USD487.96
EUR549.93
RUB7.21
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Պայքար սև ու սպիտակի միջև առանց ընդդիմությա՞ն

Պայքար սև ու սպիտակի միջև առանց ընդդիմությա՞ն
07.09.2018 | 00:30

Հեղափոխական գործընթացներից հետո քաղաքական առաջին կարևորագույն միջոցառումը Երևանի ավագանու ընտրությունն է։ Դա հանրության շրջանում, այնուամենայնիվ, շատ ավելի պարզունակ սխեմայով ընկալվում է որպես Երևանի քաղաքապետի ընտրություն, ինչը, բացի քաղաքական նշանակությունից, ունենալու է նաև շատ կոնկրետ կիրառական նշանակություն։


Սեպտեմբերի 23-ին կայանալիք ընտրությունն առնվազն երկու մեծ առանձնահատկություն ունի։ Նախ և առաջ, հեղափոխությունից հետո սա առաջին ընտրությունն է, թեև ոչ համապետական, և իշխանությունները պետք է ցույց տան, որ հեղափոխությունից հետո ընտրություններն ընթանալու են այլ սցենարով ու մեթոդոլոգիայով, ոչ թե այն ընդունված նորմերով, որոնցով տեղի էին ունենում վերջին առնվազն 20 տարիների ընթացքում։ Գաղտնիք չէ, որ նոր իշխանությունը կառավարման ղեկը վերցնելու կարևորագույն առաքելությունը բացատրում էր նրանով, որ Հայաստանում պետք է ստեղծվեն այնպիսի պայմաններ, որ ընտրություններն այսուհետ լինեն ազատ, արդար և որևէ կասկած չառաջացնեն որևէ մեկի մեջ։ Սա ժամանակավոր կառավարության գլխավոր առաքելությունն է։


Հասկանալի է, որ նշվածը վերաբերում է առաջին հերթին արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն դեպքերի բերումով այնպես է ստացվել, որ ընդամենը մի քանի շաբաթից կայանալու է մայրաքաղաքի ավագանու ընտրությունը, ինչը փորձաքար է և ցույց կտա, թե նոր իշխանությունները որքանով կյանքի կկոչեն իրենց հռչակած կարգախոսները։
Առաջիկա քվեարկության երկրորդ կարևորագույն յուրահատկությունն այն է, որ ընտրության մասնակից ուժերի հայտերի ընդունման ժամկետի ավարտից հետո պարզվեց, որ այս ընտրական գործընթացներում ֆորմալ առումով որևէ ընդդիմություն չի մասնակցում։ Ընտրության մասնակիցները կա՛մ իշխանություններն են, կա՛մ իշխանության մաս կազմող կուսակցությունները, կա՛մ այն քաղաքական ուժերը, որոնք մասնակից են եղել հեղափոխական գործընթացներին և աջակցում են գործող կառավարությանը։


Ընդդիմության բացակայությունը վերլուծաբանների մեծ մասը համարում է տրամաբանական, քանի որ այսօր, կյանքի բերումով կամ քաղաքական զարգացումների արդյունքում, իրեն որպես ընդդիմություն հռչակել է միայն հանրապետական կուսակցությունը, որի ներկայացուցիչը հրաժարվել է քաղաքապետի պաշտոնից, ուստի տրամաբանությունից դուրս կլիներ, եթե հրաժարական տալուց ընդամենը 1-2 ամիս անց «Հանրապետականը» նորից մասնակցեր Երևանի ավագանու ընտրությանը։ Պարզ է, որ դա հղի է քաղաքական վտանգներով, քանի որ քվեարկության արդյունքում կարձանագրվեր ՀՀԿ-ի, մեղմ ասած, համեստ տոկոսը, եթե չասենք, որ չի բացառվում, որ գրանցվի ՀՀԿ-ի հերթական տապալումը։
Երևանի ավագանու ընտրությունը տեղի է ունենում իշխանափոխությունից, ինչպես Հայաստանում ընդունված է ասել, թավշյա հեղափոխությունից ընդամենը մի քանի ամիս անց, երբ հասարակության զգալի մասը դեռևս շարունակում է ապրել հեղափոխական էյֆորիայով։ Սա նշանակում է, որ այն քաղաքական ուժը, որն ասոցացվում է հեղափոխական շարժումը կրող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» և անձամբ նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ, ունի ընտրություններում հաղթանակ գրանցելու առավելագույն հնարավորություն և նույնիսկ առանց որևէ մեկի հետ հետընտրական դաշինք կազմելու իր թեկնածուին՝ Հայկ Մարությանին, հռչակելու Երևանի քաղաքապետ։


Մարությանի կերպարը թեև միանշանակ չի ընկալվում, սակայն կան մի քանի գործոններ, որոնք, այնուամենայնիվ, որևէ կասկած չեն հարուցում, որ նա է դառնալու քաղաքապետ։ Իհարկե, շատ բան կախված է լինելու նրանից, թե քարոզարշավին որքան ակտիվորեն և ինչ ձևաչափով կմասնակցի անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արդեն ակնհայտ է, որ «Իմ քայլը» դաշինքով հանդես եկող «Քաղպայմանագիրը» Հայկ Մարությանին ներկայացնելու է որպես հմուտ և հաջողակ բիզնես մենեջեր։ Ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյին Հայկ Մարությանի ելույթի բովանդակությունն առնվազն տարակուսելի էր։ Ավագանու ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Հայկ Մարությանը հենց առաջին հրապարակային ելույթում հայտարարեց, որ այսօր Հայաստանում կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր. «Ես ուզում եմ պաշտոնական հայտարարել` այո, մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սև ուժերն են»։

Նման հայտարարությունը, այն էլ ընտրարշավում ընդդիմության բացակայության պայմաններում, փորձագետները անհեռատես են համարում։ Մարությանի այս ձևակերպումը ոչ միանշանակ է ընդունվել, ինչի արձագանքն արդեն երևում է սոցիալական ցանցերում։
Մյուս գործոնը. «Իմ քայլը» դաշինքը հանդես է գալիս որպես հաղթանակած թիմ, որը բոլոր ռեսուրսներով աջակցելու է ապագա քաղաքապետի աշխատանքին։ Որոշ տեղեկություններ կան, որ քաղաքապետի գործադիր թիմում կլինեն նաև տարբեր ոլորտներում հայտնի մարդիկ, ինչը շատ կարևոր է։ Ընտրողները պետք է վստահ լինեն, որ աշխատելու է թիմ, որը լուծելու է նաև կենցաղային խնդիրներ՝ սկսած աղբահանությունից մինչև համատիրությունների աշխատանք և այլն։


Այսպիսով, եթե իշխանության թեկնածուի նկատմամբ կա որոշակի տարըմբռնում, այնուամենայնիվ, այն գործոնները, որոնք աշխատում են Հայկ Մարությանի օգտին, թույլ են տալիս եզրակացնել, որ ընտրության արդյունքները կանխորոշված են։ Պարզապես հարցն այն է, թե «Իմ քայլը» դաշինքը քանի տոկոսով հաղթանակ կտանի. դա կլինի ջախջախիչ-համոզի՞չ, թե՞ օրինաչափ հաղթանակ։


Ինչ վերաբերում է մյուս ուժերին, ապա, ըստ ամենայնի, երկրորդ տեղի համար կպայքարեն ԲՀԿ-ն և «Լույս» դաշինքը։ ԲՀԿ-ն, իհարկե, ունի բավականին լուրջ ռեսուրսներ՝ արդյունքի հասնելու համար, սակայն շատ բան կախված է նրանից, թե նրան թույլ կտա՞ն խաղարկել իր գլխավոր՝ ֆինանսական ռեսուրսը։ Եթե կյանքի կոչվի ընտրակաշառքն արմատախիլ անելու մասին թեզը, Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժը բավականին կթուլանա, ավելին, նրա ավանդական ընտրազանգվածի շրջանում գուցե լուրջ հիասթափություններ առաջանան։ Այդ պարագայում «Բարգավաճ Հայաստանից» արտահոսող էլեկտորատից կարող են օգտվել շատերը։


«Լույս» դաշինքը նույնպես կարող է ընտրությունում գրավել բարձր հորիզոնականներ, և նրա խաղաքարտը ոչ այնքան այն է, որ այս դաշինքը գլխավոր հեղափոխականին մոտ կանգնած ուժ է, այլ այն հանգամանքը, որ բաղկացած է արևմտամետ բևեռը ներկայացնող քաղաքական ուժերից։ «Ելք» դաշինքի կուսակցություններից ձևավորված այս միավորումը, որ հանդես է գալու Երևանի ավագանու ընտրությունում, ապացույցն է այն բանի, որ խորհրդարանական «Ելք» խմբակցությունը դեֆակտո գոյություն չունի։ Արևմտամետ լիբերալ արժեհամակարգը խորհրդանշող «Լույս» դաշինքին եթե հաջողվի այնպիսի արշավ կազմակերպել, որ համախմբի մայրաքաղաքի բնակչության արևմտամետ զանգվածը, որն արդեն հիասթափվել է Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական կողմնորոշումներից, խիստ ռուսամետությունից, կկարողանա ստեղծել բավականին լուրջ մրցակցային միջավայր հենց նույն ԲՀԿ-ի հետ։


Այսպիսով, «Իմ քայլը» դաշինքը, ԲՀԿ-ն և «Լույսը» այն ակնառու առաջատարներն են, որ ավագանու ընտրությունում լինելու են մրցավազքի գլխավոր դերակատարներ։
Մյուս ուժերի հնարավորությունները շատ աղոտ են։ Գուցե սկսի գործել ընտրողի շատ տարածված հոգեբանությունը. երբ ընտրողներն առանձնապես տարբերություն չեն տեսնում իշխանական և իշխանամետ ուժերի միջև, միշտ ներքին ցանկություն է առաջանում լինելու հաղթողի հետ, ու չի բացառվում, որ կողմ լինելով մի ուժի, ձայնը, այնուամենայնիվ, տան դոմինանտ կենտրոնին։ Այս պարագայում, հնարավոր է, ձայների կոնցենտրացիա տեղի ունենա, և խիստ սահմանափակ թվով միավորներ կարողանան հաղթահարել անցողիկ շեմը։
Իհարկե, չպետք է միամիտ լինել ու կարծել, թև ավագանու ընտրությանը մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր 13 քաղաքական ուժերն էլ խնդիր են դրել իրենց առջև անպայման ապահովելու անցողիկ տոկոսներ։ Յուրաքանչյուրն իր խնդիրն է լուծում. ոմանք իրոք ցանկանում են հաղթել, ոմանք՝ նշանակալի ներկայություն ապահովել ավագանու կազմում, ոմանք համապետական ընտրություններից առաջ կամենում են հայտարարել իրենց մասին որպես նոր ուժ, ոմանք հիշեցնել սեփական գոյության մասին, ոմանք էլ, հասկանալով, որ հեռանկար ու հնարավորություններ չունեն, պարզապես փորձում են դառնալ քաղաքական առևտրի մասնակից։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1418

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao