USD483.14
EUR549.86
RUB7.16
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 
«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են ամառային հանգստի: Կայքն աշխատանքը կվերսկսի սեպտեմբերի 3-ից, իսկ թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 7-ին: Օգոստոսյան հաճելի օրեր ենք մաղթում մեր ընթերցողներին:               
 

Ռուսաստանը ձգտում է, որ պատերազմից հետո Արևմուտքն աջակցի Սիրիային

Ռուսաստանը ձգտում է, որ պատերազմից հետո Արևմուտքն աջակցի Սիրիային
30.07.2018 | 09:34

Ռուսաստանը սկսել է լայնամասշտաբ արշավ, որ ներգրավի արևմտյան երկրներին Սիրիայի կառավարությանը ենթակա տարածքներում մարդասիրական գործողությունների մեջ: Դա փորձ է աշխարհին համոզել նորմալ հարաբերություններ ունենալ նախագահ Բաշար Ասադի հետ պատերազմի ավարտից հետո` պնդում է Financial Times-ը:

Լրագրողներ Կատրին Հիլեն, Էնդրյու Ինգլանդն ու Դեմետրի Սևաստոպուլոն կարծում են, որ Մոսկվան ջանքեր է գործադրում այն պահին, երբ Ասադի ուժերը ռուսական ռազմական ինքնաթիռների աջակցությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Սիրիայի հարավ-արևմուտքի նշանակալից մասը` շրջան, որ ապստամբների վերջին ապաստարաններից մեկն էր: Ասադը վերահսկում է երկրի մեծ մասը և Պուտինը ցանկանում է ավարտել ռուսական ռազմական միջամտությունը, որ փոխեց պատերազմի ընթացը հօգուտ Ասադի: Բայց դրա համար ՌԴ նախագահին պետք է միջազգային աջակցություն, որ օգնեն փախստականների վերադարձին ու երկրի վերականգնմանը, որ ավերվել է 7 տարվա քաղաքացիական պատերազմում: «Մոսկվայի համար կարևոր է աստիճանաբար այլ երկրների ներքաշել նախաձեռնության մեջ, որ դեֆակտո նշանակում է համագործակցություն Բաշար Ասադի հետ,- ասաց ռուս փորձագետ Նիկոլայ Կոժանովը (Պետերբուրգի Եվրոպական համալսարանից):-Նախկինում արևմտյան երկրները խիստ դիմադրում էին այդ գաղափարին: Բայց Եվրոպայում հակված են վերանայել իրենց տեսակետը շատ ավելի, քան մենք պատկերացնում ենք»: Կոժանովն ասում է, որ Մոսկվան մարդասիրական օգնությունը դիտարկում է իբրև ցատկահարթակ, որից կարելի է անցնել առավել կարևոր հարցի` Սիրիայի վերականգնմանը: Դրա համար Պուտինին պետք է Եվրոպան, որովհետև Ռուսաստանը վճարել չի ցանկանում: Մոսկվան համոզում է ԱՄՆ-ին ու եվրոպական մյուս երկրներին միանալ այն ջանքերին, որ գործադրվում են Ասադին ենթակա շրջաններ վերադարձնել երկրից հեռացած 6 միլիոն սիրիացիներին: ՌԴ ՊՆ-ի պնդումով` Մոսկվան Վաշինգտոնի հետ համագործակցություն է ակնկալում այս հարցում:

Ռուսաստանը նաև ակտիվացնում է աշխատանքը Արևմտյան Եվրոպայում, որտեղ պետությունների ղեկավարների վրա քաղաքական ճնշում է գործադրվում` պահանջելով կրճատել միգրանտների թիվը: Սակայն վերլուծաբանները չափազանց լավատեսական են համարում Մոսկվայի կանխատեսումը, որ պատերազմից ավելի քիչ տուժած սիրիական շրջանները կարող են խթանել 336000 մարդու վերադարձը և 600000-ն էլ կարող են վերադառնալ մյուս շրջանները առաջիկա 3-6 ամսում: Սիրիացի շատ փախստականներ չեն ձգտում հայրենիք վերադառնալ, որովհետև վախենում են Ասադի վարչակարգի վրեժից: Միաժամանակ` Սիրիային սահմանակից շատ երկրներ փոխել են իրենց վերաբերմունքը: Հորդանանն առաջ աջակցում էր սիրիացի ապստամբներին, հիմա ուզում է Եվրոպա ապրանքներ արտահանել Սիրիայի ու Թուրքիայի տարածքով: Լիբանանի իշխանությունները հստակ հասկացնում են, որ ուզում են սիրիացի փախստականների Սիրիա վերադարձը: Թուրքիան փոխել է իր գերակայությունները սիրիաթուրքական սահմանին քրդական անկլավի ձևավորման ու սիրիացի փախստականների նկատմամբ թուրքերի աճող и դժգոհության պատճառով:
Կատրին ՀԻԼԵ, Էնդրյու ՀԻԳԼԱՆԴ, Դեմետրի ՍԵՎԱՍՏՈՊՈՒԼՈ, Financial Times


Հ.Գ. Փաստացի` քաղաքացիական պատերազմը Սիրիայում մոտենում է ավարտին ու վերականգնումի համար նախ և առաջ մարդիկ են պետք: Մոսկվային հաջողվեց պահպանել Բաշար Ասադի իշխանությունը ու մնում է ստանալ աջակցություն վերականգնումը ֆինանսավորելու համար, որ Մոսկվան ավելի շատ ոչ թե չի ցանկանում վճարել, այլ չի կարող: Սա, իհարկե, նշանակում է Կրեմլի քաղաքական ազդեցության նվազում, բայց հաստատ հաշվարկված է այնպես, որ Մոսկվան կպահի իր գերակա դիրքը: Հետաքրքիր է, որ Մոսկվան հենվում է Արևմուտքի աջակցության գաղափարին, շրջանցելով արաբական աշխարհը, որ ավելի հարուստ է և ավելի մեծ ցանկություն ունի ներդրումներ անել Սիրիայում: Պարզապես դա դեռ վտանգավոր է Բաշար Ասադի իշխանության համար: Մերձավոր Արևելքում ցանկացած պահի կարող են կոնֆլիկտներ բռնկվել թե շիա-սուննի հակասությունների, թե նավթի ու գազի, թե էներգակիրների արտահանման ճանապարհների համար: Խաղաղությունն ու պատերազմը այդ տարածաշրջանում այնքան զուգահեռ են, որ երբեմն հատվում են միմյանց:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2065

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ