Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Իրավական սյուրռեալիզմն» ընդդեմ սյուրռեալիստական իրականության

«Իրավական սյուրռեալիզմն» ընդդեմ սյուրռեալիստական իրականության
27.07.2018 | 17:47

Կամ` մի հարցաքննության պատմություն, որ երեկ չկայացավ ու վերաճեց հարցազրույցի: Երեկ Ռոբերտ Քոչարյանը վկայի կարգավիճակով ներկայացել է ՀՔԾ` հատուկ քննչական գործողությունների: Իր խոսքով` ի սկզբանե հայտարարվել է, որ նա մեղադրյալ է ու ինքը հրաժարվել է հարցաքննությունից: Երեկ ՀՔԾ-ն որոշել էր Ռոբերտ Քոչարյանին կալանավորել, բայց դատական նիստ չկայացավ` Քոչարյանը ծանուցագիր չէր ստացել ու դատարան չէր ներկայացել: Նիստը նշանակված է այսօր, ժամը 11-ին: Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ-ից գնացել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերություն ու հարցազրույց տվել` ասելով այն ամենը, ինչ չի ասել ՀՔԾ-ում: Կամ` դեռ կասի: Այդքանն ու ավելին` եթե ցանկանա: Դատելով հարցազրույցից` Ռոբերտ Քոչարյանը բացարձակապես անմեղ է ու պաշտպանված սահմանադրական իմունիտետով ու գուցե հենց այդ նկատառումներով էլ վերադարձավ ու ներկայացավ ՀՔԾ: Ապացուցելու, որ ինքը ինքը ոչնչում մեղավոր չէ: Համենայն դեպս` նա մեղադրանքը համարում է «ամբողջությամբ հորինված, շինծու, քաղաքական ենթատեքստ ունեցող և իրականության հետ որևէ առնչություն չունեցող»: Գուցե վոինի նրա կերպարին անհարիր է, բայց ի սկզբանե երկրորդ նախագահը սլաքներն ուղղեց ԿԸՀ-ի ու ՍԴ-ի դեմ` հայտարարելով, որ կատարվողն ակնհայտ «քաղաքական հետապնդում է, վենդետա է թավշյա հեղափոխության, սիրո և համերաշխության... Ես երբեք չեմ մտածել, որ մեր իրականության մեջ կարելի է այսպիսի շինծու քրեական գործ ստեղծել փաստերի վերաբերյալ, որոնք ակնհայտ էին, բոլորը տեսնում էին, ամբողջությամբ օրենսդրության և սահմանադրության շրջանակներում են իրականացվել»: Քոչարյանը կրկնում է արդեն բարձրաձայնած փաստարկը` «Ո՞ր սահմանադրական կարգն ենք տապալել: Ես, իբև գործող նախագահ, սահմանադրական կարգի կրող էի, և այդ սահմանադրական կարգը երաշխավորում էի, և ինքս ինձ տապալել եմ ինչ-որ տարօրինակ ձևով, և այդ տապալմանը մասնակցել է բանակի վերնախավը: Սահմանադրական կարգի տապալման փորձ արվել է հենց ընդդիմության կողմից, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից: Իրենք են չընտրված 21,6 տոկոսով հայտարարել, որ իրենք արդեն ընտրվել են և պետք է կազմալուծեն պետական համակարգը: Ըստ էության, թե մենք ի՞նչ սահմանադրական կարգ ենք տապալել ու այդ ի՞նչ հիվանդ երևակայություն պետք է մարդ ունենա, որ ընդհանրապես ենթադրի, որ սա հնարավոր մի բան է: Անկեղծ ասեմ՝ իրավական սյուրռեալիզմի տպավորություն է թողնում այս ամենը»: Այս ամենը կարող է համոզիչ թվալ մարդկանց, որ տեղյակ չեն իրադարձություններին կամ պատկերացում են կազմում միայն լսածով: Որ չգիտեն` ԿԸՀ-ի ու ՍԴ-ի գործունեության պատմությունն ու մեխանիզմները, տեղյակ չեն Ռոբերտ Քոչարյանի կառավարման պատմությանն ու սկզբունքներին և միայն հիմա են իրենց առաջ տեսնում մի մարդու, որ վերաշարադրում է պատմությունը ինչպես իրեն հարմար է:


Եվ` պահանջ է դնում մեղադրանք առաջադրել ԿԸՀ-ին ու ՍԴ-ին` «Առնվազն պետք է ԿԸՀ-ի կեսն արդեն բանտերում լինեին, ապացուցված լիներ, որ իրենք կեղծել են, հանցանք են գործել որոշումներ կայացնելուց և առնվազն ՍԴ վերաբերյալ ինչ-որ ակտեր պետք է լինեին, լուծումներ, պատիժներ և այլն, և այլն»: Եվ նույնիսկ հեգնում է` «Կուստուրիցան երևի կերազեր այս որոշման մակարդակի երևակայություն ունենար իր ֆիլմերն անելուց: Սա է իրականությունը և սա վտանգավոր պահ է մեր երկրի համար: Սա ռումբ է՝ դրված մեր պետականության տակ, որովհետև ՍԴ որոշումն այս ձևով վերանայումը կամ արհամարհանքը այդ որոշման նկատմամբ, ռումբ է մեր պետության տակ: Ռումբ է, որը հաստատ պայթելու է, հնարավոր չէ սա չպայթի: Մեր ամբողջ իրավական համակարգն այսօր շատ մեծ վտանգի տակ է գտնվում»: Փաստացի` Ռոբերտ Քոչարյանն ինքն իրեն հաշիվ չի տալիս, որ այդպիսի «պետականության» տակ նախ ռումբ դնելը բնավ «իրավական նիհիլիզմ» չէ և հետո` հենց ինքն է պետականությունն ականապատել ու պայթյունների պատիվն էլ իրեն է վերապահված: Թեկուզ իշխանության գալուց 21 ու իշխանությունից հեռանալուց 10 տարի հետո: Նա հայտարարում է, որ Մարտի 1-ի գործը անեծք է լինելու ժողովրդի գլխին, եթե այս ձևով պետք է բացահայտեն. «Սա բացահայտում չէ: Իրենք արդեն նշանակել են մեղավորներին և այդ նշանակման համար ձևակերպումներ են փնտրում, թե ինչ ձևով իրար կցեն՝ այդ մեղադրանքն ապահովելու համար: Սա, կրկնում եմ, չէի պատկերացնում, որ էդպիսի բան հնարավոր է ընդհանրապես, իսկ երկրի համար վտանգն անսահման մեծ է: Հաշվի առեք, որ ամբողջ բանակի վերնախավը մեղադրվում է, բանակն է մեղադրվում:


Պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, այս ի՞նչ ենք անում: Այս կարգի բանակի պախարակումը ինչի՞ է բերելու: Պրծա՞ծ է, Ղարաբաղի հարցը լուծվա՞ծ է, սահմանները հանգի՞ստ են, էլ անելիք չունե՞նք»: Իրականում անեծք, եթե կա, Մարտի 1-ի բացահայտումը չէ: Անեծքը այն հանդուրժողականությունն էր, որ 1999-ի հոկտեմբերի 27-ի շոկից հետո դրսևորում էր հասարակությունը մի նախագահի նկատմամբ, որ չէր կարողացել երաշխավորել սահմանադրական կարգի ապահովումը ու նրա կառավարման օրոք նման ահաբեկչություն էր եղել: Ցանկացած նորմալ երկրում` նախագահը պետք է հրաժարական տար դրանից հետո: Բայց միայն հոկտեմբերի 27-ից հետո սկսվեց Ռոբերտ Քոչարյանի բուն իշխանությունը` քաղաքական դաշտը գլխատվելուց ու նրա ձեռքով այլասերվելուց հետո: Մեթոդները ոչ ոք չի մոռացել: Կազմակերպված պետության նրա գաղափարը հանգում էր իր անսահմանափակ իշխանության և իր իշխանությանը սպասարկող ընդդիմության ձևավորմանը: Եվ այդ նախագահը այսօր հայտարարում է, որ իրեն ՀՔԾ հրավիրելը նպատակ ունի կանխել իր քաղաքականություն վերադարձը: ՈՒ այդպես էլ չի ասում` իսկ վերադարձի նպատակ ունի՞: Ինչպես անցած 10 տարիներին: Բայց ասում է. «Մարդիկ հասկանում են, որ միայն իմ ղեկավարության օրոք է տնտեսությունն էական զարգացել, 5 անգամ աճել է երկրի ՀՆԱ-ն, 10 տարում, մենք աշխարհի ամենից արագ զարգացող երկրների հնգյակում ենք եղել կամ տասնյակում: Տնտեսական միջին աճը եղել է տարեկան մոտ 10.5 տոկոս: Մի քանի պետություն են ընդամենը նման կարգի աճ ապահովել: Իսկ վերջին 3 տարում՝ 12.5 տոկոս միջին աճ: Մարդիկ հիշում են՝ այն ժամանակ կայացավ փոքր և միջին բիզնեսը, ՀՆԱ-ն 12 տոկոսից դարձավ 44 տոկոս: Հասկանալի է, որ նման «բագաժով» մարդը կարող է իրենց համար վտանգ լինել հնարավոր հետագա ընտրությունների ժամանակ: Ի դեպ, նախկին իշխանությունը ևս մտահոգ էր այդ հարցով: Երևի իմ կերպարը հանգիստ չի տալիս: Ով էլ գա իշխանության, պետք է անընդհատ ինձնից մտահոգված լինի»: Իսկապես` ով էլ գա իշխանության, Ռոբերտ Քոչարյանով պետք է մտահոգված լինի, բայց բոլորովին այլ պատճառներով, քան ներկայացնում է նա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ ամենահետաքրքիրը` Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ Հայաստանում «37 թիվն է դառնում» և… գիրք է գրել. «Ամբողջ պատմությունն է և իմ մասնակցությունը, ինքնակենսագրական գիրք է, չափազանց հետաքրքիր է լինելու, որովհետև գրվել են բաներ, որոնք խոհանոցային են, երբեք չեն հրապարակվել, և մեր հանրությունը չգիտի դրա մասին»: Եվ` բացահայտորեն պատրաստ է անուններ տալ ու իրադարձություններ պատմել` իր մեկնաբանությամբ:


ՀՀԿ-ն իր խոր մտահոգությունն է հայտնել Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հարուցված քրեական գործի և կալանավորման միջնորդության առիթով։ «Առաջադրված մեղադրանքը թողնում է բացառապես քաղաքական հետապնդման տպավորություն, իսկ իրավական տեսակետից անհեթեթ է», - ասված է ՀՀԿ գործադիր մարմնի հայտարարությունում: «Ստեղծված իրավիճակը համարում ենք սպառնալիք Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը և հարված` լիարժեք իրավական պետության կառուցման գործընթացներին։ Քաղաքական շարժառիթներով հարուցված քրեական գործը և առաջադրված մեղադրանքը վտանգի տակ են դնում Հայաստանի Հանրապետությունում սահմանադրականությունը», - հայտարարում է ՀՀԿ-ն: «Արցախյան հիմնախնդրում աներկբա հաստատակամություն ցուցաբերած նախկին գերագույն գլխավոր հրամանատարին և արցախյան ազատամարտի հաղթանակի վճռորոշ դերակատարներից մեկին օրինականության սկզբունքի հետ որևէ ընդհանրություն չունեցող շինծու և արհեստական մեղադրանքի առաջադրումը դիտում ենք որպես Արցախյան հիմնախնդրի շուրջ տարիներ շարունակ առկա մոտեցումներից արմատապես տարբերվող հնարավոր զարգացումների ընդդիմախոսներին լռեցնելու փորձ», - ասված է հայտարարությունում:


Եվս մեկ հայտարարություն է արել ՀՅԴ-ն. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նախկին իշխանությունների այլ ներկայացուցիչների՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը խիստ մտահոգիչ է և կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հալածանք»: Դեռ լռում են ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը, թեպետ նրանց պատասխանատվությունը պակաս չէ: Դատարանում էլ քննվում է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը:

Դիտվել է՝ 3521

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ