USD487.27
EUR549.69
RUB7.31
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Մեկ անգամ ևս այն մասին, թե իրականում ով է հրամաններ տալիս Արցախի հայերի դեմ պատերազմի առնչությամբ

Մեկ անգամ ևս այն մասին, թե իրականում ով է հրամաններ տալիս Արցախի հայերի դեմ պատերազմի առնչությամբ
07.09.2018 | 00:34

Արդեն սեպտեմբերն է, բայց օգոստոսն այնքան տարօրինակ էր, որ աշնան սկզբին հարկ է վերադառնալ հուլիսի վերջը: Դրա պատճառը Ռոբերտ Քոչարյանի գործոնն է, որին «նստեցրին-բաց թողեցին», իսկ նա HTB հեռուստաալիքով «առանց կրճատման» հարցազրույցում ևս մեկ անգամ հաստատեց, որ վերադարձել է քաղաքականություն:

Շնորհիվ... Նիկոլ Փաշինյանի: Բայց այդ մասին՝ ուրիշ անգամ: Երկրորդ նախկին նախագահի վերադարձը հենց Արցախի հիմնախնդիրն է: Ահա թե ինչու պետք է որոշ բաներ վերհիշել Հայաստանի 2018 թ. հուլիսի առօրյա կյանքից: Օգոստոսի 17-ի հանրահավաքը Երևանում միայն հաստատեց, որ բոլոր ռիսկերը հենց այդ հարցում են: Խնդիրն այն է, որ գործնականում ոչինչ չանելով տնտեսական և սոցիալական ոլորտներում, ժողովրդական վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը մնում է պարբերաբար շարքային քաղաքացիներին ուրախանալու և անհիմն ենթադրությունների, պարապ ասեկոսեների «նյութ տալը»: Ասենք ավտոտերերի որոշ մասի բազմամիլիոն տուգանքների «համաներումը», կարծես, սոցիալական հարց է, չնայած ավելի շատ նման է տիպիկ նախընտրական կաշառքի:


Կարելի է պարզել՝ եղե՞լ են, թե՞ չեն եղել երթևեկության անվտանգության կանոնների խախտումներ, որոնց համար «համաներված» քաղաքացիներն այժմ ազատված են տուգանք վճարելուց: Բայց ակնհայտ է նախընտրականը, որովհետև քաղաքական լուրջ կուսակցություններն ու դաշինքներն էլ մերթ ընդ մերթ ասում են, որ պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրությանը: Եթե ուրիշ ոչինչ չկա, ապա սկանդալներից ու կաշառքից բացի ինչո՞վ կարելի է պահպանել վարչապետի անձնական բարձր վարկանիշը: Ճիշտ է, սոցիալական արդարության հարցում անհարմար բան դուրս եկավ: Պարզվում է, որ սեփական երկրի օրինապահ քաղաքացի լինելը շահավետ չէ. նրանք, ովքեր ճանապարհներին իրենց խախտումների համար տուգանքները մուծել են ավելի շուտ, քան վարչապետը որոշում էր ընդունել ոչ օրինապահներին համաներելու մասին, այժմ տուժածի վիճակում են: Գուցե Փաշինյանը որոշի վճարված տուգանքները վերադարձնե՞լ Հայաստանի օրինապահ քաղաքացիներին: Ի՞նչ կա որ. եթե նախընտրական կաշառքներ են տրվում, ապա պետք է տալ բոլորին, ոչ թե միայն օրինախախտներին:


Այնուամենայնիվ, հանրության ուշադրության կենտրոնում էին ոչ միայն տնտեսական, սոցիալական և ներքաղաքական ոլորտները: Օրինակ, բարձր ուշադրության և բազմաթիվ վեճերի առարկա էր, հատկապես սոցցանցերում, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու վերաբերյալ «հին հեղափոխականների» արձագանքը՝ ի դեմս Վազգեն Մանուկյանի, որից նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, երկար տարիներ լինելով Փաշինյանի ուսուցիչն ու խելք սովորեցնողը, 1996 թ. պետհեղաշրջմամբ «գողացավ» նվազագույնը նախագահական ընտրության երկրորդ փուլը: Դատելով հանրության արձագանքից՝ նույնիսկ Փաշինյանի երկրպագուների մի մասը դժգոհ է և պահանջում է նույն 2008 թ. մարտի 1-ի համար պատասխանատվության ենթարկել բոլոր երեք նախկին նախագահներին, ոչ միայն Քոչարյանին, որն իրականում ոչինչ չի խախտել և նույնիսկ «չի բռնակալել» իշխանությունը, քանի որ նույն 2008-ին, նախագահի պաշտոնը Սերժ Սարգսյանի ստանձնելուց հետո, «սուսուփուս» հեռացավ քաղաքականությունից: Պարոն Մանուկյանը հստակ հիշեցրեց բոլորին, որ Տեր-Պետրոսյանը ժողովրդի բողոքի տիպիկ ճնշող է (ըստ 1996-ի) և չի հաղթել 2008-ի փետրվարի նախագահի ընտրությունում: Եվ Մանուկյանին պետք է հավատալ, քանի որ Տեր-Պետրոսյանի մերձավորագույն զինակցից ո՞վ ավելի լավ և ամբողջովին գիտի առաջին նախագահի իսկական էությունը: Եթե որևէ մեկը մոռացել է կամ չգիտի, հիշեցնեմ. հենց Մանուկյանն է եղել 1991-ին անկախությունը վերականգնած Հայաստանի առաջին վարչապետը, հենց Մանուկյանն է եղել պաշտպանության նախարարի պաշտոնակատարը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն-Արցախի համար հաղթական 1993-ին: Այնպես որ, մարդը գիտի, թե ինչ է ասում:


Մենք պարտավոր ենք ուշադրություն հրավիրելու Տեր-Պետրոսյանի հետ վարչապետ Փաշինյանի հանդիպմանը և այդ առիթով արցախա-ադրբեջանական հակամարտությունում Ռուսաստանի դերի մասին նրա հայտարարություններին: Հուլիսի 20-ի մամլո ասուլիսում վարչապետը հիշեցրեց, որ վերջերս հանդիպել է Հայաստանի առաջին նախագահի հետ վերջինիս նախաձեռնությամբ: «Ղարաբաղյան հակամարտությունը եղել է զրույցի հիմնական թեման»,- ասել է նա և ավելացրել, որ Տեր-Պետրոսյանը ցանկացել է նրան հաղորդել որոշ տեղեկություններ, որոնք, ըստ առաջին նախագահի, կարող էին անմատչելի լինել Փաշինյանին: «Սակայն հաղորդված բոլոր տվյալներին ես արդեն տիրապետում էի»,- պարզաբանել է Փաշինյանը, հավելելով, որ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո ինքն առաջին հերթին ծանոթացել է հակամարտության կարգավորման ամբողջ տեղեկույթին, այդ նպատակով նույնիսկ հանդիպել է նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նա չբացառեց, որ այդ հարցով հետագայում էլ կարող է հանդիպել Նալբանդյանի հետ: Փաշինյանն անդրադարձավ նաև բանակցությունների գործընթացին Արցախի ներգրավման հարցին, նշելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) աշխատանքային փաստաթղթերում արձանագրված է, որ առանց Արցախի ժողովրդի այդ հարցի լուծում չի լինի: Ահա այն ամենը, ինչ հայտնի է Փաշինյանի և Տեր-Պետրոսյանի հանդիպման մասին: Իսկ «չար լեզուները» (այսինքն՝ ԶԼՄ-ները, որոնց միջոցով տարիներ շարունակ կազմակերպվում է այն ամենի «արտահոսքը», որը, այդ ԶԼՄ-ների իրական տերերի կարծիքով, պետք է «արտահոսվի» հանրությանը) այդ տեղեկությանն ավելացրին, որ, առաջին, իբր Տեր-Պետրոսյանը Փաշինյանին խնդրել կամ հանձնարարել է ապահովել իր նոր կուսակցության՝ «Հայ ազգային կոնգրեսի» (ՀԱԿ), այսինքն՝ Տեր-Պետրոսյանի նախկին «Հայոց համազգային շարժում» (ՀՀՇ) կուսակցության հաղթանակը արտահերթ խորհրդարանական ընտրությունում: Երկրորդ, իբր «պայմանավորվող բարձր կողմերը» համաձայնել են, որ Արցախի վերաբերյալ բանակցություններում Հայաստանը պետք է ներկայացնի Տեր-Պետրոսյանը. իբր նա է սկսել բանակցությունները, նա էլ պետք է ավարտի:


Կրկնենք՝ դա հավաստի տեղեկություն չէ, այլ «չար լեզուների» պնդում է, թեև շատ նման է ճշմարտության, եթե հիշենք, որ 90-ականներին, երբ Վազգեն Մանուկյանը, մյուսների հետ, Արցախում և սահմանամերձ գոտում կռում էր հաղթանակը ագրեսորների նկատմամբ, ուսանող Փաշինյանը չէր թաքցնում Տեր-Պետրոսյանով և նրա «իմաստությամբ» իր հիացմունքը: Մոտիկից եմ տեսել-լսել նրա հիացմունքը և դա պնդելու իրավունքն ունեմ: Կցանկանա՞ն Փաշինյանը և Տեր-Պետրոսյանը հերքել «չար լեզուների» պնդումները, բարի, չեն ցանկանա, կունենանք փաստ, որ, ինչպես և առաջ, Հայաստանի հանրությունը խաբված է, առաջվա պես ամեն ինչ կատարվելու է կուլիսների հետևում: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ հուլիսի 20-ի մամլո ասուլիսում Փաշինյանը հայտարարություններ է արել արցախա-ադրբեջանական հակամարտությունում Ռուսաստանի վերաբերյալ: Ահա թե այդ հայտարարությունների մասին ինչ են հաղորդել հայկական ԶԼՄ-ները: «Մեր տարածաշրջանում պատերազմի վերսկսման վտանգը մշտապես առկա է, և մենք պետք է պատրաստ լինենք դեպքերի այդպիսի զարգացմանը: Քանի որ խոսք եղավ Ռուսաստանի մասին, ես ուզում եմ ասել, որ որպես գերտերություն Ռուսաստանը պատերազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու հնարավորություններ ունի»,- ընդգծել է Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Նա նաև հավելել է. «Ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ բանակցելու Ադրբեջանի նախագահի հետ: Պետք է ծանոթանալ բանակցությունների նյութերին, վերլուծել դրանք: Բանակցությունները կարող են օգտակար լինել, քանի որ հիմնախնդրի լուծման համար պետք է ստեղծել վստահության մթնոլորտ»:


Թվում է՝ ի՞նչն այն չէ, չէ՞ որ ամեն ինչ ճիշտ է: Ռուսաստանը 1992-ից ԵԱՀԽ/ԵԱՀԿ-ի շրջանակում լրջորեն զբաղվում է Արցախի խնդրով, հետևապես էլ ո՞վ, եթե ոչ Ռուսաստանը պետք է զսպի հակամարտող կողմերին: Հարցն այն է, որ նման խորամանկ ձևով Փաշինյանը մատնեց այն, ինչը վաղուց հայ քաղաքացիների կոլեկտիվ գիտակցության մեջ զոռով մտցնում էին Տեր-Պետրոսյանն ու ՀՀՇ-ն և նախկին իշխող ՀՀԿ-ի հակառուսական մասը. եթե Ադրբեջանն ինչ-որ բան է նախաձեռնում, ապա դա ՌԴ-ի «թույլտվությամբ» է: Ընթերցողներին առաջարկում ենք ևս մեկ անգամ ուշադիր կարդալ Փաշինյանի հայտարարությունները, ու քանի որ նա դրանք արել է հուլիսի 20-ի նույն ասուլիսում, տեղեկացնելով, որ վերջերս բանակցել է Տեր-Պետրոսյանի հետ, ապա մենք իրավասու ենք ենթադրելու, որ Փաշինյանի հակառուսական հայտարարությունների արմատները գալիս են հենց առաջին նախագահի հետ նրա հանդիպման արդյունքներից:


Այժմ հաջորդաբար մերկացնենք վարչապետի խորամանկ կեղծիքը: Դեռ 1996-ի վերջին, այսինքն՝ անգլո-ամերիկացիների հետ կասպիական նավթի տխրահռչակ «Դարի գործարքը» Բաքվի կողմից ստորագրելուց մի քանի շաբաթ առաջ, ԵԱՀԿ ՄԽ այն ժամանակվա ռուս համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը հայկական ԶԼՄ-ների միջոցով զգուշացնում էր (օրինակ, սույն տողերի հեղինակը նրա հայտարարություններին ծանոթացել է երևանյան «Ազգ» թերթի միջոցով), որ այսուհետ հակամարտության գոտում ոչ ամեն ինչն են վերահսկելու անմիջական հակամարտ կողմերը, և որ պատերազմը կարող է վերսկսվել նաև որոշ հաշվի չառնված «երրորդ ուժերի կամ կողմերի» որոշումների կամ նախաձեռնությունների արդյունքում: Երբ ավելի ուշ (2002-ի հոկտեմբերին) սույն տողերի հեղինակը Կազիմիրովին հիշեցրեց 1996-ի նրա հայտարարությունների մասին, ռուս դիվանագետն սկզբում ձևացրեց, թե «չի հիշում», հետո փորձեց «սվաղել» իր հայտարարությունների էությունն ու նշանակությունը, ասելով, որ նկատի է ունեցել և՛ ադրբեջանական, և՛ հայկական կողմերի ծայրահեղականներին: Հասկանալի է, որ նրանք կան Արցախում և Ադրբեջանում, կան և Հայաստանում: Բայց ի՞նչն է հետաքրքիր. դա 1996-ի վերջին էր, երբ ամբողջ աշխարհը գիտեր, որ լինելու է «Դարի գործարքը», իսկ Հեյդար Ալիևն անհաջող փորձեր էր անում համոզելու Իրանի նախագահ, այժմ հանգուցյալ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիին, որ Իրանը «ջիհադ» հայտարարի «անհավատներին» հենց Արցախի կապակցությամբ: Այսինքն՝ հակամարտությունը համարել կրոնական պատերազմ: Այնպես որ, 2002-ին ինձ հետ զրույցում խորամանկում էր նաև Կազիմիրովը. Հայաստանի և ԼՂՀ-ի հայերը 1992-ի մայիսից հիանալի գիտեն, որ հակամարտության անվերահսկելի «երրորդ կողմերից» մեկը հենց Իրանն է: Եվ անձամբ Կազիմիրովն էլ գիտեր ու գիտի դա:


1993-ին Արաքսի երկու ջրամբարների (մեկը՝ Նախիջևանում) գոտի Իրանի ԻՀՊԿ-ի զորքեր մտցնելը դրա ապացույցն է: Ռուսաստանը միջամտեց և թույլ չտվե՞ց: Ոչ: Թեկուզ հենց այն պատճառով, որ Ելցինի Ռուսաստանը քչերն էին բանի տեղ դնում, չասած այն, որ աշխարհում որևէ ուժ չի կարող պարծենալ Իրանի վրա իր գերազդեցությամբ և այաթոլահ Ալի Խամենեիի որոշումներին մասնակցությամբ: Տարածաշրջանում Իրանի հսկայական դերը 2001 թ. ապրիլի Քի ՈՒեսթի հանդիպումներից հետո ճանաչել են և՛ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան: Իսկ ով չի հավատում, թող անմիջականորեն հետաքրքրվի բանակի գեներալ, ՌԴ արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) նախկին տնօրեն, իսկ 2001-ին՝ ՌԴ ԱԳՆ առաջին տեղակալ Վյաչեսլավ Տրուբնիկովից, որն էլ Քի ՈՒեսթում և հետագա բանակցություններում ներկայացնում էր ՌԴ-ն: Կամ էլ՝ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոյից, որը նույնպես կար Քի ՈՒեսթում և հետո, բայց մինչև 2001-ի օգոստոսը: Հիշեցնեմ, թե հայկական ԶԼՄ-ներն ինչ էին գրում ՄԽ-ից Քավանոյի անակնկալ «անհետացման» մասին: Արմենպրես, 2001 թ. օգոստոսի 30. «ԵԱՀԿ, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Քերի Քավանոն ԱՄՆ-ի դեսպան է նշանակվել Կիպրոսում: Ինչպես գրում է ադրբեջանական «Էխո» թերթը, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում միջնորդական ակտիվ դեր խաղացած պարոն Քավանոյի նոր նշանակումը կապված է ղարաբաղյան կարգավորման գործընթացում նրա գործունեության «զրոյական արդյունքի» հետ, ինչն էլ դարձել է Կիպրոս նրա «աքսորի» պատճառը»:
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3644

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao