Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Եթե գյուղի բնակիչը լավ ապրի, համայնքն էլ կծաղկի

Եթե գյուղի բնակիչը լավ ապրի, համայնքն էլ կծաղկի
07.09.2018 | 00:52

Գիտելիքի օրն ամենուր ավանդաբար նշվում է դպրոցների բակերում կազմակերպվող տոնական միջոցառումներով: Վայոց ձորի Եղեգիս համայնքի դպրոցը բացառություն չէ, մի տարբերությամբ, որ միջոցառման ավարտից հետո 1-ին դասարանցիներն առաջին անգամ տուն են վերադառնում «դատարկաձեռն», առանց գրենական պիտույքներով լի պայուսակների: Համայնքի վարչական ղեկավար Յուրիկ Մկրտչյանը ցավով է նշում, որ համայնքների խոշորացման արդյունքում սեփական միջոցներն արդեն սուղ են, ու ինքը հարկադրված է խախտել ավանդույթը: «Այնպիսի տարի չի եղել, որ մեր գյուղի 1-ին դասարանցիներին պայուսակ ու գրենական պիտույքներ չտրամադրվեին: Հարակից համայնքների մեծ մասում դպրոցականներին նվերներ երբևէ չեն տվել, նման բան չի եղել»: Եղեգիսի դպրոց հաճախում է 47 աշակերտ, 5-ը 1-ին դասարանցի են: Գյուղն ունի 470 բնակիչ, շուրջ 120 տնտեսություն։ Սոցիալական պայմաններն ու աշխատատեղերի բացակայությունը էականորեն ազդել են բնակչության թվաքանակի վրա։ Ամեն տարի տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի, հեռանում են նաև ընտանիքներով, ու տարեցտարի դպրոցի միջանցքներում ու փողոցներում պակասում են երեխաների խինդն ու ծիծաղը։

«ԱՍԱ ԳԼՈՒԽԴ ԿԱԽ ԱՇԽԱՏԻ, Ի՞ՆՉ ԳՈՐԾ ՈՒՆԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ»


Երևան-Մեղրի մայրուղուց դեպի Գետափ թեքվող ճանապարհը ձգվում է կանաչ ու փարթամ այգիներով հարուստ գյուղերի կողքով՝ Գետափ, Շատին, Եղեգիս... Ճանապարհը շարունակվում է՝ ինձ թողնելով Եղեգիսում։
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում 2017 թվականի հունիսի 9-ին կատարված փոփոխությունից հետո Վայոց ձորի մարզի Աղնջաձոր, Արտաբույնք, Գողթանիկ, Եղեգիս, Թառաթումբ, Հերմոն, Հորբատեղ, Հորս, Շատին, Սալլի, Վարդահովիտ և Քարագլուխ գյուղական համայնքները միավորվեցին, և կազմավորվեց Եղեգիս համայնքը: Համայնքի կենտրոնը Շատին գյուղն է:


Համայնքներին չհաջողվեց խուսափել խոշորացումից և պահպանել ինքնավարությունը։ Այս օրերին խոշորացված Շատին համայնքի բնակիչները ոչ միայն պահանջում են չեղարկել ընտրությունները, այլև համաձայն չեն վարչատարածքային բաժանման հետ և պահանջում են իրենց համայնքն առանձնացնել։ Համայնքների խոշորացումից և հատկապես ՏԻՄ ընտրություններից հետո հետընտրական կրքերը չեն հանդարտվում։ Շատինցիները փակել էին նախ Եղեգնաձոր-Վարդենիս ճանապարհը, իսկ հետո գյուղապետարանի շենքը և պահանջում են խոշորացված համայնքի ղեկավար ընտրված Քարագլխի գյուղապետ, անկուսակցական Արթուր Ստեփանյանի հրաժարականը։ Ինձ հետ զրույցում ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ նշեց, որ խնդրի լուծումն ակնկալում է կառավարությունից։ «Ոստիկանությունն իր ծառայողական պարտականությունն իրականացնում է, սակայն պարտված ՀՀԿ-ի աջակցությունը վայելող թեկնածու Տիգրան Խուդոյանի համակիրները շարունակում են պահանջել իմ հրաժարականը, բայց ես օրինական ընտրված համայնքապետ եմ և իմ դիրքերը հանձնելու մտադրություն չունեմ։ Համայնքների աշխատանքներն ընթանում են բնականոն հունով ու երբևէ կաթվածահար չեն եղել։ Առայժմ ես նստում եմ Թառաթումբ համայնքում»,- ասաց Շատին համայնքի ղեկավար ընտրված Արթուր Ստեփանյանը, հավելելով, որ շատինցի Տիգրան Խուդոյանի «փորացավը» հատկապես Եղեգիս կիրճի հէկերն են, դրանց հանդեպ ունեցած շահադիտական հեռահար նպատակները:


Շատինում տիրող իրավիճակով մտահոգված են նաև հարևան Եղեգիսի բնակիչները: «Ասա գլուխդ կախ աշխատի, ի՞նչ գործ ունես քաղաքականության հետ: Էս հարցը պետք է օրենքով լուծվի, եթե ոստիկանությունը մեկին բռնի ու պատժի, մյուսները ձենները կկտրեն: Հիմա բերքահավաքի եռուն շրջանն ա, գյուղացին պետք ա իր գործով զբաղվի, մինչդեռ ընկել են քաղաքականության հետևից: Անգամ հովիվը նախիրը թողնում ա գելի բերան, գալիս ա ցույցի, դպրոցի տնօրենն էլ ա ցուցարար դարձել, թե բա՝ օրինականություն ենք իրականացնում: Դպրոցի կեսը տիկոյական ա, կեսը՝ արթուրական, բժիշկներն ու հիվանդներն էլ են երկու մասի բաժանվել: Ախր ո՞նց կլինի: Էս երկիրը պիտի օրենքի երկիր դառնա՞, թե՞ չէ: Կառավաթը բերել դրել են գյուղապետարանի դռան դեմ, որ Արթուր Ստեփանյանը ներս չմտնի, լավ, մինչև ե՞րբ»,- ասում է մի տարեց եղեգիսցի:

«ԵՂԵԳԻՍՈՒՄ ԿՅԱՆՔԸ ՄԱՐՄԱՆԴ ԳԵՏԻ ՊԵՍ Ա, ՊԱԿԱՍԵԼ Ա, ԲԱՅՑ ՉԻ ԿՏՐՎՈՒՄ»


Գյուղի խնդիրների մասին զրուցում եմ Եղեգիսի վարչական ղեկավար ՅՈՒՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ: 2014 թվականից համայնքի ղեկավարն է, տարիներ շարունակ խմելու ջրի կարոտ եղեգիսցիներն ի վերջո ջուր են ունեցել: «Արջի ձորից» ու լեռնային մի քանի աղբյուրներից 7 կմ երկարությամբ նոր խողովակաշարով խմելու ջուրը հասցվել է գյուղ: Այսօր բնակիչները ջուրն օգտագործում են ըստ պահանջի: 20 տարի շարունակ գյուղը ոռոգման ջուր չի ունեցել, այգիները չորացել են, հողագործ գյուղացին մեծ կորուստներ է կրել: Այսօր ոռոգման ջուրը կեսօրից հետո հոսում է փողոցներով, շտապում ջրելու երբեմն ալարկոտ ու մոռացկոտ գյուղացու այգին ու հողատարածքը:


Գյուղն ունի դպրոց, նախակրթարան, գրադարան, ակումբ, հյուրանոց, բայց չունի մանկապարտեզ: Եղեգիս գետի ամբողջ ավազանում, ներառյալ վտակները, շահագործվում է 17 փոքր հէկ, իսկ կառուցվում է 8-ը: Բուն Եղեգիս գետի վրա շահագործվում է 9 փոքր հէկ, կառուցվում է 3-ը: Եղեգիսցիների համոզմամբ` որքան էլ փոքր հէկերի վնասակար ազդեցությունները կանխարգելելու կամ նվազեցնելու համար նախատեսված չափորոշիչները պահպանվեն, միևնույն է, հէկերի վնասակար ազդեցությունը բնության վրա մնում է:
Եղեգիսցիները մեծ մասամբ ապրում են ադրբեջանցիների թողած տներում: Ոմանք վերանորոգել են իրենց տները, շատերն էլ ապրում են վթարային տներում, հույսով, որ մի օր պետությունը կաջակցի: 77-ամյա Վահրամ պապը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում, տան պատը փլուզվել է, տանիքն էլ ուր որ է կքանդվի: «Բայց դե գյուղապետի ձեռքին ի՞նչ կա: Արթուր Ստեփանյանը եկավ տեսավ, ասաց՝ բյուջեն քիչ է, 12 գյուղերից 50 մարդ օգնություն է խնդրում, ո՞ր մեկին ձեռք մեկնեմ»:


Վահրամ պապի համոզմամբ՝ համայնքների միավորումը սխալ էր: «Մեր գյուղապետ Յուրիկ Մկրտչյանին երբ դիմում էի, անպայման օգնում էր: Հիմա համայնքների խոշորացումից հետո ստացվում ա երկու գյուղապետ, էն նորն ի՞նչ անի: Էս խոշորացումն ու՞մ էր պետք, գյուղերը լցրել են իրար գլխի, մի տեղեկանքի համար պիտի հասնեմ Աղնջաձոր, հեռու ա, ո՞նց գնամ հասնեմ: Տունս թոշակովս կամաց-կամաց կարգի եմ բերում: Ես սիրում եմ աշխատել, ամբողջ կյանքս աշխատել եմ, հիմա մեծացել եմ, ուժս պակասել ա, բայց էլի չեմ նստում: Եղեգիսում կյանքը մարմանդ գետի պես ա, պակասել ա, բայց չի կտրվում»,- ասում է Վահրամ պապը:
Շատ համայնքապետեր դժգոհ են համայնքների խոշորացումից: Յուրիկ Մկրտչյանի խոսքով՝ կառավարության որոշումն օրենք էր, և պարտավոր էին ընդունել, պարզապես համայնքների միջև ընդհանուր բյուջեն անհամաչափ է բաշխվում, ուստի տվյալ համայնքի վարչական ղեկավարի հնարավորությունները սահմանափակվում են: Եղեգիսում գյուղտեխնիկա չկա, 300 հեկտար խոտհարքը չորացել է, հավաքող չկա: Բնակիչներն օգտվում են տնամերձի բարիքներից, ինչն էլ պակասում է, խանութներից են գնում: Թեև Եղեգիսը գազիֆիկացված է, այնուհանդերձ եղեգիսցիները ջեռուցման հարցը լուծում են փայտի (1 խմ-ն՝ 24000 դրամ) կամ գոմաղբի (1 բեռնատար մեքենան՝ 20 000 դրամ) միջոցով:


Անասնապահությունը եղեգիսցիների երկրորդ կարևոր զբաղմունքն է: Գյուղն ունի 350 մանր և 150 խոշոր եղջերավոր անասուն: Մսամթերքը չի մթերվում, մինչդեռ այծի կաթը մթերվում է 230, իսկ կովի կաթը 130 դրամով: Լավ մշակելու դեպքում Եղեգիսի հողը վարձահատույց է լինում առատ բերքով՝ գրեթե բոլոր տեսակի մրգերով, նաև ընկույզով ու ազնվամորիով: Կանայք գերադասում են զբաղվել եկամտաբեր համարվող ազնվամորու մշակմամբ: Սակայն, տարեցների համոզմամբ, «մեկ-երկու երեխա ունեցող ջահել ընտանիքներ կան, որ ջան չեն անում մի հավ էլ ա պահեն, սովոր են նպաստ ստանալ: Բայց որ հաց էլ չունենան, հեռախոսն անպայման պետք ա ունենան»:

«ԱՇԽԱՐՀԻ ՇԵՄ ՎԸՐ ԳՈՒԹՆԻՆ ՈՒ ԹՈՆՐԻՆ Է»


Այսօր գյուղերում թոնիրը քչերի տանն է պահպանվել կամ, եթե կա էլ, չի օգտագործվում: Թոնրի ծխի ու նոր թխած լավաշի հոտն ինձ տարավ տիկին Գրետայի տուն, ուր, հարևանների օգնությամբ, տանտիկինը աշնան համար լավաշ էր թխում: Հարցին, թե ինչպես է պահպանվել թոնիրը, երբ շատերը փակում են այն ու մոռանում դրա գոյության մասին, տիկին Գրետան պատասխանեց.
-Թոնիրը օջախի կերակրողն ա, հույսն ա, հացն ա , օջախից պետք ա ծուխ դուրս գա, բա ո՞նց: Պատահում ա, որ մեկ-մեկ խանութի հաց ենք առնում, բայց հիմնականում լավաշ ենք օգտագործում: Ես նաև մատնաքաշ եմ թխում, բայց որ լավաշ չեղավ տանը, մատնաքաշով չենք կշտանա, դրան ենք սովոր: Տանջանքը շատ է, խմոր հունցելը ծանր է, բայց պետք է, երեք ամիսը մեկ թխում ենք, որ փոխեփոխ ուտենք,- ասում է տիկին Գրետան:
Վրաստանից դեպի Հայաստան ավտոտրանսպորտով ցորենի ու տարեկանի ալյուրի ներմուծման և արտահանման արգելման մասին տեղեկությունը մտահոգել էր բնակիչներին: Մտավախություն կար, որ ալյուրը կթանկանա, դրան էլ կհաջորդի բոլոր մթերքների թանկացումը: Տեղեկությունից երկու օր անց հարևան համայնքում մեկ պարկ ալյուրի գինը 9500 դրամից դարձավ 11500 դրամ:


-Հենց թանկացման մասին կեսբերան լուր են լսում, անմիջապես թանկացնում են եղածը: Դա նրանից է, որ հսկողություն չկա: Բայց դե, ալյուրն էն մթերքն ա, որ ինչքան էլ թանկանա, ճարահատյալ պետք է առնես, վատն էն ա, որ մնացած ապրանքներն ու մթերքներն էլ հետն են թանկանալու: Շոր չի, որ էս մի անգամը չառնեմ, հաց ա, բոլորը նրա երեսին են նայում,- ասում է տիկին Գրետան:
Գյուղի կանայք քաղաքականությունից հեռու չեն, ընտրություններին մասնակցում են, տեղյակ են համայնքում, քաղաքում, երկրում կատարվող իրադարձություններին: Բայց իրենց համար կարևորն այն է, որ համայնքը սրտացավ ղեկավար ունենա, բնակիչն էլ գլուխը կախ աշխատի. բնակիչը որ լավ ապրի, համայնքն էլ կծաղկի:

ԵՂԵԳԻՍԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՔԱՐԵ ՎԿԱՆԵՐԸ


Եղեգիսը ժամանակին եղել է Հայաստանի հնագույն ու նշանավոր քաղաքներից մեկը, ուր պահպանվել են եկեղեցիների, մահարձան-կոթողների, գերեզմանոցների, իշխանական ապարանքների ավերակներ: Այս ամենն ինքնին վկայում է, որ բնակավայրը եղել է ժամանակի զարգացած կենտրոններից մեկը:
Վաղ միջնադարյան Հայաստանի հզոր ամրոցներից է եղել Սմբատաբերդը, Օրբելյան իշխանության սեփականությունը (13-րդ դար): Գյուղում պահպանված կարևոր հուշարձաններից է Զորաց եկեղեցին (14-րդ դար), Սբ Կարապետ եկեղեցին (13-րդ դար): Եղեգիս գետի ձախ ափին` գյուղատեղի արևմտյան մասում, այսպես կոչված, «Յապոնի բաղեր» վայրում է գտնվում հրեական գերեզմանոցը: Պատմահայր Մովսես Խորենացին վկայում է, որ Բաբելոն տեղափոխելու ճանապարհին գերեվարված հրեաների մի մեծ խմբի հանձնել են հայոց Հրաչյա թագավորին: Գերեզմանատան առաջին դամբարանը կառուցվել է 13-րդ դարի ավարտին, իսկ վերջինը՝ 14-րդ դարում: Այսինքն, հրեական համայնքն այդ տարածքում ապրել է մոտ 100 տարի:


Որպես համայնքի զարգացման հեռանկար Եղեգիսի վարչական ղեկավարը շեշտը դնում է զբոսաշրջության վրա: «Զբոսաշրջության զարգացման համար Եղեգիսը ամենաբարենպաստ համայնքներից մեկն է, ունի բոլոր նախադրյալները. հարուստ է պատմամշակութային ժառանգությամբ, բնական տեսարժան վայրերով, բուսական ու կենդանական բացառիկ աշխարհով, էկոլոգիապես մաքուր սննդամթերքով, բազմաթիվ հանքային աղբյուրներով և այլն: Այսինքն, մենք զբոսաշրջության զարգացման համար բավական մեծ պոտենցիալ ունենք, պարզապես պետք է եղածը հնարավորինս լիարժեք օգտագործել»,- ասում է Յուրիկ Մկրտչյանը:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Եղեգիսի վարչական ղեկավար Յուրիկ Մկրտչյանը
Դիտվել է՝ 4480

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

s="addthis_toolbox addthis_default_style " addthis:url="http://www.irates.am/hy 脭卤脰鈧愃/1422040721">

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո
Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո