Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Փնտրածդ գտնելու համար նայելը դեռ քիչ է, պետք է տեսնել ևս մեկ անգամ՝ որտեղ է երջանկությունը»

«Փնտրածդ գտնելու համար նայելը դեռ քիչ է, պետք է տեսնել ևս մեկ անգամ՝ որտեղ է երջանկությունը»
30.07.2018 | 16:43

Երիտասարդ ռեժիսոր ՆՎԵՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ փորձում է բանաձևել երջանկությունը կինոյի լեզվով: Նրա` «Որտե՞ղ է երջանկությունը» վավերագրական կարճամետրաժ ֆիլմի հերոսները մեր կողքին ապրող մարդիկ են: Իրականության ու երազանքի, մանկության ու կյանքի մայրամուտի ընդհանրությունն ու բախումը ներկայանում են պարզ, առանց ավելորդ զգայականության` փորձարարական լուծումներով:

«Որտե՞ղ է երջանկությունը» ոմանք ընկալում են որպես ռեպորտաժ, ոմանք՝ տեսանյութ, ոմանք կարծում են՝ արել եմ այն, ինչ թույլ են տալիս իմ հնարավորությունները: Իրականում՝ «Որտե՞ղ է երջանկությունը» շրջանցում է կինոյի սկզբունքները՝ թե՛ պատկերային, թե՛ սյուժետային, թե՛ դրամատուրգիական, և ծառայում ինքն իրեն, իր գաղափարին,- ասաց ռեժիսորը:- Միառժամանակ թերահավատորեն էի վերաբերվում աշխատանքիս, մինչև որ մշակութային մի կենտրոնում կազմակերպվեց «Որտե՞ղ է երջանկությունը» և «Ապրելու արվեստը» ֆիլմերիս ցուցադրությունը: Ամենակարևոր գնահատականն այդ օրը ստացա, երբ նկատեցի, որ մարդկանց աչքերին արցունքներ կային: Հանդիսատեսի արձագանքն ու հուզումը ինձ ուժ ու վստահություն տվեցին շարունակելու ու ստեղծելու հաջորդ ֆիլմերը»:


«Որտե՞ղ է երջանկությունըե բոլորովին վերջերս արժանացավ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնի «Մեր օրերի հերոսը» անվանակարգի գլխավոր մրցանակին: Ռեժիորի կարծիքով՝ «Ֆրեսկոյի» առանձնահատկությունը մոտեցման մեջ է. առաջնությունն այստեղ տրվում է գաղափարական ուղղվածությանը, ուղերձներին, նոր միայն հաշվի են առնվում մասնագիտական որակները: Բացի այդ փառատոնը դուրս է գալիս Երևանից, անցկացվում է վրաններում, վանական համալիրներում:


Մանկությունից դեպի հասուն տարիք ձգվող թելը կարո՞ղ է կտրվել, երջանկության փնտրտուքները չե՞ն հեռացնում մարդուն ինքն իրենից` սրանք ֆիլմից ծնված մտորումներ են: Ռեժիսորը հստակեցնում է. «Ինչպես որ վարպետս՝ Ռուբեն Գևորգյանն է ասում՝ մենք ծնունդով մանկությունից ենք: Մանկության, պատանեկության շրջանը առանցքային դեր ունեն մարդու կյանքի ձևավորման մեջ: Փոքր հասակում ուզում ես արագ մեծանալ, որ հասնես ինչ-որ բանի, բայց մեծանալով միշտ ձգտում ես վերադառնալ դեպի մանկություն: Յուրաքանչյուր մարդ փորձում է ավելի լավը դարձնել իր առօրյան, իր ներաշխարհը, ինչը տանում է ներդաշնակության ինքն իր հետ, շրջապատի, կյանքի հետ, դա է երջանկությունը: Մարդու ձգտումների, քայլերի հիմքում երջանկության հասնելու գաղափարն է, անկախ նրանից՝ գիտակցու՞մ է դա, թե՞ ոչ»:


Ֆիլմի այն դրվագը, երբ տատիկը աղբամանն է փորփրում, հավանաբար, վկայում է չստացված կյանքի մասին, կոտրված երջանկության, թեև պարտադիր չէ աղբամանը փորփրել հասկանալու համար, որ ինչ-որ բան բաց ես թողել: Այս դիտարկումներիս ի պատասխան` զրուցակիցս մեջբերում է ֆիլմում հնչող մտքերը. «Իմ անունը Վազգեն է, ես Արարատից եմ, ես մեր դասարանի ամենալավ ֆուտբոլ խաղացողն էի»... «Ես արդեն չեմ հիշում՝ ինչ էի ուզում դառնալ»… Առաջինը մանկության ձայնն է: Երկրորդը հետադարձ հայացք է` ի՞նչ էր ուզում, և կյաքնքն ուր հասցրեց: Բայց դա չի նշանակում, թե կյանքդ կոտրված է։ ՈՒղղակի կյանքում կտրուկ շրջադարձեր կարող են լինել, մեր պատկերացումներին լրիվ հակառակ, ինչպես տատիկի դեպքում. վստահ եմ, որ մանկության տարիներին նա սիրուն երազանքներ է ունեցել: Ես այդպիսի երանգներ էի ուզում ցույց տալ»:


Ֆիլմի վերջում հնչող տողերն ասես հուշում են, թե որտեղ է երջանկությունը. «Փնտրածդ գտնելու համար նայելը դեռ քիչ է, պետք է տեսնել ևս մեկ անգամ՝ որտեղ է երջանկությունը»:
Նվեր Հովհաննիսյանը հեղինակել է «Անտառապահը», «Որտե՞ղ է երջանկությունը», «Մետամորֆոզ», «Ապրելու արվեստ», «Պակասություն», «Մենք կորցնում ենք կյանքը» ֆիլմերը: Մասնակցել է փառատոների Հայաստանում և արտերկրում (ԱՄՆ, Բրազիլիա, Իտալիա, Գերմանիա, Ռուսաստան, Բուղարիա, Պորտուգալիա): Զբաղվում է լուսանկարչությամբ, գեղանկարչությամբ, սցենարական աշխատանքով, կինոնկարչությամբ, հանդես է գալիս նաև որպես հաղորդավար: Վարել է «Մինորա մշակութային կենտրոնի» կազմակերպված երգի և պարի մրցույթ-փառատոները (2008-2011 թթ.), Վրաստանում անցկացվող «Սուրբ Գեորգի» միջազգային փառատոնը (2011 թ.):


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ. Նվեր Հովհաննիսյանի հետ ամբողջական զրույցը՝ «Իրատեսի» հետարձակուրդյան համարում:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2984

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ