Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Փաստաբանները հայտարարում են ՀՔԾ-ի և դատախազության իրավական անգրագիտության մասին

Փաստաբանները հայտարարում են ՀՔԾ-ի և դատախազության իրավական անգրագիտության մասին
29.07.2018 | 01:45

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը պաշտոնաթող նախագահին առաջադրված մեղադրանքում զավեշտալի կետ է նկատել։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, թե ըստ էության, հասկանալի չէ մեղադրանքը։ Ավելին, որպեսզի պատկերավոր լինի, նա օրինակով ներկայացրեց. «Ինչ-որ փաստեր են նկարագրված և հետո ասում է՝ մեղադրանք 300.1 հոդվածով։ Այդ նույն է, որ ես ասեմ՝ Արամ Օրբելյանը վեր կացավ քնից, լվացվեց, նախաճաշեց, սափրվեց ու դուրս եկավ տնից, նստեց ավտոմեքենա ու դրա համար նա մեղադրվում է գողության համար։ Այ, մոտավորապես նման տեքստ է մեղադրանքը։ Որևէ պատճառահետևանքային կապ արարքների ու մեղադրանքի միջև չեմ տեսնում, այսինքն՝ հանցագործության հանցակազմի էլեմենտ չեմ տեսնում, որպեսզի կարողանամ քննարկել ձեզ հետ»,- հայտարարեց փաստաբանը։ Նա նկատեց, որ հասկանալի չէ՝ Քոչարյանը մեղադրվում է զինված ուժերին օգտագործելու՞, զորք մտցնելու՞, թե՞ արտակարգ ռեժիմ հայտարարելու համար։

«Մենք տեղյակ չենք՝ այս արարքը եղել է կամ չի եղել, որ կարողանանք վիճել կամ չվիճել, ուղղակի ինչ-որ պատմություն է գրված, ցուցմունքներ են գալիս ու եզրահանգում է ներկայացվում»,- նշեց Օրբելյանը՝ ընդգծելով, որ քննչական մարմինները բավարար չափով չեն մշակել քրեական գործը և հավաստի ապացույցներ չեն ներկայացրել։
Արարքը, որի համար մեղադրանք է առաջադրվել Քոչարյանին՝ սահմանադրական կարգը բռնի տապալելը, ըստ փաստաբանի, անհասկանալի է իրենց համար։ Նրա խոսքով՝ իրենք ՀՔԾ-ի կողմից դատարան ներկայացված փաստաթղթերից փորձել են հասկանալ, թե Քոչարյանի կոնկրետ ո՞ր գործողությունը կամ գործողություններն են բերել սահմանադրական կարգի տապալմանը, չի ստացվել։ Փաստաբանի խոսքով, փաստաթղթեր թաքցնելը կամ չներկայացնելը պաշտպանական կողմին չի կարող համարվել քննչական տակտիկա և դա անընդունելի է։


Լրագրողը հետաքրքրվեց, թե հեշտ կլինի՞ պաշտպանական խմբի համար պաշտպանությունն իրականացնել, ինչին Օրբելյանը ասաց, որ ոչ, բայց փորձելու են։
Քոչարյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբանական խմբի անդամ, փաստաբան Սարգիս Գրիգորյանը պնդեց՝ առաջադրված մեղադրանքը՝ սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին 300.1 հոդվածը ապացուցողական մեծ շեմ է պահանջում։ «Հայաստանում սահմանադրական կարգի տապալում երբևիցե չի կիրառվել։ Դասագրքերում գրված է երկու տող, բոլորին խորհուրդ կտայի բացել օտարկերկրյա դասագրքեր ու հասկանալ՝ ինչի մասին է խոսքը։ Սահմանադրական կարգի տապալումը ենթադրում է, որ պետք է քանդվի գործող սահմանադրական ինստիտուտ և դրա փոխարեն ստեղծվի նոր սահմանադրական ինստիտուտ։ Հաշվի առնելով ՀՔԾ-ի հաղորդագրությունում ներկայացված փաստական հանգամանքները և ապրելով ՀՀ-ում վերջին 40 տարին՝ կարող եմ ասել՝ սահմանադրական ինստիտուտ չի վերացել, և նոր սահմանադրական ինստիտուտ չի ստեղծվել»,- ասաց Գրիգորյանը։


«Բացառությամբ հանրաքվեի միջոցով սահմանադրական փոփոխությունների»,- իր հերթին լրացրեց Արամ Օրբելյանը։ Փաստաբան Ռուբեն Սահակյանը կարծում է, որ դժվար կլինի Ռոբերտ Քոչարյանին արդարացնել, բայց ամեն ինչ անելու են արդարացնելու համար։ Եթե նույնիսկ արդարացման չհասնեն Հայաստանում, կհասնեն մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ «Այս գործին ՀՔԾ-ի հետ միասին ներգրավված է նաև դատախազությունը։ Այնքան պարզունակ է իրավական անգրագիտությունը, որ դրսևորվել է այս գործով։ Եթե այդքան ստվար զանգված նման ձևով մոտեցել է հարցին, ընդ որում` թաքցրել է քրեական գործի նյութերի մի մասը ու չի տրամադրել մեզ, խախտում է հավասարության մասին եվրոպական սկզբունքը, ուրեմն դժվար է լինելու մեզ արդարացնել նրան»,- հայտարարեց փաստաբան Սահակյանը։


Այդուհանդերձ, փաստաբանը գիտի մեկ դեպք, երբ հնարավոր կլինի հեշտ արդարացնել Քոչարյանին. «Եթե այս գործընթացին միջամտի պարոն վարչապետը։ Ճիշտ է՝ ինձ կասեն՝ ի՞նչ իրավունքով նա պետք է միջամտի, բայց նա կարող է հանձնարարել գլխավոր դատախազին և ասել՝ մանրամասն նայեք, խնդրում եմ, իմ անունը հոլովվում է էստեղ։ Եթե անի այդ բանը, գուցեև իրավիճակը հեշտանա»։

Դիտվել է՝ 935

Մեկնաբանություններ