ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Սևի ու սպիտակի գույները

Սևի ու սպիտակի գույները
07.09.2018 | 00:06

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու են 8 կուսակցություն և 4 դաշինք: Շնորհիվ ընտրությունների` իմացանք, որ Հայաստանում, բացի ԲՀԿ-ից, ՀՅԴ-ից, «Ժառանգությունից», «ԵԾ»-ից, ՕԵԿ-ից, կան Ռեֆորմիստների, «Հայք» ու «Ժողովրդական ուղի» կուսակցություններ, բացի «Իմ քայլը» և «Լույս» դաշինքներից կան Երևանի հանրություն ու «Երևանցիներ» դաշինքներ: Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառագությունն» ասելու է «Ժպտա»: Նրանք մրցակից տեսնում են բոլորին, մի քանիսին` բարեկամ-մրցակից: «Լույս» դաշինքը («Լուսավոր Հայաստան»+«Հանրապետություն») համոզված է, որ ամենալավն է պատկերացնում Երևանի խնդիրները: «Երևանի հանրություն» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանը հատուկ ուշադրություն է դարձնում առողջապահական, շրջակա միջավայրի, սոցիալական միջավայրի, տրանսպորտի հարցերին։ ԲՀԿ-ն, ի դեմս Նաիրա Զոհրաբյանի, խոստանում է վերացնել գողությունը:

«ԵԾ»-ն ասում է, որ քաղաքի բոլոր խնդիրներին ծանոթ է, ու միայն ինքը կարող է լուծել։ Զարուհի Փոստանջյանը կուսակցություններից որևէ մեկին մրցակից չի համարում։ Մանուել Գասպարյանի «Ժողովրդավարական ուղին» 50+1 ձայնի է հավակնում։ «Իմ քայլը» դաշինքում, ՔՊ-ից բացի, «Առաքելություն» կուսակցության անդամներ են, ակտիվիստներ, հասարակական գործիչներ։ ՀՅԴ ցուցակը գլխավորում է Միքայել Մանուկյանը` «Միասին՝ հանուն Երևանի» կարգախոսով։ ՕԵԿ-ի քաղաքապետի թեկնածուն Մհեր Շահգելդյանն է: 2017-ի մայիսի 14-ին ավագանու ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող 842147 քաղաքացիներից մասնակցել է 345226-ը` 40,99 %-ը։ Երևանցիների քանի՞ տոկոսը կգնա ընտրության 2018-ի սեպտեմբերի 23-ին: Հաստատ 40,99 %-ից ավելին: 2017-ին հաղթող էր համարվում ՀՀԿ-ն, որ այս ընտրություններին չի մասնակցում, 2018-ի հաղթող «նշանակվել է» «Իմ քայլը»` Հայկ Մարության քաղաքապետի թեկնածուով: Նրա առաջին հրապարակային ելույթից հետո գլխավոր հարցը դարձավ` Հայկ Մարությանը ավելացնելու՞, թե՞ ջուրն է գցելու Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, որ պատրաստվում է օրենքի շրջանակներում պաշտպանել նրա թեկնածությունը, ու Հայկ Մարությանը (Կարգին Հայկո) քնում, Երևանի քաղաքապետ է արթնանում արդեն: Թեպետ Նիկոլ Փաշինյանը հարկադրված էր նրան խմբագրել. «Ցավում եմ, գուցե Հայկ Մարությանն ինքն էլ ընդունել է, որ որոշ ձևակերպումներ այդքան էլ ճշգրիտ չեն եղել։ Ես կարծում եմ, որ ցանկացած քաղաքական հայտարարություն Հայաստանում պետք է տեղավորվի սիրո և համերաշխության հեղափոխության տրամաբանության մեջ։ Մենք ավելի վառ գույների մասին պետք է խոսենք, քան սևի և սպիտակի»: Իրականում սևն ու սպիտակն էլ բազում գույներ ունեն, որ տեսանելի են դառնում արևի տակ: Աշնան արևի ևս: Հատկապես` լույսի մեջ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Հայկ Մարությանի սևն ու սպիտակը այնքան շրջանառվեց, որ մոռացվեց ելույթի նպատակը: Խաղ կա՞, թե՞ չկա «Իմ քայլի» «դեմը», կերևա սեպտեմբերի 24-ին: Հընթացս նաև կասկած հայտնվեց` իսկ դերասա՞ն է Հայկ Մարությանը, «կապիկությունը դերասանություն չէ» բանաձևով: Իսկ «Արմենիան» ընտրարշավի ընթացքում շարունակելու՞ է Հայկ Մարությանի մասնակցությամբ հաղորդումների հեռարձակումը, դա նրա օգտի՞ն, թե՞ դեմ է: Կամ` ԲՀԿ-ի ցուցակի 2-րդ համար Պետրոս Ղազարյանը շարունակելու՞ է «ՈՒրվագիծը» վարել: Եվ ի՞նչ լույսի տակ:

Դիտվել է՝ 2487

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ