USD484.87
EUR547.37
RUB7.30
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Երբ ֆարսը կրկնվում, ողբերգություն է դառնում

Երբ ֆարսը կրկնվում, ողբերգություն է դառնում
31.07.2018 | 01:24

Եթե անգամ «հավատանք», որ Ռոբերտ Քոչարյանի «գործի» տակ երկաթյա փաստարկներ ու հանգամանքներ են դրված, եթե հավատանք, որ ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը ոչ մի կապ չունի Սորոսի հիմնադրամի հայաստանյան տնօրենի՝ իր եղբայր Դավիթ Խաչատրյանի հետ, եթե անգամ «անտեսենք»՝ Վազգեն Մանուկյանի բավականին լուրջ-հզոր քաղաքական հայտարարությունը՝ «մեկ դերասանի թատրոն» խիստ սպառիչ բնութագրմամբ, եթե չխորանանք ՀԱՊԿ քարտուղարի, որպես դիվանագիտական պերսոնի նկատմամբ քիչ-քիչ թափ հավաքող «սկանդալի» նրբությունների մեջ, ապա շտապողականությունը, որով փորձում են «շուրջկալել» այս երկու նախկին բավականին բարձր պաշտոնյաներին, երբ վերջիններս կանչվում են որպես վկա, սակայն ներկայանալու պահից իսկ նրանց տեղեկացնում են, որ իրենք կասկածյալ-մեղավորներ են, եթե անգամ իրավական բոլոր նորմերին համապատասխանող «կոդեքսի» մեջ դիտարկենք այս ամենը, միևնույն է, պետականության բարոյականի կոդեքսը մեկընդմիշտ խախտվել է։ Կարելի էր պարզապես քաջ լինել և հայտարարել, որ նրանք որպես մեղադրյալներ են ներգրավված գործի շրջանակներում, և «սիրո» ու «հանդուրժողականության» հեղափոխությունն այդ «քաջությունը» կարող էր իրեն թույլ տալ։


Չէ՛ր կարող, որովհետև արդեն իսկ այդ պահից սկսած իրավական կազուսները՝ մի դեպքում Քոչարյանի անձեռնմխելիության, մյուս դեպքում՝ Խաչատուրովի դիվանագիտական անձ լինելուն առնչվող, լուրջ աղմուկի տեղիք կտային։ ՈՒ քանի որ, ինչպես ձևակերպել է Վազգեն Մանուկյանը, երկիրը դեպի 37 թիվ գնալու լուրջ նախադրյալներ է դրսևորում. նախ՝ տեղի ունեցան գիշերային դատավարություններ ու վճիռներ («տրոյկաների» հանգով), և ապա՝ կատարվեց արձանագրում՝ «դերասանը» շտապում է, քանզի շտապեցնում է ռեժիսորը։
Պատճառները բազմաթիվ են, սակայն առաջնահերթը Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներն են։ Կրկին հիշենք, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն «անզգուշորեն» կամ խիստ մտածված «սիգնալ» ուղարկեց ռեժիսորին, արձանագրելով ահավոր կարևոր միտք` Հայաստանը պատրաստվում է ՌԴ-ի հետ սահմանապահ զորքերի մասին պայմանագրում վերանայումներ կատարել (մեր տեղեկություններով՝ փորձելու ռուս սահմանապահներին փոխարինել հայ սահմանապահներով)։


Ըստ ԱՄՆ-ի դեսպանատանը մոտ կանգնած մեր աղբյուրների, հաճախ է այդ մասին խոսվում հայկական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, ամերիկյան կողմը ապահովում է հայաստանյան զինվորականների անչափ լուրջ տրենինգները, սահմանը զինում է խիստ ժամանակակից՝ «նանո» սարքավորումներով և վարժեցված շներով` գրագետ ու սահուն՝ խաղից հանելով ռուս սահմանապահներին։ Ասել է՝ հայկական փաթեթավորմամբ, Իրան-Հայաստան սահմանը սկսում է «դիտել» Արևմուտքը։ Նկատենք, ԱՄՆ-ն օրերս հայտարարեց իրանական միջուկային օբյեկտները կետային հարվածներով ոչնչացնելու մասին։ Իրանն արձագանքեց` դուք կսկսեք պատերազմը, մենք այն կավարտենք։ Չենք կարծում, որ այդպես կլինի գոնե մոտ ժամանակների կտրվածքով, կարծում ենք՝ արկածախնդիր-«մեկ դերասանի թատրոնիստ» Թրամփը նման քայլի չի գնա։ Կարծում ենք՝ Հյուսիսային Կորեայի «նման» կսառեցվի այս սպառնալիքը ևս... բայց կմնա ուժի մեջ. ի՞նչ ժամկետներում, դժվար է ասել։
Եվս մեկ նկատառում։ Դավիթ Տոնոյանի վրիպումը շատ արագ սրբագրեց Փաշինյանը Վենեդիկտովի հետ հարցազրույցում, որի ընթացքում Վենեդիկտովը հարկ էր համարել անդրադառնալ սահմանապահ զորքերի պայմանագրին (Ռուսաստանը չէր հավատացել հայկական կողմի հավաստիացումներին, թե իրենք ոչ թե սահմանապահների պայմանագիրը նկատի ունեին, այլ ռազմաբազայի մասին էին «խոսում», Վենեդիկտովը փորձել էր «անձամբ» ճշտել «փաստը»)։

Ինչևէ, Փաշինյանը հարկ էր համարել պնդել՝ իրենք ոչ մի պայմանագրային վերանայում չեն կատարելու։

Հավատա՞ց դրան Ռուսաստանը։ Հաստատապես՝ ոչ։ Տեղյակ ենք՝ Ռուսաստանը կուլիսներում շատ ուղիղ հայտնում է իր կարծիքը նոր իշխանությունների մասին, արձանագրում՝ չի վստահում Փաշինյանին, ինչի մասին, ի դեպ, սկսել է վերջերս (ինչպես ասացինք ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Խաչատուրովի մասով) հայաստանյան «անհասկանալի» պահվածքի առնչությամբ ուղղակի խոսել։ Ռուսաստանը շատ ուղիղ հասկացնում է Հայաստանին, որ այդ խաղերն իր համար անընդունելի են, որ Խաչատուրովին փոխարինող չի լինելու. և եթե Խաչատուրովն ազատվեց, ՀԱՊԿ նախագահությունը վերցվելու է Հայաստանի ձեռքից. թույլ չի տրվելու ևս մեկ սորոսականի (ինչպես ՀՀ ԱԱԽ քարտուղարի դեպքում) «մուտք գործել» ՀԱՊԿ «տարածք»՝ Հայաստանի անունից, քանզի ֆարսը կրկնվելիս կարող է նաև ողբերգության վերածվել։


ՈՒ մինչ հասկանալի կդառնար Արևմուտք-Ռուսաստան-Հայաստան եռանկյան բերմուդյան կարգավիճակը, հայոց «մեկ դերասանի թատրոնը» համալրվեց ևս մեկ երկրորդական դերակատարմամբ. Կարգին Հայկոն դարձավ Երևանի քաղաքապետի թեկնածու։
Ինչպես ասում են՝ էս էլ ու պը՛րծ։ Սակայն, հասկանալի է նաև, որ սա դեռ սկիզբն է, որովհետև սցենարիստ-ռեժիսորները կուլմինացիայի փորձնական նկարահանումները դեռ չեն սկսել։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 8307

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao