USD484.35
EUR556.13
RUB7.42
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Դեբորա Վոլդման և ՀՊԿՆ / Debora Waldman & NCOA
 

Ռոբերտ Քոչարյան. Իրավական սյուրռեալիզմի տպավորություն է թողնում այս ամենը

Ռոբերտ Քոչարյան. Իրավական սյուրռեալիզմի տպավորություն է թողնում այս ամենը
27.07.2018 | 13:01

Երեկ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրել: «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը մեղադրանքը համարեց հորինված և շինծու։


- Դուք երկար ժամանակ է, որ հարցազրույց չեք տվել հեռուստատեսային ֆորմատով: Իրո՞ք վիճակն այդքան անկյունադարձային է, որ համաձայնվեցիք:
- Այո:
- Այսօր Ձեզ կանչել են ՀՔԾ: Երևի առաջինն ենք, որ պետք է տեղեկանանք` ի՞նչ զրույց եղավ, ինչու՞ և ի՞նչ կարգավիճակով էին կանչել:
- Կանչել էին ինձ վկայի կարգավիճակով, բայց քննիչի հենց առաջին նախադասությունը հետևյալն էր, որ էդ կարգավիճակը փոխում են և մեղադրանք են առաջադրում իմ նկատմամբ: Ըստ էության, հանդիպումը եղել է մեղադրյալի կարգավիճակով:
- Եվ մեղադրանք ի՞նչ ձևակերպմամբ և ի՞նչ գործողությունների համար:
- Ճիշտ այն է, ինչ ՀՔԾ-ի հայտարարության մեջ էր կապված Միքայել Հարությունյանի հետ, ճիշտ նույնը: Այդ կոնտեքստի մեջ և ամբողջությամբ հորինված, շինծու, քաղաքական ենթատեքստ ունեցող և իրականության հետ որևէ առնչություն չունեցող մեղադրանքներ: Գիտե՞ք, ես տվյալ դեպքում հղում եմ անում ՀՔԾ-ի հայտարարությանը՝ կապված Միքայել Հարությունյանի հետ, քանի որ այս կարգավիճակով ես կոնկրետ այս մասով իրավունք չունեմ բարձրաձայնելու: Բայց սա է, չի ճանաչվում ՍԴ-ի որոշումը, չի ճանաչվում 2008-ի ընտրությունների արդյունքները: Ըստ էության՝ այսպես կոչված՝ լայն զանգվածների տրամադրությունները փորձում են տեղափոխել իրավական դաշտ և, ըստ էության, ստացվում է, որ 21,5 տոկոս հավաքած Լևոն Տեր-Պետրոսյանը, ըստ էության, հաղթել է 2008-ի ընտրություններում: Բովանդակության խտացված մասն այսքանն է, որն իրականությունից շատ-շատ հեռու է, որևէ առնչություն չունի: Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, վենդետա է թավշյա հեղափոխության, սիրո և համերաշխության... Ես երբեք չեմ մտածել, որ մեր իրականության մեջ կարելի է այսպիսի շինծու քրեական գործ ստեղծել փաստերի վերաբերյալ, որոնք ակնհայտ էին, բոլորը տեսնում էին, ամբողջությամբ օրենսդրության և սահմանադրության շրջանակներում են իրականացվել:
- 2008-ի նախագահական ընտրություններից հետո Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր, որ իրենք հաղթել են: Այն թեզը, որ իրականում հաղթանակը տոնել է ընդդիմության ներկայացուցիչը, այն ժամանակ էլ էին կրկնում:
- Գիտե՞ք, ինքը դեռ ընտրություններից երկու շաբաթ առաջ հայտարարում էր, որ ինքն արդեն հաղթել է: Ես հիշում եմ դա, իսկ ընտրություններից հետո հրապարակն ուղղակի անկառավարելի էր, նա արդեն նախագահ էր և պետք էր քայլեր ձեռնարկել պետական համակարգը կազմալուծելու ուղղությամբ, որոնք ձայնագրված են, եթեր էին գնում բոլոր ալիքներով, լրատվական միջոցներով հրապարակվել է այդ ամենը:
- ՀՔԾ-ն մեղադրանք է ներկայացրել Ձեզ, որ ընտրություններում ժողովրդի մեծամասնության կարծիքով հաղթած թեկնածուին Դուք թույլ չեք տվել, որ դառնա երկրի նախագահ:
- Որ սահմանադրական կարգն ենք տապալել: Ես, իբև գործող նախագահ, սահմանադրական կարգի կրող էի, և այդ սահմանադրական կարգը երաշխավորում էի, և ինքս ինձ տապալել եմ ինչ-որ տարօրինակ ձևով, և այդ տապալմանը մասնակցել է բանակի վերնախավը: Սահմանադրական կարգի տապալման փորձ արվել է հենց ընդդիմության կողմից, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից: Իրենք են չընտրված 21,6 տոկոսով հայտարարել, որ իրենք արդեն ընտրվել են և պետք է կազմալուծեն պետական համակարգը: Ըստ էության, թե մենք ի՞նչ սահմանադրական կարգ ենք տապալել ու այդ ի՞նչ հիվանդ երևակայություն պետք է մարդ ունենա, որ ընդհանրապես ենթադրի, որ սա հնարավոր մի բան է: Անկեղծ ասեմ՝ իրավական սյուրռեալիզմի տպավորություն է թողնում այս ամենը:
- ՀՔԾ-ն երբ ասում է, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, բայց հետո ԿԸՀ որոշում է եղել, հետո եղել է ՍԴ որոշում, որ ճանաչել է ընտրությունների օրինականությունը:
- Որը վերջնական է:
- Ձեր իրավախորհրդատուների հետ արդյո՞ք քննարկել եք սցենարը որն է, վերջը ի՞նչ է լինելու: Արդյո՞ք Սահմանադրական դատարանն է որպես մարմին կամ ՍԴ անդամները ներգրավվելու՞ են էս գործում, ԿԸՀ-ն:
- Գիտե՞ք, ինձ մինչև այս կարգի մեղադրանք առաջադրելը, առնվազն պետք է ԿԸՀ-ի կեսն արդեն բանտերում լինեին, ապացուցված լիներ, որ իրենք կեղծել են, հանցանք են գործել որոշումներ կայացնելուց և առնվազն ՍԴ վերաբերյալ ինչ-որ ակտեր պետք է լինեին, լուծումներ, պատիժներ և այլն, և այլն: Այ սա է պատկերը: Դրա համար եմ ասում, որ սա ուղղակի իրավական սյուրռեալիզմ է: Կուստուրիցան երևի կերազեր լիներ այս որոշման մակարդակի երևակայություն ունենար իր ֆիլմերն անելուց: Սա է իրականությունը և սա վտանգավոր պահ է մեր երկրի համար: Սա ռումբ է՝ դրված մեր պետականության տակ, որովհետև ՍԴ որոշումն այս ձևով վերանայումը կամ արհամարհանքը այդ որոշման նկատմամբ, ռումբ է մեր պետության տակ: Ռումբ է, որը հաստատ պայթելու է, հնարավոր չէ սա չպայթի: Մեր ամբողջ իրավական համակարգն այսօր շատ մեծ վտանգի տակ է գտնվում:
Սա կնշանակի, որ այս իրավական նիհիլիզմը կարող է կրկնվել հետագայում, ամեն մի իշխանություն, ի վերջո այս իշխանությունը հավերժ չէ, փոխվելու է, և նորերը պետք է գան, պետք է վերանայեն, պետք է վերանայեն: Մարտի 1-ի գործը անեծք է լինելու մեր ժողովրդի գլխին, եթե այս ձևով պետք է բացահայտեն: Սա բացահայտում չէ: Իրենք արդեն նշանակել են մեղավորներին և այդ նշանակման համար ձևակրպումներ են փնտրում, թե ինչ ձևով իրար կցեն՝ այդ մեղադրանքն ապահովելու համար: Սա, կրկնում եմ, չէի պատկերացնում, որ էդպիսի բան հնարավոր է ընդհանրապես, իսկ երկրի համար վտանգն անսահման մեծ է: Հաշվի առեք, որ ամբողջ բանակի վերնախավը մեղադրվում է, բանակն է մեղադրվում:
Պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, այս ի՞նչ ենք անում: Այս կարգի բանակի պախարակումը ինչի՞ է բերելու: Պրծա՞ծ է, Ղարաբաղի հարցը լուծվա՞ծ է, սահմանները հանգի՞ստ են, էլ անելիք չունե՞նք:
- Կա՞ն ուրիշ զինվորականներ, որ որպես վկա կամ կասկածյալ կամ մեղադրյալ հայտնի են:
- Ես իրավունք չունեմ դա ասելու, բայց վստահ եմ, որ այսօր-վաղը բոլորդ ազգանունները լսելու եք:
- Հարցաքննվել է նաև Խաչատուրովը:
- Ես չգիտեմ, ես եզրակացնում եմ, որ եթե բանակն է դա արել, և ես որ գերագույն գլխավոր հրամանատարն եմ, այդ ամենն իրականացրել եմ բանակի միջոցով, մեր ամբողջ բանակը հանցավոր է, մարդիկ, որոնք մեր փառավոր հաղթանակների ուղղակի հեղինակներն են: Ի՞նչ ասեմ:
- Նրանք հղում են անում հայտնի 0038 հրամանին, որ հրամանն ինքնին ենթադրում է, որ բանակն արդեն ներքաղաքական պրոցեսների մեջ է խառնվում:
- Նայեք, իրենք ընդհանրապես խառնում են, ասում են, որ այդ հրամանի միջոցով փաստացի մտցվել է ռազմական դրություն: Մարդիկ կամ ընդհանրապես պատկերացում չունեն ինչ է ռազմական դրությունը, կամ ունեն, բայց այլ կերպ ունեն: Այն փաստերը չունեն, որ գոնե քիչ թե շատ հիմնավոր կամ խելքին մոտիկ բան լինի գրված: Բացարձակ: Ես մամուլին մեկ հարցազրույցի ժամանակ ասել եմ, որ հանդիպում եմ ունեցել փետրվարի 23-ին զինվորական վերնախավի հետ, և այն կապված էր երկրապահի հետ, երբ հայտարարվում էր, որ շուտով երկրապահը, Մանվելը կմիանա, և այդ ամբողջ հանդիպման իւմաստը եղել է հետևյալը՝ բանակն իրավունք չունի ներքաշվել ներքաղաքական գործընթացների հետ: Մի քանի մեր գեներալներ, Մանվելն ինքը լինելով Պնախարարի տեղակալ, գործող գեներալ, երկրապահի խորհրդի իբրև անդամ, երկու օր գիշեր-ցերեկ քննարկում էին, թե երկրապահը պիտի՞ միանա ցուցարարներին, թե՞ ոչ: Անթույլատրելի մի երևույթ էր, և ես ուղղակի պահանջել եմ պաշտպանության նախարարից միջոցներ ձեռնարկել բանակը քաղաքական գործընթացներից հեռու պահելու համար:
Բանակի անմիջական կառավարումը նախարարությունն է իրականացրել, նախագահը չունի ավելի լայն իրավասություններ, քան Սահմանադրությամբ է: Այդ հրամանը նախարարի հրամանն էր հենց այդ ուղղությամբ:
- Որի մասին Դուք տեղյակ եղել եք:
- Երկու օր հետո ինքն ինձ ասաց, որ որոշել են սպայական կազմը զորանոցային վիճակի բերել մեկ նպատակով՝ հեռու պահել քաղաքական ազդեցություններից այդ ժամանակահատվածում, երբ բոլոր միջոցներն ընդդիմությունը կիրառում էր երկրապահի միջոցով բանակը ներքաշելու այդ գործընթացի մեջ: Եվ միակ նպատակը դա էր: Չպետք է մոռանալ, որ այն ժամանակ մենք տագնապալից լուրեր էինք ստանում առաջնագծից, շփման գծից: Իրոք, պրոբլեմ է եղել, որը մարտի 4-ին արտահայտվել է իմ 10 տարվա նախագահության ժամանակահատվածի ամենախոշոր ընդհարումներով: Միշտ հակառակորդն օգտվում է մյուս կողմի ներքաղաքական ծանր իրավիճակից: Անկեղծ ասեմ, մենք օգտվել ենք այդ իրավիճակից, երբ պրոբլեմ է եղել Ադրբեջանում, հիշում ենք՝ մեկ նախագահ, մյուս նախագահ, հազարավոր մարդկանց միտինգներ, մենք այդ վիճակից օգտվել ենք: Եվ Ադրբեջանն այդ վիճակից փորձում էր օգտվել այդ ժամանակ: Ամբողջ առաջին գծով մենք այդ տեղեկությունները ստանում էինք և գիտեինք ինչ է կատարվում:
Տվյալ դեպքում երկու խնդիր էր լուծում պաշտպանության նախարարը.
Առաջինը՝ մարտունակությունն ապահովելու այս իրավիճակում
Երկրորդ՝ կամ տեղերը կարող եք փոխել, երևի նույն կարևորությունն ուներ, քաղաքականությունից հեռու պահելու սպայակական կազմին: Այլ նպատակ սա չուներ:
- Պարոն նախագահ, Դուք վերջին հարցազրույցում բանակի մասնակցության մասին կարճ էիք պատասխանել. բանակային զորամիավորումներ մասնակցե՞լ են այդ գործողություններին, թե՝ ոչ:
- Նայեք, եթե հայտարարվում է արտակարգ դրություն, սա իմ իրավունքն էր որոշում կայացնել բանակի վերաբերյալ, առաջին հերթին նման դեպքերում ի՞նչ են անում, եթե սպառալիք կա սահմանադրական կարգի. առաջին հերթին բանակը պետք է վերահսկողության տակ վերցնի կառավարության շենքերը՝ կառավարություն, ֆինանսների նախարարություն, ԿԲ, ատոմակայան և այլ ռազմական կառույցները: Հիմա, տվյալ դեպքում ես չգիտեմ մանրամասնությունները, թե ինչ են արել, ուր են գնացել, որովհետև այդ օպերատիվ հարցերով, առօրյա կառավարմամբ ես չեմ զբաղվում, ես նախագահ եմ, բայց բանակն առաջին հերթին նման դեպքերում այս նպատակների համար է օգտագործվում, և ես տեղեկություն չունեմ ընդհանրապես, որ բանակն օգտագործվել է ցուցարարների դեմ:
Մենք որևէ վիրավոր կամ մարմնական վնասվածք ստացած զինծառայող չունենք: Մենք ունենք երկու զոհ ներքին զորքերից և 8 զոհ քաղաքացիներից՝ ոստիկանության և ցուցարարների բախման արդյունքում, բայց մեկ վիրավոր զինվոր չունենք բանակի: Ոստիկաններից 100-ից ավելի մարդ տարբեր կարգի մարմնական վնասվածքներ են ստացել, որոնցից 50-ից ավելին՝ բավականինն լուրջ: Ինձ և նախարարը, և անվտանգության պետը հաջորդ օրը զեկուցում են, որ բանակը չի բախվել ցուցարարների հետ, որովհետև իմ համար զարմանալի էր, թե խի պետք է 10 զոհ լիներ: Շատ էր անսպասելի և ինձ համար զարմանալի: Առաջին հերթին մտածում էի՝ ինչու՞ պիտի այսպես լիներ: Եվ հետագա նաև բանակի զենքերի զննությունն ամբողջությամբ այդ զորամիավորումների, որ ներգրավված էին հրամանագրով այլ գործողությունների, ցույց են տվել, որ բանակը զենք չի օգտագործել, այդպիսի հայտարարություն կար, և քննչական խումբը, որ իրականացրել է գործողություն, դրանից հետո ես նախագահ չէի, այդպիսի եզրակացության էր եկել: Այդպիսի եզրակացության էր եկել խորհրդարանական հանձնաժողովը, նույնիսկ նրանք ավելին, ասում էին, թե ես ավելի շուտ պետք է մտցնեի արտակարգ դրություն, նույնիսկ եզրակացության մեջ է այդ կարծիքը:
Իմ կողմից հետևյալն է, ես մտցրել եմ այն ժամանակ, երբ արդեն առաջին մարդը զոհվեց. նա եղել է ներքին զորքերի կապիտան, Համլետ էր անունը: Այդ տղան զոհվեց: Երբ որ ճեղքվեց ոստիկանական զորքերի շարքերը և խառնվեցին ցուցարարները ոստիկանների հետ և Պռոշյանով սկսվեց թալան, այդ ժամանակ ես ստորագրեցի: Գուցե ուշ էր, ավելի շուտ ստորագրեի՝ հետո կմեղադրեին, որ հիմքեր չկար, պատճառ չկար արտակարգ դրություն մտցնելու: Սպասել եմ:
- Իշխանության մեջ այդ օրը միասնականություն եղե՞լ է արտակարգ դրություն մտցնելու:
- Ես օրենքով պետք է խորհրդակցեի և խորհրդարանի նախագահի, և վարչապետի հետ: Ամբողջ պրոցեդուրաները պահպանված են: Ես դրա մասին ասել եմ Վարդան Օսկանյանին, ասել եմ մեր արտաքին գործընկերներին, պարտնյորներին տեղյակ պահեք, որ այսպիսի բան հնարավոր է, եթե վիճակը վատագույն սցենարով զարգանա: Արտակարգ դրություն մտցնելու վերաբերյալ եղավ խորհրդարանի որոշումը, որը կարող էր բեկանել, բայց չի եղել այդպիսի բան: Չի եղել որևէ մեկը, որ զանգեր, կապվեր ինձ հետ ու ասեր, որ չարժեր, պետք չէ և այլն: Էդպիսի բան չի եղել: Բոլորի համար պարզ էր, որ այս վիճակն այլ կերպ հնարավոր չի զսպել: Գիտե՞ք կարող էր դա չլիներ, և զոհերի քանակը կրկնակի, եռակի լիներ:
- Պարոն նախագահ 20-25 րոպե խոսում ենք, բայց Ձեր ճակատագրի մասին որևէ բան չասեցիք, ավելի շատ խոսեցիք բանակից: Այս քրեական գործի նման շարունակման դեպքում բանակի վիճակի հետ կապված ի՞նչ սցենար եք կանխատեսում:

- Բայց էլի բանակից եք հարց տալիս:
- Այո, քրեական գործը, որ հիմա տարվում է, սկզբում անհանգստություն ունեցաք բանակի հետ կապված, ի՞նչ սցենար եք կանխատեսում բանակի հետ կապված:
- Առաջինը բանակն է պախարակվում այս ամենի պատճառով, որովհետև անտեղի, անհիմն բանակի վերնախավը, մարտական լուրջ ճանապարհ անցած զինվորականները մեղադրվում են մի հանցանքի մեջ, որն իրենք չեն կատարել: Սա արդեն կոռուպցիոն գործ չի, սա Մանվել Գրիգորյանի զգուշչոնկա-տուշոնկա չէ, սա լրիվ ուրիշ բան է: Փորձում են պատմությունը վերափոխել, ամբողջը շուռ տալ: Եթե այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանն է կրել, ուրեմն անցած ամբողջ 10 տարիներն ապօրինի տարիներ էին, ուրեմն ինչքան օրենքներ է ընդունվել, ինչ որ արվել է այս տարիների ընթացքում… Այս ամբողջը նիհիլիզմի դրսևորում է, ծայրահեղական: Այս ամբողջն ապօրինի է, ուրեմն կարելի է արհամարհել: Այս իշխանությունը ճանապարհ փակելով եկել է իշխանության, և իրավական դաշտում խոսելով օրինականությունից, ծայրահեղ ապօրինի որոշում է կայացնում: Հիմա ասելու են մենք կապ չունենք ՀՔԾ-ի հետ: Միայն այդ ՀՔԾ-ի ղեկավարին փոխելուց հետո այսպիսի դրվագներ առաջացան: Ի՞նչ է նշանակում: Մինչ այդ այդ նույն մարմինը քննություն է իրականացրել լրիվ այլ:
- Հիմնավորում է, որ նախկին իշխանությունները թույլ չեն տալիս:
- Հիմա թող բռնեն նրան, ով թույլ չի տվել, ես իշխանության առաջ էի: Ես ապրիլի 9-ից իշխանություն չունեի, ավելին, այդ իշխանությունների հետ հարաբերությունները լարված են եղել, ես միշտ քննադատել եմ, անհամաձայնությունս էի հայտնում շատ հարցերում: Համենայն դեպս, ես այդ պրոցեսի վրա ազդելու հնարավորություն չեմ ունեցել: Մինչև այս ամենն անելը, ուրեմն պետք է բացահայտված լինեին, որ սխալ է եղել, ով է խանգարել, ոնց է խանգարել: Պետք է արդեն ԿԸՀ-ի կազմը պատասխանատվության ենթարկված լիներ… Անհասկանալի մի երևույթ է:
-ՈՒզում եմ ճշտել՝ այսօր կանչել են Ձեզ հարցաքննության և մեղադրա՞նք են առաջադրել: Դուք մենա՞կ եք եղել, թե՞ փաստաբանի հետ:
-Գնացել եմ փաստաբանի հետ, ենթադրել եմ, որ կարող է նաև այսպիսի սցենար առաջանա: Գիտե՞ք, իմ տպավորությամբ, մտածում են սպասվելիք արտահերթ ընտրություններին իմ հնարավոր մասնակության մասին և էս գլխից ուզում են չեզոքացնել ինձ, իմ հնարավոր մասնակցությունը: Ես վերջին 10 տարում բազմիցս հայտարարել եմ, որ քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունեմ: Սա այն դեպքն է, երբ քաղաքականությամբ դու չես զբաղվում, քաղաքականությունն է սկսում զբաղվել քեզնով:
- Կարելի՞ է ենթադրել, որ դուք արդեն ակտիվ քաղաքականությամբ եք զբաղվելու, թե արդեն զբաղվում եք։
- Ես մտածում եմ, որ սրանով ուզում են չեզոքացնել իմ ակտիվ մասնակցությունը գործընթացներին: Մարդիկ հասկանում են, որ միայն իմ ղեկավարության օրոք է տնտեսությունն էական զարգացել, 5 անգամ աճել է երկրի ՀՆԱ-ն, 10 տարում, մենք աշխարհի ամենից արագ զարգացող երկրների հնգյակում ենք եղել կամ տասնյակում: Տնտեսական միջին աճը եղել է տարեկան մոտ 10.5 տոկոս: Մի քանի պետություն են ընդամենը նման կարգի աճ ապահովել: Իսկ վերջին 3 տարում՝ 12.5 տոկոս միջին աճ: Մարդիկ հիշում են՝ այն ժամանակ կայացավ փոքր և միջին բիզնեսը, ՀՆԱ-ն 12 տոկոսից դարձավ 44 տոկոս: Հասկանալի է, որ նման «բագաժով» մարդը կարող է իրենց համար վտանգ լինել հնարավոր հետագա ընտրությունների ժամանակ: Ի դեպ, նախկին իշխանությունը ևս մտահոգ էր այդ հարցով: Երևի իմ կերպարը հանգիստ չի տալիս: Ով էլ գա իշխանության, պետք է անընդհատ ինձնից մտահոգված լինի:
- Երբեմն Դուք եք տեղիք տալիս Ձեր հայտարարություններով, գնահատականներով:
- Ասեմ ինչու: 10 տարի ես քննադատության եմ միշտ ենթարկվել նույն հանրապետականների կողմից, ինչի՞ համար, որովհետև ես որոշ հարցերի վերաբերյալ, երբ համաձայն չէի, արտահայտվում էի, քննադատում էի, համարում էի, որ իրավունք չունեմ լռելու: Եթե ես կենսաթոշակային պարտադիր վճարի հետ համաձայն չէի, չէի կարող իմ կարծիքը չհայտնել կամ կամերաների, կարմիր գծերի կամ հայ-թուրքական արձանագրությունների… Առաջինը ես եմ խոսել հայ-թուրքական արձանագրություններից և այդտեղից է սկսվել նաև այսպես ասած՝ իմ նկատմամբ շատ զգուշավոր վերաբերոմունքը նաև նախկին իշխանությունների կողմից: Ինձ կապում էին միշտ Սերժ Սարգսյանի հետ: Մինչև հիմա կապում են: Մենք լուրջ, շատ դժվար ճանապարհ ենք անցել միասին, բայց այդ նույն կապը ուղղակի անցած տարիներին համարյա խզվել է: Ես վերջին 5 տարիներին Սերժ Սարգսյանին տեսել եմ 2 անգամ:
- Չե՞ք ցավում:
- Ցավում եմ: Հեռախոսով կարող ենք շփվել, տարին մի 2-3 անգամ ծնունդ շնորհավորել և այլն: Բայց ես չեմ կարող չգնահատել այն ճանապարհը, որ նա անցել է Ղարաբաղում կամ այստեղ՝ Հայաստանում՝ լինելով պաշտպանության նախարար, անվտանգության պետ: Եվ սա մոռանալ ոչ ոք չի կարող:
- Պարոն նախագահ, տեղաշարժման սահմանափակում քննչական մարմինը դրե՞լ է:
- Ավելին, իրենք մտնում են դատարան ինձ կալանքի տակ դնելու համար: Այսինքն՝ ԼՂՀ 1-ին նախագահը, ՀՀ 2-րդ նախագահը, Ղարաբաղի այն նախագահը, որի ժամանակ Ղարաբաղը փառավոր հաղթանակներ է կրել և այսօր անվտանգության գոտի է ձևավորել, այդ նախագահը, և ՀՀ նախագահը, որի ժամանակ Հայաստանի տնտեսությունն աճել է 5 անգամ, վաղը-մյուս օրը կարող է լինել բանտում: Շինծու, աբսալյուտնի շինծու մեղադրանքով: Սա է: Ես պատկերացնում եմ այն հրճվանքը, որ Ադրբեջանում պետք է ապրեն այս ուղղությամբ: Տվեք, տվեք այդ նվերը:
- Դուք կանխատեսու՞մ էիք նման բան, մինչև Երևան գալը:
- Ես հատուկ եկել եմ ցուցմունք տալու համար: Հենց իմ կարգավիճակը փոխեցին, հենց սկզբից որոշեցի ցուցմունք չտալ, որովհետև երբ կարդացել եմ այդ մեղադրանքը, ապշել եմ: Ապշել եմ այդ մեղադրանքի իրավական տեսանկյունից զրոյական մակարդակից: Ես այդ իրադարձությունների մասնակից եմ եղել և գիտեմ, որ այս ամբողջը հնարավոր չէ: Սա բերելու է ուրիշ բանի, այդ մշակույթն է երկրում ձևավորվում: Դա 37 թիվն է դառնում, այս մեղադրանքն առաջին ազդանշանն է, որ մենք այս ուղղությամբ ենք գնում: Դուք էլ զարմացաք, այդպես է, այո, վաղը չէ մյուս օրը ես կարող եմ հայտնվել բանտում: Այսպես ասեմ, կգնամ-կնստեմ, կպայքարեմ մինչև վերջ: Եթե մտածում են փախնելու… որտե՞ղ պիտի փախնեմ, իմ կենսագրությունն ամբողջությամբ այս երկրի հետ է: Ի դեպ, ասեմ, մի գիրք եմ գրել: Վերջին 2 տարին օր չի եղել, որ 6-8 ժամ չտրամադրեմ այդ գրքին: Ամբողջ պատմությունն է և իմ մասնակցությունը, ինքնակենսագրական գիրք է, չափազանց հետաքրքիր է լինելու, որովհետև գրվել են բաներ, որոնք խոհանոցային են, երբեք չեն հրապարակվել, և մեր հանրությունը չգիտի դրա մասին:
- Նման վատագույն սցենարի դեպքում…
- Ամենից հնարավոր սցենարն է դա:
- Կուրախանան, կասեն՝ տեսա՞ք բռնեցինք: Ինչու՞ է, որ արդեն տևական ժամանակ միայն Ռոբերտ Քոչարյանի անվան հետ է կապվում մարտի 1-ը:
- Չեմ կարծում, որ ծափահարողները շատ են լինելու, լինելու են նրանք, ովքեր ղարաբաղյան շարժման հետ, պատերազմի հետ, հաղթանակների հետ կապ չեն ունեցել, խուսափել են բանակից տարբեր կեղծ առիթներով և բարդույթ ունեն այն մարդկանց նկատմամբ, ովքեր այդ հաղթանակը կերտել են: Չեմ կարծում, որ ողջամիտ զանգվածը Հայաստանում կարող է սրանից ուրախանալ: Սա առաջին, հիմա ինչու՞ են կապում իմ հետ: Ես հիշում եմ, երբ որ սկսվեց իշխանությունների և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև հայտնի դիալոգը՝ 2008-ի ընտրություններից մեկ ամիս անց: Այդ դիալոգի շրջանակում իրար հետ պայմանավորվում-հանդիպում են, Լևոն Տեր-Պետրոսյանը հայ-թուրական արձանագրությունները ողջունեց, սկսեց պաշտպանել… հիշում եք ամբողջ պատմությունը, և ստեղծվեց մի վիճակ, երբ ես քննադատվում էի: Եվ ընդդիմադիր մամուլի, և իշխանական մամուլի համար ես թիրախ էի դարձել: Ես մամուլ չունեի, ոչ թերթ, ոչ հեռուստատեսություն: Երկու հարցազրույց եմ տվել՝ փորձելով հիմնավորել և պատմել: Վերջինը եղել է 2010 թվին:
Հետո տեսա, որ մեկ է՝ չեն լռում, հա գրում են, գրում են, գրում են… Ես այն մարդը չեմ, որ 100 անգամ գրեն, 100 անգամ պատասխանեմ: Համարել եմ, որ լավ, մի երկու անգամ ասել եմ, ով հասկացել է, հասկացել է, ով չի հասկացել, չի հասկանա:
Այդպիսի թեզ կա չէ՞ սուտը հարյուր անգամ ասելու դեպքում սկսում են հավատալ: Ամբողջությամբ մարտի մեկի սցենարները, որ ասում են, կապ չունի իրականության հետ և կապ չունի կոնկրետ 10 զոհերի մեղավորների բացահայտման հետ: Ոչ Միքայել Հարությունյանը, ոչ մյուս զինվորականները, ոչ ես էնտեղ չենք եղել: Ամբողջ գիշեր ես իմ գրասենյակում էի նստած: Լրիվ այլ ճանապարհով են գնացել և, կրկնում եմ՝ սա ոչ մի կապ չունի մարտի 1-ի բացահայտման հետ: Իրենք քաղաքական որոշում են կայացրել, նշանակել են մարտի 1-ի մեղավորը: Սրանով լուծում են երկու-երեք հարց: Առաջինը, ինձ փորձում են չեզոքացնել հնարավոր քաղաքական գործըթնացներին մասնակցելուց: Կարծում եմ՝ սա հիմնական ննպատակն է: Եվ երկրորդը՝ կասեն մարտի 1-ը բացահայտվեց: Ի՞նչ բացահայտվեց: Զոհվեցին 10 անմեղ մարդիկ: Ո՞վ կրակեց:
- Կրակողներին չեն բացահայտի, կասեն՝ իշխանություններն են մեղավոր:
- Ես էլ կասեմ ուրիշ բան: Ես շատ եմ մտահոգ եղել այդ իրավիճակից: Ես էլ համարում եմ՝ այն մարդիկ են արել, ովքեր առաջին հերթին ցանկություն են ունեցել իշխանություններին վարկաբեկել: Լավ, եթե ամբողջ զենքերը ստուգում են և պարզվում է՝ որևէ ոստիկանի մարտական զենքից կամ զինվորականի զենքից չի կրակվել, ո՞վ է կրակել: Դուք մտածում եք, թե ոստիկանը գնացել է, մասնակցել է այլ զենքով, ոչ թե իր տաբելային զենքո՞վ: Դա հեքիաթ է: Ես էլ համարում եմ, որ կարող է լինեն մարդիկ, որ հատուկ են դա արել: Ոչ մի հայտնի ընդդիմադիր գործիչ չի տուժել մարտի 1-ին, մարդիկ են տուժել, որոնց հանրությունը չի ճանաչում: Որևէ շահագրգռվածություն չկար, ոնց որ մեկ-երկուսը մտնեին, ուղղակի անկապ ստեղ-ընդեղ կրակեին, հետո դուրս գային, գնային-կորեին: Հետո ամբողջ մեղքը բարդում են իշխանության վրա: Դուք այս սցենարը բացառու՞մ եք: Մենք քանի՞ ահաբեկչական խմբեր բացահայտեցինք: Չգիտեմ, թե ում գլխում կարող էր այսպիսի բան ծնվել, հատկապես այդ մթնոլորտում… Ես կարծում եմ նաև, որ չեն բացահայտվում կոնկրետ դրվագները հենց այդ պատճառով, որ այս սցենարը շատ հավանական է: Ամբողջ հանրահավաքների ժամանակ օպերայի դիմաց ավելի շատ մտահոգված էին Հայկ Հարությունյանը և Գորիկ Հակոբյանը, որ հանկարծ հրապարակում մի բան չպատահի մեկի հետ, մի բան մեկը չպայթացնի, որն առաջինը կմոբիլիզացնի իրենց ուժերը և երկրորդը՝ իշխանություններին մեղադրելու առիթ կդառնա, պատրվակ: Ավելի շատ դրա մասին էինք մտածում, ամեն անգամ ինձ զեկուցելիս սա էին ասում: Երբ ինֆորմացիա կար, որ մարդ են նկատել՝ զենք, նռնակ ունի, առաջին հերթին Գորիկ Հակոբյանի մտահոգությունը սա էր, ասում էր՝ մի շան որդին էնտեղ մի բան պայթացնի՝ թե հատուկ մտածելով, թե ինչ-որ հոգեկան ոչ հավասարակշիռ վիճակում գտնվող, սրա պատասխանը ո՞նց ենք տալու, սաղ մեր վրա են բարդելու: Եվ զննությունը, որ առավոտ եղավ, հենց այդ մտահոգությունից էր բխում:
- Վերջին հարցազրույցում այսպիսի միտք եք ասել. Մանվել Գրիգորյանին է վերաբերում: «Ասել եմ նաև, որ եթե մինչև երեկոյան Երկրապահում ժողովները և հավաքները չդադարեցվեն, անց են կացվելու զենք-զինամթերքի հայտնաբերման գործընթացներ շենքի տարածքում և ներկաների շրջանում: Այդ օրը երեկոյան շենքն արդեն դատարկ էր»: Ինչու՞ մինչև խուզարկությունը չէր արվում: Հատկապես Մանվել Գրիգորյանի դեպքը, որ հոկտեմբերի 27-ից հետո էլ իշխանությունից լրիվ անկախ կեցվածք ու լրիվ անարխիստական, նաև՝ մարտի 1-ին նախորդող օրերին:
- Ըստ էության, անվտանգության ծառայությունն այդ ամեն ինչին հետևում էր, բայց առաջին հերթին մարդկանց չգրգռելով: Եվ նույն երկրապահին չէինք ուզում գրգռել այն աստիճանի, որ գնան-միանան: Բայց սա չի նշանակում, որ չի արվել, որովհետև այդ հավաքած տեղեկություններից հետո, մարտի սկիզբն էր, ահագին զենք հավաքվեց: Լուրջ ինֆորմացիայի ծավալ հավաքվեց: Որովհետև մարդիկ այդ ժամանակ բագաժնիկներում բերում էին: Հետո մտածում էինք՝ լավ, զինաթափելուց այդ մթնոլորտում կարող է մարդ դիմադրի, դիմադրում նշանակում է կրակոցներ, կրակոցներ նշանակում է, որ կարող են նաև զոհեր լինել: Ամեն ինչ անում էի խուսափելու համար այդ ամենից:
- Ինչու՞ իշխանությունն այդ օրերին չէր հայտարարում, որ պայմանագրային զինծառայողներ՝ հայտնի գումարտակներից մեկի, ուղղակի հրամանով բերվել-միացել են ընդդիմադիր հանրահավաքներին:
- Չեմ հիշում, ես հիշում եմ, որ բավականաչափ հայտարարություններ եղել են, տվյալ դրվագը ես չեմ հիշում: Վերջը, այդ վիճակը չէր վերահսկվում օրվա երկրորդ կեսին, 4-5-ի կողմերը: Ըստ էության, այդպես էր վիճակը: Եվ արդեն այդ ժամանակ ես մտածում է, որ կարող է արտակարգ դրություն մտցնելու անհրաժեշտություն առաջանա: Որովհետև անվտանգությունից ինձ անընդհատ զեկուցում էին դրա մասին, որ ներքին զորքերը կազմալուծված են: Եվ այն ժամանակ ես խոսում էի և Գորիկ Հակոբյանի հետ: Բանակի հարց դեռ չկար այն ժամանակ: Բայց արտակարգ դրություն մտցնելու գաղափար այն ժամանակ եղել է արդեն: Հանձնարարել էի պատրաստել հրամանագիրը: Ցանկություն չունեի, մեկ ամիս էր ինձ մնում պաշտոնից գնալու: Ինչի՞ս էր պետք: Սպասել եմ հնարավորինս՝ հույս ունենալով, որ չէ, կկարգավորվի, կկարգավորվի: Հիշու՞մ եք՝ այդ ժամանակ, որ հենց բարիկադներ դրվեցին, հենց Նիկոլ Փաշինյանը, երբ բանակցում էին ոստիկանները ցուցարարների հետ, որ կազմակերպված ձևով գնան Մատենադարանի մոտակայքում հանրահավաքը շարունակեն, որովհետև առաջարկ ենք տվել ցուցարարներին: Դավիթ Շահնազարյանն էր, Խաչատուր Սուքիասյանն էր, եթե չեմ սխալվում, Նիկոլ Փաշինյանն իր վրա վերցրեց այդ ամբոխի ղեկավարումը, կտրուկ մերժեց և կոչ արեց բարիկադներ կառուցելու: Սա է փաստը, որը ձայնագրված է: Դրանից հետո հատնի էր , որ սա լավ ավարտ չի ունենալու: Այնուամենայնիվ, փորձում էինք համբերատար ինչ-որ բաներ անել՝ խուսափելու համար բախումից:
Հենց այդ պահին, ոստիկանական մեքենա էր վառվել, 4 ոստիկանի ծեծել էին, մեկ պատգամավոր փորձել էր պաշտպանել ոստիկանին, դանակահարել են՝ Արմեն Մարտիրոսյանին: Հո չե՞նք մոռացել այս ամենը մենք: Ոստիկանի զենքերն են գողացել՝ ծեծված ոստիկանների: Համբերատար ուղղակի սպասել եմ, սպասել՝ մինչև վերջին պահը: Երբ ուղղակի արդեն հրապարակից ամբոխը դուրս եկավ, և արդեն ճեղքեց, սկսեց թալան և այլն և այլն: Դուք գտեք, որ ՀՔԾ-ի ամբողջ հաղորդագրության մեջ տողեր են գնում խաղաղ ցուցարարներ, խաղաղ ցուցարարներ: Էդ 95 մեքենան ո՞վ է վառել, ոստիկաննե՞րն են վառել, հարյուրքանի ոստիկան ո՞նց է վիրավորվել, իրենք իրենց են ծեծե՞լ: Ես էլ բացատրութուն չունեմ:
- Ի՞նչ եք պատրաստվում անել, պարոն նախագահ:
- Պայքարել
- Իրավակա՞ն գետնի վրա, թե՞ քաղաքական:
- Առաջին հերթին իրավական գետնի վրա, բայց եթե այս ամենը իրավական հարթության մեջ լինի: Չեմ կասկածում նաև, որ վերջնականապես հաղթելու եմ: Որովհետև շատ շինծու քրեական գործ է, բան չկա այստեղ: Բայց երբ տեսնում ես, որ մարդիկ ընդունակ են այս կարգի կեղծարարության, հասկանում ես, որ իրենց համար սրբություն չկա, ամեն ինչի ընդունակ են: Հիմա ո՞նց կպահի իրեն դատարանը, առաջին ատյան երկրորդ, երրորդ: Ես չգիտեմ: Ակնհայտ է մի բան՝ պարտավոր եմ պայքարել և պայքարելու եմ: Եվ եթե մեր ժողովուրդն անտարբեր չէ այս երևույթների նկատմամբ, այն մարդիկ, որ այսօր թաքնվեն, վաղն իրենց գլխին է ջարդվելու: Եվ կրկնում եմ սա ռումբ է Հայաստանի պետականության համար, այն, ինչ անում են:

Դիտվել է՝ 4438

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ