USD481.66
EUR566.62
RUB7.32
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
 

Գազանի խոսող պատկերը

Գազանի խոսող պատկերը
07.09.2018 | 00:05

Անդրեյ քահանա ԳՈՐԲՈՒՆՈՎ

«...Եվ նրան իշխանություն տրվեց, որպեսզի շունչ տա գազանի արձանին, որ արձանը խոսի, և երկրի բոլոր բնակիչները երկրպագեն նրան, իսկ ով չերկրպագի գազանի արձանին, նրան սպանի» (Հայտ. 13.15)
Հայտնության գրքի համաձայն վերջին ժամանակներում մարդիկ պիտի երկրպագեն «գազանի արձանին» կամ պատկերին և պաշտեն նրան ինչպես աստծուն, ճշմարիտ Աստծո փոխարեն:
Այդ «արձանին» կամ պատկերին շունչ է տրվելու (կենդանություն), որի արդյունքում նա պիտի խոսի: Արդյո՞ք էկրանի մասին չի զգուշացնում մեզ Հայտնության գիրքը: Սուրբգրային այս «խոսող արձանի» կամ պատկերի կերպարը արդյո՞ք չի մատնանշում հեռուստատեսություն, վիդեո և համակարգչային տեխնիկան, իսկ ավելի լայն իմաստով ամբողջ ժամանակակից զանգվածային լրատվական միջոցները և ընդհանրապես այդպիսի երևույթ, ինչպիսին է համատարած կոմպյուտերացումը:


«Իկոնա» բառը, որը առկա է և՛ հունարեն և՛ սլավոնական աստվածաշնչյան տեքստերում, թարգմանվում է որպես «պատկեր» կամ «նկար» (մենք օգտագործելու ենք հունարեն բնագրից վերցված ավելի ճշգրիտ «պատկեր» հասկացությունը): Բայց չէ՞ որ Էկրանը կենդանի, կարելի է ասել, «շունչ» ունեցող պատկեր է, շարժվող նկար, նաև օժտված ձայնային ուղեկցությամբ, այսինքն` «խոսող» է: Իսկ ժամանակակից լեզվով ասած` էկրանը աուդիովիզուալ տեղեկության փոխանցման միջոց է:


«Զարմանալու առիթ չկա,- գրված է Հայտնության գրքի ավելի վաղ մեկնություններում,- որ կորստյան որդու (հակաքրիստոսի) պատկերը կամ արձանը պիտի խոսի, քանի որ եկեղեցու սուրբ հայրերի հին վկայությունների համաձայն վերջին ժամանակների տեխնիկան պիտի հասնի ծայրագույն զարգացման: Այս գիտատեխնիկական Բաբելոնը իր մտահղացումների հանդգնությամբ պիտի գերազանցի հին Բաբելոնի ու Եգիպտոսի քրմերին և կարագացնի համաշխարհային հրեղեն հեղեղի մոտեցումը: Քանի որ տեխնիկայի հետ մեկտեղ (նաև տեխնիկայի շնորհիվ) ամենուրեք տարածում կստանան Սուրբ գրքի համաձայն բարոյական անկումը, երկրպագությունը ստին (այդ թվում նաև կեղծ, վիրտուալ իրականությանը) և հակակրանքը ճշմարտության հանդեպ»:


Ավելի վաղ ժամանակվա սուրբ հայրերը ապագա տեխնիկական «հրաշքների» մասին ակնարկում էին ոչ ուղղակի ձևով: Եվ դա հասկանալի էր, որովհետև նրանց ժամանակներում այդ առարկայի մասին հնարավոր չէր ունենալ հստակ պատկերացում: Իսկ մեր ժամանակներին մոտ ապրող սուրբ հայրերը խոսում են դրա մասին բավականին որոշակի և ոչ երկիմաստ: Աներևակայելի ճշգրտությամբ կանխագուշակեց էկրանի մասին 18-րդ դարի սուրբը` Կոսմա Էտոլացին. «Գալու է ժամանակը, երբ մարդկանց տները կներխուժեն դևերը փոքր արկղի նման, իսկ նրանց կոտոշները պիտի ցցվեն կտուրների վրա»: Սուրբ նահատակ Կոսմա Էտոլացին (1779 թ.) բազմաթիվ մարգարեություններ թողեց մարդկության ապագայի մասին և իրավամբ համարվում է նոր ժամանակների մեծ մարգարե: Նրա մարգարեություններն ընթերցվում և շատ տարածված են Հունաստանում:


Այսպիսով, «գազանի պատկերը» պետք է հասկացվի ոչ թե որպես հակաքրիստոսի անձի կերպար, այլ որպես գազանական գաղափարական ամբողջ համակարգի հավաքական կերպար: Հայտնության գազանը, այդ պատկերացմամբ, գլոբալ կոմպյուտերային հաստատության աստվածամարտ նոր համակարգն է, իսկ Հայտնության սուտ մարգարեն (գետնից դուրս եկած գազանը), հավանական է, առանձին անձ չէ, այլ բոլոր «գայթակղեցնող պատրանքները» և ամբողջ էլեկտրոնային զանգվածային լրատվության համակարգը, որը ներդնում է հակաքրիստոնեական գաղափարախոսությունն ու անբարոյականությունը: Հեռուստատեսությունը և այլ զանգվածային ապատեղեկատվության միջոցները (նրանց տերերն ու գործակալները) մարդու հոգևոր կերպարի և քրիստոնեության դեմ ուղղված իրենց ավերիչ գործունեությամբ միավորված են մի տեսակ կեղծ հոգևոր-միստիկական էության մեջ, որը լիարժեք իրավունքով կարելի է կոչել ժամանակակից էլեկտրոնային սուտ մարգարե:
Եվ այսպես, «ծովից դուրս եկած գազանը» նոր համաշխարհային համակարգն է (ինչպես արդեն ասվել էր), իսկ «գազանի կերպարը» ներդնում և տարածում է մարդկանց գիտակցության մեջ «նոր համաշխարհային համակարգի» գաղափարախոսությունը, դրա համար էլ ասված է Հայտնության գրքում, որ դա առաջին «գազանի կերպարն է», որը դուրս եկավ ծովից, «ուներ մահացու վերք և կենդանացել էր» (Հայտ. 13.14):


Ինչու՞ այդ գազանի մասին ասված է, որ նա ուներ մահացու վերք և կենդանացել էր: Մարմնացյալ Աստծո Որդին մեծ հարված է հասցնում գազանային իշխանությանը, գազանացման գործընթացին, որի մեջ ընկղմվել էր մարդկությունը, այսպես ասած, «մահացու վերք» է հասցնում: Սակայն այդ գազանային իշխանությունը իր սկզբունքներով, նոր սարսափելի ուժով (ինչպես կենդանացած գազան) վերստին դուրս է գալիս ասպարեզ վերջին ժամանակներում և իր գագաթնակետին է հասնելու հակաքրիստոսի թագավորության ժամանակ:


Ասվածի հիման վրա հասկանալի է դառնում, որ Դանիելի մարգարեության մեջ բազմիցս ակնարկվող «սրբապղծությունը» էկրանն է, որն ապականում է մարդկանց հոգիները: Դանիելի մարգարեությունների մեկնիչներից շատերը այս աշխարհի աստվածամարտ ուժերի մեջ էին տեսնում այն պղծությունը, որը ներխուժեց և իր հետ ավերածություն բերեց Աստծո սրբարանը: Դանիելի մարգարեական տեսիլքի ճառագայթը բեկվում և հասնում է այս աշխարհի վերջին օրերի ժամանակներին: Ավետարանում Փրկիչը, խոսելով «սրբապղծության ավերածության» մասին, ևս ակնարկում է Դանիել մարգարեին, կապելով նրա մարգարեական խոսքերը վերջին ժամանակների հետ. «Երբ տեսնեք սարսափելի սրբապղծությունը,- որի մասին ասված է Դանիել մարգարեի միջոցով,- որ հաստատված է սուրբ վայրում (ով ընթերցում է, թող հասկանա), այն ժամանակ, ովքեր Հրեաստանում են, թող փախչեն լեռները» (Մատթ. 24.15): Այստեղ ընդգծվում է մարգարեական խոսքերը ճիշտ ըմբռնելու հատուկ կարևորությունը: Եվ այսօր մարդկային հոգու ոլորտը, որը կյանքի ամենաբարձր, ամենավեհ արտահայտումների ոլորտն է (այլաբանորեն` Աստծո սրբարանն է), ապրում է աննախադեպ մի ներխուժման և ավերածության ընթացք հոգեսպան էկրանի միջոցով, որը, կարելի է ասել, իսկական ժամանակակից կուռք է, արձան:


Աստված, որ ամենի Տերն է և Արարիչը, մարդու հոգևոր ձևավորումը Իր պատկերով ու նմանությամբ իրագործելու համար տալիս է կրոնը, իսկ մարդիկ, որ ղեկավարվում են անկյալ հոգիների` դևերի միջոցով, ստեղծում են զանգվածային լրատվության միջոցներ, որպես ժողովուրդների վրա ազդելու և մարդուն գազանային կերպարով ձևավորելու միջոցներ` մարդկանց վրա վերահսկողություն հաստատելու նպատակով: Դրա համար էլ զանգվածային ինֆորմացիայի փոխանցման միջոցները ճիշտ հակապատկերն են կրոնի, այսինքն` ժամանակակից կուռք են հանդիսանում` «գազանի պատկեր» կամ արձան, նաև «սուտ մարգարե», Հայտնության` «գետնից դուրս եկող գազան»: Իրավամբ մի իմաստուն մարդ հեռուստատեսային էկրանը կոչեց «մարդկանց հոգիների մասսայական ոչնչացման զենք», աշխարհում տեղի ունեցող երևույթների ամենածուռ, խոշորացույց հայելի, մեղքերի անդադար գովազդ, երեք գլխավոր մեղքերի` ցանկասիրության, փառասիրության և արծաթասիրության, որոնց վրա հիմնվում է այսաշխարհային կյանքը: Հեռուստատեսային, նաև համացանցի համակարգչային էկրանի միջոցով սատանան ստիպում է մոռանալ մարդու իսկական նշանակության մասին, Աստծո և հավիտենական կյանքի մասին: Դա սատանայի «իկոնան» է, պատկերն է, որի միջոցով նրան հաջողվում է մարդուն շեղել ճշմարիտ Ատծուն երկրպագելուց և համոզել պաշտելու սատանային և իր ժամանակակից կուռքերին:


Այն, ինչ մշտապես հաղորդվում է հեռուստաէկրանի միջոցով, աստիճանաբար օրենքի ուժ է ձեռք բերում: Ամենասարսափելին, որ այսօր կատարվում է, մեղքի օրինականացումն է: Սա գլխավոր բնորոշիչ հատկանիշն է մեր ժամանակների։ Դա տեղի է ունենում նրա համար, որպեսզի դժբախտ մարդը կորցնի իր խղճի խայթի զգացողությունը` գործած մեղքերի և դրանց համար ապաշխարելու անհրաժեշտության:
Եկեղեցական սրբապատկերը «պատուհան է դեպի հոգևոր աշխարհ», իսկ «գազանի պատկերը» պատուհան է դեպի վիրտուալ իրականության դիվային աշխարհ: Ի դեպ, համակարգչային ծրագրերում պատուհան (window) բառը շատ հաճախ է օգտագործվում: Սրբի պատկերը Սուրբ Հոգով պայծառակերպված մարդկային անձնավորության արտացոլումն է, իսկ «գազանի պատկերը» ճիշտ հակառակը` արտացոլում է դիմազուրկ, «գազանային» տարերքը:


Ռուսերենից թարգմանեց
Դարբասի հոգևոր հովիվտեր Ընծա քահանա ՄԻՐԶՈՅԱՆԸ

Դիտվել է՝ 295

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Yerevan PerspectivesMarketers CommunityԱռողջ սիրտ