Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Էրդողանի նման բռնապետը չպետք է Գերմանիա գա

Էրդողանի նման բռնապետը չպետք է Գերմանիա գա
31.07.2018 | 19:05

Գերմանիայում չի մարում քննադատության ալիքը Թուրքիայի նախագահին Բեռլին հրավիրելու՝ իշխանությունների որոշման շուրջ: Թեև այցի ժամկետներն ու մանրամասները հստակ չեն, ընդդիմադիրներն արդեն պնդում են՝ Ռեջեփ Էրդողանի նման բռնապետը չպետք է Գերմանիա գա: Սկանդալը սկիզբ առավ անցած շաբաթ, երբ գերմանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը պաշտոնական հրավեր է ուղարկել թուրք գործընկերոջը, նախագահական նստավայրի հաղորդմամբ, այցի հստակ ժամկետներ չեն նշվել, և կողմերն առայժմ աշխատում են այդ ուղղությամբ: Չի հստակեցվել նաև հնարավոր այցի բնույթը, այն կարող է լինել և աշխատանքային, և առավել պատկառելի ընդունելություն ենթադրող՝ պաշտոնական, Deutsche Welle-ին ասել են Գերմանիայի նախագահական նստավայրից: Գերմանական ընդդիմությունը դեմ է ցանկացած ընդունելության: «Էրդողանը այլևս ժողովրդավար պետության նախագահ չէ, նա իր երկիրը վերածել է Թուրքմենստանի կամ Ադրբեջանի նման բռնապետության»,- պնդել է ծագումով թուրք, Գերմանիայի Կանաչների պատգամավոր Ջեմ Օզդեմիրը:


Ծայրահեղ աջակողմյան «Գերմանիայի այլընտրանքը», որը վերջին ընտրություններից հետո երրորդն է Բունդեսթագում, կոչ է արել ընդհանրապես չեղարկել հրավերը: «Գերմանիայի կառավարությունը չպետք է թույլ տա, որ Էրդողանը իր հերթական քարոզչական շոուն կազմակերպի Բեռլինում»,- Ֆեյսբուքում գրել է խմբակցության ղեկավար Ալիս Վեյդերը: Անգելա Մերկելի կառավարությունը չի թաքցնում, որ լուրջ տարաձայնություններ ունի Թուրքիայի նախագահի հետ, վարչակազմը հայտարարում է՝ Անկարան կարևոր գործընկեր է, որի հետ ամեն դեպքում պետք է բանակցել: «Ինձ համար երբեք համոզիչ չեն եղել պնդումները, թե խնդրահարույց դաշնակիցների հետ ավելի լավ է ընդհանրապես չխոսել», - Buld-ին ասել է Գերմանիայի ԱԳՆ Հեյկո Մաասը:


Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Էլմար Բրոքն ընդգծել է՝ «Եթե մենք ձգտենք բանակցել միայն ժողովրդավար առաջնորդների հետ, Գերմանիան կարող է շուտով մենակ մնալ միջազգային ասպարեզում»: Փորձագետները փաստում են, որ Թուրքիան առանցքային նշանակություն ունի Եվրոպայի համար հատկապես Մերձավոր Արևելքից եկած փախստականներին ընդունելու հարցում՝ խնդիր, որի լուծումը դարձել է կանցլեր Մերկելի կառավարության լրջագույն մարտահրավերներից մեկը: Եթե կողմերը համաձայնության գան, սա կլինի Ռեջեփ Էրդողանի առաջին այցը Գերմանիա 2014 թվականից ի վեր, ընդ որում, այս ընթացքում երկկողմ հարաբերություններում ի հայտ են եկել մի շարք լրջագույն խնդիրներ՝ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից մինչև Անկարայից հնչող մեղադրանքները, թե Գերմանիայի կառավարությունը աջակցում է ահաբեկիչներին ու Թուրքիայում հեղաշրջման փորձ կազմակերպած գյուլենականներին: «Մեզ ոչինչ չի խանգարում քննարկել այս հարցերը դեռ առ դեմ հանդիպման ժամանակ»,- երեկ հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարարը, վստահեցնելով՝ Էրդողանը չի խուսափի ցավոտ թեմաներից, անգամ եթե Բեռլինում ամենաբարձր ընդունելությանն արժանանա:

Դիտվել է՝ 7325

Մեկնաբանություններ