USD484.87
EUR547.37
RUB7.30
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Mea culpa

Mea culpa
31.07.2018 | 01:28

Թեժ ամռանը մնաց մեկ ամիս` կեսարների ամիս օգոստոսը: Ամառը թեժ ստացվեց, բայց հայտնի օդերևութաբանը մեղք չունի: Մեղքի մասին: Վերջերս ընդունված է զարմանալ ու զայրանալ, մեղադրել ու հոխորտալ: Աշխարհի բոլոր մեղքերը մեղսագրել մենք պատրաստ ենք միշտ ուրիշներին, բայց ոչ մեզ: Այսօր էլ, երբ շոկ շոկի հետևից ենք ապրում` շնորհիվ ԱԱԾ-ի ու ՀՔԾ-ի, քանի՞ մարդ է մտածել, որ ինքն էլ մեղավոր է: Մեղավոր է տասնամյակների հարմարվողականության ու հանդուրժողականության համար: Հրեշները ստեղծվում են, երբ նրանց կերակրողներ կան: Բացի հարմարվողականությունից` մենք կռապաշտ ենք, մեզ պետք են մարդիկ, որ մեր փոխարեն որոշումներ ընդունեն ու հայտնի անեկդոտի պես հուշեն` սովա՞ծ ենք, թե՞ քնել ենք ուզում: Մենք անկայուն ենք ու որքան էլ հարմարվող ու կռապաշտ` իրականում չենք կապվում նրանց հետ, ում կուռք են հայտարարում ու պատվանդանից վար ենք բերում, որ նոր կուռքեր հռչակենք: ՈՒ շատ կարճ է մեր ընդհանրական հիշողությունը, ավելի ճիշտ` ընտրովի: Հիշում ենք` ինչ հարմար ու հաճելի է, հետո ինչ, որ ճշմարտության հետ կապ չունի: «Որտեղ հաց, էնտեղ` կաց»-ը կոնֆորմիզմի բանաձևն է ու մեր անձնական կարգախոսը, երջանկության համար մեզ ինքնախաբեությունն էլ բավական է, ինքներս մեզ խաբելուց հետո ուրիշներին ստելը խնդիր չէ: Բայց ամենանողկալին պատեհապաշտությունն է: ՈՒ` լռությունը, երբ պետք է «ոչ» ասել: Մենք «այո»-ի ժողովուրդ ենք` բոլորին ու ամեն ինչին: Բոլոր նրանք, որ կարողանում են «ոչ» ասել, մեզ համար եղել են սպիտակ ագռավներ, որոնց սև ցեղակիցների երամից վտարում են` կտցելով ու փետրահան անելով:


Բոլորովին այլ թեմաներ էի նախատեսել մեկամսյա արձակուրդից առաջ գրել` տրամաբանական էի համարում 2018-ի 8 ամիսներն ամփոփելն ու 4 ամիսների կանխատեսումներ անելը: Գուցե նաև 2019-ի: Բայց չգիտեմ ինչու ուզում եմ ոչ թե տրամաբանությանը, այլ ինտուիցիային ապավինել ու վերստին հիշեցնել` վերջին անգամ ե՞րբ եք նայել ինքներդ ձեր աչքերի մեջ: Վերջին անգամ ե՞րբ եք լսել ինքներդ ձեր ձայնը լռության մեջ: Աշխարհում ամեն ինչ սկսվում ու ավարտվում է ինքնության սահմաններում: Ինքնաճանաչողության, որ աշխարհի հետ հարաբերվելու միակ տարբերակն է: Գրողի ծոցը ընդունված նորմերն ու կանոնները, ունե՞ք ձեր ընկալումը, ձեր կարծիքը, ձեր որոշումը: Վստահաբար` ոչ: Այլապես ձեզ ոչ կուռքեր պետք կլինեին, ոչ հարմարվողականությունը կդառնար կենսակերպ, ոչ էլ կյանքը կլիներ` ինչ կա:


Ի՞նչ կա:

1. Ազգովին մայիսից օգոստոս, վստահաբար` հետո էլ, պարզում ենք, որ Հայաստանի հպարտ քաղաքացիները կոռուպցիոներ են, գող, թալանչի, ու նորմալ կենսակերպը անօրինականությունն է եղել:
2. Ամենագործունակը երկրում իրավապահներն են, որ անօրինականություն անօրինականության հետևից են բացահայտում ու վերադարձնում են բյուջե թալանված գումարները` միլիոններով: Մյուսները կարող են աշխատելու փոխարեն ծափահարել ու սպասել նոր «եկամուտների»:
3. Ինչպե՞ս է ստացվում, որ այսքան ու այսպիսի բացահայտումներին զուգահեռ շարունակվում են կաշառատվությունն ու կաշառակերությունը, սպանություններն ու թալանը: ՈՒ այն ծավալով, որ նույնիսկ վարչապետն է զարմանում, թե ինչու՞ ու ինչպե՞ս: Գուցե ոչ միայն բացահայտել, կանխե՞լ է պետք:
Իսկ ընդհանրապես` մենք հետևանքի՞, թե՞ պատճառի հետևից ենք ընկած: Մենք հիմա ապրում ենք իրակա՞ն փոփոխությունների, թե՞ շոուների շրջանում: Դա անցումայի՞ն է, թե՞ անխուսափելի: Հավաքականության մեջ մենք անպատրաստ ենք հեղափոխության թե արդյունքներին, թե հետևանքներին: Թեպետ` ազգովին ծարավի էինք փոփոխությունների: Մենք ապավինում ենք իրադարձությունների ընթացքին` ինչպես կստացվի, այնպես կստացվի: Մեղավոր չկա: Քավության նոխազ կգտնվի:
Հայաստանի քաղաքական օրակարգում ազգային անվտանգության ապահովումն է առաջին կետում: Ինքնիշխանության վերականգնման հավակնություններով: Տեսանելին իրավիճակային քայլերն են, հեռանկարի ու ծրագրի մասին խոսք չկա:

Մինչդեռ պետք է: Դա այն հարցը չէ, որի հրապարակումը անիրականանալի է դարձնում գործնական քայլերը: Պետությունը պիտի արտաքին աշխարհի համար կանխատեսելի ու հուսալի գործընկերոջ վստահություն վայելի: Մենք ունենք խնդրահարույց երկրի իմիջ, որ աշխարհագրական ու աշխարհաքաղաքական պայմաններից ելնելով վարում է այն քաղաքականությունը, որը չի կարող չվարել: Երկրորդ հարցն ընթացիկ օրակարգում ԱԺ արտահերթ ընտրություններն են ու օրենսդրական նախապատրաստությունը:
ԱԺ-ում ու կառավարությունում հանձնաժողովներ են գործում, փոփոխություններ են անում, իսկ որևէ մեկը մտածու՞մ է ընտրողի մասին: Կամ` մտածու՞մ է` ի՞նչ է կատարվում կուսակցությունների ներսում: Կա՞ վիճակագրություն, թե քանի ՀՀԿ-ական է դարձել ՔՊ անդամ: Կամ` ի՞նչ գաղափարախոսությամբ են կուսակցությունները գնալու ընտրությունների: Ի՞նչ ծրագրով: Չկա՞ վտանգ, որ ՀՀՇ-ն դարձավ ՀՀԿ, ՔՊ-ն դառնալու է ՀՀԿ:

Կա՞ ընդդիմություն Հայաստանում և ի՞նչ է պահանջում, թե՞ դա տրենդում չէ ու շոուի մաս չէ: Խորհրդարանական ու արտախորհրդարանական կուսակցությունները ունե՞ն իրավիճակի գնահատական: Պատրա՞ստ են նոր իրավիճակում գործել, թե՞ շարունակելու են պոպուլիզմի ու դեմագոգիայի շառավղով շարժվել, հավելած բարեգործության շահավետ ճանապարհը: Այսօր ինչպես անձրևից հետո սնկերի պես կուսակցություններ են ծլարձակում` ու՞մ շահերն են նրանք ներկայացնելու ու ու՞մ են սպասարկելու: Արտաքի՞ն, թե՞ ներքին: Ժամանակը չէ՞, որ քաղաքականությունից հեռանան բիզնես նախագիծ կուսակցությունները, որ ստեղծվել են այս ու այն մարդու քաղաքական հավակնությունների համար: Կամ` այն կուսակցությունները, որ ըստ իրավիճակի ճամբար են փոխել` մեկ օրում ընդդիմադիր կամ իշխանական դառնալով:
Եթե երկիրը իսկապես բարեփոխվում է, պետք չէ՞ պատրաստվել սահմանադրական փոփոխությունների: Բոլոր քաղաքական փոփոխությունների բովում վերստին չե՞նք մոռանում մարդուն` միջին վիճակագրական հային, որ ինքնահոսի է մատնված ու առայժմ ստանում է միայն շոկային տեղեկություններ տարբեր ոլորտներում` բիզնես, կրթություն, գիտություն, առողջապահություն, մշակույթ, տեղական ինքնակառավարում, չարաշահումների ու յուրացումների մասին: Իսկ կենսամակարդակում փոփոխություն չունի: Հայաստանի տարբեր մակարդակի պաշտոնյաներ մեկնում են աշխարհի տարբեր երկրներ ու փորձում են ներդրումներ ապահովել, պաշտոնական տեղեկություն որևէ ոլորտում արված ներդրումների ու հեռանկարային զարգացման մասին կա՞: Մի արտոնություն Հայաստանի հպարտ քաղաքացիները, այնուամենայնիվ, ունեն` անարգել փակել ճանապարհներն ու շրջափակել պետական հաստատությունները` պահանջելով այս ու այն պաշտոնյայի հրաժարականը, վերջերս նաև` պաշտոնանկության բեկանումը: Քիչ չէ՞: Տնտեսության մեջ ի՞նչ կա: Բացի սկանդալներից` բնապահպանական ու կոռուպցիոն: Ամուլսարին ավելացել է Սևանը իր թունավոր ջրիմուռներով: Որտեղ ճանապարհ է քանդվում` քարաթափման պատճառով, ամիսներով մնում է փակ` իբրև արդյունավետ կառավարման ցուցիչ: Ներգաղթի վիճակագրություն կա՞: Աշխատատեղերի ավելացմա՞ն:


Հիմա մենք գիտենք, որ ՆԱՏՕ-ին չենք անդամակցի, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է Իլհամ Ալիևի հետ բանակցել ու Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ սկսել, որ նրա հարաբերությունները Պուտինի հետ հրաշալի են, որ 2016-ին ՊՊԾ գունդը գրավածները հերթով ազատ են արձակվում, իսկ «Սասնա ծռերն» ու «Հիմնադիր խորհրդարանը» կուսակցություն են ստեղծում: Եվ վերջապես` մարտի 1-ի գործով 2 ամսով կալանավորվել է Ռոբերտ Քոչարյանը: Հուլիսի 27-ին (այնուամենայնիվ` 27-ին)` ճիշտ այն մեղադրանքով, որ 2008-ի մարտին ներկայացվում էր ընդդիմադիրներին` սահմանադրական կարգի տապալման: Հայաստանի Հանրապետության պատմության մեջ աննախադեպ ձերբակալություն, որ ունեցավ նաև աննախադեպ պատմություն: Սկսած հարցաքննությունից ու ազատ արձակումից, հարցազրույցից ու կալանավորումից և փաստաբանների մամլո ասուլիսից: Նույն մեղադրանքով ձերբակալվեց ու 5 միլիոն դրամ գրավով ազատ արձակվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ու սկսվեց նրա հետկանչի գործընթաց:

Հետախուզման մեջ է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը: Ոմանց համար այս իրադարձությունները թավշե հեղափոխության գագաթնակետն են: Իրականում դրվագ պիտի լինեն բացահայտումների շղթայում: Եթե, իհարկե, քրեական գործի նպատակը 2008-ի մարտի 1-ի լույս 2-ի գիշերվա իրադարձությունների և 10 զոհերի սպանության հանգամանքների բացահայտումն է: Ռոբերտ Քոչարյանն ու նրա փաստաբանները գնում են ամենապրիմիտիվ ճանապարհով` ինքնապաշտպանությունն ու պաշտպանությունը կառուցելով քաղաքական հետապնդման ու վենդետայի վրա: Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ կասեցվում է իր մասնակցությունը ԱԺ առաջիկա ընտրություններին ու հիշեցնում է, որ ինքը միակ նախագահն է, որ տնտեսական երկնիշ աճ է ապահովել, ու մարդիկ դա չեն մոռացել: Փաստաբանները 3 ժամվա ասուլիսում բացի ընթացակարգային խախտումներից ու իրենց բավարար ժամանակ չտալուց և դատարանի վճիռը բողոքակելու մտադրությունից հոդաբաշխ ոչինչ չասացին: Փոխարենը` ասուլիսը երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի աստեղային ժամն էր ու նա աջ ու ահյակ մեղադրում ու սպառնում էր պատժել` վստահ, որ Ռոբերտ Քոչարյանն անմեղ է ու ազատ է արձակվելու, քաղաքականության մեջ մեծ ասելիք ունի: Մարդիկ իսկապես չեն մոռացել (10-20 տարին ամնեզիայի համար կրիտիկական ժամանակ չէ)` Ռոբերտ Քոչարյանի փաստաթղթերի կեղծմամբ նախագահի թեկնածու ու նախագահ դառնալը, հոկտեմբերի 27-ից հետո նրա վարքագիծը և դատավարությունը, «Գույք` պարտքի դիմաց» համաձայնագիրը ՌԴ-ի հետ, 2003-ի ընտրությունները ու 2004-ի ապրիլի 12-ը, 2008-ի ընտրությունները, ոչինչ չեն մոռացել, պարզապես ձևացրել են, որ մոռացել են, ու դա իրենց չի վերաբերում: Չեն մոռացել մարտի 1-ից մի քանի օր անց կառավարության ընդունելությունների տանը բացված շամպայնի շշերն ու շրխկացող ըմպանակները` ի նշանավորումն կոալիցիայի ձևավորման: ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն չեն հիշում, միայն ՀՅԴ-ն է հայտարարություն արել: Եվ` ՀՀԿ-ն, որ ավելի շատ ինքնապաշտպանական մղումներ ունի: Սահմանադրական կարգը տապալելու մտադրության հետ կապ չունե՞ն իշխանության հետ 2008-ին կոալիցիա կազմած ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը: ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն այսօր նոր կոալիցիայի մեջ են ՔՊ-ի հետ: Դա անձեռնմխելիության իմունիտե՞տ է, թե՞ սպասում են Ռոբերտ Քոչարյանի ցուցմունքներին: Նրա խոսելը դատավճիռ է բազմաթիվ մարդկանց համար, լռելու պատճառ նա այլևս չունի: Որքան էլ տարօրինակ է` Ռոբերտ Քոչարյանը դառնում է կոնսոլիդացիոն մագնիս բոլորի համար, որ գործել են նրա ու Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին և հիմա վտանգ են զգում, որ արածի ու չարածի պատասխանը պիտի տան: Ընդունում են, թե չեն ընդունում մեղքը: Mea culpa-ի ապաշխարանքի միջով պիտի անցնենք բոլորս, որ հնազանդվել ու հարմարվել ենք իշխանությանը, որ ինքն իրեն էր ընտրում` մեր ձեռքով ու մեր վաճառվածության հաշվին` մարգինալացնելով մտածող մարդկանց, որ ունակ էին դիմադրել:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Փաստորեն Հայաստանի բոլոր նախագահները պարտադիր պիտի լինեն բանտում` ոմանք նախագահ դառնալուց առաջ, ոմանք` հետո: Ի՞նչ է մտածում Սերժ Սարգսյանը: Կամ` Լևոն Տեր-Պետրոսյանը: Մարտի 1-ի հետաքննությունը չի կարող շրջանցել ՀՀ 3 նախագահներին: Բումերանգի օրենքը հուշում է, որ լինելու է նաև հոկտեմբերի 27-ի նոր հետաքննություն, բայց իրականությունը կարող է այլ լինել` հոկտեմբերի 27-ը ոչ մի պարագայում շոու չի կարող դառնալ` ոչ քաղաքական, ոչ իրավական, ոչ զգայական, իսկ ավելիին Հայաստանը դեռ չի ձգում: Երևանի քաղաքապետի ՔՊ թեկնածու Հայկ Մարությանը վկա: Սպասենք աշնանը:

Դիտվել է՝ 7966

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao