USD481.66
EUR566.62
RUB7.32
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
 

Երեկոյան Երևանի դեղին լույսերը

Երեկոյան Երևանի դեղին լույսերը
27.07.2018 | 03:56

Համաչա՞փ են լուսավորվում Երևանի փողոցներն ու բակերը: Այս հարցն առաջացավ բնակությանս վայրը փոխելուց հետո: Համեմատություն անցկացրի ու հասկացա, որ երեկոյան ժամերին անփորձանք տուն հասնելու համար դիմում եմ հեռախոսիս լույսի օգնությանը: Մինչ այդ որևէ դժգոհություն չէի ունեցել:


Արտաքին լուսավորության կարգավար ԻՍԱՀԱԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ խոսքով՝ քաղաքի լուսավորությունն ապահովում են «լեդ» տեսակի լամպերը, լայն փողոցներում` մեկ սյան վրա երկու լուսատու է տեղադրված, նեղ փողոցներում՝ մեկ լուսատու. «Երբեմն վթարների պատճառով (մալուխ է վնասվում, գիծ, թողարկիչ է այրվում) լամպերը օրվա ընթացքում հանգչում են, վերականգնում ենք գիշերը, եթե վթարը գետնի տակ է կամ օդային, կարգավորում է առավոտյան տեղամասը, և տվյալ հատվածում լուսավորությունը այդ օրը կարող է թերի լինել, ինչը կախված չէ նրանից, որ մի տեղ լուսավորությունը լավ է, մի այլ տեղ` վատ»:


Իսկ եթե հանգած լամպ չկա, բայց չի բավարարում լուսավորությու՞նը: Գուցե լուսավորությունը բարելավելու կարիք, այնուամենայնիվ, կա՞: Մեր այս դիտարկմանն ի պատասխան Իսահակ Գասպարյանը մատնանշեց մեկ այլ հանգամանք. Տիգրան Մեծի պողոտան՝ «Տաշիր» հանրախանութից մինչև «Կայարան», ծառախիտ է, բոլոր լամպերը վառվում են, բայց լուսավորությունը այնպիսին չէ, ինչպես Տիգրան Մեծի` Հանրապետության հրապարակ-Խանջյան հատվածը. «Բարելավման խնդիր չկա, ընդամենը որոշ փողոցներում լուսատուները պետք է փոխարինվեն «լեդ» տեսակի լամպերով, թեև եղած լամպերն էլ ապահովում են համապատասխան լուսավորություն: Քաղաքում չկա փողոց, որ թերի լինի լուսավորությունը կամ առհասարակ չլինի: Նման խնդիր այս պահին չունենք»:


Զրուցեցինք նաև երևանաբնակ քաղաքացիների հետ։ Մի մասը գոհ էր լուսավորությունից, մյուս մասը մատնանշում էր բանուկ փողոցներ, որտեղ գրեթե լույս չկա, Նոր Նորքի բնակիչները դժգոհեցին հովհարային անջատումներից, ասացին՝ օրվա մեջ մի ժամ կարող է լույս չլինել, հայտնի չէ՝ ինչ պատճառով: Ավետիսյան փողոցի մի բնակչի էլ զարմացնում է անբարեխիղճ վերաբերմունքը. նրա տեղեկացմամբ՝ հաճախ է պատահում, որ ցերեկվա ժամերին փողոցների լույսերը վառվում են:


Երեկոյան ժամերին լուսավոր փողոցներով քայլելու հույսերս ի դերև ելան: Մեր նոր փողոցը (Արզումանյան) և՛ նեղ է, և՛ ծառաշատ: Իսկ հանգած լամպերից մեկը գոնե այնքան ժամանակ, ինչքան աչքս վրան եմ պահել (2-3 օր), հոգածության չի արժանացել:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 768

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Yerevan PerspectivesMarketers CommunityԱռողջ սիրտ