Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կարգին Հայկոյի «անկարգությունը»

Կարգին Հայկոյի «անկարգությունը»
03.09.2018 | 12:48

Արդեն սեպտեմբերի 2-ին սիրո և համերաշխության հեղափոխությունը Երևանում սկսեց խրամատներ փորել ու բաժանումներ անել` սևի ու սպիտակի: Նախաձեռնությունն այնքան անհեթեթ է, որ զարմանալի չի լինի, եթե պարզվի` այդ տրամաբանությամբ սևի ու սպիտակի բաժանման հետևանքով սևերն ավելի շատ լինեն: Համենայն դեպս` ոչ մի հեղափոխություն մարդուն չի կարող պարտադրել չմտածել, մտածող մարդը այս «սպիտակին» ընտրելու մեկ հիմք ունի` Նիկոլ Փաշինյանին և վարչապետ, և քաղաքապետ համարելը: Իսկ դա նոնսենս է:


Երեկ Երևանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքով մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ելույթ է ունեցել ընտրությունների ֆինանսավորման համար կազմակերպված դրամահավաք-երեկոյին ու ասել է. «Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր, վերջ։ Ես ուզում պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ, այո մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, սև ուժերն են։ Որովհետև մենք և մեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է։ Ոչ ոք մեզնից անձնական շահեր, անձնական ինչ - որ ամբիցիաներ չունի»: Եվ հավելել է, որ ընտրություններին մասնակցող իրենց թիմը ուժեղ է՝ «Նույնիսկ կարող եմ ասել մեր թիմի դեմ խաղ չկա»։ Քաղաքապետի թեկնածուի խելամտությունը հերիքել է նաև ասելու. «Առանց ձեր մասնակցության, առանց ձեր ակտիվ մասնակցության մենք ոչ մի բանի չենք հասնի։ Կներեք, որ այսպես եմ ասում, այսուհետ ձեր պարտականությունն է ձեր կյանքի 20 տոկոսը նվիրել հանրային շահերին, նվիրել հանրությանը։ Միայն այսպես մենք կարող ենք հաջողություն ունենալ»: Բայց այս խոսքերը, թերևս, ասված են հավուր պատշաճի, որովհետև եթե «Իմ քայլի» դեմ խաղ չկա, երևանցիների ակտիվ մասնակցությունը դառնում է ձևականություն:


Ինչու՞ քաղաքապետի թեկնածուն իր ծրագրերի ու նպատակների մասին խոսելու փոխարեն դրամահավաքում պատերազմ է հայտարարում մրցակիցներին: Սա ի՞նչ տրամաբանություն է: Շարքային երևանցուն պետք է քաղաքապետ, որ լուծում է օրենսդրությամբ սահմանված հարցե՞րը, թե՞ հոխորտում է ու ասում, որ անձնական շահեր ու ամբիցիաներ չունի: Վատ է, որ չունի: Քաղաքապետի անձնական շահն ու անձնական ամբիցիան պիտի լինի Երևանը ճիշտ կառավարվող քաղաք դարձնելը: Կա երկու տարբերակ` կամ Հայկ Մարությանն անձամբ է հեղինակել ելույթը և անձնական պատկերացումներն է ներկայացրել, կամ` նրա ելույթը գրվել է «Իմ քայլի» պատկերացումների համապատասխան: Առաջին տարբերակում ելք կա` նրան կարելի է չընտրել: Երկրորդ տարբերակը առավել վտանգավոր է` եթե «Իմ քայլը», որ նույնացվում է ՔՊ-ի ու անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ, առաջնորդվում է հասարակության մեջ յուրայինների որոնումով ու ոչյուրայիններին համարում է թշնամի, դա թավշե հեղափոխության ինքնասպանությունն է: Իր տեսաուղերձում Նիկոլ Փաշինյանը անթաքույց կոչ արեց քվեարկել «Իմ քայլի» օգտին, որ թավշե հեղափոխությունը կազմակերպած ուժերի դաշինքն է: Որքանո՞վ է դա նպաստում ընտրությունների օրինականությանը: Նիկոլ Փաշինյանի խնդիրը, որ նա չի ընկալում, Հայկ Մարությանի հաղթանակն ապահովելը չէ, այլ` Երևանի ավագանու ընտրությունները անխոտելի` լիարժեք օրինականության շրջանակներում կազմակերպելը, առավել ևս, որ նա ավագանու ընտրությունները համարում է ԱԺ ընտրությունների նախերգանք ու համարում է հեղափոխական Հայաստանի առաջին քննությունը հետհեղափոխական շրջանում: Որքանո՞վ է ճիշտ, որ նա մտադիր է մասնակցել ընտրարշավին` ի սկզբանե անհավասար պայմաններ ստեղծելով ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերի համար:


Եվ ընդհանրապես` հենց Նիկոլ Փաշինյանից չի՞ գալիս այդ սև-սպիտակի բաժանումը, որի հիմքում Հայաստանը երկու մասին բաժանելն է` թավշե հեղափոխությանը մասնակիցներ ու չմասնակիցներ: Իսկ դա վտանգավոր է ոչ միայն իր թիմի, այլև Հայաստանի համար: Ակնհայտ է, որ թիմի փորձառությունն ու տրամաբանությունը չեն բավականացնում ճիշտ լուծումներ գտնելուն, էյֆորիան հանգեցնելու է ֆիասկոյի, բայց դա լինելու է հեղափոխության ֆիասկոն: Սա է, որ չի ընկալվում: ՈՒ վատ է, որ չի ընկալվում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հարց` Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» ու՞մ է հաղթելու: Որքան էլ ԱԺ ընտրությունների նախերգանք` ավագանու ընտրությունները խորհրդարանական ընտրություններ չեն: Քաղաքական ընտրություններ չեն: Ի՞նչ է պետք, որ հաղթել-պարտվելը մի կողմ դնելով` «Իմ քայլը», իմա` Նիկոլ Փաշինյանը, սկսի մտածել հասարակությանը միավորելով` թավշե հեղափոխության ձեռքբերումները առարկայական դարձնելու մասին: Թավշե հեղափոխության հաղթանակ է համարվելու «Իմ քայլի» 100-տոկոսանոց արդյու՞նքը: Դա՞ է ժողովրդավարության հաղթանակի պատկերացումը` «Մեր թիմի դեմ խաղ չկա»։ Բայց մենք դա արդեն անցել ենք: Իսկ հիմա փաստացի համոզվում ենք, որ «Իմ քայլի» հաջողությունը բոլորովին էլ Երևանի ու Հայաստանի հաջողությունը չի լինելու, եթե իբրև ընտրված քաղաքապետ էլ «Իմ քայլի» թեկնածուն աշխատի սպիտակների ու սևերի բաժանումով: Նույնիսկ այն դեպքում, երբ անհեթեթ ելույթի հաջորդ օրը Հայկ Մարությանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Այսօր համացանցում քննարկման առարկա են դարձել ելույթումս հնչեցված որոշ ձևակերպումներ, որոնք տարաբնույթ մեկնաբանությունների առիթ են հանդիսացել։ Ես ամենևին անթերի չեմ, և կարծում եմ, որ կարող էի ավելի հստակ ձևակերպել խոսքս, և, գուցե, այդ դեպքում տարընթերցումներ չլինեին։ ՈՒզում եմ հստակ ֆիքսել, որ Հայաստանում կա ընդամենը մեկ սուբյեկտ, որի դեմ խաղ չկա, և դա Հայաստանի ժողովուրդն է։


ՈՒ, այո, բոլոր այն ուժերը, որոնք տարիներ շարունակ բռնացել են ու դեռ փորձելու են բռնանալ ժողովրդի ազատության և արժանապատվության վրա, խաբել ժողովրդին, կանխել վերջինիս առաջընթացն ու հաջողությունը, սև ուժեր են, և ես անձամբ իմ պարտքն եմ համարել և համարում անել ամեն ինչ, որպեսզի նրանք այլևս երբեք չկարողանան դա անել։ Ընտրությունը ժողովրդինն է, և ես համոզված եմ, որ մեր թիմը կարժանանա վերջինիս վստահությանը»: Ժողովուրդը «վերջինս» չէ, ժողովրդի հավաքական վստահությունը որոնողը այդքանը գոնե պիտի եթե ոչ հասկանա, գոնե զգա: Իսկ ընդհանրապես` կարծրատիպերը կոտրում են մարդիկ, որ չունեն կարծրատիպեր: Բայց դա արդեն Կարգին Հայկոյին չի վերաբերում, ոչ էլ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին ու իր «Իմ քայլին»: Գուցե նաև Նիկոլ Փաշինյանին:

Դիտվել է՝ 2703

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ