USD484.87
EUR547.37
RUB7.30
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Վլադիմիր Պուտինն Իրանի ուղերձը Թրամփին փոխանցեց «գնդակը ձեր դաշտում է» ձևակերպմամբ

Վլադիմիր Պուտինն Իրանի ուղերձը Թրամփին փոխանցեց «գնդակը ձեր դաշտում է» ձևակերպմամբ
31.07.2018 | 02:18

(Նախորդ մասը)

Այնուամենայնիվ, աշխարհին ծայրաստիճան հետաքրքրում է, թե ինչ կարող էին պայմանավորվել Պուտինը և Թրամփը հատկապես Ասիայի, առաջին հերթին՝ Մերձավոր Արևելքի վերաբերյալ, որտեղ շարունակում է վառվել միանգամից մի քանի պատերազմի կրակը: Մենք առաջարկում ենք շատ լուրջ չվերաբերվել Հեռավոր Արևելքի մասին Թրամփի հայտարարություններին. «Մենք համոզված ենք, որ Ռուսաստանը մեզ հետ աշխատելու է Հյուսիսային Կորեայի միջուկազերծման ուղղությամբ»: Բայց ԱՄՆ-ի նախագահը որքան էլ նախկին ցուցավար (շոումեն) է, այժմ՝ առևտրական, այնուամենայնիվ երեխա չէ, և չի կարող չհասկանալ, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը նույնիսկ միասին չեն կարող ճնշում գործադրել ԿԺԴՀ-ի վրա, եթե չկարողանան համոզել Չինաստանին և անձամբ ընկեր Սիին, որ միջուկային ԿԺԴՀ-ն վտանգավոր է նաև Չինաստանի համար: Իսկ այժմ, երբ չին-ամերիկյան «առևտրային պատերազմը» թափ է հավաքում, Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի և, համապատասխանաբար, միջուկազերծման հարցն արդեն դուրս է եկել ներկորեական խնդրի կամ ԿԺԴՀ-Ճապոնիա և ԿԺԴՀ-ԱՄՆ փոխհարաբերությունների խնդրի շրջանակից: ԱՄՆ-ը ժամանակ կորցրեց և վտանգեց իր վարքը, երբ ԿԺԴՀ-ի ղեկավարության հետ բանակցությունների հետ միաժամանակ ՉԺՀ-ի ղեկավարության դեմ խարդախ մեքենայություններ ձեռնարկեց առևտրի ասպարեզում: Իսկ ԿԺԴՀ-ի առաջնորդներն առաջին տասնամյակը չէ, որ նախ ինչ-որ բան համաձայնեցնում են Պեկինի, հետո միայն՝ մնացած աշխարհի հետ: Այլ խոսքով ԿԺԴՀ-ի միջուկազերծման գործին Ռուսաստանի մասնակցության մասին Թրամփի հայտարարությունն ընդամենը ԱՄՆ-ի երազանքն է, իսկ Պուտինը նրան չուղղեց նրբանկատությունից ելնելով: Բայց մենք համոզված ենք, որ երկուսն էլ գիտեն, որ առանց ՉԺՀ-ի մասնակցության ոչ ոք ոչինչ չի համոզի կորեացիներին:


Հելսինկիում չինացի բարձրաստիճան պաշտոնյաներ չկային, հետևաբար, բանակցությունների ասիական թեմատիկայում ոչ թե ԿԺԴՀ-ի միջուկազերծման հարցն է եղել գլխավորը, այլ Մերձավոր Արևելքը: Այնտեղ պատերազմ է, մի քանի պատերազմ է, այնտեղ բազմաթիվ հումանիտար աղետներ են, սկսած Իրաքից և Սիրիայից: Այնտեղ աճող հակամարտությունն է ԱՄՆ-Իսրայել երկյակի և Իրանի միջև:


Նախ՝ Սիրիայի մասին: «Սիրիայի ճգնաժամը բարդ է: Մեր երկու երկրի համագործակցությունը կարող է հազարավոր սիրիացիների կյանքը փրկել»,- ասաց Թրամփը, հետո ավելացրեց, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի զինվորականները «համերաշխ են գործում Սիրիայում», «Ռուսաստանն օգնեց ԱՄՆ-ին Սիրիայում «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկչական ցանցի դեմ պայքարում»: Ռուսաստանի առաջնորդն իր հերթին հույս հայտնեց, որ Սիրիայում խաղաղության հաստատումն ԱՄՆ-ի և ՌԴ-ի համագործակցության օրինակ կդառնա. «Սիրիայի հարավում ահաբեկիչների վերջնական ջախջախումից հետո Գոլանի բարձունքներում իրավիճակը պետք է բերվի իսրայելական և սիրիական զորքերն իրարից հեռացնելու մասին 1974 թ. պայմանագրին լիակատար համապատասխանության: Դա թույլ կտա Գոլանում վերադարձնել հանգստությունը, վերականգնել Սիրիայի և Իսրայելի միջև կրակի դադարեցման ռեժիմը, հուսալիորեն ապահովել Իսրայելի անվտանգությունը»: Պուտինը հավելեց, որ Սիրիայում խաղաղության հաստատումը, հումանիտար ճգնաժամի հաղթահարումը և փախստականների վերադարձը կարող են դառնալ ԱՄՆ-ի և ՌԴ-ի համագործակցության օրինակ, «ոչ ամենուրեք և ոչ ամեն ինչում են մեր դիրքորոշումները համընկնում, սակայն համընկնող շահերը նույնպես քիչ չեն»: Նա նաև հիշեցրեց, որ ամերիկացի և ռուս զինվորականներն օպերատիվ կապի ուղիներ են հաստատել, որոնք թույլ չեն տալիս, որ ռազմական գործողությունների սիրիական թատերաբեմում վտանգավոր միջադեպեր ծագեն:


«Տպավորություն էր ստեղծվում, թե նախագահները Սիրիայի վերաբերյալ ինչ-որ բանի մասին պայմանավորվել են, պարզապես դա հանրային քննարկման չեն ներկայացնում»,- նշում է պրոֆեսոր Մանոյլոն: Դա ճիշտ է: Թրամփը դա հաստատեց իր դիտողություններով, որ Սիրիայում իրավիճակը կարգավորելու հարցում Վաշինգտոնը շահագրգռված է Ռուսաստանի և Իսրայելի հետ համատեղ աշխատանքով : Նա նշեց, որ և՛ ինքը, և՛ Պուտինը կանոնավոր շփումներ են ունենում Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ Սիրիայի իրադրության և Իսրայելի անվտանգության ապահովման համատեքստում. «Իսրայելի հետ աշխատելը հիանալի է: Իսրայելի անվտանգության ապահովումն այն է, ինչ ես և նախագահ Պուտինը կցանկանայինք տեսնել»: Փորձենք վերծանել: Նկատելի է մեկ բան. ՌԴ-ն և ԱՄՆ-ը կողմ են, որ Սիրիայում, պատերազմի ցանկացած ելքի դեպքում, ներկայիս Իսրայելի անվտանգությունը չտուժի: Ինչպես նկատում ենք, Իրանն ընդհանրապես հիշատակված չէ, ինչպես և շիա կամավորների որևէ աշխարհազոր, իսկ ներկայումս Իսրայելին սահմանակից հարավսիրիական նահանգներում հենց նրանք են սիրիական բանակին գերնշանակալի օգնում, որ դուրս մղի անհաշտ ահաբեկիչներին: Խոսքը Դերայի, Քունեյտրայի և Սուվեյդայի մասին է: Աշխարհին արդեն հայտնի է, որ իրանական ռազմական խորհրդատուների և տարբեր երկրներից եկող իրանամետ շիա աշխարհազորայինների ներկայությունը Սիրիայում, հատկապես հարավում և իր սահմաններին նրանց մոտենալն է Իսրայելն ընկալում որպես իր անվտանգության սպառնալիք, չնայած հենց շիա կամավորների վրա է ընկել (բացի սիրիական բանակից) ահաբեկիչներին ոչնչացնելու հիմնական ծանրությունը: Իսկ իսրայելցիները, հակառակը, Սիրիայում իրենց այս կամ այն միջամտությամբ փաստացի աջակցում են հենց ահաբեկիչներին, ոչ թե ԻՊ-ի և այլ վահաբական հանցավոր խմբավորումների դեմ մարտնչող ուժերին: Օրինակ, դեռ մինչև հուլիսի 16-ը մերձավորարևելյան տարածաշրջանի հարցերով ԱՄՆ-ի նախագահի նախկին խորհրդական Վալիդ Ֆարեսը «Риа Новости»-ի հետ հարցազրույցում ենթադրեց, որ Հելսինկիում հանդիպման գլխավոր թեմաները կլինեն Սիրիան և Իրանը: Նրա կարծիքով, նախագահները կքննարկեն հնարավոր համաձայնություններ, որոնց համապատասխան Դամասկոսն ու Մոսկվան իբր կապահովեն Սիրիայից իրանամետ ուժերի լիովին դուրսբերումը, իսկ Վաշինգտոնը՝ ջիհադականների: Բացի դրանից, ԱՄՆ-ը հավանաբար ուզում է ավելի սերտորեն մասնակցել Սիրիայի հետպատերազմական սահմանադրական կարգավորմանը, իսկ Թրամփը կփորձի արաբական հանրապետությունում իրավիճակի կարգավորման վրա հնարավորինս զգալի ազդեցության հնարավորություն ստանալ:
ՌԳԱ արևելագիտության ինստիտուտի արաբական և իսլամական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Բորիս Դոլգովը, Ֆարեսի հետ համաձայնելով Պուտին-Թրամփ բանակցություններում Իրանի և Սիրիայի թեմաների գերակայության հարցում, միաժամանակ առարկեց ամերիկացուն. «Վերջերս Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայեթին այցելեց Ռուսաստան: Նա հայտարարեց, որ Իրանը Սիրիա է գնացել ոչ ԱՄՆ-ի հրավերով և մտադիր չէ հեռանալու այնտեղից Սպիտակ տան սպառնալիքների պատճառով: Իրանն ինքնիշխան պետություն է, և նրա առաջնորդները յուրովի են տեսնում իրավիճակը Սիրիայում ու իրենց դերն այդ հակամարտությունում: Թեհրանի ուժերն այնտեղ են գտնվում Սիրիայի օրինական նախագահ Բաշար Ասադի հրավերով, ուստի Իրանի զորքերը հանելու որոշումը պետք է կայացնի Դամասկոսը, ոչ թե ամերիկացիները կամ իսրայելցիները»: Մենք ուղղենք Դոլգովին. ոչ թե առանձին Դամասկոսը, այլ Սիրիայի և Իրանի բարձրագույն ղեկավարները, քանի որ Սիրիա նույնիսկ իրանցի ռազմական խորհրդականներին հրավիրելու հնարավորության հարցը Դամասկոսի և Թեհրանի միջև քննարկվել է 2-3 տարուց ոչ պակաս, սկսած 2012-ից: Եվ միայն ԻՊ-ի զինյալների կողմից Իրաքում Մոսուլի և Սիրիայում Ռաքքայի գրավումն Իրանի ղեկավարությանն ստիպեց արագացնել դեպքերի զարգացումը:


Այսպիսով, Հելսինկիում Սիրիայի վերաբերյալ Պուտինի և Թրամփի դիտողություններն աներկբա ապացուցում են, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը նույն չափով հոգ են տանում Իսրայելի անվտանգության մասին: Բայց վարչապետ Նեթանյահուին և ողջ Իսրայելին հաղթանակ տոնելու խորհուրդ չէինք տա: Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները ոչինչ չեն քննարկել Սիրիայից իրանցիներին և շիաներին «հանելու» մասին: Իզուր չէ, որ հուլիսի 17-ին գոհ էին նաև Թեհրանում. Իրանի խորհրդարանի միջազգային հարցերով գլխավոր տնօրեն, ԱԳ նախկին փոխնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը հեռուստատեսային ելույթում ընդգծեց, որ Իրանը մշտապես հիշեցնում է ամբողջ աշխարհին, որ նրա ներկայությունը Սիրիայում որոշվում է Թեհրան-Դամասկոս երկկողմ հարաբերություններով. «Մենք կարծում ենք, որ ո՛չ ռուսները, ո՛չ եվրոպացիները, ո՛չ ամերիկացիները չեն կարող որոշում ընդունել Սիրիայից իրանցի ռազմական խորհրդականներին հանելու մասին» մեկնաբանելով այն լուրերը, թե Իսրայելի խնդրանքով Մոսկվան Թեհրանին խնդրել է դուրս գալ Սիրիայից: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի վարչակազմի և նույնիսկ Իսրայելի սիոնիստական վարչակարգի հետ Իրանի ենթադրյալ գաղտնի բանակցություններին, Ամիր-Աբդոլահիանը վճռականորեն հերքեց այդ լուրերը որպես «բացարձակ կեղծ»: Ամիր-Աբդոլահիանի հայտարարություններն ապացուցում են, որ Իրանում 100 %-ով գիտեն, որ Պուտինն ու Թրամփը շրջանցել են Իրաքում և Սիրիայում հակաահաբեկչական պատերազմին Իրանի մասնակցության հարցը: Բայց Իրանի մասին առանձին խոսակցություն եղել է, ինչը հետևում է ՌԴ նախագահի խոսքից. «ԱՄՆ-ը կուզենար Իրանի ուշադրությունը հրավիրել նրա վճռական քաղաքականությանը, հրթիռային ծրագրերին, բայց, մեր կարծիքով, դա չպետք է հանգեցնի «մեծ վեցյակի» և Իրանի միջև 2015-ին ստորագրված «միջուկային գործարքի» քայքայմանը»: Եթե համեմատենք, ապա Պուտինի հայտարարությունը նման է Կազանում 2010 թ. նրա իսկ հայտարարությանը Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլին՝ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման և Արցախի վերաբերյալ. «Ճանճերն առանձին, կոտլետներն առանձին»: 2018-ին Պուտինը նույն ձևով հասկացրեց Թրամփին, որ «ցանկանալը վնաս չէ», բայց «միջուկային գործարքում» ոչ մի խոսք չկար և չկա ո՛չ Իրանի ազգային հրթիռային ծրագրի, ո՛չ էլ այն մասին, թե Իրանը պե՞տք է լինի Սիրիայում և Իրաքում, թե՞ ոչ: Հարց է ծագում. եթե չկան Իրանի նկատմամբ քաղաքականության վերաբերյալ ընդհանուր մոտեցումներ, ապա ինչու՞մ են համաձայնության եկել ՌԴ-ն և ԱՄՆ-ը՝ խոսելով Սիրիայի հարավի իրադրության կապակցությամբ Իսրայելի անվտանգության հնարավորության մասին: Կա մի քանի ենթադրություն, որոնք կարելի է հիմք ընդունել, բայց վերապահումներով: Ենթադրենք, թե Պուտինն ու Թրամփը որոշել են, որ այդ հարցում հենց իրենք են լինելու վերջին դատավորները: Ընդ որում, Պուտինը Թրամփին մղում է վեճերի լուծման ռազմական միջոցներից լիովին հրաժարման: Այսպես, Պուտինը միավորեց Գոլանի բարձունքների իրադրության լուծումը և «իսրայելական ու սիրիական զորքերն իրարից հեռացնելուն» օգնելը: Բայց գուցե հնարավոր է, որ դա լինի միայն Բաշար Ասադի դիրքերի ամրապնդման դեպքում: Եթե ԱՄՆ-ն ընդունի այդ պահանջը, ապա Ռուսաստանը կօգտագործի իր հնարավորություններն Իրանի հետ բանակցություններում: Քանի որ Թրամփի համար այդ թեմայում ամենագլխավորը Իսրայելի անվտանգությունն է, Պուտինը ցույց տվեց, թե Թրամփը ինչպես կարող է լավագույնս ապահովել այդ անվտանգությունը: Բայց Իրանի հարցում ՌԴ-ի նախագահը պահպանում է ձեռքերի ազատությունը. Թրամփին ոչ մի երաշխիք չի տրվել: Սակայն սեփական նեոկոնսերվատորների, Իսրայելի հետ «խոսակցելու» համար Թրամփն ընդգծեց. «ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Իրանն օգտվի զինյալների դեմ մեր հաջող գործողություններից»: Իսկապես, դեռ մինչև բանակցությունների սկիզբը պարզ էր, որ Մոսկվան մտադիր չէ իրանցիներին համոզելու, որ հեռանան Սիրիայից, իսկ ահա խնդրել նրանց, որ չմասնակցեն Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքների մոտակայքում ընթացող գործողությանը, կարող է, բայց եթե այդ ժամանակ հաշվի առնվեն և՛ Ասադի, և՛ Իրանի շահերը:


Իսկ որո՞նք են վերապահումները: Առաջին. չպետք է մոռանալ, որ Հելսինկի ժամանելուց առաջ Պուտինն ստացել էր Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Խամենեիի և Իրանի նախագահ Ռոհանիի անձնական ուղերձները: Այդ առնչությամբ տեղին է հիշեցնել իրանական կողմի երեք արտահայտությունը, որոնք հնչեցրել է այաթոլահի գլխավոր խորհրդական Վելայեթին. «1. Մենք, իհարկե, համաձայնեցնում ենք մեր դիրքորոշումները Ռուսաստանի և Սիրիայի հետ: Պարտադիր չէ, որ այդ համաձայնեցումը համապատասխանի Իսրայելի պահանջներին: 2. Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են միավորվել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների, այդ թվում՝ որոշ արևմտյան ու տարածաշրջանային երկրների ճնշման դեմ: 3. Իրանի և Ռուսաստանի համագործակցությունն օրինակ կլինի Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի և Արևելյան Ասիայի որոշ առանցքային երկրների հետագա համագործակցության համար»: Երկրորդ. մի անգամ էլ կարդանք և խորամուխ լինենք Ամիր-Աբդոլահիանի վերոնշյալ հայտարարությունների մեջ: Իզուր չէ, որ հենց ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպման օրը Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Բահրամ Կասեմին, մեկնաբանելով Վելայեթիի Մոսկվա այցի արդյունքները, ասաց. «ԶԼՄ-ները հայտարարում են, թե իբր Ռուսաստանի նախագահ Պուտինը ԱՄՆ-ին կհաղորդի Իրանի ուղերձը»: Դեռ հարց է, թե ում և ում խնդրանքով է հետագայում «համոզելու» ՌԴ-ի նախագահը Սիրիայի հարցով. այաթոլահ Խամենեիի՞ն Թրամփ-Իսրայելի խնդրանքով, թե՞ Թրամփին՝ Խամենեիի:


Բազմանշանակ է և Պուտինի եզրափակիչ ժեստերից մեկը: Նա ԱՄՆ-ին մաղթեց ֆուտբոլի 2026 թ. առաջնության հաջող անցկացում և Թրամփին նվիրեց ԱԱ-2018-ի պաշտոնական գնդակը՝ ասելով. «Գնդակը ձեր դաշտում է»: Թրամփը շնորհակալություն հայտնեց, խոստացավ այն փոխանցել իր կրտսեր որդի Բերոնին ու հայտարարեց, որ ՌԴ անվտանգության խորհրդի և ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչները կհանդիպեն՝ «շարունակելու այն առաջընթացը, որը մենք սկսեցինք այստեղ՝ Հելսինկիում»: Այնպես որ, ռուս-ամերիկյան բանակցություններ ու խորհրդակցություններ 2018-ին դեռ շատ կլինեն, որոնք 90-95 %-ով նվիրված կլինեն երկկողմ ռազմավարական ու բիզնեսի հարցերին, ոչ թե Իսրայելին, Իրանին կամ Սիրիային ու ԿԺԴՀ-ին: Գնդակը ԱՄՆ-ի դաշտում է, այսինքն Պուտինը «տնային առաջադրանքներ» է տվել Թրամփին, և կասկածներ կան, թե ԱՄՆ-ի նախագահը կկարողանա լուծել դրանք:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 7982

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao