլախոտի դեմ կապված առակազրույցիս իմաստը։ ՀՀ քրեաօլիգարխիկ աղետածին համակարգը դոլարային միլիարդների վնաս է պատճառել երկրին, կախարդական փայտիկը դրամային միլիոնների հետողորմյա է կատարում։ Հանրահռչակ պետական քանդարարները բերման են ենթարկվում սերիալային զանցանքների համար։ Այլ կերպ ասած` բանկի կողոպտիչը անցնում է գրպանահատության գործով։ Հայ հանրությունն ու համայն հայությունը, այս թվում նաև երկարամյա (և, խոստովանենք, բավականին արգասաբեր) ընդդիմադիր լրագրող, խմբագիր, ի վերջո` պատգամավոր Փաշինյանը, չեմ կասկածում, որ քաջ տեղյակ են, որ նախ և առաջ բացահայտման կարիք ունեն տնտեսական հետևյալ եղեռնները`
ա) «Մազութի գործը»,
բ) Երևանի կոնյակի գործարանի վաճառքը ռազմավարական մրցակից երկիր Ֆրանսիային,
գ) «Նաիրիտի» կործանումը։

Օրեր առաջ կարծես թե սառույցը հալվեց. ՀՀ մշակույթի նախարարը հայտարարեց նախարարին կամ նախարարությանն առընթեր մշակութային խորհուրդ ձևավորելու մասին, որպեսզի ա-ից մինչև ֆ ընկալի երկրի մշակույթի առջև ծառացած բազմաբնույթ խնդիրները։ Սառույցը, վախենամ, որ հալվի, սակայն կեղտաջրի հետքեր թողնի։ Ինչու՞։ Շատ պարզ, երբ Լիլիթ Մակունցը մշակութափրկիչ նշյալ հայտարարությամբ հանդես եկավ, նրա աջ կողմում բազմել էր բանաստեղծ Վիոլետ Գրիգորյանը։ Դուք ինձ կասեք, թե ի՞նչ անենք, ի՞նչ վատ բան կա, որ նախարարը իր գերկարևոր նախաձեռնությունն իրականացնելիս ապավինում է գրական գործչին։ Վատ բան չկա, մղձավանջն է առկա, զի տիկին Վիոլետը արևմտյան լրբենի ազատականության մունետիկներից է, և Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ ժամանելով (կարծես 1994-ին) հռչակեց հայ արդի գրականության մեջ սանձարձակ կրքերի և անառակության հաստատման մանիֆեստը։ Արգո Մակունց, ուշի ուշով ծանոթացեք Վիոլետին և, առհասարակ, վիոլետակերպերին, ծանրութեթև արեք նրանց հակամշակութային ներդրումներից ծագող վտանգները և խույս տվեք ազգի գլխին կախվող հակամշակութային յաթաղանից։


Եվ կշահեք մեծապես, չկասկածեք։
Կախարդական փայտիկն այս խնդրում վերածվել է աճպարարի մահակի։ Նախկին համակարգն անասնական հրճվանքով հրետակոծում էր երկիրը, առողջական և բարոյական սպանդի ենթարկելով երկրի ժողովրդին։ Տասը տարի շարունակ, ելուզակային հնարագիտությամբ և կավատային անամոթությամբ, քողարկվելով վարչական իրավախախտումների մասին օրենքի անհեթեթ տողերի տակ, վարչակույտը խելահեղ զվարճանում էր, ժողովուրդն անելանելիությունից տնքում էր։ Այժմ օրենք է գործում, որը սահմանել է հրավառության իրականացման վայրերը (հեռու բնակելի շենքերից, բուժհաստատություններից և այլնից), սահմանել է խոշոր տուգանքներ, սակայն հակահանրային տականքը մութն ընկնելուն պես դղրդացնում է երկիր ու երկինք։ Հիշեցնում եմ տիար Նիկոլին, որ նրա նշանակած ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սույն տարվա հունիսի 7-ին, ՀՀ կառավարության հերթական նիստում առաջարկեց առհասարակ արգելել հրավառությունները տարին բոլոր և թույլ տալ միայն պետական տոների ժամանակ «երջանկացնել» մարդկանց. և Դուք ասացիք. «Չի լինի օրենքի կանոնները խախտող հրավառություն, և վերջ»։ Բայց, օրենքի կանոնները, ակնհայտորեն ինչ-որ ներքին հրահանգով, խախտվում են ամենուր և ամեն օր, տականքը լիարժեք ազատություն է ստացել։
Միով բանիվ, նիկոլյան կախարդական փայտիկի հետ ինչ-որ բան է կատարվում, այն իր գործն անում է, բայց գործում է ի շահ նորաթուխ պետական վերնակույտի, հասկանալի է, որ ի վնաս հայ ժողովրդի, նիկոլապաշտների և մյուսների։

ՎԵՐՋԵՐԳ


Նախ և առաջ` անհրաժեշտ է երկրի տնտեսությունը կարգի բերել` նախ ազգայնացնելով ՀԷՑ-ը, գազի և շաքարավազի ներկրումները, հանքերն ու լճերը։
Նախ և հետո` բավարարվեք ԱԱԾ-ական ցուցքերի շքերթով և կոռուպցիայի վերացման համապետական ծրագիր ներկայացրեք հանրությանը։
Եվ, վերջապես` կախարդական փայտիկն ի պահ հանձնեք Հայաստանի պետական արխիվին, ժամանակն է։
Արարատ լեռան գագաթի ձյունը նոսրացել է, մի՞թե լեռը ծերացել է։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1855

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao