USD482.44
EUR564.60
RUB7.28
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

Ինչի՞ մասին է նախազգուշացնում Լավրովը Երևանին

Ինչի՞ մասին է նախազգուշացնում Լավրովը Երևանին
06.09.2018 | 11:26

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին կբանակցեն Մոսկվայում` այդ մասին երևանյան ԶԼՄ-ներին հաղորդեց նախ Նիկոլ Փաշինյանը, հետո տեղեկատվությունը հաստատեց ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը: ՀՀ վարչապետի այցը Ռուսաստան Հայաստանում իշխանափոխությունից հետո երրորդն է:

Մայիսի 14-ին Սոչիում ԵԱՏՄ սամմիթի շրջանակներում Պուտինի ու Փաշինյանի առաջին հանդիպումը կայացավ, հաջորդը հունիսի 13-ին Մոսկվայում էր, երբ ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին հրավիրեց ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը: Փաստացի` Մոսկվայի ու Երևանի երկխոսությունը ինտենսիվ զարգանում է: Բայց` յուրահատուկ: Դրա մասին խոսեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` ելույթ ունենալով Մոսկվայի Միջազգաին հարաբերությունների ինստիտուտի առաջին կուրսեցիների առաջ: «Կարծում եմ` մեզ համար կարևոր է լսել, թե ինչպես է Հայաստանի նոր ղեկավարը գնահատում իրավիճակի զարգացման հեռանկարները իր երկրում,- ընդգծեց Լավրովը:- Մեզ համար, իհարկե, բոլորովին էլ միևնույնը չէ, թե այդ իրավիճակում ինչպիսին են Հայաստանի պարտավորությունները ՀԱՊԿ-ի առաջ: Մենք ելնում ենք այն կետից, որ այդ պարտավորությունները գործում են ու պետք է լիարժեք կատարվեն, այդ թվում` մեր ընդհանուր կազմակերպության հեղինակության ու վարկի ամրապնդմանը վերաբերող պարտավորությունները»: ՌԴ ԱԳ նախարարը նաև նշեց, որ Մոսկվան չի խառնվում Հայաստանում իշխանափոխության գործընթացին` ի տարբերություն որոշ երկրների: Իրոք, Երևանի նոր իշխանությունները, հայտարարելով շարունակվող «հեղափոխության» մասին, սկսելով հաշիվներ մաքրել ոչ վաղ անցյալի հետ, որոշակի վակուում են ստեղծել Մոսկվայի հետ կառուցողական հարաբերությունների կառուցման մեջ, թեպետ Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության շարունակման հայտարարությունների պակաս չի եղել: Արդյունքում, գուցե, և դա պատահական չէ, այդ վակուումը լրացրեց Ադրբեջանը:

Սոչիում Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի բանակցությունները չափազանց արդյունավետ էին` 16 փաստաթուղթ ստորագրվեց ամենատարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ` էկոնոմիկայի, էներգետիկայի, ռազմատեխնիկական ու մարդասիրական հարաբերությունների: Սակայն Մոսկվան բոլորովին էլ «հայկական խաղաքարտը» չի գործարկում: Հակառակը` Բաքվի հետ համագործակցության խորացման գաղափարը զգուշացում է Ադրբեջանի որոշակի շրջանակների, որ ուզում են օգտվելով Հայաստանի իրավիճակից, նորից դիմել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի ուժային լուծմանը, որ բազում աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային ռիսկեր ունի: Պետք է արժանին հատուցել Ալիևին` նա հրաժարվեց «կարմիր գիծը» հատել: Ըստ ամենայնի` այդ խնդիրը հիմա դուրս է բերված ռուս-հայկական հարաբերությունների փակագծերից, թեպետ Փաշինյանն ինտրիգային հայտարարություն էր արել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ` առաջարկելով Ստեփանակերտին վերադարձնել բանակցային սեղան, բայց հետո նահանջեց իր խոսքերից: Նա ներկա չէր նաև Արցախի Հանրապետության օրվա տոնակատարությանը, թեպետ շնորհավորական ուղերձ էր ուղարկել: Հետաքրքրաշարժ:

Մասնավորապես նա նշել էր, որ «Արցախն այսօր Հայաստանի ու Սփյուռքի հետ ուս ուսի շարունակում է ապրել ու զարգանալ», որ «թավշե հեղափոխության հաղթանակը Հայաստանում ևս մեկ վկայությունն է հայկական ազատատենչ հոգու ու անկոտրում կամքի», որ «Հայաստանը, Արցախը և Սփյուռքն այսօր առավել ուժեղ են, որովհետև ավելի համախմբված են ու ավելի ազատ»: Այսպես եռամիասնություն է կառուցվում` Հայաստան-Արցախ-Սփյուռք, որ Բաքվում գնահատվում է Փաշինյանի հերթական հրաժարում Ստեփանակերտը բանակցությունների սուբյեկտ համարելուց, իսկ դա լիովին ձեռնտու է Ադրբեջանին: Պատահական չէ, որ Ալիևը ելույթ ունենալով Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 6-րդ համաժողովում` հայտարարեց` հույս ունի, որ «Հայաստանի նոր ղեկավարությունը առավել կառուցողական դիրքորոշում կունենա հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման մեջ, մեր տարածքները կազատագրվեն օկուպացիայից, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի, տարածաշրջանում խաղաղություն ու համագործակցություն կհաստատվի»:

Այս արտահայտության առաջին մասն է կարևոր, որ վերաբերում է Հայաստանի հնարավոր «կառուցողական դիրքորոշմանը հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման մեջ»: Բաքուն իր որոշակի «հույսերն» ունի: Ինչո՞վ է Մոսկվա մեկնելու ՀՀ վարչապետը: Բանակցությունների օրակարգը դեռ բարձրաձայնված չէ: Կան Լավրովի գնահատականները, որ «իրավիճակը Հայաստանում շարունակում է եռալ» և մենք «շատ ենք ցանկանում, որ այդ ներքին գործերը մնան օրենքի ու Սահմանադրության ամուր հիմքի վրա, և արագ հաղթահարվեն, որ Հայաստանը կարողանա կենտրոնանալ ստեղծարար խնդիրների վրա»: Փաշինյանի կուսակցությունը խորհրդարանում այսօր մեծամասնություն չունի, նրա իշխանությունը կախվում է օդում: Իրավիճակի փոփոխությունը հնարավոր է միայն մյուս խմբակցությունների հետ բանակցությունների ու փոխզիջումների արդյունքում, նոր կոալիցիա ստեղծելու միջոցով: Կարծում ենք, որ վարչապետն ու նրա թիմը այդ աշխատանքը տանում են, բայց հաջող ավարտի համար անհրաժեշտ են որոշակի դրական ներքին ու արտաքին գործոններ, որ կարող են ստեղծվել միայն ժամանակի մեջ: Միաժամանակ պահպանվում է Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հեռանկարը զուտ ապարատային տարբերակով: Ի պատասխան նա կարող է հակադրել փողոցի ներուժը, սակայն դա կայուն ներուժ չէ: Մոսկվա այցի նախօրեին Փաշինյանը ասաց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կկայանան եկող տարվա մայիսին կամ հունիսին: Աշխատանք է տարվում «Սահմանադրության փոփոխության, որի արդյունքում խորհրդարանը կարող է լուծարվել առանց գործող վարչապետի հրաժարականի»: Փաշինյանի խոսքով` «նոր Սահմանադրության նախագիծը շուտով կուղարկվի խորհրդարանի քննարկմանը, որից հետո կսկսվեն քաղաքական խորհրդակցություններ»: Բայց կաջակցե՞ն պատգամավորները առաջարկվող լուծումներին, թե՞ վարչապետը նրանց վրա ճնշում կգործադրի փողոցային տարերքով: Հայ շատ փորձագետների կարծիքով` մայիսին իշխանության գալու պահից մինչև օգոստոս, երբ Փաշինյանը հանրահավաք արեց Երևանում, «նրա ընդդիմախոսները սկսել են հաղթել, հասարակության մեջ հոգեբանական փոփոխություններ են եղել` 100 -տոկոսանոց վստահությունը վերաճել է որոշ կասկածների, դա կարող է որոշակի հետևանքներ ունենալ»: Ինչպե՞ս այդ իրավիճակում Մոսկվան բանակցի Երևանի հետ: Նույնիսկ հանրապետության ներքին գործերին չխառնվելու դիրքորոշումն ունենալով: Եվ ու՞մ հետ: Շատ բան, թեպետ ոչ ամեն ինչ, ներքաղաքական դասավորության մեջ կորոշարկեն Երևանի ավագանու ընտրությունները սեպտեմբերի 23-ին, որ կդառնան խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախերգանքը:


Մոսկվայում ոչ ոք գաղտնիք չի դարձնում, որ Հայաստանը ռուսական շահերի շրջանակում է, այդ թվում ՀԱՊԿ ու ԵԱՏՄ ձևաչափերում: Մինչև հիմա երկու երկրների հարաբերությունները մեծ ազդեցություն են ունեցել տարածաշրջանի իրադարձությունների վրա, բայց ամեն ինչ կարող է կտրուկ փոխվել: Ղարաբաղյան ուղղությամբ նույնպես: ՈՒստի Պուտինի ու Փաշինյանի առաջիկա երկխոսությունը խոստանում է ոչ հեշտ լինել, գուցե կոշտ: Լավրովի ակնարկներն առավել քան թափանցիկ էին:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Ակնարկները, իրոք, առավել քան թափանցիկ են: Ամեն ինչ հինն ու նույնն է` շանտաժ, սպառնալիքներ ու ռազմական միջամտության հեռանկարի խաղարկում: Իշխանափոխության հեռանկարի խաղարկում, որ Կրեմլում համարում են տեխնիկայի հարց` «նախկինների» ռեզերվի վրա հիմնվելով, «ապարատային» խաղերի գերագնահատում ու «փողոցի տարերքի» թերագնահատում: Թեկուզ թավշե, բայց հեղափոխությամբ իշխանության գալը Ռուսաստանի ու եվրասիական տարածքի պետությունների համար քաղաքական վայրենություն է ու լեգիտիմ չէ: Մոսկվայում շարունակում են Ղարաբաղը համարել Հայաստանի աքիլլեսյան գարշապարը, որից ամեն անգամ կարելի է կառչել Հայաստանին տեղը դնելու համար:

Հետաքրքիր է, որ այս անգամ գազային լծակը չի խաղարկվում` հիշեցնելու, թե Հայաաստանի տնտեսության մեջ ինչ դեր ունի Գազպրոմը: Փաստորեն` Պուտինը Ալիևի հետ 16 համաձայնագիր է կնքում ի հեճուկս Հայաստանի, ցույց տալու, որ ռազմավարական համագործակցության գործընկերոջ պակաս չունի, բայց դա «ծախում է» Հայաստանի վրա` իբր փորձում է զսպել, որ Ղարաբաղի վրա չհարձակվի: Գուցե այդ ենթատեքստում էր նաև տեղեկությունը, որ Թուրքիան Նախիջևանում ուզում է իր ռազմաբազան ունենալ: Չէ՞ որ Թուրքիան նույնպես տարածաշրջանում Ռուսաստանի գործընկերն է: Իրավիճակային: Դատելով ռուսական մամուլի այսօրինակ հրապարակումներից` ՀՀ վարչապետի երրորդ այցը Ռուսաստան ունենալու է սկզբունքային նշանակություն` Նիկոլ Փաշինյանը պիտի պաշտպանի Հայաստանի ինքնիշխանության իրավունքը և տեղիք չտա ռուսական ավանդական քաղաքականության հնարքներին` քաղաքական, տնտեսական ու ռազմական ագրեսիայի սպառնալիքներին: Իսկ դրա համար պետք չէր անընդհատ շեշտել ռուսական վեկտորի ամենազորությունը, արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը և այլընտրանք ունենալը միակ լծակն է, որ Մոսկվային կստիպի փոխել վերաբերմունքը: Ռուսները հարգում են ուժը, հավատարմությունը համարում են թուլություն, սեփական հաղթանակ, իսկ պարտվածներին վերաբերվում են իբրև պարտականություններ, բայց ոչ երբեք իրավունքներ ունեցողի: Սեփական երկրում:


Հաստատ դա թավշե հեղափոխության տրամաբանությունից չի բխում, թեպետ հեղափոխականներն իրենք իրենց հեղափոխության իմաստն ու հետևանքները համարժեք չեն ընկալում` դատելով որոշ քայլերից, որոնց խելամտությունը և օգտակար գործողության գործակիցը զրոյական է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1169

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ