Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Դեպի չվերահսկվող «սուպերվարչապետություն»

Դեպի չվերահսկվող «սուպերվարչապետություն»
07.09.2018 | 00:33

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ի հանրահավաքում հայտարարեց սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու մասին: Ըստ Փաշինյանի՝ խորհրդարանն ինքնալուծարվելու գործիքակազմ պետք է ունենա, որպեսզի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակումը վարչապետի հրաժարականով պայմանավորված չլինի: Փաստացիորեն, ներկա վարչապետը, պահպանելով իր իշխանությունը, ցանկանում է լուծարել Ազգային ժողովն ու արտահերթ ընտրությունների գնալ, սակայն նման պրակտիկա, կարծես, չի գրանցվել: Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ հայտարարության շուրջ «Իրատեսը» զրուցել է քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ հետ:

-Պարոն Համբարյան, վարչապետ Փաշինյանի՝ Սահմանադրությունը փոխելու հայտարարությունն ի՞նչ հարթությունում եք դիտարկում, և ինչքանո՞վ է խելամիտ ընդամենը երեք ամիս առաջ ամբողջովին ուժի մեջ մտած Սահմանադրությունը ևս մեկ անգամ «փորձության ենթարկել»:
-Որպես քաղաքագետ՝ կարծում եմ` պարոն Փաշինյանը փորձում է իրեն առավել քան ապահովագրված զգալ՝ Ազգային ժողովի կողմից հնարավոր «անակնկալների» մասով, մյուս կողմից էլ՝ նա մտավախության ունի, թե հնարավոր է հակահեղափոխական ալիք բարձրանա երկրում:
Բայց կոնկրետ ինձ համար 2015-ին հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունները տեղին չէին, ու Սահմանադրությունը փոխելու կարիք չկար: Այն ժամանակվա իշխանություններն արկածախնդիր որոշման գնացին, ու Հայաստանի նման երկրում, որտեղ կուսակցական շինարարությունը դեռևս չի ավարտվել, քաղաքական ուժերը լիովին ձևավորված չեն, քաղաքական ծրագիր և գաղափարախոսություն չունեն ու դրանց մեծ մասն էլ մարդ-կուսակցություն է, նման փոփոխությունների գնալը ռիսկային էր, անտեղի: Սեփական իշխանությունը պահելու համար սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելը մենք տեսանք, թե ինչի հանգեցրեց: Եվ հիմա, եթե Նիկոլ Փաշինյանը ևս ցանկանում է անել նույն բանը, ապա, այո, երկրում կարող է ստեղծվել սթրեսային իրավիճակ:
Բացի այդ, եթե Ազգային ժողովը ինքնալուծարվի, ապա այդ նախադեպը խնդիր է առաջացնելու եկող իշխանությունների համար, որոնք պետք է մտածեն, ինչպես ազատվել «սուպերվարչապետի» կարգավիճակ ունեցող անձ-ղեկավարից: Եթե պառլամենտական երկրում գլխավոր վերահսկող մարմնին՝ ԱԺ-ին, վարչապետը հաշվետու չեղավ, նա բռնապետից ոչնչով չի տարբերվի:
Մեր իշխանություններն այժմ չպետք է զբաղվեն հեծանիվ հայտնագործելով ու պետք է աշխատեն չկրկնել նախորդ իշխանությունների սխալները: Տեսեք՝ հասարակության կողմից Սերժ Սարգսյանը մերժվեց իր ընտրվելուց օրեր անց, որովհետև կառավարման 10 տարիներից հետո նա ցանկանում էր շարունակել պաշտոնավարումը: Վերջինիս համար հատուկ սահմանադրություն «կարեցին», դրեցին, որ հագնի ու մնա վարչապետ, բայց տեսանք, թե արդյունքն ինչ եղավ:
-Արդյունքը եղավ այն, որ այդ Սահմանադրությունը «հագավ» Նիկոլ Փաշինյանը:
-Ես չգիտեմ՝ Փաշինյանը հագել է, թե ոչ, բայց եթե փորձում է Սահմանադրությունն իրեն հարմար տարբերակով փոփոխել, ապա դրա մեջ, անխոս, վտանգներ կան: Ես ինքս չեմ ողջունում այդ քայլերը, որովհետև եթե հասարակությունը «ոչ» ասաց Սերժ Սարգսյանի կառավարման այդպիսի համակարգին, չի ընդունի նաև այս համակարգը: Հիմա ամենակարևորն այն է, որ իշխանությունները չշփոթեն մարդկանց մեղմ վերաբերմունքը «դաբրոյի» հետ, որովհետև հասարակությունը «դաբրո» չի տալիս նրանց, ովքեր սեփական իշխանությունն ամրապնդելու համար փորձում են օրենքներ փոխել:


Ճեպազրույցը`
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 4277

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ