Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Ամեն մի լուսանկարը մի կոթող է, որ հավերժացնում է նրա հիշատակը»

«Ամեն մի լուսանկարը մի կոթող է, որ հավերժացնում է նրա հիշատակը»
06.09.2018 | 17:23

Ժողովրդական արվեստի կենտրոնում բացվել է ՄՈՒՇ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ (1989-2017) լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Ներկայացված են շուրջ 30 աշխատանք: Ցուցահանդեսը կրում է «Արձագանքվող հիշողություն» խորագիրը:

Մուշ Գասպարյանն ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի գեղարվեստական լուսանկարչության բաժինը: Նկարել սկսել է դպրոցական տարիքից. առաջին ուսուցիչը եղել է հայրը՝ լուսանկարիչ-օպերատոր Գագիկ Գասպարյանը: Երկու տարի սովորել է Ալբերտ Յավուրյանի կուրսում: Բանակում ծառայությունն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Սահակ Թռոյանի կուրսում:


Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքների ընտրությունը կատարել են Մուշի հայրը՝ Գագիկ Գասպարյանը, և ուսուցիչը՝ Սահակ Թռոյանը: «Բարդ էր ընտրելը, փորձել ենք իրար չկրկնող բազմաժանր աշխատանքներն առանձնացնել»,- մեզ հետ զրույցում ասաց ԳԱԳԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ, նշելով, որ տղայի աշխատանքային կապոցն այնքան մեծ է, որ չի էլ հասցրել բոլոր լուսանկարները նայել: Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ զգացողություններ ուներ աշխատանքները համակարգելիս, ասաց. «Որոշակի տխրություն կար, որ փորձում էի հաղթահարել ու արդյունքի հասնել, կարծում եմ, ստացվել է»:


«Մուշն իմ ուսանողն էր: Որպես անձնավորություն՝ արտակարգ տղա էր, ամբողջ խումբը փորձում էր ընկերանալ նրա հետ: Ընդունված ու հարգված էր: Սովորում էր գերազանց: Որպես լուսանկարիչ՝ հաջող ու շատ արագ մտավ պրոֆեսիոնալ ասպարեզ: ՈՒներ և՛ կոմերցիոն, և՛ ստեղծագործական ախատանքներ: Այստեղ հիմնականում ներկայացված է ստեղծագործականը,- ասաց ՍԱՀԱԿ ԹՌՈՅԱՆԸ, նշելով, որ եթե Մուշը անժամանակ չհեռանար կյանքից, այս ցուցահանդեսը շատ ավելի հարուստ կլիներ:
Արվեստաբան ԺԵՆՅԱ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆՆ ասաց, որ հետաքրքիր ցուցահանդեսի բացման ենք ներկա, որտեղ կարելի է տեսնել տարբեր ժանրերի լուսանկարչական աշխատանքներ՝ դիմանկարներ, քաղաքային պատկերներ, բնանկարներ: Նրա բնորոշմամբ՝ հեղինակը ոչ միայն լուսանկարչին բնորոշ առաջին պահին արձանագրած տպավորության արտահայտող է, այլև ուրույն էմոցիաներ ունի, որ արտահայտվում են բոլոր աշխատանքներում:


Հայտնի լուսանկարիչ ՏԱԹԵՎ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ բնորոշմամբ՝ Մուշի աշխատանքների մեջ կան հոգի, ոգի, ճաշակ ու հարազատություն՝ հատկանիշներ, որ ոչ բոլորին են տրված:
«Սեպտեմբերի 22-ին Մուշը կդառնար 29 տարեկան,- ասաց Գագիկ Գասպարյանի եղբայրը` ԱՇՈՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ, պատմեց, որ 88-ի երկրաշարժից ազդված՝ Գագիկ Գասպարյանը մտադրություն է ունեցել երեխա որդեգրելու, հետո այդ միտքը ձևափոխվել է, որոշել են երրորդ երեխան ունենալ, և ծնվել է Մուշը:- Երևի նախախնամությունն այնպես էր կամեցել, որ Մուշը շատ արագ կայանար, իր առաքելությունն ունենար: Մուշը մեր բոլորի սրտերում է: Ամեն մի լուսանկարը մի կոթող է, որ հավերժացնում է նրա հիշատակը»:
Նշենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև սեպտեմբերի 9-ը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Կից լուսանկարները` Էդգար ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4093

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ