USD487.27
EUR549.69
RUB7.31
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Հայաստանը պատրա՞ստ է իր անկախության ընկալմանն ու պաշտպանությանը

Հայաստանը պատրա՞ստ է իր անկախության ընկալմանն ու պաշտպանությանը
04.09.2018 | 11:55

Մեծ տերությունների բարձրաստիճան պաշտոնյաները իրենց վերապահում են մի իրավունք, որ չեն կարող իրենց թույլ տալ փոքր պետությունների բարձրաստիճան պաշտոնյաները` նրանք անպատասխանատու են ու իրենց խոսքում կարող են լինել անտրամաբանական: Միևնույն է` ոչ ոք չի հարցնի` ինչու՞, ինչպե՞ս կամ` որ ի՞նչ: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ տեղեկացրել է, որ առաջիկայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն: Մոսկվայի միջազգային հարաբերությունների համալսարանում առաջին կուրսեցիների հետ հանդիպմանը նա հայտարարել է. «Կարծում եմ` մեզ համար կարևոր է լսել, թե ինչպես է Հայաստանի նոր ղեկավարը գնահատում երկրում իրադրության զարգացման հեռանկարները։ Մեզ համար, իհարկե, ամենևին միևնույն չէ, թե ինչպես է այս իրավիճակում Հայաստանը կատարում ՀԱՊԿ-ի շրջանակում ստանձնած պարտավորությունները, մենք ելնում ենք այն հանգամանքից, որ այդ պարտավորությունները ուժի մեջ են և պետք է լիարժեք իրականացվեն, այդ թվում` մեր ընդհանուր կազմակերպության հեղինակությունն ամրապնդելու առումով»:


Նա նշել է, որ Մոսկվան մտահոգ է. «Մեզ մտահոգում է, որ իրադրությունը Հայաստանում շարունակում է թեժ մնալ, հետաքննվում են տասնամյա վաղեմության իրադարձությունները, գիտեք այդ փաստերի, ձերբակալությունների մասին: Անկասկած, մենք դա համարում ենք Հայաստանի Հանրապետության ներքին գործը և շատ ենք ցանկանում, որ այդ ներքին գործերը մնան օրենքի և Սահմանադրության ամուր հիմքի վրա ու արագորեն հաղթահարվեն»: Հարց` եթե դա Հայաստանի ներքին գործն է, Մոսկվան ինչու՞ է մտահոգվում Հայաստանի ներքին գործերով, ավելին` ինչու՞ է միջամտում անկախ պետության ներքին գործերին: Եվ` հրապարակային: Հուլիսի 31-ին Լավրովը հայտարարեց, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարների հավաստիացումներին, որ հրաժարվելու են իրենց նախորդների նկատմամբ քաղաքական հետապնդումներից։ Դա մարտի 1-ի գործի շրջանակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրումից հետո էր։ Հիմա Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ է, Խաչատուրովը Մոսկվայում է ու շարունակում է պաշտոնավարել։

Ավելին` Ինտերֆաքսը հայտարարում է, որ ՀՀ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանը Հայաստանին չի արտահանձնվի, որովհետև նա 2002-ից ՌԴ քաղաքացի է, իսկ ՌԴ-ն օրենսդրությամբ իր քաղաքացիներին այլ երկրների չի արտահանձնում: Օգոստոսի 31-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարեց Ռոբերտ Քոչարյանին և ջերմորեն շնորհավորեց նրան ծննդյան օրը` և Կրեմլի կայքում, և հեռուստատեսությամբ տեղեկացնելով զանգի մասին: Ակնհայտ է, թե Մոսկվան ի՞նչ է ուզում Հայաստանից, ինչու՞ է համարում, որ Հայաստանում «եռացող» իրավիճակ է ու եռքը սառեցնողն ինքը պետք է լինի: Միաժամանակ` շեշտելով, որ Կրեմլը Հայաստանի ներքին գործերին միջամտելուն միտված որևէ քայլ չի նախաձեռնում, «սակայն չեմ կարող ասել, որ մյուս արտաքին խաղացողները նույն կերպ են վարվում»` ինչպես հայտարարել է «մտահոգ» Լավրովը` «մոռանալով» գոնե ակնարկել, թե ուրիշ ո՞ր երկիրն է միջամտել Հայաստանի ներքին գործերին: Պարզ է, որ Կրեմլի քայլերն ուղղված են մարտի 1-ի բացահայտումը կանխելուն և խնդիրը Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի պայծառ կերպարը «անաղարտ պահելը» չէ, ոչ էլ ՀԱՊԿ-ի հեղինակությունը կամ ՀԱՊԿ-ում ստանձնած պարտավորությունների կատարումը, որով որևէ երկիր, բացի Հայաստանից, աչքի չի ընկել անցած տասնամյակներում:


Ինչքան հանցագործություններ կան Ռուսաստանում ու ՀԱՊԿ մյուս երկրներում չբացահայտված` ու՞ր կհասնի, եթե 10-ամյա վաղեմության գործերը վերաբացվեն` սա մեկ, և երկրորդ` Մոսկվան չի կարող թույլ տալ, որ Հայաստանում վերանան իր ազդեցության լծակները: Ընտրություններով ձևավորված իշխանությունը ոչնչով պարտական չի լինելու Մոսկվային, փլուզվելու է քրեաօլիգարխիկ բուրգը, որ լեգիտիմությունը Մոսկվայում էր ստանում: Իսկ անկախ քաղաքական գործիչները անկանխատեսելի ու վտանգավոր են Կրեմլի համար: Երրորդ` Մոսկվան ոչ միայն չի խառնվում Հայաստանի ներքին գործերին, այլև խառնվում է բացահայտ և դրա հիմքերը տվել են Հայաստանի նոր իշխանությունները` իրենց անվերջ հավաստիացումներով, որ արտաքին վեկտորի փոփոխություն չի լինելու:


Փաստացի` հավաստիացումներին չհավատացին, այլև պահանջում են ապացույցներ, հավատարմության երդումներ, որ ստացել են նախորդ իշխանություններից: Թավշե հեղափոխության առաջին խնդիրը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերականգնումը պետք է լինի: Մինչդեռ հետհեղափոխական Հայաստանում ամեն ինչի առանցք դարձավ կոռուպցիայի դեմ պայքարն ու հետին պլան մղեց քաղաքական ու տնտեսական անկախության գաղափարը: Ո՞րն է Հայաստանի արտաքին քաղաքականությունը այսօր: Որևէ տարբերություն կա՞ նախահեղափոխական ու հետհեղափոխական գերակայությունների միջև: Որևէ տարբերություն կա՞ հրապարակային հայտարարություններին չհաջորդող քայլերի «նախա» ու «հետ» բաժանման միջև: Եթե լիներ, Կրեմլը կանգնելու էր մտրակի ու կարկանդակի քաղաքականության ընտրության առաջ: Հայաստանում զգուշացան մտրակից ու որոշեցին, որ պետք չէ Մեծ արջին արթնացնել: Բայց արջը արջ է ու քնում-արթնանում է իր ցանկությամբ: Պուտինի հետ հանդիպումից առաջ, որ օրերս Իլհամ Ալիևի հետ Սոչիում համագործակցության 10 պայմանագիր ստորագրեց, սեպտեմբերի 7-ին էլ մեկնում է Թեհրան` հանդիպելու Ռուհանիին ու Էրդողանին, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության զարգացման մասին երկար պիտի մտածի: Ճիշտ է` իր խոսքով` Պուտինի հետ հարաբերություններն ավելի հեշտ են ստացվում, քան կարծում էր, բայց պետք չէ խաբուսիկ հեշտությունը շփոթել իրական գործընկերության հետ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ինչ կասի Սերգեյ Լավրովը` ՌԴ արտաքին քաղաքականության հարց է: Ի՞նչ է ասում Զոհրաբ Մնացականյանը: Որևէ հրապարակային պատասխան եղե՞լ է Լավրովի հուլիսյան ու սեպտեմբերյան «մտահոգություններին»: Պիտի լիներ: Այլապես` արտաքին քաղաքականության բեռը մնում է վարչապետի վրա, իսկ նա մասնատված է կոռուպցիայի դեմ պայքարով, Երևանի ավագանու ընտրություններով, ԱԱԾ-ի ու ՀՔԾ-ի ամենօրյա տեղեկատվության հոսքով, հակահեղափոխության դեմ պայքարով, Ամուլսարով ու Սևանով, տնտեսության զարգացումով ու Աժ արտահերթ ընտրությունների նախապատրաստումով և ընթացիկ հարցերով, որ ոչ թե պակասում, այլ ավելանում են:


Երեկ ՀՔԾ-ն հայտարարեց Մարտի 1-ի հարցով նոր քրգործի մասին՝ այդ օրը առավոտյան տեղի ունեցած ոստիկանության գործողության առիթով: Փաստացի` վերջից առաջ են գալիս` տրամաբանականը այդ իրադարձությունների հետաքննությունից սկսելը պիտի լիներ, որովհետև Ազատության հրապարակում քնած ցուցարարների խուզարկությունը ու ցրելն էր մարտի 1-ի սկիզբը, որ անկառավարելի դարձրեց իրավիճակը: Եթե սա պարզ համընկնում չէր ու անուղղակի պատասխան էր Լավրովին, ստացվում է` կամ 10-ամյա իրադարձությունների բացահայտման ընթացքը փորձում են ռուս-հայկական հարաբերությունների առումով նվազ անվտանգ դարձնել, կամ պատրաստ են մինչև վերջ գնալ` անկարկանդակ ու մտրակից չերկնչելով: Կրեմլին երկրորդ տարբերակը կստիպի ընդունել, որ Հայաստանը ֆորպոստ չէ, այլ` անկախ պետություն: Իսկ Հայաստանը պատրա՞ստ է իր անկախության ընկալմանն ու պաշտպանությանը:

Դիտվել է՝ 1617

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao