USD488.68
EUR549.03
RUB7.21
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Ճանապարհ դեպի մրցանակ

Ճանապարհ դեպի մրցանակ
07.09.2018 | 01:12

Անշուշտ, ներկա հոդվածը պետք է լույս տեսներ դեռևս ամիսներ առաջ, որպես արձագանք Հայաստանի կոմպոզիտորների միության «Տարվա լավագույն երաժշտագիտական աշխատանք» մրցանակին։ Սակայն այդ դեպքը եզակի չէ, քանի որ մեր հանրապետությունում մրցանակների շնորհման գործընթացը դեռևս խորհրդային տարիներից հաստատուն պահպանում է իր մոդելը՝ հազվադեպ խախտելով այն։

Անդրադարձը այս խնդրին, կարծում ենք, չափազանց արդիական է, քանի որ բոլորովին վերջերս ՀՀ կառավարությանն առընթեր ստեղծվել է մրցանակների և պատվավոր կոչումների շնորհման կոմիտե, որն իր գործունեությամբ, հույս ունենք, կխուսափի բոլոր այն իրողություններից, որոնք արժանանում են լայն հանրության անվստահությանը։ Եվ, որ կարևորն է, կխուսափի այն իրավիճակից, երբ մրցանակը «հարմարեցվում» է թեկնածուին, այսինքն, մրցույթը դառնում է վարագույր` վաղօրոք նախատեսված անհատին մրցանակ շնորհելու համար։


Ես, լինելով երաժշտագետ, նախկինում որպես արվեստագիտության թեկնածու, այնուհետև որպես դոկտոր, բազմիցս ապարդյուն մասնակցություն եմ ունեցել տարբեր մրցանակաբաշխությունների։ Դեռևս 1981 թվականին, ստանալով Հայաստանի կոմերիտմիության կենտկոմի ամենամյա մրցանակի մերժումը, անձամբ հետաքննություն անցկացրի և պարզեցի, որ ներկայացված գիրքը հանձնաժողովն անգամ չէր տեսել։ Մրցանակը շնորհվեց մեկին, որը վաղուց արդեն երիտասարդ տարիքն անցել էր։ Հետագայում նույն բանը կրկնվում էր. եթե անգամ հանձնաժողովը «տեսնում» էր գիտական աշխատությունը, ապա վերջինիս բովանդակությունը չէր քննարկում։


Որպես երկարամյա փորձառություն ունեցող գիտնական (1999-ին, 19-ամյա ընդմիջումից հետո, մեր հանրապետությունում ես առաջինն էի, որ պաշտպանեցի դոկտորական ատենախոսություն Մոսկվայի կոնսերվատորիայում), հնարավոր եմ համարում, որ մրցույթի մասնակիցների թվում կարող են լինել արժանի մրցակիցներ, որոնց աշխատությունները պետք է դառնան ազգային նվաճում՝ արժանանալով հանրության ուշադրությանը։ Սակայն ինչպե՞ս գնահատել 2003 թ. պետական մրցանակի շնորհումը կոմպոզիտոր Արզաս Ոսկանյանին՝ անավարտ և դեռևս չկատարված ստեղծագործության համար, եթե ոչ որպես արհեստականորեն ձեռնարկված արգելք՝ իմ հեղինակությամբ Մոսկվայում լույս տեսած «Հայ երաժշտությունը XX դարի համատեքստում» ուսումնասիրությանը, առանց որի անհնար է պատկերացնել որևէ հետազոտություն մեր երկրում։ Նույն բանը տեղի էր ունենում նաև հետագայում, վերստին ապացուցելով, որ հավակնորդը կարող է հաջողություն ակնկալել միայն այն դեպքում, եթե վաղօրոք վստահ է, որ ընտրվելու է։


Ցավոք, մրցանակների շնորհման այս ընթացակարգը հանդիպում է ոչ միայն բարձրագույն պետական պարգևների (կոչումների, մեդալների, շքանշանների, պատվոգրերի) մակարդակում, այլև տեղային մրցանակների շնորհման դեպքում, ինչպիսին Հայաստանի կոմպոզիտորների միության մրցանակն է։ Այսպես, 2016 թվականից գոյություն ունի 100000-ական դրամի չափով ամենամյա խրախուսական մրցանակ՝ ժամանակակից հայ երաժշտությանը վերաբերող լավագույն գիտական աշխատանքի համար և լավագույն երաժշտական ստեղծագործության համար տարբեր ժանրային անվանակարգերում։ 2017 թվականի մրցույթը, որի արդյունքները հայտնի դարձան այս տարվա սկզբին, իր բնույթով չէր տարբերվում նախորդներից. աշխատանքները չէին քննարկվում ՀԿՄ գործող ենթակառույցներում՝ սեկցիաներում, այլ անմիջապես ներկայացվում էին 6-7 անձից բաղկացած, այսպես կոչված, մրցութային հանձնաժողովին, որի լրիվ կազմն առայսօր գաղտնի է պահվում։ Արամ Սաթյանի գլխավորած հանձնաժողովը երաժշտագիտության ասպարեզում մրցանակը շնորհեց Աննա Ասատրյանին՝ «Հայաստանի կոմպոզիտորների միություն-85» աշխատանքի համար։


Դա մի գրքույկ է, որի նյութը հակիրճ շարադրանքով հրապարակվել է «Հայ կոմպոզիտոր» հանդեսում (2017, թիվ 1)՝ արժանանալով բազմաթիվ դիտողությունների։ Մրցույթին ներկայացված Ասատրյանի երկը կապված է ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչության հետ և լույս է տեսել ԳԱԱ արվեստի ինստիտուտի և, այսպես կոչված, հումանիզմի խնդիրների ակադեմիայի գիտական խորհուրդների որոշմամբ (ի դեպ, վերջինիս նախագահը Ասատրյանի հայրն է, ինքն էլ փոխնախագահն է)։ Ինչպես նշում է Ասատրյանը գրքի վերջում զետեղված անվերջանալի շնորհակալական ցանկում, գրքի ստեղծման գաղափարը պատկանում է ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանին, որը վաղուց ի վեր գնահատել է Սաթյան կոմպոզիտորական տոհմի հանդեպ երաժշտագետի առանձնահատուկ նվիրվածությունը։ Ժամանակին լուրեր էին պտտվում, որ Ասատրյանը աշխատում է այդ թեմայի վրա։ Հավանաբար ինչ-որ բան չստացվեց, փոխարենը ահա ներկա գիրքն է, որը ՀԿՄ պատմության մեջ Սաթյանների տոհմի նշանակության խոսուն վկայությունն է։ Նրանցից վերջինը Արամ Սաթյանն է, որի շնորհիվ, ըստ հեղինակի, ՀԿՄ-ն գտնվում է «Վերածննդի ուղիներում» (նկատեք, որ «Վերածնունդ» բառը նշված է մեծատառով), իսկ նրա հանրահայտ հորեղբոր՝ Աշոտ Սաթյանի օրոք, որը չգիտես ինչու, ըստ հեղինակի, վարչության նախագահ է դարձել 1947-ից (ամենուրեք, այդ թվում և «Հայկական սովետական հանրագիտարանում», որից էլ օգտվել է հեղինակը, նշված է 1948 թ.) ՀԿՄ-ն ընթանում էր «Վերելքի ճանապարհով»։


Խորհրդային կարգախոսներ հիշեցնող այս բարձրագոչ արտահայտությունները գրքի հինգ բաժիններից երկուսի վերնագրերն են։ Մյուս բաժինները նվիրված են միության «հիմնադրմանն ու կայացմանը», «ծաղկման շրջանին» և «գոյատևմանն ու պահպանմանը»։ Նշված ժամանակաշրջաններից վերջինը (անկախության հաստատումից հետո), համաձայն հեղինակի, եղել է անկման ժամանակաշրջան, երբ «Միությունում գերիշխող են դառնում քայքայման գործընթացները» (էջ 75)։ Ի դեպ, տվյալ ժամանակահատվածին հատկացնելով երեք էջ, Ասատրյանը, ինքն իրեն հակասելով, թվարկում է մի շարք միջոցառումներ՝ համերգներ, փառատոներ և գիտաժողովներ, ճիշտ է, իր «գիտական» ոճին հարիր անփութությամբ և մոտավոր ճշգրտությամբ։ (Ընթերցողներին տեղեկացնենք, որ 1997-ից 2005 թվականն ընկած ժամանակահատվածում Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության կողմից, ինչպես այն ժամանակ կոչվում էր միությունը, կազմակերպվել են 7 խոշոր թեմատիկ միջազգային գիտաժողովներ, ընդ որում, թեզիսները կամ ամբողջական նյութերը հրատարակվել են հայերեն, ռուսերեն և անգլերեն)։


Կարելի է երկար քննարկել արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԳԱԱ արվեստի ինստիտուտի փոխտնօրեն, նույն ինստիտուտի երաժշտության բաժնի վարիչ, արվեստագիտության բնագավառում գիտական թեզերի պաշտպանության մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար, «Կանթեղ» գիտական հանդեսի գլխավոր խմբագիր, «Երաժշտական արվեստ» մասնագիտության որակավորման մասնագիտական քննական հանձնաժողովի նախագահ Աննա Ասատրյանի շարադրանքի գավառական ոճն ու ցածր գրական ճաշակը։ Հակիրճ «Նախերգանքին» նախորդում է մանր տառատեսակով երկու էջ զբաղեցնող՝ հեղինակի ծավալուն կենսագրությունը։ Այստեղ, ինչպես նաև գրքի հետագա շարադրանքում երախտագիտությամբ նշվում է Տարոն Մարգարյանի և ընդհանրապես քաղաքապետարանի հովանավորչական ավանդը, ինչը և հավանաբար, ապահովել է Ասատրյանի երաժշտական մտքի վերջին նվաճման հրատարակությունը։
Եվ այդուհանդերձ, գրքի կարևոր թերությունը ոչ թե ոճն է, այլ բովանդակությունը։ Ա. Ասատրյանի մեկնաբանությամբ Հայաստանի կոմպոզիտորների միության պատմության ազատ շարադրանքը (11-93 էջ) զուրկ է օբյեկտիվությունից, փաստերի և տարեթվերի ճշգրիտ նշումներից, ՀԿՄ-ի ղեկավարների գործունեության ճիշտ գնահատականից և, որ ամենից կարևորն է, զուրկ է մասնագիտական գիտելիքներից այն ստեղծագործությունների մասին, որոնք մտել են XX դարի հայ արվեստի գանձարանը։ Տպավորություն է ստեղծվում, որ աշխատանքը գրված է ոչ թե երաժշտագետի, այլ պարզապես լրագրողի ձեռքով, որը լավ սերտել է մինչպատերազմյան և հետպատերազմյան մամուլը և որպես տեղեկատվական հիմնաղբյուր հենվել է Ռուզաննա Մազմանյանի հեղինակած «Սովետահայ երաժշտական կյանքի տարեգրության» (1920-1945 և 1946-1960 թթ.), ինչպես նաև ՀԿՄ պատվերով Ռ. Մազմանյանի և Ժ. Քոչինյանի կազմած «Համագումարից համագումար» (1984-1990 թթ.) տեղեկատուների վրա։ Դրանցից վերջինը՝ կոմպոզիտորների միության X համագումարի տեղեկատուն, ինչպես և մյուսները բաժանում էին միության բոլոր անդամներին, և ոչ միայն Արմեն Բուդաղյանին, որի արխիվը վկայակոչում է հեղինակը։ Վերոնշյալ տեղեկատուի էջերից բացակայում է Երաժշտագիտական սեկցիային վերաբերող հատվածը, ինչին Ասատրյանը անգամ ուշադրություն չի դարձրել։ Այդ աղբյուրներից տարերայնորեն և անպատեհ արտագրելով հոդվածների վերնագրերը, կամայականորեն ընտրելով իրեն ձեռնտու տեղեկությունները, երբեմն անփութորեն կրկնելով դրանք, հեղինակն արտաքուստ ծանրացնում է տեքստը բազմաթիվ հղումներով և ոչ էական ծանոթագրություններով։


1991-ին հաջորդող ժամանակահատվածը՝ Ռոբերտ Ամիրխանյանի նախագահությամբ, ու 2013-ից առայսօր՝ Արամ Սաթյանի նախագահության ժամանակահատվածը, տեղեկատվական աղբյուրների բացակայության պատճառով, Ասատրյանը ներկայացնում է՝ նշելով անցկացված որոշ մրցույթները և փառատոները՝ տառացիորեն թվարկելով ծրագրերում առկա ստեղծագործություններն ու կատարողներին, նշելով անգամ գործեր, որոնք չեն հնչել։ «Սաթյանական» ժամանակահատվածի վրիպումները միանգամայն աններելի են։ 2013 թ. միության համագումարից անմիջապես հետո, Ա. Ասատրյանը դառնում է ՀԿՄ անդամ և ներգրավվում վարչության կազմում՝ շրջանցելով ընտրությունները։ Դրանով Սաթյանը, փաստորեն, իր երախտագիտությունն է ցուցադրում, ի պատասխան իրեն ընձեռված հնարավորությանը՝ ստեղծել օրհներգ ԳԱԱ-ի հոբելյանի առթիվ։ Ասատրյանն այդպես էլ չի հասկացել, թե ինչ էր տեղի ունենում ՀԿՄ-ում մինչև 2013 թ., չի հասկացել նրա դերակատարությունը անցյալում և առաքելությունը արդի փոփոխական աշխարհում։ Նրան բացարձակապես խորթ է ստեղծագործական մթնոլորտի ցանկացած դրսևորում. լինի դա երաժշտության քննարկում, նորարարականի և գեղարվեստական արժեքի իմաստավորում, կեղծի և ապաշնորհի պարսավում։ Միությունում երաժշտագետի ստեղծագործական և նախաձեռնող դերը անհասկանալի է նրան։ Եվ պատահական չէ, որ գրքում գրեթե լուսաբանված չէ երաժշտագետների գործունեությունը, իսկ ոմանց մասին, ինչպիսին, օրինակ, Արաքսի Սարյանն է, որն ավելի քան 20 տարի ղեկավարել է երաժշտագիտական սեկցիան, ընդհանրապես չի հիշատակվում։ Դիտավորյալ կերպով, գիտակցաբար չի հիշատակված անձամբ իմ՝ որպես երաժշտագիտական սեկցիայի ղեկավարի, նախաձեռնությամբ կազմակերպված գիտաժողովը 2015 թ. ապրիլին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Ավելին, տեղեկանալով գիտաժողովի անցկացման մասին, Ասատրյանն իր ենթակայության տակ գտնվող գիտության «թագավորությունում» բացահայտ վրդովմունք է արտահայտել՝ արգելելով Սաթյանին հրատարակել գիտաժողովի նյութերը (որն այդ ժամանակ արդեն Ասատրյանի երաշխավորությամբ դարձել էր արվեստի ինստիտուտի գիտխորհրդի անդամ)։


Գրքի բոլոր թերությունների մասին պատմելու համար անհրաժեշտ կլինի նրա ծավալները բազմապատիկ գերազանցող շարադրանք։ Ըստ էության, հեղինակը գիտակցում է իր մասնագիտական խոտանը, հակառակ դեպքում 300 օրինակ տպաքանակը կհայտնվեր ՀԿՄ անդամների ձեռքում, կոնսերվատորիայի, արվեստի մյուս բուհերի գրադարաններում։ Բոլոր նրանք, ում Ասատրյանը շռայլորեն նվիրել է գրքի օրինակներից, վախենում են այն նույնիսկ որևէ մեկին ցույց տալ։ Անգամ արվեստի ինստիտուտի գրադարանում հրաժարվեցին գիրքն ինձ տրամադրել։ Բարեբախտաբար, հեղինակը չէր հասցրել իր հոբելյանական երկը բռնագանձել գիտությունների ակադեմիայի գրադարանից (մեծ հաճույքով կուզեի «նախշազարդել» այն, սկսած տիտղոսաթերթից՝ Composer’s IniUn of Armenia և Institute of Arts NAS RA):


Հրապարակավ Ա. Սաթյանին վերադարձնելով 100000 դրամաշնորհը՝ Ա. Ասատրյանը, այնուամենայնիվ, այս և նմանատիպ որակով աշխատությունները ներկայացրեց ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի հայտարարած «Արդյունավետ աշխատող-2018» մրցույթին և, բնականաբար, հասավ իր նպատակին՝ արժանանալով մեկ տարվա ընթացքում ամենամսյա 139000 դրամ խրախուսանքի։ Գիտության պետական կոմիտեի խրախուսական մրցանակաբաշխության ընթացակարգը նույնն է, ինչպես ամենուր. նայում են առաջադրվողների ցուցակները՝ չկարդալով բուն գործերը։ Կոմիտեի աշխատակիցները, այդ թվում՝ նախագահ պարոն Սամվել Հարությունյանը, ինձ բացատրեցին, որ «կարդալն ու քննարկելը դա արդեն Ձեր գործն է»։
Հենց այսպես էլ ապրում ենք, տարեցտարի կրկնելով նույն սխալները, իրար խառնելով ճշմարտության ու ստի, պրոֆեսիոնալիզմի և դիլետանտիզմի, տաղանդավորի և ապաշնորհի շեշտադրումները: Աննա Ասատրյանի նմանները մշտապես կարժանանան մրցանակների։ Միանձնյա գլխավորելով միևնույն հաստատության հնարավոր բոլոր գիտական պաշտոնները, դրան գումարած, անդամակցելով զանազան հասարակական և քաղաքական կառույցներին, նա, ըստ էության, ուզուրպացրել է հայ երաժշտագիտության զարգացումը՝ ապահովելով վերջինիս դեգրադացումն ու անկումը։ Սակայն դա առանձին խոսակցության նյութ է։
…Ճանաչված ռուս կենսաֆիզիկոս Սիմոն Շնոլը «Հայրենական գիտության հանճարները, չարագործներն ու կոնֆորմիստները» խորհրդանշական վերտառությամբ գրքի հեղինակն է (2001 թ.)։ Նույն վիճակն է, ինչ մեզ մոտ։ Թողնենք Ասատրյանն ինքն ընտրի իրեն համապատասխան բնորոշումը։


Սվետլանա ՍԱՐԳՍՅԱՆ
Արվեստագիտության դոկտոր, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

Դիտվել է՝ 1750

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao