USD483.14
EUR549.86
RUB7.16
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 
«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են ամառային հանգստի: Կայքն աշխատանքը կվերսկսի սեպտեմբերի 3-ից, իսկ թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 7-ին: Օգոստոսյան հաճելի օրեր ենք մաղթում մեր ընթերցողներին:               
 

«Կնստեմ, բայց կպայքարեմ մինչև վերջ» կամ` բեսպրեդելի օրենքով

«Կնստեմ, բայց կպայքարեմ մինչև վերջ» կամ` բեսպրեդելի օրենքով
29.07.2018 | 10:15

Դատարանը Երևանում որոշում ընդունեց երկու ամսով կալանավորել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նա ձերբակալվել է 2008-ի ընտրություններից հետո զանգվածային ցույցերի մասնակիցների դեմ բռնության կիրառման գործով: Քոչարյանի նկատմամբ իրավապահների հետաքրքրության մասին հայտնի դարձավ 2018-ի հուլիսի սկզբին, երբ նախկին նախագահին հրավիրեցին հարցաքննության իբրև վկա: Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալմանը մասնակցության մեջ: Նախկին նախագահը պնդում է, որ գործը քաղաքական դրդապատճառներ ունի ու նախաձեռնված է, որ առաջիկա ընտրություններին չկարողանա մասնակցել: «Ես պայքարելու եմ մինչև վերջ: Կգնամ, կնստեմ, բայց պայքարելու եմ մինչև վերջ»` Քոչարյանի խոսքը մեջբերել է Ինտերֆաքսը: Նա մեղադրանքը անվանում է շինծու և համարում է Հայաստանի նոր իշխանությունների կողմից վենդետա: Հայ քաղաքագետները 2008-ի հանրահավաքների դեմ բռնություն կիրառեու գործի քննությունն անվանում են նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվի գործը: Նիկոլ Փաշինյանը դեռ 2010-ին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման 2008-ի զանգվածային անկարգությունների գործով, որոնց ժամանակ 10 մարդ զոհվեց: Փաշինյանը մեկ տարի հետո համաներումով ազատ արձակվեց:

Զանգվածային բողոքները Երևանում սկսվեցին 2008-ի նախագահական ընտրություններից անմիջապես հետո, որոնց ժամանակ հաղթեց Սերժ Սարգսյանը: Բողոքները կազմակերպում էին Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները: Այդ ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի լույս 2-ի գիշերը ցուցարարներին ցրելուց հետո երկրում արտակարգ իրավիճակ հայտարարեց:
BBC


Հ.Գ. Սա գրում են բրիտանացիները, իսկ երեկ Երևանում Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն ու նրա գրասենյակի ղեկավարն ասուլիսում հայտարարում էին, որ կալանավորումն ապօրինի է, Ռոբերտ Քոչարյանը ենթարկվում է քաղաքական ու անձնական հետապնդման և հաշվեհարդարի։ Ճիշտ է` անուններ չէին տալիս: Փաստաբան Ռուբեն Սահակյանը հայտարարեց, որ մեղադրանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ «իրավական անգրագիտություն», թեպետ նաև բողոքում էր, որ ժամանակ չի ունեցել բոլոր նյութերին խորությամբ` համակարգչի առաջ, ծանոթանալ: Շինծու որակելով Քոչարյանին ներկայացված մեղադրանքը, Ռուբեն Սահակյանն ասաց, որ նախկին նախագահին արդարացնելու են։ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն անձնական հաշվեհարդար որակելով Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը` «Բերիա» անվանեց նրա դեմ հաշվեհարդար իրականացնողներին և հավելեց՝ մնում է պարզել, թե «Բերիան» ով է, ու պատժել:

«Մենք վստահ ենք, որ որևէ մեղք չենք գործել: Ռոբերտ Քոչարյանը մեղքի զգացողություն չունի՝ չի ունեցել և չունի, որովհետև որևէ հանցանք չի կատարել․ սա պետք է հստակ արձանագրել: Հիմա, դատարանը ինչ է մտածում, ինչպես է մտածում, արդարադատությունը արդյոք գործու՞մ է, թե՞ ոչ` ես գուցե մի քանի օր առաջ չկարողանայի այս հռետորական հարցը տալ, բայց այս բերիական, 37 թվականին բնորոշ գործից հետո բարձրաձայնում եմ՝ արդարադատությունը աշխատու՞մ է Հայաստանում, թե՞ ոչ, թե՞ ընտրովի է աշխատում», - ասաց Վիկտոր Սողոմոնյանը:


Եղան նաև այլ հայտարարություններ համարյա 3 ժամ տևած ասուլիսում, որից տպավորությունը խիստ հակասական է` մինչ փաստաբանները խճճվելով իրենց փաստարկներում` պնդում էին, որ մեղադրանքը հիմնավորված չէ, կապակցված չէ, հարցաքննությունից` կալանավորումը ընթացքը խախտում է իրավական բոլոր ընթացակարգերը, որ իրենք բողոքարկելու են դատարանի վճիռը ու շատ հեշտ կամ շատ դժվար արդարացնելու են իրենց պաշտպանյալին, Վիկտոր Սողոմոնյանն անում էր քաղաքական հայտարարություններ ու ներկայացնում քաղաքական մեղադրանքներ: Այն տպավորությունն էր, որ նրա անձնական օրացույցում ոչ թե 2018, այլ 1998-2008 թվականներն են: Նա սլաքներն ուղղում էր Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ և ամենայն հավանականությամբ այդ հավաքական «Բերիայի» եթե ոչ ամբողջական, մի մասը հենց Լևոն Տեր-Պետրոսյանն է. «Ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը 2008-ին այդ միտինգային արշավի ժամանակ հայտարարում էր, որ պետք է կազմաքանդենք պետական ապարատը, և դուք հիշում եք, որ մի քանի փոխնախարարներ, պետական չինովնիկներ աշխատանքից դուրս էին գալիս և հայտարարում էին այսպես կոչված համաժողովրդական շարժմանը միանալու մասին, այդ թվում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը և իր կողմնակիցները ներ էին քաշում քաղաքական գործընթացի մեջ փաստացի ռազմական գերատեսչության երկու փոխնախարարների՝ Մանվել Գրիգորյանին և Գագիկ Մելքոնյանին:

Սրանք պատմական փաստերն են, որոնք արձանագրված են տեսագրություններով, և դրանից անցել է ընդամենը 10 տարի: Մենք շատ լավ գիտենք, թե ինչ է տեղի ունեցել. Լևոն Տեր-Պետրոսյանը 2008-ին պարտվել է, փորձել է ներքաշել Երկրապահ կամավորականների միությունը ներքաղաքական պայքարի մեջ, հիշում եք՝ հարթակին կանգնած գոռում էին՝ Մանվել-Մանվե՜լ, խոսքը Մանվել Գրիգորյանի մասին է, Գագիկ-Գագի՜կ, խոսքը Գագիկ Մելքոնյանի մասին է: Հարթակում էլ ովքեր էին կանգնած, գիտեք: Հետո կազմակերպվել են մասսայական անկարգություններ և դա բացարձակ, թավշյա, խաղաղ հեղափոխություն չէր, դա մասսայական անկարգություն էր, որի հետևանքով զոհվեց 10 մարդ: Հիմա ի՞նչ է տեղի ունենում, որպեսզի արդարացվի այն, ինչ այդ օրերին արվել է ընդդիմության կողմից: Պատմությունը հիմա վերաշարադրում ենք: Այսինքն՝ ասում ենք, որ Տեր-Պետրոսյանը հաղթել էր իր թիմակիցների հետ միասին, և նրանք ոչ միայն մասսայական անկարգություն էին կազմակերպում, դուբինկաներ էին խլում ոստիկաններից ու ուրախանում դրանից, այլ կազմակերպում էին ժողովրդի պայքարը և գործող նախագահն էլ ինչ-որ աբսուրդային պատճառաբանություններով, որը բերվում է ՀՔԾ-ի հաղորդագրությունում, ինքն իրեն տապալել է սահմանադրական կարգը: Հիմա դուք ասեք՝ ո՞վ է տասը տարի շարունակ կեղծիք տարածել Ռոբերտ Քոչարյանի, այսպես ասած, մեղավորության մասին, մի՞թե ձեզ հայտնի չէ, դուք լրագրող եք: Ամեն ինչ ակնհայտ է: Մեզ մնում է պարզել, թե Բերիան ով է, և ես վստահեցնում եմ, որ մենք Բերիային գտնելու ենք ու այդ Բերիան պատժվելու է, սա Հայաստանի Հանրապետությունն է, այստեղ իրավական բեսպրեդել չի լինելու»:

Ցնցող է, չէ՞: Հատկապես «իրավական բեսպրեդելի» մասով: Եվ բնավ հասկանալի չէ, թե այդ «բեսպրեդել» չլինելուց ինչու՞ է ուրախանում մի մարդ, ում գործատուի իշխանության 10 ու հետիշխանական 10 տարիներն էլ «բեսպրեդելի» հաշվին են եղել: ՈՒ եթե կա «Բերիա», ժողովուրդն է: Իսկ ժողովրդին պատժել նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը չկարողացավ, որ ժողովրդին հայտարարում էր «Իմ կուսակցություն», բայց կուսակցություններ էր հովանավորում ու ստեղծում, որ այսօր «բեսպրեդելի» օրենքով գցում են իրեն, թեպետ Վիկտոր Սողոմոնյանը պնդում է, որ շատ շուտով Ռոբերտ Քոչարյանը ազատվելու է ու «մեծ ասելիք ունի քաղաքականության մեջ»:


Իսկ ընդհանրապես` չի բացառվում, որ Մարտի 1-ի 10 զոհերի մահվան հանգամանքներն ու մեղավորներն այդպես էլ չպարզվեն, եթե հետաքննությունը շարունակի պտտվել Ռոբերտ Քոչարյանի անձի շուրջ: Իրականում նա մի դրվագ է, որ ընդմիշտ շաղկապել է առաջին ու երրորդ նախագահներին: ՈՒ լինելու են նորանոր ասուլիսներ, նորանոր քնատ ու անհոդաբաշխ կամ պերճախոս փաստաբաններ և քաղաքական հայտարարություններ: Եվ գուցե բոլորը համախումբ փախչելու են, ոչ թե որոնելու ու գտնելու են ճշմարտությունը:

Դիտվել է՝ 2607

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ