USD485.23
EUR551.80
RUB7.32
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Վիկտոր Սողոմոնյան. Քոչարյանը մեղքի զգացողություն չունի, որովհետև որևէ հանցանք չի կատարել

Վիկտոր Սողոմոնյան. Քոչարյանը մեղքի զգացողություն չունի, որովհետև որևէ հանցանք չի կատարել
29.07.2018 | 01:36

Երեկ գիշեր կալանավորված Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբաններն ու նրա գրասենյակի ղեկավարն այսօր ասուլիսում հայտարարեցին՝ կալանավորումն ապօրինի է, Ռոբերտ Քոչարյանը ենթարկվում է քաղաքական ու անձնական հետապնդման և հաշվեհարդարի։ Թե ում կողմից՝ նրանք այդպես էլ չհստակեցրին:


«Մարտի 1»-ի գործով՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով դատարանի կողմից երկու ամսով կալանավորված նախկին նախագահի փաստաբան Ռուբեն Սահակյանը հայտարարեց՝ Քոչարյանի մեղադրանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ «իրավական անգրագիտություն»: Շինծու որակելով «Մարտի 1»-ի գործում Քոչարյանին ներկայացված մեղադրանքը, Սահակյանը շտապեց հայտարարել՝ նախկին նախագահին արդարացնելու են։ «Սա պատվեր է, պատվեր, որը պետք է կատարվի: ՈՒ՞մ կողմից է պատվերը՝ բնական ա, ես չեմ կարող ասել, մտքումս ենթադրել կարող եմ, բարձրաձայնել՝ ոչ, որովհետև կարող եմ սխալվել, և կարող են մեղադրել, որ նման չճշտված տեղեկություն եմ հայտնում»,- ասաց Սահակյանը՝ շարունակելով․ «Համենայն դեպս, ես գտնում եմ, որ մեղավորները գտնվում են գլխավոր դատախազությունում, Հատուկ քննչական ծառայությունում, կան էլի, իմ համոզմամբ՝ կան էլի այս հարցում մեղավորներ»:


Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ավելի հեռուն գնաց՝ անձնական հաշվեհարդար որակելով տեղի ունեցածը։ «Բերիա» անվանեց նախկին նախագահի դեմ, իր բնորոշմամբ՝ այդ հաշվեհարդարն իրականացնողներին և հավելեց՝ իրենց մնում է պարզել, թե «Բերիան» ով է, վստահեցնելով՝ գտնելու են նրան, և այդ «Բերիան» պատժվելու է: «Սա Հայաստանի Հանրապետությունն է, այստեղ իրավական բեսպրեդել չի լինելու»,- ասաց Սողոմոնյանը՝ անուններ չհնչեցնելով: «Այսինքն, դուք ուզում եք՝ ես վարվեմ այնպե՞ս, ինչպես վարվում է ՀՔԾ-ն՝ անպատասխանատու հայտարարություններ անեմ առանց տեղեկություններ իմանալու՞: Երբ կիմանամ ով է, բացեիբաց կհայտարարեմ և կարող եմ նվիրել իմ մնացած քաղաքական գործունեությունը այդ մարդկանց պատժի ենթարկելու համար»,- հայտարարեց նախկին նախագահի գրասենյակի ղեկավարը:


«Մենք վստահ ենք, որ որևէ մեղք չենք գործել: Ռոբերտ Քոչարյանը մեղքի զգացողություն չունի՝ չի ունեցել և չունի, որովհետև որևէ հանցանք չի կատարել․ սա պետք է հստակ արձանագրել: Հիմա, դատարանը ինչ է մտածում, ինչպես է մտածում, արդարադատությունը արդյոք գործու՞մ է, թե՞ ՝ ոչ․այս հարցը ես գուցե մի քանի օր առաջ չկարողանայի այս հռետորական հարցը տալ, բայց այս բերիական, 37 թվականին բնորոշ գործից հետո ես այս հարցը բարձրաձայնում եմ՝ արդարադատությունը աշխատու՞մ է Հայաստանում, թե՞՝ ոչ, թե՞ ընտրովի է աշխատում»,- ասաց Սողոմոնյանը:


Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը հիշեցրեց 2008-ի պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանի մասին, սլաքներն ուղղեց դեպի այն ժամանակ ընդդիմության ցույցերն առաջնորդող Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանը: «Ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը 2008-ին այդ միտինգային արշավի ժամանակ հայտարարում էր, որ պետք է կազմաքանդենք պետական ապարատը, և դուք հիշում եք, որ մի քանի փոխնախարարներ, պետական չինովնիկներ աշխատանքից դուրս էին գալիս և հայտարարում էին այսպես կոչված համաժողովրդական շարժմանը միանալու մասին, այդ թվում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը և իր կողմնակիցները ներ էին քաշում քաղաքական գործընթացի մեջ փաստացի ռազմական գերատեսչության երկու փոխնախարարների՝ Մանվել Գրիգորյանին և Գագիկ Մելքոնյանին: Սրանք պատմական փաստերն են, որոնք արձանագրված են տեսագրություններով, և դրանից անցել է ընդամենը 10 տարի»,- հայտարարեց Վիկտոր Սողոմոնյանը:

Դիտվել է՝ 980

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao