Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կիմ Յու Նան ու… մեր Եվգենյա Մեդվեդևան

Կիմ Յու Նան ու… մեր Եվգենյա Մեդվեդևան
07.09.2018 | 01:17

Սեպտեմբերի 5-ին լրացավ կորեացի հանրահայտ գեղասահորդ Կիմ Յու Նայի՝ Վանկուվերի օլիմպիական խաղերի ոսկե մեդալակրի, Սոչիի համանուն խաղերի փոխչեմպիոնի 28-ամյակը: Նա այն բացառիկ մենասահորդներից է, ովքեր մարզաձևի հնարավոր բոլոր խոշոր մրցաշարերի հաղթող են: Եթե նկատի ունենանք, որ իր 31-ում էլ իտալուհի Կարոլինա Կոստները շարունակում է մեծ հաջողությամբ հանդես գալ, սկզբունքորեն Նան էլ կարող էր կրկնել նրան, բայց ոչ:

Կորեացին Սոչիի օլիմպիական խաղերից հետո, որտեղ բոլորովին անսպասելի տանուլ տվեց Ադելինա Սոտնիկովային, նույնքան անակնկալ հեռացավ մեծ սպորտից: Դրանում իր բացառիկ ազդեցությունն ունեցավ տասնյոթամյա ռուս մարզուհուց կրած պարտությունն այն դեպքում, երբ աշխարհը բացառապես կորեուհուն էր տեսնում օլիմպիական չեմպիոնի որակում: Մանրամասներին առանձնապես չտրվենք, միայն զուտ հետաքրքության համար ասենք, որ առաջին վարժությունից նա առաջինն էր, ու այն, ինչ եղավ երկրորդում, որտեղ Սոտնիկովային զիջեց ավելի քան հինգ միավորով, անհեթեթությունների շարքից էր, սակայն սա սպորտ է, ու այստեղ էլ, ինչպես կյանքում, շատ բաներ շղարշված են խորհրդավորության քողով:
Հետին թվով հիմա քննարկել էլ չարժե, թե ինչ կլիներ, եթե Նան Սոչիում դառնար օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, բայց որ արծաթե մեդալը հանդիսացավ սպորտից նրա հեռանալու պատճառ, փաստն ինչ-որ չափով աղերսներ ունի և մեր հայրենակից Եվգենյա Մեդվեդևայի հետ, որն այս վերջին ձմեռային օլիմպիական խաղերում ստացած արծաթե մեդալից հետո հեռացավ… չէ, ոչ թե սպորտից, այլ իր երկարամյա մարզիչ Էթերի Տուտբերիձեից՝ նախընտրելով կանադացի անվանի գեղասահորդ ու մարզիչ Բրայան Օրսերին, հարկադրված լինելով փոխել անգամ բնակության վայրը:


Օլիմպիական այս արծաթե մեդալներով էլ շատ բաներ սկսում են նույնականանալ Նանի ու Մեդվեդևայի կյանքում:
Կորեուհին օլիմպիական իր ուղին սկսեց Բրայան Օրսերի գլխավորությամբ մարզվելով: Մեդվեդևան նշել է, որ կանադացին եղել է իր ապագա մարզչի ոչ թե թիվ մեկ, այլ ընդհանրապես միակ թեկնածուն, ու դա նախ և առաջ կորեուհի Կիմ Յու Նայի պատճառով. «Դա առաջին բանն էր, որ անցավ գլխովս, երբ ես որոշեցի մարզիչ փոխելու մասին մտածել: Յու Նան 19 տարեկանում հաղթեց Վանկուվերում, իսկ 23 ու մի փոքր ավելի տարեկանում Սոչիում դարձավ երկրորդը: Պեկինի օլիմպիական խաղերում ես կլինեմ 22 տարեկան: Բանը միայն դա չէ: Օրսերի մոտ ընդհանրապես շատ են մարզիկները, որոնց գեղասահքում ընդունված է համարել առաջացած տարիքի, ու ովքեր մեկ օլիմպիադայից ավելի են ունեցել: Կիմ Յու Նան նրանցից միայն մեկն է»:


Եվգենյայի ու կորեուհու ճակատագրերում նման շատ բան կա: Երկուսն էլ օլիմպիական խաղերի ֆավորիտ էին համարվում, երկուսն էլ բավականաչափ ցավալի պարտություն են կրել ու ստանալով արծաթե մեդալ, ցանկացել են փոփոխություններ: Օրսերի ընկերակցությունում Մեդվեդևան նոր-նոր է սկսում իր մարզական ուղին: Ի միջի այլոց, նրա խորեոգրաֆիկ ծրագրի հեղինակը նույն Կիմ Յու Նայի հեղինակն է՝ Դևիդ ՈՒիլսոնը:
Իր 28-ում, վերջին պարգևի նվաճումից հինգ տարի անց, Կիմ Յու Նան մնում է Հարավային Կորեայի գլխավոր հեռուստադեմքը: Հենց նրան վերապահեցին Փհենչհանի օլիմպիական գլխավոր կրակը վառելու պատիվը: Նրան չեն մոռանում ամբողջ աշխարհում: Նա Լիլեհամերում կայացած պատանեկան օլիմպիական խաղերի դեսպանն էր, իսկ վերջերս էլ դիմել էր ՈՒիլսոնին իր համար ցուցադրական ելույթների համար բեմականացում պատրաստելու խնդրանքով:


Մեդվեդևան, իհարկե, ակտիվ սպորտում է, ու համառորեն պատրաստվում է իր նկատմամբ անարդարացի եղածներին լրջորեն բան ապացուցելու: Խոշոր հաշվով, նրա համար այս փուլում էականը ո՛չ Եվրոպայի, ո՛չ աշխարհի չեմպիոնների կոչումներն են, ո՛չ էլ «Գրան պրիի» մրցաշարերի հաղթանակները: Նրա թիրախում Պեկինն է ու Պեկինի օլիմպիական ոսկին: Նա աշխարհին լրջորեն բան ունի ապացուցելու:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2724

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ