Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Քաղաքապետերի այսօրվա թեկնածուների մեջ ինձ ամենից շատ անհանգստացնում է փորձի պակասը»

«Քաղաքապետերի այսօրվա թեկնածուների մեջ ինձ ամենից շատ անհանգստացնում է փորձի պակասը»
07.09.2018 | 00:46

«Իրատեսի» հյուրը ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դիրիժոր ԵՐՎԱՆԴ ԵՐԶՆԿՅԱՆՆ է:

«ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ՏԵՂՈՒՄ ՉԻ ԴՈՓՈՒՄ. ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՐՈՒՍՏ ԵՆ, ԲԱԶՄԱԶԱՆ»


-Պարոն Երզնկյան, Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն եք տասնամյակներ շարունակ: Նոր ժամանակներում ի՞նչ է փոխվել նվագախմբի կյանքում:
-45 տարուց ավելի աշխատում եմ նվագախմբում, որից 33 տարին ղեկավարում եմ այն: Նոր ժամանակներում նվագախումբը բավականաչափ երիտասարդացել է, բարելավվել են մեր աշխատանքային պայմանները: Նվագախմբի համար կառուցվել է նոր փորձասենյակ՝ Հանրային ռադիոյի շենքի նկուղային հարկում: Այն լավ վերանորոգված է, ապահովված ակուստիկ մեծ հնարավորություններով: ՈՒնենք նաև հարմարավետ աշխատասենյակ, խմբային պարապմունքների համար նախատեսված սենյակներ: Անցյալ տարի նվագախմբի 50 և իմ 70-ամյակներին նվիրված համերգ ունեցանք: Վերջերս նվագախմբին միացել է նաև Վահագն Հայրապետյանը, որին ես համարում եմ տաղանդավոր դաշնակահար: Երբ առաջարկություն ստացա նրան ընդգրկելու նվագախմբի կազմում, մտածեցի, որ թարմ արյունը պետք է մեզ, չնայած կա Մարտին Վարդազարյանը՝ որպես դաշնակահար և դիրիժոր: Վահագնը մեզ միանալուց հետո արեց համերգային նախագիծ՝ բաղկացած իր մի քանի մշակումներից և ստեղծագործություններից, ինչպես նաև Արտո Թունջբոյաջյանի գործերից: Նվագախմբում ունենք նոր երիտասարդ ուժեր: Կարծում եմ՝ նվագախումբը կանգնած է լավ ճանապարհի վրա, չնայած ստիպված ենք լինում որոշակի փոփոխություններ անել՝ կապված երաժիշտների բանակ գնալու հանգամանքի հետ: Նվագախումբն ունի մեկ այլ գործառույթ ևս. քսան տարուց ավելի է, որ գոյություն ունի կոնսերվատորիայի ջազի և էստրադայի ամբիոնը, որը ինքս եմ ղեկավարում, և ինձ հետ աշխատում է Մարտին Վարդազարյանը: Այս բաժնի ուսանողները հնարավորություն ունեն, որպես պրակտիկ աշխատանք, համագործակցելու նվագախմբի հետ: Լավագույն ուսանողները անգամ մասնակցում են մեր համերգներին: Մենք ունենք բազմաթիվ երիտասարդ կադրեր, որոնք հայտնի են հասարակությանը՝ Սոնա Ռուբենյանը, Մաշա Մնջոյանը, էլի ուրիշներ: Այժմ նպատակ ունենք Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլի հետ համատեղ համերգ նախապատրաստելու: Այսինքն, նվագախումբը տեղում չի դոփում: Իսկ համերգային ծրագրերը հարուստ են, բազմազան: Մենք կարող էինք բավարարվել միայն հայ էստրադայի՝ արդեն դասական դարձած կոմպոզիտորների գործերը հնչեցնելով, բայց անընդհատ նոր գործեր ենք ներմուծում, փոփոխում, հարստացնում մեր երգացանկը: Նվագախմբային մշակույթն անընդհատ առաջ է շարժվում, ենթարկվում փոփոխությունների, և մենք անպայման պետք է արձագանքենք դրանց: Մեր երգացանկում ընդգրկվում են նոր, բարդագույն ջազային ստեղծագործություններ: Շուտով Հանրային ռադիոյի շենքում կսկսի գործել ձայնագրման նոր ստուդիան, որը տարածաշրջանում լավագույններից մեկը կդառնա: Մենք կձայնագրվենք այնտեղ և արդեն բոլորովին նոր մակարդակով կկարողանանք հնչեցնել մեր կատարումները, հարստացնել մեր ոսկե ֆոնդը:
-Իհարկե, ողջունելի է երիտասարդ կադրերի ներմուծումը նվագախումբ, բայց կան անուններ, որոնք սիրելի ու պահանջված են տասնամյակներ շարունակ: Այդպիսին է Զառա Տոնիկյանը, որը տարիներ առաջ հարցազրույցում ասաց, որ Դուք նրա հետ համատեղ նախագիծ եք պատրաստվում իրականացնելու: Այդ նպատակը իրագործման ճանապարհի՞ն է, թե՞ հրաժարվել եք դրանից:
-Զառա Տոնիկյանը մեր լավագույն երգչուհիներից է: Մենք մի քանի անգամ հանդիպել ենք, խոսել մեր համագործակցության մասին: Բայց բանն այն է, որ նա Հայաստանում չէ: Ընդամենը սպասում եմ, որ գա, և համագործակցությունն անպայման կկայանա:

«ՄՏՔՈՎՍ ԷԼ ՉԷՐ ԱՆՑՆՈՒՄ, ԹԵ ԿԱՐՈՂ ԵՄ ԴԱՌՆԱԼ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄ»


-Վերջին տարիներին ստեղծագործական կյանքը համադրել էիք հանրային գործունեության հետ՝ Երևանի ավագանու կազմում: Առջևում ընտրություն է, որում չի ներկայացված այն կուսակցությունը, որի ցուցակով Դուք դարձել էիք ավագանու անդամ: Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր մասնակցությունը Երևանի կյանքին՝ որպես երևանցի, ավելին՝ որպես Երևանի պատվավոր քաղաքացի, անկախ այն բանից, թե ով կլինի Երևանի քաղաքապետը:
-Մտքովս էլ չէր անցնում, թե կարող եմ դառնալ ավագանու անդամ: Երբ Տարոն Մարգարյանն ինձ առաջարկեց դառնալ, ասացի, որ ես շատ զբաղված մարդ եմ, իմ ժամանակը չի հերիքի դրա համար: Նա հավաստիացրեց, որ ընդամենը ամիսը մեկ անգամ պիտի հավաքվենք, ինչ-որ հարցեր քննարկենք, իսկ ինձ էլ կընդգրկեն մշակութային թեմաների քննարկումներում: Ես, ի վերջո, համաձայնեցի: Ամեն մարդ իր կյանքում գոնե մեկ սխալ թույլ տալու իրավունք ունի, և ես համարյա 70 տարեկանում այդ սխալը գործեցի: Երբ ավագանին հավաքվում էր քննարկելու մշակույթին առնչվող հարցեր, ես ինձ համար նորմալ էի համարում այդ քննարկումներին մասնակցելը, որովհետև դա իմ մասնագիտական ոլորտն էր: Իսկ երբ քննարկվում էին այլ հարցեր, ես դրանց հուզականորեն էի արձագանքում, որովհետև չունեի համապատասխան պրոֆեսիոնալ պատրաստվածություն: Ինձ թվում էր, թե ամեն ինչ նորմալ է, բայց ընդդիմության ներկայացուցիչներին այդպես չէր թվում, և նման դեպքերում հասկանում էի, որ իզուր եմ եկել ավագանի: Լինելով անկուսակցական՝ ես չունեի որևէ պարտադրանք ինձ վրա, սակայն երբեմն հայտնվում էի դժվարին վիճակում: Դա ինձ շատ անհանգստացնում էր, և ի՜նչ լավ է, որ այդ ամենը շուտ ավարտվեց: Ես հիմա ազատ մարդ եմ և կարող եմ հանգիստ ցույց տալ իմ վերաբերմունքը՝ կապված մշակույթի հետ:

«ԻՆՁ ՀԱՄԱՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ, ԹԵ ՈՎ ԿԼԻՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ, ԿԱՐԵՎՈՐՆ ԱՅՆ Է, ՈՐ ՆԱ ԼԻՆԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ»


-ՈՒ՞մ եք տեսնում Երևանի քաղաքապետի պաշտոնում:
-Ինձ համար նշանակություն չունի, թե ով կլինի քաղաքապետ, կարևորն այն է, որ նա լինի պրոֆեսիոնալ: Իհարկե, լիարժեք պրոֆեսիոնալության մասին խոսք չի կարող լինել այս դեպքում, բայց գոնե լինի այնպիսի մեկը, որ կարողանա ճիշտ տիրապետել քաղաքի կառավարման գործին, որովհետև դա դժվարին առաքելություն է: Մարդու ամբողջ գործունեությունը կարող է փլուզվել, եթե նա դառնա քաղաքապետ ու այդ դերում հաջողություն չունենա: Դրանից հետո նրա համար դժվար կլինի վերադառնալ իր մասնագիտական ոլորտ և աշխատել այնտեղ: Ես այս տարիների ընթացքում հասկացել եմ, որ շատ մեծ դեր ունեն փոխքաղաքապետերը: Տարոն Մարգարյանի օրոք այդ պաշտոնին գտնվողները շատ գրագետ ու կոմպետենտ մարդիկ էին. առաջին հերթին նկատի ունեմ Կամո Արեյանին, որն աշխատել է բոլոր քաղաքապետերի հետ: Յուրաքանչյուր խելոք քաղաքապետ պիտի հասկանա, որ իրեն բանիմաց փոխքաղաքապետեր են հարկավոր: Քաղաքապետերի այսօրվա թեկնածուների մեջ ինձ ամենից շատ անհանգստացնում է փորձի պակասը: Խոսքս հատկապես Հայկոյի մասին է, որին ես շատ սիրում եմ: Նա լավ դերասան է և իրեն դրսևորել է որպես ակտիվ, սրտացավ քաղաքացի: Բայց մտածում եմ, որ եթե դառնա քաղաքապետ ու չկարողանա լավ աշխատել, ծանր սթրեսի կենթարկվի: Դա կլինի սթրես նաև Նիկոլ Փաշինյանի համար, որի գործունեությանը ես մեծ հարգանքով եմ վերաբերվում և կարծում եմ, որ նա իրավունք չունի սխալվելու: Իհարկե, կան նաև այլ թեկնածուներ, օրինակ, Արտակ Զեյնալյանը, որին ես լուրջ մարդ եմ համարում: Նա իրավաբան է և կարող է լավ քաղաքապետ լինել իմ կարծիքով: Զարուհի Փոստանջյանը, կարծում եմ, կարիք չունի քաղաքապետ լինելու, որովհետև ավագանու կազմում լինելով էլ կարողանում է ամեն ինչ տեղ հասցնել, բոլոր հուզող խնդիրներին սուր արձագանքել:
-Այսինքն, նրա այսօր ունեցած լծակներն արդեն իսկ բավակա՞ն են քաղաքին վերաբերող խնդիրներին ճիշտ ընթացք տալու համար:
-Միանգամայն բավական են, նա իր գործը շատ լավ արել է՝ որպես հակակշիռ ավագանու մեծամասնությանը: Բացի այդ, նա չափազանց հուզական մարդ է, և գուցե դա մի քիչ էլ ցուցադրական է: Մյուս թեկնածուների մեջ ավելի հարմար մարդիկ կան, կարծում եմ: Բայց հիմա առանձնապես չեմ հետևում այդ ամենին, ինչի համար շատ ուրախ եմ: Ես հիմա ազատ մարդ եմ, զբաղվում եմ իմ գործով և պատճառ չունեմ վատամարդ լինելու իմ ժողովրդի առաջ: Ես բոլոր դեպքերում երևանցի եմ և ցավում եմ իմ քաղաքի համար: Եվ եթե իմ խորհրդի կարիքը լինի, ես այն կտամ ցանկացած քաղաքապետի:


«ԵՍ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԵՄ, ԲԱՅՑ ԻՄ ԳՈՐԾԵՐԸ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԻ ԼՍԵԼ»


-Ասում եք, որ հիմա ազատ մարդ եք: Նվագախումբ ղեկավարելուց, մանկավարժական գործունեությամբ զբաղվելուց զատ՝ Դուք կոմպոզիտոր եք: Այսօրվա ազատությունը կնպաստի՞ ստեղծագործական կյանքին, կոմպոզիտորական ներշնչանքին ավելի լիարժեք տրվելու հնարավորությունը կունենա՞ ցանկալի արդյունք:
-Իհարկե: Օրինակ, առաջիկայում մասնակցելու ենք Հանրային հեռուստատեսության «Երգ երգոց» հաղորդաշարին՝ մեծ նվագախմբով: Կան պարտիտուրաներ, որոնք փոքր կազմով կատարվելիս շատ են տուժում: Այդ հաղորդաշարով նշվել են Մարտին Վարդազարյանի և իմ հոբելյանները, և հիմա պատրաստվում ենք նշելու Մելիք Մավիսակալյանինն ու Ռաիսա Մկրտչյանինը: Երբ իմ հոբելյանական հաղորդման ընթացքում կատարվեցին ստեղծագործություններս, երևի շատերը միայն այդ ժամանակ իմացան, որ ես նաև կոմպոզիտոր եմ: Գուցե մեծ սխալ եմ գործել, որ, տասնամյակներով նվագախմբի ղեկավար լինելով, չեմ պրոպագանդել իմ ստեղծագործությունները: Հիմա նոր հասկացա, որ ես կոմպոզիտոր եմ, բայց իմ գործերը ժողովուրդը չի լսել: Այդ հաղորդման ժամանակ հնչեց 10-12 գործ, որոնց թվում՝ Հայաստանի Հանրապետության համար գրված հիմնի՝ իմ տարբերակը, որը տարիներ առաջ կայացած մրցույթում ընդգրկվել էր լավագույն հնգյակի մեջ: Ես ցավում եմ, որ այդ մրցույթը դադարեցրին, ու հիմնը չփոխվեց:
-Դժբախտաբար:
-Այո՛: Եվ հիմա ցանկանում եմ հիմնի իմ տարբերակը ցույց տալ հանրապետության նոր ղեկավարներին՝ հույսով, որ այն կհավակնի դառնալու Հայաստանի Հանրապետության հիմնը: Դա իմ մեծ փափագն է:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4296

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ