USD482.44
EUR564.60
RUB7.28
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

«Ո՞նց եղավ, որ բոլոր ասպարեզները պիտի աջակցվեն, գրականությունը՝ դառնա մշակույթի խորթ զավակը»

«Ո՞նց եղավ, որ բոլոր ասպարեզները  պիտի աջակցվեն, գրականությունը՝ դառնա մշակույթի խորթ զավակը»
27.07.2018 | 03:55

Մայրաքաղաքի և մարզային գրադարանների համալրումը գրահրատարակչական ոլորտի թիվ մեկ խնդիրներից է: Մեր տեղեկություններով՝ մշակույթի նախարարությունում վերանայվելու է գրականության և գրահրատարակչական ոլորտի քաղաքականությունը, նաև ավելանալու է գրքերի համալրման բյուջեն:


«ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ ԵՆ ՆՈՒՅՆ ՇԱՔԱՐ ՆԵՐՄՈՒԾՈՂԻ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՄԲ»

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ (ՀԳՄ նախագահ, բանաստեղծ, արձակագիր)


-Պարոն Միլիտոնյան, ինչպե՞ս է կարգավորվում գրադարանները գրքերով համալրելու գործընթացը:
-Տարիներ առաջ կար կառավարական որոշում. պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված գրքերը, երեք տարի եթե չէին իրացվում, բաշխվում էին հանրապետության, նաև Ջավախքի, Արցախի գրադարաններին:
Մշակույթի նախորդ նախարարը, չգիտեմ, թե ինչ համակարգ առաջարկեց, մամուլի հրապարակումների համաձայն՝ նախարարությունը շատ թանկ գրքեր է գնել՝ գրադարանները համալրելու համար: Չգիտեմ, թե ինչ տրամաբանությամբ է դա արվել: Համենայն դեպս, երբ ժամանակին տպագրվում էին աջակցության ծրագրի գրքերը, դրանց ինքնարժեքը շատ ցածր էր, անգամ ինքնարժեքից ցածր էր վաճառվում գիրքը, հատկապես մանկապատանեկան գրականությունը, և այդպես էլ բաշխվում էին կամ գրադարաններն էին գնում՝ իրենց ֆոնդերը համալրելու համար: Բայց վերջին երեք տարիներին առաջ քաշվեց այդ գաղափարը, որ աջակցության ծրագրով ժամանակակից գրողներ չհրատարակվեն: Արդյունքում տուժեցին նաև փոքր և միջին հրատարակիչները, որոնք մասնակցում էին պետական աջակցության ծրագրերին՝ մի քանի գրքով իրենց հեղինակներին ներկայացնելով: Այդ շերտը նահանջեց, մի քանի տարի էլ այսպես շարունակվի, կվերանա: Այնպիսի միջավայր է ստեղծվում, որ պետությունը ծառայում է մեկ-երկու հրատարակչության ծրագրերին ու գործունեությանը: Պետական քաղաքականությունն այդ իմաստով անընդունելի եմ համարում: Գրողները, հրատարակիչները պայքարում են փոքր և միջին բիզնեսի կայացման համար, խոսում են շաքարի ներմուծման մասին, բայց երբ խոսքը վերաբերում է իրենց բնագավառին, առաջնորդվում են նույն շաքար ներմուծողի գիտակցությամբ:
-Դուք երկար տարիներ ղեկավարել եք «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ը: Գիտե՞ք, թե ինչու է լուծարվում այդ օղակը:
-Արդեն լուծարվել է, օրինակ, «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ը, գրապալատը տեղահան արվեց, ժամանակակից գրականության աջակցության ծրագիրը վերացավ, «Գրական տապանը» վերացվեց: Չգիտեմ՝ ինչպես «գիր» բառը դարձավ խոտելի մի բան, երբ մշակույթի մյուս ասպարեզները հիմնված են հենց գրի վրա, նույն երաժշտությունը, թատրոնը, կինոն: Ո՞նց եղավ, որ այդ բոլոր ասպարեզները պիտի աջակցվեն, գրականությունը դառնա մշակույթի խորթ զավակը:

«ԵԹԵ ԳԻՐՔԸ ՀՆԱՆՈՒՄ Է, ՆՈՐ ՀԱՄԱԼՐՈՒՄ ՉԻ ԼԻՆՈՒՄ, ԳՐԱԴԱՐԱՆԸ ՍԿՍՈՒՄ Է ԾԵՐԱՆԱԼ»

ՏԻԳՐԱՆ ԶԱՐԳԱՐՅԱՆ (Ազգային գրադարանի տնօրեն)


-Պարոն Զարգարյան, կարելի՞ է ասել, որ գրադարաններն ինչպես հարկն է չեն համալրվում պահանջարկ ունեցող, թանկ ու լավ գրքերով:
-Ազգային գրադարանը այդ խնդիրը չունի. պարտադիր օրինակ ենք ստանում, եթե տեսնում ենք` գիրքը մեծ պահանջարկ ունի, լրացուցիչ օրինակներ էլ գնում ենք: Չմոռանանք էլեկտրոնային գրքերի պարագան. հիմա շատ էլեկտրոնային գրքեր կան, թե՛ հրատարակվում են, թե՛ ազգային գրադարանն է թվայնացնում: Ինչ-որ ձևով փորձում ենք լրացնել պահանջարկ ունեցող գրքերի բացը: Լուծումներ ենք գտնում: Որովհետև, եթե գիրքը հնանում է, նոր համալրում չի լինում, գրադարանը սկսում է ծերանալ: Պետք է անընդհատ թարմացվի ֆոնդը:
-«Պարտադիր օրինակի մասին» օրենքը որքանո՞վ է պարտադիր և նպատակահարմար: Կա կարծիք, որ պետությունը պետք է միջոցներ հատկացնի նոր հրատարակված գրքերը գնելու և գրադարաններին տրամադրելու. այսպես և՛ գրադարանները կշահեն, և՛ հրատարակչական գործը կզարգանա:
-Ընդհանրապես, աշխարհի շատ երկրներում հրատարակիչը պատիվ է համարում գրադարանին պարտադիր օրինակ նվիրելը, հասկանալով, որ ապագա սերունդներին ի պահ է տալիս իր հրատարակած մշակութային արժեքը։ Մեզ մոտ, տնտեսական վիճակով պայմանավորված, մի քիչ խեղաթյուրվում է այս ամենը, բայց ունենք բարեխիղճ հրատարակիչներ, որոնք սիրով գրքեր են նվիրում: Իբրև օրինակ, Չինարի գյուղի գրադարանը վառվել էր, կոչ արեցինք հրատարակիչներին, գրեթե բոլորը արձագանքեցին, արկղերով գրքեր նվիրեցին:
-Եթե գրքերը մաշվու՞մ են:
-Մինչև 1800 թվականի հնատիպ գրքերն ուղարկում ենք Մատենադարանի վերականգնողական բաժին, նոր շրջանի գրքերը վերականգնում ենք մեր գրադարանում:
-Գրքեր կան, որ մնում են գրադարակներում, ըստ այդմ, գրադարանների համալրումը շատ հարաբերական չի՞ դառնում:
-Համայնքային գրադարաններն այդ առումով շահեկան վիճակում են, ընտրում և գնում են այն գրքերը, որ իրենց պետք են, իսկ ազգային գրադարաններն այդ իրավունքը չունեն, երկրում տպագրված ամեն ինչ պետք է ձեռք բերեն:


«ՊԱՐՏԱԴԻՐ ԲԱՌԸ ԿԻՐԱՌԵԼԸ ՈՐԵՎԷ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ Է»

ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ («Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրաքննադատ)


-Հրատարակիչները պարտադիր օրինակ տրամադրու՞մ են ազգային գրադարանին:
-Խնդիրը հստակ ձևակերպված չէ, այսինքն՝ դրույթը կա, բայց ձևակերպումը հստակ չէ: Ի՞նչ է նշանակում պարտադիր օրինակ, «կուտակայինի» խնդիրն էլ եղավ, չէ՞: Պարտադիր բառը կիրառելը որևէ օրենսդրական նախաձեռնության մեջ հակասահմանադրական է, կոնկրետ «Անտարեսը» դրանից շատ վրդովված է և չի հատկացնում պարտադիր օրինակը, և դա նաև նրա համար, որ ամեն տարի պետբյուջեից գումարներ են տրամադրվել ազգային գրադարանին նոր գրքերի ձեռքբերման համար: Մենք համարում ենք, որ ազգային գրադարանը պետք է ձեռք բերի այդ գրքերը:
-Մշակույթի նախարարությունը գրքեր, նաև համալրման գումար է տրամադրում գրադարաններին, փոքր միջոցներով ինչ գրքեր կարող են ձեռք բերել գրադարանները:
-Տեսեք, մենք կողմ ենք, որ Հայաստանի բոլոր գրադարանները, ոչ միայն հանրայինը, պարբերաբար ձեռք բերեն նոր լույս տեսնող գրքեր, պարտադիր չէ «Անտարեսի» գրքեր, լա՛վ գրքեր: ՈՒ ես կարող եմ հետևյալը ասել. վերջին 4 տարիներին, հատկապես 2 տարիներին, ոչ միայն ազգային, Խնկո Ապոր անվան մանկական ու Իսահակյանի անվան գրադարանները, այլև մարզային բազմաթիվ գրադարաններ՝ Արագածոտնի, Հրազդանի, Մեղրու, Չարենցավանի, պարբերաբար «Անտարեսից» գրքեր են ձեռք բերում:
-Ըստ Ձեզ՝ ի՞նչ է պետք անել, որ շահեն և՛ գրադարանները, և՛ ընթերցողները, և՛ հրատարակիչները:
-Դա արդեն գլոբալ խնդիր է. եթե գրադարաններն ունենան սպասարկման նորմալ պայմաններ, բնականաբար, գրադարան կհաճախեն ավելի շատ ընթերցողներ, կլինի նոր գրքերի պահանջարկ, գրադարանն իր ընթերցողներին սպասարկելու համար ստիպված կլինի ձեռք բերել նոր հրատարակություններ, և կշահենք բոլորս:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1779

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ