USD485.28
EUR552.35
RUB7.30
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

«Խռովածի կեցվածք ընդունենք ու հրաժարվե՞նք միջազգային հարթակներում մեր ներկայությունը ապահովելուց»

«Խռովածի կեցվածք ընդունենք ու հրաժարվե՞նք միջազգային հարթակներում մեր ներկայությունը ապահովելուց»
31.07.2018 | 03:11

Մշակույթի նախարարության գլխավոր մասնագետ, ոչ նյութական ժառանգության ոլորտի համակարգող, արվեստաբան ՆԱԻՐԱ ԿԻԼԻՉՅԱՆԻ հետ զրուցել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ Հայաստանի համագործակցության, մասնավորապես մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում հայկական արժեքների գրանցման ընթացակարգի, մեր ձեռքբերումների և հարևան երկրի ագրեսիվ քաղաքականության մասին:

-Տիկին Կիլիչյան, նախ ճշտենք, թե մշակութային ի՞նչ «տարածքներ» է ներառում ոչ նյութական մշակութային ժառանգությունը:
-Մշակութային ժառանգությունը պայմանականորեն կարող ենք բաժանել նյութական և ոչ նյութական ժառանգության: Մեր պատմամշակութային հուշարձանները, մշակութային տարածքները նյութական ժառանգության մաս են կազմում, իսկ ոչ նյութականը մեզ ավանդված բանավոր, ոչ շոշափելի ժառանգությունն է, այլ կերպ ասած, մեր ավանդական մշակույթի այն հատվածը, որ բանավոր փոխանցվում է սերնդեսերունդ (բանահյուսական մշակույթ, ժողովրդական թատրոն, արհեստագործությունն իր այն ձևերով, որոնք կապվում են արհեստագործության մշակման ընթացակարգի հետ, վարպետից աշակերտ փոխանցվող գիտելիքների, ինչպես նաև հավատալիքներ, ծեսեր, երգ ու պար): 2008-ից սկսած մինչ օրս Հայաստանի Հանրապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական ժառանգության ներկայացուցչական ցանկում հինգ հայտ է գրանցել. «Դուդուկն ու իր երաժշտությունը», «Խաչքարի արվեստ. խորհուրդն ու խաչքարագործությունը», «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսը, «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» և «Քոչարի. ավանդական խմբապար»։
-Ի՞նչ սկզբունքով է մշակութային այս կամ այն արժեքն ընդգրկվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
-ՅՈՒՆԵՍԿՕ-ին ոչ նյութական մշակութային արժեքներ ներկայացնելուց առաջ, դրանք նախ և առաջ պետք է ընդգրկվեն ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում: ՈՒնենք այդպիսի երեք ցանկ, դրանցից մեկն ընդգրկում է մշակութային ժառանգության կենսունակ արժեքները (հանրապետությունում եղած արժեքները, ոչ թե ընդհանրապես հայկական): Երկրորդ ցանկում ընդգրկվում են անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեքները, երրորդը մշակութային այն տարածքների ցանկն է, որտեղ կենսունակ են ոչ նյութական մշակութային ժառանգության տարբեր դրսևորումներ: Ավելի հստակեցնելու համար ասեմ, որ այդ ցանկում մինչ օրս գրանցված են երկու մշակութային տարածք՝ Գյումրին՝ իր արհեստագործական ստեղծարար միջավայրով, և Արենին, որպես գինեգործական մշակույթի տարածք: Անդրադառնալով բուն հարցին, ասեմ, որ նշածս առաջին՝ կենսունակ արժեքների ցանկերը պարբերաբեար թարմացվում են:
ՀՀ-ում ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրումը սկսվել է 2008-ից: 2010-ին այդ ցանկում առաջին անգամ գրանցվել է 18 արժեք, ներկայումս դրանց թիվը հասնում է 32-ի: Նախ և առաջ առաջարկներ են ստացվում շահագրգիռ կազմակերպություններից, անհատներից, ավանդույթը կրողներից, տարբեր համայնքներից: Այդ առաջարկները դրվում են ՀՀ մշակույթի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի քննարկմանը, և համապատասխան որոշումներ են կայացվում, այնուհետև ընտրված ցանկը հաստատվում է ՀՀ կառավարության որոշմամբ:
Իսկ թե որ թեմայով հայտ պիտի ներկայացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցման, նույնպես դրվում է մասնագիտական խորհրդի քննարկման, դրական որոշում ստանալուց հետո հարցը համաձայնեցվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հետ:
-ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում ընդգրկվելու ընթացակարգը նու՞յնպես երկարատև է, և ի՞նչ է ենթադրում այդ ցանկերում հայտնվելը՝ պահպանությու՞ն, հանրահռչակու՞մ, ի՞նչ է տալիս մեզ:
-ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի քարտուղարությունը դիտարկում է հայտի տեխնիկական համապատասխանությունը, այնուհետև փոխանցում է 6 անկախ փորձագետի և 6 անկախ կազմակերպության դիտարկմանը: Հայտերի դիտարկման ընթացակարգը տևում է մոտ 2 տարի: Ամեն տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընթացակարգի համաձայն որևէ երկրում տեղի է ունենում միջկառավարական նստաշրջան, որտեղ քննարկվում են նաև հայտերի հետ կապված հարցեր: Նիստերից մեկ ամիս առաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքում դրվում են փորձագիտական եզրակացությունները, և պարզ է լինում՝ տվյալ երկրի ներկայացրած հայտը համապատասխանու՞մ է սահմանված չափորոշիչներին, թե՞ ոչ:
Հայտ ներկայացնելը չի նշանակում, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն որևէ վկայագիր կամ վավերագիր է տալիս մշակութային արժեքներին, պարզապես այդ խոշոր մշակութային հարթակում, որին անդամակցում է 117 երկիր, մենք հանդես ենք գալիս մեր մշակութային ինքնության հաստատմամբ: Ասեմ, որ վերջին նստաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությունն անդրադարձավ այդ խնդրին, հորդորեց համապատասխան շրջանակներին, լրատվամիջոցներին փոխանցել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն որևէ մեկի իրավունքը չի հաստատում տվյալ մշակութային երևույթի նկատմամբ, այլ պարզապես գրանցում է հետագա պահպանության համար:
-Հաճա՞խ են վեճեր ծագում հարևան երկրների հետ այս կամ արժեքի ծագման վերաբերյալ:
-Օրինակ, լավաշի պատրաստումը հայ ժողովրդին բնորոշ մշակութային երևույթ է, ինչը և՛ միջազգային փորձագետների կողմից է հաստատված, և՛ ընդհանրապես, հայտնի ճշմարտություն է: 2014-ին լավաշի վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացված ՀՀ հայտի շուրջ հարևան երկրի ներկայացուցիչները առարկություններ են ունեցել: Հաջորդիվ Ադրբեջանը Իրանի, Թուրքիայի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ համատեղ հայտ ներկայացրեց, որը կոչվում էր «Հարթ բլիթանման հացի պատրաստման ու տարածման մշակույթը. Լավաշ, Կատրիմա, Ժուպկա, Յուֆկա»: Մյուս երկրները շատ հանգիստ ու կառուցողական ձևով մասնակցում էին այդ հայտին առնչվող ՀՀ պատվիրակության լուրջ առարկություններով հիմնավորված քննարկումներին, իսկ Ադրբեջանի պատվիրակությունը ագրեսիվ և տգեղ պահվածք էր ցուցաբերում: Հարցը ոչ թե արժեքների հայկական լինել-չլինելն է, այլ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, ինչը արտահայտվում է նաև այս հարթակում, մասնավորապես այս արժեքների նկատմամբ ոտնձգություններ, առարկություններ, արգելակումներ մտցնելով:
-«Տոլմա» ճաշատեսակի պատրաստման ու տարածման ավանդույթը ճանաչվեց ադրբեջանական. սա կարելի՞ է մեր պարտությունը համարել:
-Նախ՝ պետք է նշել, որ հարցի ձևակերպումն այնքան էլ ճիշտ չէ։ Հայտի վերնագրում չի գրված «ադրբեջանական տոլմա»։ Հայտը տոլմայի պատրաստման և տարածման՝ որպես մշակույթի դրսևորման մասին է և ներկայացնում է դրա կենսունակությունը ներկայում՝ հարևան երկրում, սակայն չի ասվում, որ այն միայն ադրբեջանական է։ Տարածաշրջանում հայտնի է, որ այդ կերակրատեսակը հայկական է, սակայն այն պատրաստում են ոչ միայն հարևան, այլև միջերկրածովային ավազանի և արևելյան մի շարք երկրներում նույնպես։ ՀՀ -ն ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս կոնվենցիայով հայտեր տալու ընթացակարգում ճիշտ ու հստակ քաղաքականություն է վարում, ինչը նշանակում է, որ կոնվենցիայի վավերացումից հետո, յուրաքանչյուր երկու տարին մեկ, հանրապետությունը հայտեր է գրանցում այդ հարթակում: Ավելին գրանցել հնարավոր չէ:
Պարտություն-հաղթություն ասելը թյուրընկալում կլինի, որովհետև մենք մարտի մեջ չենք մտել Ադրբեջանի հետ: Տոլման, լավաշը հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության աներկբա արժեքներ են, եթե որևէ ագրեսոր երկրի կողմից մշակութային քաղաքականության ուղղություն է որդեգրվել, որ պետք է մեր արժեքները յուրացնի՝ ինչ-որ մշակութային դաշտ ձևավորելու համար, դա իր խնդիրն է: Այդ ոտնձգությունների դեմ շատ լուրջ պայքար է գնում, մեր փորձագետների կարծիքներով հիմնավորված նամակներ, բողոքներ են ուղարկվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի կողմից: Այնպես չէ, թե այս լուրջ խնդիրները բարձիթողի են: Այսօր, երբ կա տեղեկատվական բաց դաշտ, հարկ չկա այդպիսի հարցերը ամենայն մանրամասնությամբ հանրությանը ներկայացնելու, որովհետև, կարդում են նաև հարևան երկրի ներկայացուցիչները և համապատասխան եզրահանգումներ անում, համապատասխան քայլեր ձեռնարկում: Մեր ԶԼՄ-ները բուռն կերպով քննարկում են դեռևս գրանցում չապահոված հայտերի թեմաները, մինչդեռ, թափանցիկությունը ապահովելու խնդիրը պետք է խելամտորեն օգտագործել այս դաշտում:
-Այնուհանդերձ, նկատելի է նաև, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի կողմնապահ, ավելի շատ ադրբեջանամետ վերաբերմունք:
-Նման գործոն կա, նախ և առաջ, պայմանավորված այն փաստով, որ Ադրբեջանը և Թուրքիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական դոնոր կազմակերպություններից են: Բայց նաև պետք է ասել, որ մենք այդ դաշտում լուրջ աշխատանքներ ենք տանում, ինչու՞ մթագնել մեր ձեռքբերումները՝ ի հաշիվ ագրեսորի ոտնձգության և ներքին դաշտում հարցի վերաբերյալ ստեղծել անկայուն, ոչ ճիշտ իրավիճակ:
-Ջուղայի խաչքարերի անխնա ոչնչացումը վրիպե՞ց այդ կառույցի աչքից, թե՞ մենք ինչպես հարկն է չբարձրաձայնեցինք: Կա նաև կարծիք, որ ճիշտ կլինի Հայաստանում առկախել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեությունը: Ի՞նչ կասեք այս մասին:
-Չեմ կարծում, թե Ջուղայի խաչքարերի հարցում բացարձակ լռություն է եղել, բողոքներ, գնահատականներ հնչել են, պարզապես համապատասխան արդյունքի չենք հասել: Ինչ վերաբերում է առկախմանը, ինչու՞ պետք է Հայաստանը հարևան երկրի ագրեսիայի և անմարդկային քաղաքականության պատճառով դուրս գա այս հարթակից: Միջազգային հարթակներում միշտ էլ կարող են խնդիրներ լինել, իրավունքներ ոտնահարվել, մենք ի՞նչ է, խռովածի կեցվածք ընդունենք ու հրաժարվե՞նք այդ հարթակներում մեր ներկայությունը ապահովելուց: Ընդհակառակը՝ ավելի լրջորեն, հետևողական և աշխույժ պետք է համագործակցենք այս կառույցի հետ, հավաստելով ու հաստատելով մեր մշակութային ինքնությունը, մեր տեղն ու դերը կառույցին անդամակցող 117 երկրների շարքում:
-Ըստ Ձեզ՝ ո՞րն է մեր ամենակարևոր ձեռքբերումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության շրջանակում:
-Խորհրդային Միության և անկախության տարիներին ավանդական մշակույթի պահպանության խնդիրներն այնքան էլ բարձր մակարդակով չեն իրականացվել, դա եղել է փոքր թվով մարդկանց մտահոգության և անձնական նախաձեռնության խնդիր: Մենք այնքան հարուստ ժառանգություն ունենք, և դա այնքան երկար ժամանակ պատշաճ ձևով չի պաշտպանվել ու պահպանվել, որ վերջին տարիներին ինչ գործընթացներ իրականացվում են, պարզ է, որ բավական չեն երկար տարիների բացթողումները լրացնելու համար: ՈՒստի ամենակարևոր ձեռքբերումը համարում եմ ոչ թե հայտերի գրանցումը, այլ 2006-ին ՀՀ-ի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի վավերացումը, ինչի արդյունքում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը դարձավ պետական քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը:


Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 10004

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao