USD483.14
EUR549.86
RUB7.16
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 
«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են ամառային հանգստի: Կայքն աշխատանքը կվերսկսի սեպտեմբերի 3-ից, իսկ թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 7-ին: Օգոստոսյան հաճելի օրեր ենք մաղթում մեր ընթերցողներին:               
 

Ռոբերտ Քոչարյանի «շոկային թերապիան»

Ռոբերտ Քոչարյանի «շոկային թերապիան»
31.07.2018 | 01:33

ՀՔԾ-ի լռության պարագայում` ՀՀ երկրորդ նախագահի կալանավորմանը հաջորդում են քաղաքական կուսակցությունների հայտարարությունները: ՀՅԴ-ից հետո իր արդեն երկրորդ հայտարարությունն է տարածել ՀՀԿ-ն: Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելով: Այս անգամ հայտարարության հեղինակը ՀՀԿ խմբակցությունն է:


Նրանք արձանագրում են, որ գործընթացը որևէ աղերս չունի ժողովրդավարության, իրավունքի գերակայության և դատական իշխանության անկախության հետ և խորապես վնասելու է ՀՀ ներքաղաքական զարգացումները։ «Նման անհիմն մեղադրանքով երկրում խրախուսվում են հասարակական պառակտման միտումները, որոնք առավել վտանգավոր են դառնում Հայաստանի և Արցախի շուրջ ձևավորված խիստ մտահոգիչ մարտահրավերների ֆոնին»` փաստում է ՀՀԿ խմբակցությունը և պնդում, որ հարուցված քրեական գործը խնդրահարույց է օրինականության, հատկապես՝ սահմանադրականության տեսանկյունից, որ կարող է հանգեցնել ոչ միայն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտմանը, այլև նվազեցնել ՀՀ վարկանիշն ու հեղինակությունը միջազգային, այդ թվում՝ իրավական ատյաններում: Նրանք զգուշացնում են, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, ՀՀ դատախազությունը և ՀՀ դատարանները պարտավոր են պատշաճ երաշխավորել ՀՀ Սահմանադրության դրույթները և առաջնորդվել բացառապես ՀՀ Սահմանադրության, ՀՀ օրենքների և միջազգային պայմանագրերի պահանջներով և կարգավորումներով, իսկ իրենք հարցի և նրա շուրջ զարգացումների մասին բարձրաձայնելու են խորհրդարանական դիվանագիտության խողովակներով՝ միջազգային համապատասխան հարթակներում և ձևաչափերով: Տարօրինակ է, որ ՀՀԿ-ն այդքան ցավագին է ընդունում, երբ իր մարտավարությունը օգտագործում են ուրիշները` ընտրություններից առաջ քաղաքական դաշտը ստերիլիզացնելու ու ընտրություններից առաջ ընտրությունների արդյունքները ունենալու: Բայց ավելի տարօրինակ է քաղաքական մյուս կուսակցությունների լռությունը: Իրականում ասելիք պիտի ունենար ԲՀԿ-ն, որ ստեղծվել է Բաղրամյան 26-ում Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք` խորհրդարանական ընտրություններում հաղթելու ու Ռոբերտ Քոչարյանին վարչապետ դարձնելու համար: Ճիշտ է` հետո ճանապարհները բաժանվեցին, բայց նույն ԲՀԿ-ն էր ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի ու ՕԵԿ-ի հետ 2008-ին կոալիցիա կազմում: Եվ նույն ԲՀԿ-ն է ՀՅԴ-ի ու ՔՊ-ի հետ այսօր իշխանություն: Այսօր նրանք հարցը տեսնում են միայն իրավական հարթության մեջ` ոչ ավել, ոչ պակաս` մնալով ինչպես միշտ ոչ թե քաղաքական ուժ, այլ` տեղ-տեղ` բիզնես, տեղ-տեղ` բարեգործական նախագիծ: Լռում է նաև ՕԵԿ-ը, մինչդեռ 2008-ից հետո Արթուր Բաղդասարյանը երևի 2008 անգամ բացատրել է, որ կոալիցիայի մաս ՕԵԿ-ը կազմեց արյունահեղությունը կանխելու համար: Թեպետ իրականում քաղաքացիական պատերազմ ոչ հրահրող, ոչ կանխող այն ժամանակ ՕԵԿ-ը լինել չէր կարող: «Օրինաց երկիրը» կարող էր գոնե չեզոք հայտարարություն անել` կոչ անելով օրինականությունը պահպանել` հաշվի առնելով երկրորդ նախագահի կալանավորման ընթացակարգային անհասկանալի շտապողականությունն ու խախտումները, որի մասին ասուլիսում խոսում էին նրա փաստաբանները:


Իրականում Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը իսկապես երկփեղկել է հասարակությունը, բայց արդարություն որոնողների դիմաց նրանք են, ում հետաքրքրում է ոչ թե Ռոբերտ Քոչարյանի ճակատագիրը, այլ իրենցը: Մարտի 1-ի թիվ 1 պատասխանատուն 10 տարի համարվել է Ռոբերտ Քոչարյանը, մինչդեռ պատասխանատուն այն համակարգն էր, որ կարող էր կրակել սեփական քաղաքացիների վրա, համակարգը, որ 10 տարում չբացահայտեց 10 քաղաքացիների սպանությունը, պարզապես փորձեց փակել էջը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Այս օրերին հնչած թերևս միակ մտահոգ խոսքը ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանինն է Ռոբերտ Քոչարյանին և Յուրի Խաչատուրովին ներկայացված մեղադրանքների մասին: Նա հիշեցնում է, որ ԱԺՄ-ն ու ինքը Ռոբերտ Քոչարյանի նախագահության 10 տարիներին եղել են կոշտ ընդդիմություն, շատ հարցերում են մեղադրել իշխանություններին, շատ որոշումների դեմ են եղել, «բայց այն մեղադրանքին, որ այժմ ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանին և Յուրի Խաչատուրովին, կտրականապես համաձայն չեմ, համարում եմ անհիմն, իսկ կալանավորելու որոշումը՝ վտանգավոր, որ հարվածում է մեր պետության անվտանգությանը: Անհիմն մեղադրանք այն մարդկանց նկատմամբ, որոնք անգնահատելի դեր են ունեցել մեր ժողովրդի՝ վերջին հարյուրամյակների ամենամեծ ռազմական հաղթանակի մեջ»: Վերլուծելով 1996-ից սկսած նախագահական բոլոր ընտրությունները` նա արձանագրում է, որ ընտրությունները «միշտ անցել են բազմաթիվ կեղծիքներով: Նույնն էին նաև 2008 թ. ընտրությունները» և այդ իրավիճակում լավագույն քաղաքական պնդումը, որ ընդդիմությունը կարող էր անել, երկրորդ փուլի գնալն էր, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ինքն է հաղթել, 60 տոկոս է հավաքել և պետք է դառնա նախագահ ու փորձեց բոլոր միջոցներով իրականացնել իր ոչ սահմանադրական պահանջը։ Վազգեն Մանուկյանը կարծում է, որ կար կամ երկու կողմ, և պետք է երկուսի գնահատականն էլ տալ, կամ կար երրորդ կողմ, որը փորձում էր սրել իրավիճակը:


«Ամեն դեպքում պետք է պարզել, թե ո՞վ է սկսել կրակել, ու՞մ հրամանով է դա եղել, և ես կարծում եմ՝ շատ անսպասելի փաստեր կարող են ի հայտ գալ։ Հնարավո՞ր է դա բացահայտել, թե՞ ոչ, չեմ կարող ասել, բայց այդ խորհրդավոր դեպքերը պետք է քննել մինչև վերջ։ Մեզ համար կարևորը միայն Ռոբերտ Քոչարյանին կամ Լևոն Տեր-Պետրոսյանին գնահատական տալը չէ, այլ հասկանալ, թե ինչպես ստանդարտ իրավիճակը, որ միշտ Հայաստանում կրկնվում էր, հանկարծ վերաճեց սպանությունների, մեքենաներ վառելու, խանութներ ջարդելու և այլն»։


«Սիրելի ժողովուրդ, ես հասկանում եմ այն վրդովմունքը, որ ունեք նախկին բոլոր իշխանությունների նկատմամբ, այն մարդկանց նկատմամբ, որոնք կեղեքել են մեզ ու հանրապետությունը, հասկանում եմ այն գոհունակությունը, որ զգում եք, երբ նրանցից ոմանք պատժվում են: Բայց ամեն ինչ պետք է անել օրինական ճանապարհով՝ չհետապնդելով քաղաքական նպատակներ և վրեժխնդրություն»` հայտարարում է ՀՀ առաջին վարչապետը և հիշեցնում, որ բոլոր սխալների հետ ունեցել ենք մեծ ու փոքր հաղթանակներ, ստեղծվել է հզոր պետական մեքենա, և չպետք է այն քանդել, պետք է կատարելագործել և գնալ առաջ: Պնդում, որ այսօրվա տրենդում չէ` այսօր գլխավորը ապացուցելն է, որ բոլորն ու ամեն ինչ սխալ է եղել ու հիմա միայն սկսվում է ճիշտը: «Մտահոգիչ է, որ այժմ Հայաստանը դարձել է մեկ դերասանի թատրոն, համարյա չեն գործում հակակշիռները՝ ընդդիմադիր կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, մամուլ և այլն: Կարծես բոլորը վախեցած են ու սպասում են: Այս ճանապարհը կտանի մեզ դեպի 37 թիվ, պատերազմ և մեկուսացում միջազգային ասպարեզում»` եզրակացնում է Վազգեն Մանուկյանը: Հայաստանն իրոք դարձել է մեկ դերասանի թատրոն, ավելի վատն էլ կա` կարող է վերածվել կրկեսի: Այս ընթացքով: Բայց դա Ռոբերտ Քոչարյանի հետ կապ չունի:

Դիտվել է՝ 3885

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ