USD485.72
EUR550.71
RUB7.35
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

«Եթե իշխանությունը բռնի ուժով տապալելու փորձ արվի, իրավապահները կարգի կհրավիրեն»

«Եթե իշխանությունը բռնի ուժով տապալելու փորձ արվի, իրավապահները կարգի կհրավիրեն»
07.09.2018 | 00:13

Մարտի 1-ի խմորը դեռ շատ ջուր կվերցնի և գնալով, չի բացառվում, որ այնպիսի անուններ ի հայտ գան, որ զարմացնեն հանրությանը։ Ինչ խոսք, ցանկացած զոհ սոսկ միավոր չէ, մարդ է, իսկ մարդը ամենաթանկ արժեքն է։ Չնայած այս ճշմարտությանը, աշխարհում տարբեր հանրահավաքների ընթացքում ժողովրդի և ոստիկանության բախման արդյունքում, ցավոք, մարդիկ են զոհվում։ Իսկ գուցե մենք սխալվու՞մ ենք մեր այս դիտարկման մեջ։ Երեկ կառավարության նիստից հետո ՀՀ գլխավոր ոստիկանության պետ ՎԱԼԵՐԻ ՕՍԻՊՅԱՆԻՑ փորձեցինք ճշտել` արդյո՞ք Հայաստանը միակ երկիրն է, որը փորձել է նման ձևով ցրել ցույցը, և կա՞ զարգացած երկրների փորձ, երբ ցույցը ցրելու և այդ ժամանակ զոհեր ունենալու դեպքում երկրի նախագահ է դատապարտվել։

-Գիտե՞ք ինչ, եթե ուսումնասիրենք տարբեր երկրների փորձը, ապա կտեսնենք, թե ինչեր են կատարվում... Օրենքը նախատեսում է դրանց իրականացումը և դրա համար տարբեր միջոցներ կան, սակայն որևէ մեկը ուղղակիորեն հրահանգ չի տալիս, որ չարտոնված հանրահավաքը ցրելուց զոհեր լինեն. դա արգելված է։
-Սակայն աշխարհում հանրահավաքներ ցրելու ընթացքում զոհեր եղել և լինում են, այդպես չէ՞։
-Լինում են, բայց բացառում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում նման երևույթ լինի։
-Խնդրում եմ մեկնաբանեք. ի՞նչ նկատի ունեք, ասելով «բացառում եմ ՀՀ-ում նման երևույթը»։ Պաշտոնապես ֆիքսված է, որ Մարտի 1-ին զոհեր եղել են։
-Ես ընդգրկված չեմ եղել այդ գործընթացներում և չեմ տիրապետում ամբողջ տեղեկատվությանը։ Այս պահին ես խոսում եմ ընդհանուր առմամբ` գաղափարապես, և ասում եմ, որ այսօր ՀՀ-ում չի կարող նման դեպք լինել։ Այո, իհարկե, եզակի դեպքերում հնարավոր է, երբ այդ հանրահավաքները վերածվեն մասսայական անկարգությունների, այսինքն` իշխանությունը բռնի ուժով տապալելու փորձ արվի, և ցուցարարների կողմից կիրառվի զենք, զինամթերք, ապա, բնականաբար, իրավապահները պետք է այդ մարդկանց, օրենքի համաձայն, կարգի հրավիրեն։ Միևնույն ժամանակ ես այն կարծիքին չեմ, որ ՀՀ քաղաքացին կամ քաղաքացիները չեն գնա այդ քայլին։ Մենք այսօր խնդիր ունենք ոստիկանություն-հասարակություն հարաբերությունների ջերմացման։
-Պարոն Օսիպյան, Մարտի 1-ից բացի, հանրությանը հետաքրքրում է մեկ այլ խնդիր ևս, խոսքը Ձեր կառույցի կողմից «Վեոլիա ջուր» ընկերությունում ապօրինությունների, մասնավորապես, ընկերության կազմակերպած ՀԾԿՀ-ի աշխատակիցների Ֆրանսիա կատարած գործուղումն ու ջրի սակագնի բարձրացումը դիտարկվել են մեկ շղթայում, և ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որ սակագները բարձրացվել են ընկերության և ՀԾԿՀ-ի միջև կոռուպցիոն համաձայնության արդյունքում։ Մինչդեռ ՀԾԿՀ-ն պաշտոնապես հայտարարել է, որ բազային սակագինը ձևավորվել է միջազգային մրցույթի արդյունքում, ինչն էլ վավերացրել է կառավարությունը։ Այլ կերպ ասած, այս պաշտոնական հաղորդագրությունը հերքում է կոռուպցիայի դրսևորման մասին Ձեր հայտարարությունը։ Ինչպե՞ս սա կմեկնաբանեք։
-Այն, ինչ հայտարարել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, իրենց կարծիքն է։ Այս պահին, ելնելով անմեղության կանխավարկածից, մեր պաշտոնական հաղորդագրությունում ներկայացվածից ավելին չեմ կարող ասել։ Գործը գտնվում է համապատասխան վարույթում, և չեմ կարծում, որ ոստիկանությունում այնպիսի մասնագետներ են աշխատում, որ չեն կարող հիմնավորել խնդիրը։
-Այսինքն, Ֆրանսիա կատարած գործուղումը կարելի է դիտարկել որպես կոռուպցիա, եթե այդպես է, ապա խնդրում եմ մանրամասնեք` այդ գործընթացի ո՞ր հատվածում եք հայտնաբերել կոռուպցիան։ Եվ արդյոք ջրի սակագնի բարձրացումը հաստատված չէ՞ կառավարության կողմից։
-Հարգելիս, նայած ինչ գործուղում է։ Ես արդեն նշեցի ու ևս մեկ անգամ հիշեցնեմ, որ գործը համապատասխան վարույթում է, որի ավարտից հետո մենք արդյունքները կներկայացնենք։


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1030

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao