USD482.44
EUR564.60
RUB7.28
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
 
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

Վարչապետն ընդունել է Ճապոնիայի արտգործնախարարին

Վարչապետն ընդունել է Ճապոնիայի արտգործնախարարին
04.09.2018 | 12:03

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոյին: Վարչապետը ողջունել է Ճապոնիայի ԱԳ նախարարի առաջին այցը մեր երկիր և նշել, որ այն տեղի է ունենում Հայաստանի համար կարևոր՝ ժողովրդավարական փոփոխությունների շրջանում:


«Նախորդ տարի տոնում էինք հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, որոնք կարելի է բնութագրել արդյունավետ և դինամիկ զարգացող: Միևնույն ժամանակ կարծում եմ, որ ունենք ռեալ հնարավորություններ՝ երկկողմ գործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու և հատկապես տնտեսական կապերը խթանելու համար», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Ճապոնիայի ԱԳ նախարարը համակարծիք է եղել, որ երկու երկրների փոխգործակցությունը զարգացման և խորացման մեծ ներուժ ունի տարբեր ոլորտներում: «Ինձ համար պատիվ է այցելել Հայաստան: Այսօր եղել եմ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում և տպավորված եմ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի կրթական մոդելով: «Թումո»-ն այն տեղերից է, որտեղ ևս կարող ենք միասին աշխատել: Պատրաստ ենք քննարկել տնտեսության բնագավառում մեր համագործակցության խորացման հեռանկարները», - նշել է նա:


Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում ձևավորված նոր քաղաքական ու տնտեսական իրավիճակին և իրականացվող բարեփոխումներին՝ մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարի, ներդրումային և բիզնես միջավայրի բարելավման ուղղություններով: Ճապոնիայի ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանում կատարվող ժողովրդավարական փոփոխությունները և պատրաստակամություն հայտնել աջակցել կառավարությանն այդ գործընթացում:
Տնտեսական կապերի զարգացման համատեքստում զրուցակիցները կարևորել են այս տարի «ՀՀ կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագրի ստորագրումը և վավերացումը։ Կառավարության ղեկավարը հեռանկարային է համարել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ենթակառուցվածքների, նորարարությունների ոլորտներում գործակցության զարգացումը: Ճապոնիայի ԱԳ նախարարը ողջունել է ՀՀ վարչապետի առաջարկը և պատրաստակամություն հայտնել քննարկել այդ ուղղությամբ քայլերը: Երկուստեք ընդգծվել է Հայաստանում և Ճապոնիայում երկու երկրների մշակույթի օրերի անցկացման անհրաժեշտությունը, կարևորվել է միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը: Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել՝ ձևավորել համատեղ օրակարգ և ակտիվ աշխատել այն կյանքի կոչելու համար: Վարչապետը կարևորել է հումանիտար ու գործարար կապերի սերտացումը և այս նպատակով ՀՀ կողմից Ճապոնիայի քաղաքացիների համար մուտքի արտոնյալ ռեժիմի սահմանումը, որի շրջանակում նրանք կարող են առանց մուտքի արտոնագրի այցելել Հայաստան: Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային արդի հարցերի շուրջ: ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:

Դիտվել է՝ 532

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ